Թեղուտ գյուղը գտնվում է լեռնային անտառոտ վայրում՝ Դեբեդի վտակ Շնող գետի աջ ափին, Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանում, Ալավերդի քաղաքից 18 կմ և մարզկենտրոն Վանաձորից 70 կմ հեռավորության վրա։
Գյուղը 20-րդ դարի սկզբին հիմնադրել են հարևան Շնող գյուղի բնակիչները: Գյուղի անունը կապված է ներկայիս գյուղի կենտրոնական մասում գտնվող հին Թեղուտ գյուղի հետ, որը թալանվել և ավերվել է 18-րդ դարում՝ լեզգիների ավերիչ արշավանքների հետևանքով: Լեզգիները ավերել ու ամայացրել են նաև հարևան մի շարք գյուղեր, այդ թվում՝ Ձորիգեղը, Գիլիգեղը, Մասնտևը, Ախետքը, Դուքանաձորը:
Թեղուտում այսօր շահագործվում է հանքավայր՝ բաց եղանակով:
Թեղուտ գյուղի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.
1926 թվական – 288 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,
1931 թվական – 431 հոգի, բոլորը՝ հայ
Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”
Թեղուտ անունով գյուղ կա նաև Տավուշի մարզում՝ Դիլիջանից Իջևան ճանապարհահատվածում:
Պատմությունը
Այսօրվա Ալավերդու շրջանի տարածքը եղել է Բագրատունյաց թագավորության, ապա Կյուրիկյանների և Զաքարյանների կազմում: Ապա ընկել է մոնղոլների և կարակոյունլու ու աղկոյունլու թուրքմենական պետությունների մեջ, իսկ պարսկական տիրապետության շրջանում Վրացական թագավորության կազմում էր: 1801 թվականին Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի հետ միացվել է Ռոմանովների ռուսական կայսրությանը որպես Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մաս:
Ահա այդ պատճառով՝ վրաց պատմագրությունը և երբեմն՝ քաղաքական գործիչները, տարածքային հավակնություններ են ներկայացնում Ալավերդու շրջանի նկատմամբ, այն համարելով վրացական հող: Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին Ալավերդու շրջանը, որ մտցվեց Լոռու «Չեզոք գոտու» մեջ, հայ-վրացական պատերազմի պատճառ դարձավ: Այդ պատերազմը տեղի ունեցավ 1918 թվականի դեկտեմբերի վերջի շաբաթներին:
Ալավերդու շրջանը, որ 1969-ից վերանվանվեց Թումանյանի շրջան, կազմավորվել է 1930թ. սեպտեմբերին: Խորհրդային Հայաստանի 37 վարչական շրջաններից էր, այժմ մաս է կազմում Լոռու մարզի: Շրջանի վարչական կենտրոնը Ալավերդի քաղաքն էր: Ուներ 3 քաղաքատիպ ավան, որոնք այսօր ունեն քաղաքի կարգավիճակ՝
Ախթալա,
Թումանյան,
Շամլուղ,
ինչպես նաև հետևյալ բնակավայրերը.
Աթան, Ահնիձոր, Ամոջ, Արդվի, Այգեհատ (Դանուշավան), Արևածագ, Աքորի, Դսեղ, Թեղուտ, Լորուտ, Ծաթեր, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Կարմիր Աղեկ, Հագվի, Հաղպատ, Ճոճկան, Մարց, Մեծ Այրում, Մղարթ, Նեղոց, Շամուտ, Շնող, Չկալով, Ջիլիզա, Փոքր Այրում, Քարինջ, Քարկոփ:
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը