Ալավերդի քաղաքի բնակչությունը 1831-1931 թվականներին. Լոռու ձոր

4003

Ալավերդի քաղաքային համայնքի մեջ մտնում են Ալավերդի քաղաքը և Ակներ գյուղը: Քաղաքային բնակավայր է դարձել 1939-ից: Նախկինում ունեցել է Ալլահվերդի, Մանաս Գոմ, Մադան Պիրիտիկ, Մանաս Գոմեր, Մանից Գոմ անվանումները:

Քաղաքը հիշատակվում է մի շարք անուններով: Այն Ալավերդի է կոչվել 17-րդ դարի բորչալու կոչված քոչվոր ցեղի ցեղապետներից մեկի` Ալլահվերդու անունով: Հետագայում հնչյունափոխվելով դարձել է Ալավերդի, ասվում է Լոռու մարզի մարզպետարանի պաշտոնական կայքում (http://lori.mtaes.am/about-communities/464/):

Քաղաքը տեղադրված է Դեբեդ գետի կիրճում, Ակներ գյուղը՝ քաղաքից 3-4կմ հարավ-արեւելք` Դեբեդի բարձրադիր աջ ափին: Նախկինում ունեցել է Որնակ, Ոռնակ, Որնակ Ներքին անվանումները:

Ալավերդու այժմյան տարածքը բնակեցված է եղել մ.թ.ա 3-րդ հազարամյակից: Պատմական աղբյուրներում հիշատակվում է որպես բերդ ունեցող բնակավայր: Հնագույն ժամանակներից ի վեր այստեղ իրականացվել է պղնձի հանույթ և մշակում: Պղնձարդյունաբերությունը բավական աշխուժացել է 18-րդ դարում, երբ Գյումուշխանեից այստեղ են եկել հույն հանքագործներ և կառուցել Ալավերդու պղնձաձուլական գործարանը: Գործարանը ամբողջովին ավերվել է Աղա Մահմեդ խանի 1795թ.-ի արշավանքի ժամանակ: 1887թ.-ին Ալավերդու պղնձարդյունաբերության մեջ իշխող դիրք են ձեռք բերում ֆրանսիացիները, որոնք տեղադրում են նոր հնոցներ և վառարաններ, ստեղծում մանր պղնձաձուլարաններ: Քաղաքի տնտեսական զարգացմանը նպաստել է նաեւ 1899թ.-ի Թիֆլիս-Ալեքսանդրապոլ երկաթուղու կառուցումը:

Ալավերդի քաղաքի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 24 հոգի, բոլորը՝ հայ

1873 թվական – 748 հոգի, որից 70-ը՝ հայ, 5-ը՝ թաթար, 673-ը՝ այլ

1886 թվական – 1.167 հոգի, որից 46-ը՝ հայ, 132-ը՝ թաթար, 989-ը՝ այլ

1897 թվական – 1.423 հոգի (ցարական մարդահամար), որից 104-ը՝ հայ լուսավորչական, 187-ը՝ իսլամ, 1.100-ը՝ ուղղափառ, 32-ը՝ այլ

1908 թվական – 3.250 հոգի

1914 թվական – 1.235 հոգի, հիմնական բնակչությունը՝ հույն

1916 թվական – 1.185 (Кавказский календарь, Կովկասյան օրացույց)

1919 թվական – 433 հոգի

1922 թվական – 1.242 հոգի, որից 87-ը՝ հայ, 24-ը՝ թրքո-թաթար, 1.131-ը՝ այլ

1926 թվական – 2.103 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 563-ը՝ հայ, 40-ը՝ թուրք, 1.500-ը՝ հույն

1931 թվական – 2.161 հոգի, որից 538-ը՝ հայ, 272-ը՝ թուրքական խումբ, 1.351-ը՝ հույն

Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”

Կորկոտյանի մոտ “այլ” դասակարգումը չի մանրամասնվում, սակայն ակնհայտ է, որ Ալավերդու դեպքում խոսքը հույների մասին է: 1897-ի ցարական մարդահամարում Ալավերդու բնակչության մեծամասնությունը ուղղափառներ էին, ինչը նշանակում է՝ հույներ:

Պատմությունը

Այսօրվա Ալավերդու շրջանի տարածքը եղել է Բագրատունյաց թագավորության, ապա Կյուրիկյանների և Զաքարյանների կազմում: Ապա ընկել է մոնղոլների և կարակոյունլու ու աղկոյունլու թուրքմենական պետությունների մեջ, իսկ պարսկական տիրապետության շրջանում Վրացական թագավորության կազմում էր: 1801 թվականին Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի հետ միացվել է Ռոմանովների ռուսական կայսրությանը որպես Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մաս:

Ահա այդ պատճառով՝ վրաց պատմագրությունը և երբեմն՝ քաղաքական գործիչները, տարածքային հավակնություններ են ներկայացնում Ալավերդու շրջանի նկատմամբ, այն համարելով վրացական հող: Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին Ալավերդու շրջանը, որ մտցվեց Լոռու «Չեզոք գոտու» մեջ, հայ-վրացական պատերազմի պատճառ դարձավ: Այդ պատերազմը տեղի ունեցավ 1918 թվականի դեկտեմբերի վերջի շաբաթներին:

Ալավերդու շրջանը, որ 1969-ից վերանվանվեց Թումանյանի շրջան, կազմավորվել է 1930թ. սեպտեմբերին: Խորհրդային Հայաստանի 37 վարչական շրջաններից էր, այժմ մաս է կազմում Լոռու մարզի: Շրջանի վարչական կենտրոնը Ալավերդի քաղաքն էր: Ուներ 3 քաղաքատիպ ավան, որոնք այսօր ունեն քաղաքի կարգավիճակ՝

Ախթալա,

Թումանյան,

Շամլուղ,

ինչպես նաև հետևյալ բնակավայրերը.

Աթան, Ահնիձոր, Ամոջ, Արդվի, Արևածագ, Աքորի, Դանուշավան, Դսեղ, Թեղուտ, Լորուտ, Ծաթեր, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Կարմիր Աղեկ, Հագվի, Հաղպատ, Ճոճկան, Մարց, Մեծ Այրում, Մղարթ, Նեղոց, Շամուտ, Շնող, Չկալով, Ջիլիզա, Փոքր Այրում, Օձուն, Քարինջ, Քարկոփ:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարը՝ Վահան Աբրահամյանի