Վլադիմիր Մովսիսյան. Հայոց ցեղասպանության առաջին խորհրդաժողովի կազմակերպիչը

4321
Vladimir Movsisyan

Երևանի Ծիծեռնակաբերդի բարձունքում գտնվող Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման, ինչպես նաև միջազգային խորհրդաժողով կազմակերպելու հարցում պետք է հիշել Վլադիմիր Մովսիսյանի անունը, թեև թանգարանը կառուցվել է Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք:

Ապրիլ 24-ը Խորհրդային Հայաստանում ոգեկոչվում է 1965 թվականից: 1988թ. նոյեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության դատապարտման օրենք ընդունեց Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը:

Հայաստանի կոմկուսի կենտկոմի բյուրոն 1990թ. հունվարի 8-ին քննության առավ Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության 75-ամյակի նախապատրաստության և անցկացման միջոցառումների հարցը: “Հայերի ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանը լրիվ զրկվեց իր տեղացի բնակչությունից, արևմտահայ ողջ մնացած մասը սփռվեց աշխարհով մեկ”, ասվում էր Բյուրոյի հայտարարության մեջ: Բացի այդ՝ Բյուրոն ընդունեց Հայկ. ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի առաջարկը՝ 1990թ. ապրիլի երկրորդ կեսին Երևանում գիտական նստաշրջան անցկացնել Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության խնդրի վերաբերյալ` խորհրդային և արտասահմանյան մասնագետների մասնակցությամբ:

Փաստորեն, առաջին անգամ հայ կոմունիստների նախաձեռնությամբ է սկիզբ դրվել Հայոց ցեղասպանության կլոր տարելիցները միջազգային խորհրդաժողովներով նշելու ավանդույթը: Ավելին, կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանն է հրապարակավ առաջինը կարևորել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ ունենալու անհրաժեշտությունը:

“Երևանում, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի համակարգում անհրաժեշտ է ստեղծել հայոց եղեռնի ուսումնասիրության միջազգային գիտական հետազոտությունների ինստիտուտ”, 1990թ. ապրիլի 17-20-ը Երևանում անցկացված “Հայերի ցեղասպանությունը. պատմություն, տեսություն, քաղաքական պատասխանատվություն” միջազգային խորհրդաժողովը իր ելույթում ասել է Մովսիսյանը: Մարզահամերգային համալիրում կազմակերպվեց նաև սգո երեկո, որի ընթացքում ելույթ ունեցան Մովսիսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն:

Հայաստանի նորանկախ պատմության 25 տարիներին Հայոց ցեղասպանության հիշատակման և միջազգայնացման հարցում առանցքային էր 1995 թվականը. Հայաստանում կազմակերպվեց Հայոց ցեղասպանության հարցով միջազգային գիտաժողով, ինչպես նաև բացվեց Հայոց ցեղասպանության թանգարանը:

Լևոն Տեր-Պետրոսյանը 1995թ. մարտին ստորագրեց հրամանագիր “Հայոց ցեղասպանության 80-ամյակի կապակցությամբ ցեղասպանությունը վերապրած հայերին պետական աջակցություն ցուցաբերելու մասին”: Ապրիլի 21-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը արտահերթ նիստում, միաձայն ընդունեց հայտարարություն Հայոց ցեղասպանության 80-ամյակի առիթով:

1995թ. ապրիլի 21-23-ը Ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում, պետական բարձր մակարդակով, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողով “Ցեղասպանության հարցեր” թեմայով, որին ներկա էին 16 երկրներից ժամանած գիտնականներ: Ելույթ ունեցան նաև Տեր-Պետրոսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն:

1995թ. ապրիլի 24-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարանի բացումը: Ժապավենը կտրեց Տեր-Պետրոսյանը, նրա կողքին էին Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի փոխնախագահ Գագիկ Հարությունյանը և թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը:

Ուշագրավ էր, որ 1995-ի ապրիլի 22-ին Հայաստանի և Թուրքիայի ավիացիոն գերատեսչությունները Անկարայում համաձայնագիր ստորագրեցին օդային սահմանը վերաբացելու մասին: Այսպիսով, Անկարան վերջ տվեց Հայաստանի օդային շրջափակմանը: Չնայած թուրքական կողմի այս քայլին, Հայաստանը չհետաձգեց Հայոց ցեղասպանության 80-ամյակի որևէ միջոցառում:

Հայոց ցեղասպանության 85-րդ և 90-րդ տարելիցների առիթով Երևանում միջազգային գիտաժողովներ կազմակերպվեցին նաև 2000 և 2005 թվականներին: Հատկապես ներկայացուցչական էր 90-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջազգային համաժողովը, որը կրում էր “Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր: Ցեղասպանությունն ու մարդու իրավունքները” խորագիրը: Զեկույցներ ունեցան հայտնի գիտնականներ, փորձագետներ, պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ աշխարհի երկու տասնյակ երկրներից: Նրանց մեջ էր Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալեսան:

Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի առիթով 2010 թվականի ապրիլին Երևանում միջազգային գիտաժողով չկազմակերպվեց: Այս հարցին մինչև օրս հրապարակավ բացատրություն չեն տվել ոչ արտգործնախարարությունը, ոչ որևէ գիտական կառույց, ոչ որևէ պաշտոնյա:

Չպետք է բացառել, որ Հայաստանի իշխանությունները 2010 թվականին Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով չէին ծրագրել ընդհանրապես, հույս ունենալով, որ մինչև այդ տարվա ապրիլ Հայաստանի և Թուրքիայի միջև 2009-ի հոկտեմբերին ստորագրված երկու արձանագրությունները կվավերացվեն, իսկ եթե հայկական կողմը նման գիտաժողով անցկացներ, ապա թուրքական կողմը վստահաբար դա կհամարեր ապակառուցողական քայլ, արձանագրությունները չվավերացնելը կպայմանավորեր հենց հայկական կողմի “հակաթուրք ձեռնարկով”:

Երբ հայկական կողմը վերջնականապես համոզվեց, որ Թուրքիան չի վավերացնելու արձանագրությունները, Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը հապշտապ կազմակերպեց 2010 թվականի վերջերին, որը մնաց գրեթե աննկատ:

Թաթուլ Հակոբյան