Այսօր, ապրիլի 29-ին, Ռեստարտ-Իջևանը հյուրընակալել էր լրագրող, «Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնի» հիմնադիր և ԱԼԻՔ ՄԵԴԻԱ-ի սյունակագիր Թաթուլ Հակոբյանին։
Բանախոսության ընթացքում Հակոբյանը անդրադարձ կատարեց Կարսի 1920 թվականի անկմանը, նույն տարվա սեպտեմբերին սկսված թուրք-հայկական պատերազմին, որն աղետալի էր Հայաստանի համար, հայկական կողմի կրած կորուստներին, դիվանագիտական և ռազմական սխալներին։
Հակոբյանը զուգահեռներ անցկացրեց Կարսի 1920թ և 2020 թվականի 44-օրյա պատերազմի ու Շուշիի կորստի միջև:
Քննարկման ընթացքում Հակոբյանը անդրադարձ կատարվեց Հայաստան-Օսմանյան կայսրություն և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին 1918-1920 թվականներին, հայ-ադրբեջանական պատերազմներին, երկու երկրների միջև վիճելի շրջաններին՝ Արցախ, Զանգեզուր, Նախիջևան, Ղազախ:
Հանդիպումը, որին ներկա էին մի քանի տասնյակ ուսանողներ, պատմաբաններ ու քաղաքականությամբ հետաքրքրվողներ, տեղի ունեցավ Ռեստարտ Իջևան գրասենյակում՝ Օթևան հյուրանոցում:
Բանախոսության սկզբում Թաթուլ Հակոբյանը ներկայացրեց իր հրատարակած գրքերը, իսկ վերջում՝ ցանկացողների համար, դրանք ստորագրեց: