Աթան գյուղի բնակչությունը 1873-1931 թվականներին. Լոռու ձոր

5617

Աթան գյուղը գտնվում է Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանում՝ քաղաքից շուրջ 25 կիլոմետր դեպի հարավ-արևելք, բարձր լեռնային վայրում՝ ծովի մակարդակից շուրջ 1700 մետր բարձրության վրա:

Գյուղը հիմնադրվել է 1831 թվականից հետո (այդ թվականին անցկացված մարդահամարի կամ հաշվառման ժամանակ Աթանը չի հիշատակվում), գյուղը հիշատակվում է 1873-ի հաշվառման ժամանակ՝ 104 հոգի, ինչը նշանակում է, որ այն հիմնադրվել է 1831-ի և 1873-ի արանքում, հավանաբար՝ 19-րդ դարի կեսերին: Գյուղի հիմնադիրները եղել են Հաղպատի և Սանահինի վանքերի կալվածքները լքած գյուղացիները:

Այսօր Աթանում առկա բնակչությունը մոտավորապես այնքան է, որքան Առաջին աշխարհամարտին նախորդող տարիներին:

Աթան գյուղի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1873 թվական – 104 հոգի

1886 թվական – 193 հոգի

1897 թվական – 218 (ցարական մարդահամար), որից 217-ը՝ հայ լուսավորչական, 1-ը՝ ուղղափառ

1908 թվական – 225 հոգի

1914 թվական – 297 հոգի

1916 թվական – 436 (Кавказский календарь, Կովկասյան օրացույց)

1919 թվական – 433 հոգի

1922 թվական – 444 հոգի

1926 թվական – 469 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 468-ը՝ հայ, 1-ը՝ ռուս

1931 թվական – 525 հոգի, որից 523-ը՝ հայ, 2-ը՝ ռուս

Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”

Աթան

Պատմությունը

Այսօրվա Ալավերդու շրջանի տարածքը եղել է Բագրատունյաց թագավորության, ապա Կյուրիկյանների և Զաքարյանների կազմում: Ապա ընկել է մոնղոլների և կարակոյունլու ու աղկոյունլու թուրքմենական պետությունների մեջ, իսկ պարսկական տիրապետության շրջանում Վրացական թագավորության կազմում էր: 1801 թվականին Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի հետ միացվել է Ռոմանովների ռուսական կայսրությանը որպես Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մաս:

Ահա այդ պատճառով՝ վրաց պատմագրությունը և երբեմն՝ քաղաքական գործիչները, տարածքային հավակնություններ են ներկայացնում Ալավերդու շրջանի նկատմամբ, այն համարելով վրացական հող: Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին Ալավերդու շրջանը, որ մտցվեց Լոռու «Չեզոք գոտու» մեջ, հայ-վրացական պատերազմի պատճառ դարձավ: Այդ պատերազմը տեղի ունեցավ 1918 թվականի դեկտեմբերի վերջի շաբաթներին:

Աթան, 1

Ալավերդու շրջանը, որ 1969-ից վերանվանվեց Թումանյանի շրջան, կազմավորվել է 1930թ. սեպտեմբերին: Խորհրդային Հայաստանի 37 վարչական շրջաններից էր, այժմ մաս է կազմում Լոռու մարզի: Շրջանի վարչական կենտրոնը Ալավերդի քաղաքն էր: Ուներ 3 քաղաքատիպ ավան, որոնք այսօր ունեն քաղաքի կարգավիճակ՝

Ախթալա,

Թումանյան,

Շամլուղ,

ինչպես նաև հետևյալ բնակավայրերը.

Աթան, Ահնիձոր, Ամոջ, Արդվի, Արևածագ, Աքորի, Դանուշավան, Դսեղ, Թեղուտ, Լորուտ, Ծաթեր, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Կարմիր Աղեկ, Հագվի, Հաղպատ, Ճոճկան, Մարց, Մեծ Այրում, Մղարթ, Նեղոց, Շամուտ, Շնող, Չկալով, Ջիլիզա, Օձուն, Փոքր Այրում, Քարինջ, Քարկոփ:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարները՝ ԶՈՐԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ