Հայաստանի արտգործնախարար Համո Օհանջանյանը՝ Նարիման Նարիմանովին․ 29 ապրիլ, 1920թ

2174

Բաքու, [Ադրբեջանի] Սովնարկոմի նախագահ Նարիման Նարիմանովին, պատճենը՝ [Բաքվում] Հայաստանի ներկայացուցիչ Մ․ Հարությունյանին․

Երևան, 29 ապրիլ

Ինչպես Ձեզ հայտնի է՝ դեռ Անդրկովկասյան հանրապետությունների կազմակերպման սկզբից իսկ Ադրբեջանի նախկին մուսավաթական կառավարությունը քանիցս փորձեց զենքի ուժով խլել Հայկական Ղարաբաղը և Զանգեզուրը՝ հակառակ գյուղացիական պատգամավորների 8 համագումարների հայտարարած վճիռներին։ Նույն այդ կառավարությունը սույն տարվա մարտ 22-ից հրի ու սրի մատնեց Ղարաբաղի հայ  աշխատավոր գյուղացիությունը, այրելով գյուղեր ու քաղաքներ, ոչնչացնելով խաղաղ ազգաբնակությունը, չխնայելով կանանց և երեխաներին։ Այդ զորքերը այժմ էլ Ղարաբաղում եմ և շարունակում են իրենց գործողությունները՝ զենքի ուժով հիշած շրջանների աշխատավոր գյուղացիությունը ենթարկել Ադրբեջանի իշխանությանը։

Մեր կառավարությանը հասած մասնավոր տեղեկությունների համաձայն, Հայաստանի սահմաններին արդեն գտնվող Ադրբեջանյան զորքի կազմի լրացման համար շարժվում են նոր պահեստի մասեր խորհրդային զորքի անվան տակ։

Հայաստանի կառավարությունը՝ հավատացած լինելով, որ Ադրբեջանի բանվորա-գյուղացիական կառավարությունը, որ հայտարարել է ժողովուրդների կամքի ազատ արտահայտման սկզբունքը, չի կարող ընթանալ մուսավաթական կառավարության ուղիով, որ Ձեր ժողովրդի և Ձեր կողմից ճանաչված է Ադրբեջանյան հանրապետության աշխատավոր ժողովրդի շահերի դավաճան և չի հապաղի շտապ միջոցներ ձեռք առնելու Ղարաբաղում և Զանգեզուրում տեղի ունեցող կռիվների դադարեցման և հիշված շրջաններից ադրբեջանյան զորքի հետ կանչելու համար։

Արտաքին գործերի նախարար՝ Հ․ Օհանջանյան

ՅԱՌԱՋ օրաթերթ, ՀՅԴ, թիվ 91, չորեքշաբթի, 5 մայիսի, 1920 թ