Գյուրբյուզ Չափան. Ծիծեռնակաբերդ և թանգարան այցելած միակ թուրք պաշտոնյան

4643

Վերջին տասնամյակներում և տարիներին բազմաթիվ թուրքեր (Թուրքիայի և այլ երկրների քաղաքացիներ) այցելել են Ծիծեռնակաբերդի բարձունք, հարգանքի տուրք մատուցել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին, ծաղկեպսակ կամ ծաղիկներ դրել: Դրանցից արժե հիշատակել Հասան Ջեմալին՝ Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երեք հիմնական պատասխանատուներից մեկի՝ Ջամալ փաշայի թոռանը:

Մինչև օրս միակ թուրք բարձրաստիճան պաշտոնյան, որ այցելել է Ցիծեռնակաբերդ, եղել է Գյուրբյուզ Չափանը:

1995 թ. հունիսի վերջերին երկօրյա այցով Երևան ժամանեց թուրքական մի պատվիրակություն` Ստամբուլի Էսենյուրթ շրջանի քաղաքագլուխ, Ժողովրդահանրապետական կուսակցությունից Գյուրբյուզ Չափանի գլխավորությամբ: Հունիսի 29-ի առավոտյան թուրքական պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդ: Սա առաջին և առայժմ միակ դեպքն է, երբ թուրք  պաշտոնյան այցելում է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Չափանին ընդունեց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Չափանը այցելեց նաև այն ժամանակ նորակառույց և նորաբաց թանգարան: Հայոց ցեղասպանության թանգարանը բացվել է 1995-ի ապրիլին, բացումը կատարել է Տեր-Պետրոսյանը:

Սերժ Սարգսյանը 100-ամյակի առիթով Երևան՝ Ծիծեռնակաբերդի բարձունք է հրավիրել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Հրավերը փոխանցելու նպատակով հատուկ Թուրքիա էր մեկնել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

2008-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Երևանում էր, Սարգսյանը նրան չառաջարկեց միասին այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Փոխարենը, Սարգսյանն ու Գյուլը միասին դիտեցին Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը: Հանդիպումը կայացավ Հրազդան մարզադաշտում, որը Ծիծեռնակաբերդի հենց ստորոտում է:

Լուսանկարում՝ Հասան Ջեմալը ծաղիկներ է դնում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Նրա կողքին՝ Սամսոն Օզարարատ և Հայկ Դեմոյան: Սեպտեմբեր 2008 թ.