Վիտալի Բալասանյանն առաջարկել է ապամոնտաժել Նժդեհի արձանը, այն տեղափոխել Զանգեզուր

1533

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը մայիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում առաջարկել է ապամոնտաժել քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանը, «Ազատության» հետ զրույցում ասել են քաղաքի ավագանու անդամ Արտակ Մկրտչյանը և Հայաստանի Ազգային ժողովի անկախ, ավելի վաղ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը։

Մարտունու ավագանու անդամ Արտակ Մկրտչյանը, լուսանկարը` իր ֆեյսբուքյան էջից
Մարտունու ավագանու անդամ Արտակ Մկրտչյանը, լուսանկարը` իր ֆեյսբուքյան էջից

Մկրտչյանը «Ազատության» Սարգիս Հարությունյանին հեռախոսով հայտնել է, որ Բալասանյանն առաջարկել է հանել արձանը՝ առանց որևէ հստակ պատճառի, ուստի ավագանին մերժել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարին՝ կատարելով Մարտունիի ժողովրդի պահանջը. «ԱԽ քարտուղարը եկել է Մարտունի, որ այդ արձանը հանենք, բայց հետը զրուցել ենք, որ պետք չի հանել, ու ասել ենք, որ չենք հանելու էլի: Եթե չկա հստակ պատճառ, չկա հստակ պայման, դրա համար չենք հանելու»:

Արցախի Մարտունի քաղաքը 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական ուժերի հարձակումներից ամենից շատ տուժած հայկական բնակավայրերից է, և քաղաքում Նժդեհի անունը կրող փողոցի վրա տեղակայված Գարեգին Նժդեհի արձանը ապամոնտաժելու մասին տեղեկությունները առաջին անգամ սկսեցին շրջանառվել այս փետրվարին։ Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը այն ժամանակ հերքեց տեղեկությունը։

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը զրուցում է «Ազատության» հետ, 5 մայիսի, 2021թ.
ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը զրուցում է «Ազատության» հետ, 5 մայիսի, 2021թ.

Պատերազմից հետո Հայաստանի Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն «Ազատությանը» փոխանցել է, որ մայիսի 4-ին Մարտունիում հանդիպելով մերժման՝ Վիտալի Բալասանյանը առաջարկել է ընդամենը մի քանի օրով ապամոնտաժել Նժդեհի արձանը և մայիսի 9-ից հետո, երբ ռուսական կողմը կնշի Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի տոնը, կարելի է վերատեղադրել արձանը. «Առաջարկել է երկրորդ տարբերակ` այլընտրանքային որպես 3 օրվա ժամկետով գոնե հանեն, որ ինքն իր խոստումն, այսպես ասած, կատարած լինի: Խոստումը հավանաբար ռուսական կողմին ուղղված, որովհետև ես արդեն իսկ մեկ շաբաթ առաջ ահազանգել էի հենց Արցախից, որ խոսք է գնում ամբողջ Արցախում, որ ցանկություն ունեն հանելու Մարտունիում Նժդեհի արձանը մինչև մայիսի 9-ը, քանի որ ռուսական կողմն այդպես է ցանկությունը հայտնել, և կարծես թե որևէ կերպ որևէ քայլեր չեն ձեռնարկվում կանխելու համար»:

Թե «Արցախի հերոս» կոչմանն արժանացած Վիտալի Բալասանյանը ինչո՞ւ է նման առաջարկ արել, «Ազատությունը» փորձել է ստանալ նաև նրա կարծիքը: Խոսել են Արցախի Անվտանգության խորհրդի հանրային կապերի պատասխանատուի հետ, Վիտալի Բալասանյանից արձագանք դեռ չկա։

44-օրյա պատերազմից օրեր անց՝ նոյեմբերի 11-ին դիմելով սյունեցիներին, Բալասանյանն ասել էր. «Մեր պապերի, մեծն Նժդեհի թոռներ և ծոռներ, րոպե առաջ ոտքի՛ կանգնեք: Կոչ եմ անում անհապաղ միանալ մեր այն հայրենակիցներին, ովքեր պայքարում են այս խայտառակ կապիտուլյացիայի հայտարարությունը ստորագրող Նիկոլ Փաշինյանի դեմ»։

«Ինչո՞ւ Մարտունիում Նժդեհի արձանը, տարեք, Զանգեզուրում դրեք»

Սոֆիա Հովսեփյանը ասել է, որ խոսել է նաև Վիտալի Բալասանյանի հետ՝ փորձելով հասկանալ նրա նման առաջարկի պատճառը. «Հենց իր գրասենյակում եմ հանդիպել` այս հարցի հետ կապված: Երեկ այլևս չեմ փորձել, որովհետև ցանկություն չունեմ այլևս շփվել մի մարդու հետ, ով որ կարող է արտահայտվել` ինչո՞ւ Մարտունիում Նժդեհի արձանը, տարեք, Զանգեզուրում դրեք: Եթե այս մարդը կարող է նման բան արտաբերել»: Հարցին, թե ո՞վ է նման բան ասել, պատգամավորը պատասխանեց. «Հենց Վիտալի Բալասանյանի հետ եմ հանդիպել, բնականաբար ինքը, եթե ինքը կարող է նման բան արտաբերել և չի գիտակցում, որ Նժդեհը հայ ժողովրդինն է, հայի որդի է, և ոչ թե այստեղ տարածքային խնդրի մասին է խոսքը, ուրեմն էլ ի՞նչ խոսեմ այդ մարդու հետ»:

Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները դժգոհ են խորհրդային բանտում իր մահկանացուն կնքած, Հայաստանի առաջին հանրապետության ռազմական ու պետական գործիչ Գարեգին Նժդեհի մեծարմամբ։

2016թ. հունիսին Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով Երևանում Նժդեհի հուշարձանի բացմանը, հայտարարել էր. «Հարցրեցին ռուսական կողմի արձագանքի մասին՝ Երևանում Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրման կապակցությամբ։ Դե… հասկանում եք, բոլորը լավատեղյակ են Հայրենական մեծ պատերազմի մասին մեր վերաբերմունքին, նացիզմի, նեոնացիզմի, ծայրահեղականության ցանկացած դրսևորման վերածնման, հերոսականացման որևէ ձևի մասին մեր վերաբերմունքին նույնպես քաջատեղյակ են։ Այդ վերաբերմունքը ամրագրված է միջազգային փաստաթղթերում։ Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է տեղադրվել այդ հուշարձանը»։

Այս խոսքերից ընդամենը մեկ ամիս անց Երևանում Զախարովան հայտարարեց, թե Նժդեհի արձանի տեղադրումը Հայաստանի ներքին գործն է։

Արխիվային լուսանկար՝ Վիտալի Բալասանյանը 1992 թվականին