Սպանդ ու ավեր՝ քեմալականները Ալեքսանդրապոլում. 1921թ.

4679

Խորհրդային Հայաստանի կառավարությունը քեմալականների հետ բնականոն հարաբերություններ հաստատելու համար առանցքային էր համարում Ալեքսանդրապոլի պայմանագիրը չեղյալ համարելը և հայ-թուրքական նոր բանակցությունների անցկացումը: Արտգործժողկոմ Ալեքսանդր Բեկզադյանը 1920թ. դեկտեմբերի 10-ին նոտա է հղում քեմալականների արտգործկոմիսարին, Արևելյան ճակատի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրին և Ալեքսանդրապոլի ՌՍՖՍՀ ներկայացուցչին` ակնկալելով, որ նրանք չեղյալ կհամարեն ՙդաշնակցականների ստորագրած (Ալեքսանդրապոլի) հաշտությունը՚ և կհրավիրվի նոր խորհրդաժողով` ՙհեղափոխական հեղաշրջման նոր պայմաններից բխող համաձայնության գալու համար՚:

Նոտայում ասվում էր, որ ՙթուրքական հրամանատարության գրավյալ տարածքներում շարունակվում է Հայաստանի նկատմամբ անհաշտ թշնամական քաղաքականությունը՚: Բեկզադյանը գանգատվում էր, որ ՙԱլեքսանդրապոլի օկրուգում քշվում են գյուղացիների բոլոր անասունները, քաղաքներում բռնագրավվում նպարեղենի պահեստները, որոնք նախատեսվել են անտուն երեխաների ու որբերի համար՚: Խորհրդային Հայաստանը առաջարկում է ՙապագա բանակցությունների վայր ընտրել Երևանը, Բաքուն կամ Ալեքսանդրապոլը՚:

Հայկական կողմի նոտային ի պատասխան քեմալական Թուրքիայի արտգործկոմիսար Ահմեդ Մուխթարը կոշտ տոնով գրում է, որ Հայաստանը այլ տարածքների նկատմամբ չի կարող հավակնություններ ունենալ, քանի որ ՙայդ տարածքներն անգլիացիներն էին տվել դաշնակցականներին` նրանց ծառայությունների դիմաց՚: Քեմալականները պնդում էին, որ տարածքային հարցերը պետք է լուծվեն Մոսկվայում սպասվող ռուս-թուրքական բանակցություններում` հիմք ընդունելով Ալեքսանդրապոլի պայմանագիրը:

Ավելին, 1920թ. դեկտեմբերի 13-ին Կարաբեքիրը, վկայակոչելով հենց Ալեքսանդրապոլի դաշնագիրը, Հայհեղկոմից պահանջում է 85 ձի և ամբողջ ռազմամթերքի տեղափոխումը Իգդիր, ինչպես նաև թուրքական բանակի համար Երևանում մթերքներ գնելու թույլտվություն:

Հայ բոլշևիկները փորձում էին հավատացնել, թե թուրքերի թշնամությունը դեպի հայերը հետևանք է դաշնակցականների նկատմամբ թուրքերի ունեցած ատելության և բավական է Հայաստանը հայտարարել խորհրդային, եղբայրական ձեռք մեկնել թուրքերին, թուրք-հայկական հարաբերությունները կբարելավվեն, թուրքական բանակը անմիջապես կհեռանա Ալեքսանդրապոլից ու Կարսից: Այս ոգով էր ներշնչված Հայհեղկոմի առաջին դեկլարացիան. ՙՄենք համոզված ենք, որ ոչ թե հաղթողի սուրն է թելադրելու Խորհրդային Հայաստանի ու աշխատավոր Թուրքիայի միջև կայանալիք հաշտության պայմանները, այլ Խորհրդային Հայաստանի ու աշխատավոր Թուրքիայի ազատ ժողովուրդների եղբայրական համերաշխությունն ու համաձայնությունը՚:

Մինչ նման խոսքեր էին հնչում, քեմալականների ասպատակությունները շարունակվում էին նոր թափով: Ալեքսանդրապոլի Հեղկոմի անդամ Զավարյանի զեկուցագրում մանրամասն նկարագրվում է իրավիճակը. ՙԳավառը բոլորովին ամայացել է, ամբողջ անասունը քշված է, բնակչությունը մասամբ կոտորածի է ենթարկվել, մասամբ փախուստի դիմել: Խնդրում ենք որբ երեխաներին այստեղից փոխադրել Երևան, որովհետև սննդի ու վառելիքի լիակատար բացակայության պայմաններում նրանք այստեղ դատապարտվում են անխուսափելի մահվան, բացի 1000 որբերից, որոնք ամերիկյան որբանոցներում են: Մեզ մոտ քաղաքում սով են քաշում մոտ 4000 որբ երեխաներ, գոնե նրանց ընդունեցեք՚:

Ալեքսանդրապոլի գավառի կոմիսարի` Հայհեղկոմին ուղղված 1921թ. հունվարի 1-ի զեկուցագրում ասվում էր. ՙՍարսափահար մարդիկ փախել են անտառները, գյուղերը վերջնականապես ավերվել են, կործանվում է ժողովուրդը, կորչում է հարստությունը, մոտենում է սովահարության դաժան ուրվականը՚:

Կարաբեքիրի զորքերը մի քանի ամիսների ընթացքում մահ ու ավեր էին սփռում Ալեքսանդրոպոլի գավառում: Դեկտեմբերի 25-ին գրված Ալեքսանդրապոլի Հեղկոմի զեկուցագրում` ուղղված Հայհեղկոմին ասվում էր, որ ՙդրության լիակատար տերերը թուրքերն են, իսկ մեր իշխանությունը ‎‎ֆիկցիա է՚: Նշվում էր, որ ՙի վիճակի չենք ասկյարների շրջանում քարոզչության գործը լայն հիմքերի վրա դնել, քանի որ մեր տրամադրության տակ չունենք ոչ մի թուրք կոմունիստ՚, հետևաբար` ՙխնդրում ենք Երևանում գտնվող թուրք կոմունիստներին շտապ գործուղել Ալեքսանդրապոլ, իսկ եթե չկան, կանչեք Բաքվից՚:

1921թ. հունվարի 1-ին Արևելյան բանակի Երևանի ներկայացուցիչ Բեհաէդդինը Բեկզադյանին բողոքում է, որ փոստը չի ընդունել Կարաբեքիրին ուղղված իր ծածկագիրը: Թուրքերը իրենց զգում էին ինչպես տանը: Նրանց հետ միջպետական բնականոն հարաբերություններ հաստատելու Հայհեղկոմի ջանքերն անցնում են ապարդյուն: Թուրքիայի ներկայացուցչի համար ստեղծվում էին  գործունեության նպաստավոր պայմաններ: 1921թ. հունվարի 6-ին Բեկզադյանի հրամանով ավելացվում է թուրքական ներկայացուցչության շենքի տարածքը: Հեռագրատանը կարգադրվում է Բեհաէդդինի բոլոր հեռագրերն ընդունել առանց արտգործժողկոմի ստորագրության: Արխիվային փաստաթղթերը վկայում են, որ այս միջադեպից հետո Հայաստանի կառավարությունը փաստորեն կատարել է քեմալականների բոլոր միջնորդությունները:

1921թ. հունվարի 8-ին Խորհրդային Հայաստանի արտաքին գործոց ժողովրդական կոմիսարիատը նոտա է հղում քեմալական կառավարությանը` պահանջելով ազատել Ալեքսանդրապոլի շրջանը թուրքական զորքերից և վերադարձնել ռազմագերիներին, որոնց թուրքական զորահրամանատարությունը կենտրոնացրել էր Էրզրումում և պահում անասելի ծանր վիճակում:

Հունվարի 13-ին Օրջոնիկիձեին հղած հեռագրում Չիչերինն այսպես է նկարագրում Հայաստանի կացությունը. ՙԹուրքերը ոչ միայն աջակցություն ցույց չեն տալիս եղբայրական խորհրդային հանրապետությանը, այլև շրջափակման են ենթարկում նրան, կողոպտում, սովի դատապարտում՚: Նույն օրը Հայհեղկոմի անունից Ահմեդ Մուխթարին բողոքի նոտա է հղում Բեկզադյանը. ՙԱլեքսանդրապոլի Հեղկոմը փաստորեն դարձրել եք զենք օկուպացիոն թուրքական ջոկատի ձեռքին: Հայաստանի Հեղկոմը գտնում է, որ չի կարող ճանաչել նման օրգանի հետագա գոյությունը՚:

Բեկզադյանը 1921թ. հունվարի 19-ին հեռագրում է Անկարայի կառավարությանը, որում ՙխորը վրդովմունք՚ է հայտնում ՙԿարսի, Ալեքսանդրապոլի գավառներում և չեզոք գոտում՚ քեմալական զորքերի կողմից բնակչության նկատմամբ շարունակվող ՙբռնությունների, թալանի և սպանությունների՚ առիթով. ՙԱլեքսանդրապոլն ամայացած է, բոլոր անասունները քշված: Նալբանդ կայարանում կենտրոնացած է հացահատիկների մեծ պաշար Թուրքիա ուղարկելու համար, որը խլվել է շրջակա գյուղերում, այսպիսով` գյուղացիները դատապարտված են սովամահության: Աշխատանքի ընդունակ 18-50 տարեկան տղամարդկանց բռնի քշում են իրենց հայրենի տներից դեպի Սարիղամիշի ու Էրզրումի շրջաններ` ծանր ու բռնի աշխատանքների: Կարսում, ձեր զորքերի կողմից գրավվելուց հետո, առաջին երեք օրերը տեղի են ունեցել և զանգվածային բնույթ են ստացել թալանը, բռնություններն ու սպանությունները: Աղբուլաղի ու Համամլուի շրջաններում ասկյարների առանձին զինված խմբեր ներս են խուժում հայ գյուղերը, թալանում և սպառնում են, իսկ կանանց` բռնաբարում՚:

Այս և հունվարի 8-ի նոտային ի պատասխան քեմալականների նորանշանակ արտգործկոմիսար Բեքիր Սամի բեյը հերքում է մեղադրանքները, գրելով, որ ՙթուրքական բանակի վարքը օրինակելի է՚: Քեմալականները հայտնում են նաև, որ ՙԱլեքսանդրապոլի պայմանագիրը իր մեջ մարմնավորում է արդարություն, նրա կատարումն անհրաժեշտ է Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար՚:

1921թ. հունվարի 19-ին Մռավյանը Ադրբեջանում Խորհրդային Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Միքայել Աթաբեկյանին և Գրիգորի Օրջոնիկիձեին հղած հեռագրում ընդգծում է, որ ՙթուրքերը կատարելապես լկտիացել են՚ ու ՙքամում են կիսաքաղց երկրի վերջին հյութերը՚. ՙԵրկիրը դատապարտված է սովամահության, գնդակահարում են անմեղ բանվորների, քաղաքացիներին ուղարկում են Էրզրում: Ջրհորում խեղդել են երեք կնոջ, աննկարագրելի գազանությունների բազմաթիվ դեպքեր կան: Թուրքերը նպատակ ունեն ստեղծել կոն‎ֆ‎լիկտ, որպեսզի ձևական հիմք ունենան հայ ժողովրդի նկատմամբ բռնություններն արդարացնելու համար: Հեղկոմի նկատմամբ վերաբերմունքը բացահայտ ու խիստ թշնամական է: Նրանք մեզ ասում են, որ չեն հավատում կոմունիզմին, իբր թե մենք սոսկ դիմակավորված, վախեցած դաշնակցականներ ենք՚:

Հունվարի 25-ի նիստում Ալեքսանդրապոլի Հեղկոմը հրաժարվում է իշխանությունից` չցանկանալով ՙվարկաբեկել խորհրդային իշխանության գաղափարը՚, ինչպես նաև` ՙհրաժարվում թուրք օկուպացիոն հրամանատարության ճնշման, քայքայման ու բնաջնջման քաղաքականության պատասխանատվությունից՚: ՙՄենք ենթադրում էինք, որ Անտանտի դեմ մարտնչող Մուստա‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎ֆա Քեմալի բանակը մեզ ազատություն է բերում դաշնակցականների մաուզերներից և խորհրդային իշխանություն հաստատելուց հետո չի հապաղի թողնել Հայաստանի տարածքը՚,- ասվում էր Հեղկոմի նախագահ Գրիգորյանի ու յոթ անդամների ստորագրած դիմումում, որում ներկայացվում են քեմալականների բռնարարքները. Էրզրում է քշվել 15 հազար հայ, անհետ կորել կամ սպանվել է հինգ հազարը, գյուղերն ավերվել են, քշվել է ողջ անասունը:

Քեմալականները Խորհրդային Հայաստանի ղեկավարության հետ խոսում էին վերջնագրերի ու սպառնալիքների լեզվով: Երբ 1921թ. հունվարի 12-ին Ղարաքիլիսայի հեղկոմը տեղի թուրքական միսիայի անդամների իսկությունը պարզելու համար փաստաթղթերի ստուգում էր կատարել, դա զայրացրել էր Արևելյան բանակի հրամանատարին: Հունվարի 29-ին և 30-ին Կարաբեքիրը երկու նոտա է հղում Հայաստանի արտգործժողկոմին, որոնցում փորձում է միջադեպը ներկայացնել որպես թշնամանք:

Ի պատասխան փետրվարի 4-ին արտգործժողկոմի տեղակալ Մռավյանը Կարաբեքիրին գրում է, որ Ղարաքիլիսայի հեղկոմի գործելակերպը բխում է միջազգային դիվանագիտության նորմերից, հիշեցնում, որ Հայաստանի ոչ մի քաղաքացի չի անցել Ալեքսանդրապոլ առանց Երևանում Արևելյան բանակի ներկայացուցիչ Բեհաէդդինի անցագրի:

Թուրքական կամայականությունները սովորական երևույթ էին նաև Նախիջևանում, որը Ադրբեջանը համաձայնվել էր համարել Խորհրդային Հայաստանի մաս: Նախիջևանում էր թուրքական 300 հոգանոց մի ջոկատ, որի գործուն մասնակցությամբ Հայաստանի առաջ փակվեց Պարսկաստան տանող ճանապարհը: Թուրք զինվորները Նախիջևանի բնակչության մեջ քարոզչություն էին տանում շրջանը Թուրքիային միացնելու օգտին: Ի վերջո, քեմալականները հասան նրան, որ Նախիջևանը չմիացվի Հայաստանին:

1921թ. փետրվարի 26-ին սկսվեց ռուս-թուրքական երկրորդ խորհրդաժողովը: Այնտեղ Ռուսաստանը ներկայացնում էին Գեորգի Չիչերինը և Ջելալ էդ-Դին Կորկմասովը, թուրքական պատվիրակությունից` Յուսուֆ Քեմալը, Ռիզա Նուրին և Ալի Ֆուադը: Տարածքային հարցերը քննարկելիս խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցեցին Ռուսաստանի ազգությունների ժողկոմ Ստալինը և Խորհրդային Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Շահթախթինսկին: Խորհրդաժողովի աշխատանքներին մոտ չթողեցին միայն Խորհրդային Հայաստանի պատվիրակության ղեկավար Բեկզադյանին: Մարտի 16-ին խորհրդաժողովն ավարտվեց, ստորագրվեց Մոսկվայի պայմանագիր:

Չիչերինի և Օրջոնիկիձեի գրագրությունից պարզվում է, որ քեմալականները նախապես մտադրություն են ունեցել Ալեքսանդրապոլի գավառը ևս պոկել Խորհրդային Հայաստանից: Մարտի 16-ին ստորագրված Մոսկվայի պայմանագրից հետո անգամ թուրքերը չէին հեռանում Հայաստանից:

1921թ. մարտի 16-ի Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերը Հայաստանի մասով ավելի վնասակար էին, քան Ալեքսանդրապոլի հայ-թուրքական դաշնագիրը:

1921թ. ապրիլի 13-ին Խորհրդային Ռուսաստանի կառավարության հանձնարարությամբ 11-րդ բանակի հրամանատար Գեկկերը Թիֆլիսից վերջնագիր-ռադիոգիր է ուղարկում թուրքական զորահրամանատարությանը, պահանջելով, համաձայն Մոսկվայում կնքված խորհրդա-թուրքական պայմանագրի, անհապաղ դատարկել Ալեքսանդրապոլի շրջանը թուրքական զորամասերից:

Ապրիլի 22-ին 11-րդ բանակի զորամասերը Միխայիլ Վելիկանովի հրամանատարությամբ մտնում են Ալեքսանդրապոլ: Ապրիլի վերջերին ներքգործժողկոմ Պողոս Մակինցյանը ՙԿոմունիստ՚ թերթի հետ զրույցում ներկայացնում է Ալեքսանդրապոլի և գավառի վիճակը. ՙՔաղաքն ավերված է: Ահա առաջին տպավորությունը, որ ստանում ես քաղաքից` թուրքերի գնալուց հետո: Գտնվել են մեծ կոտորածների հետքեր: Միայն Նալբանդ կայարանի մոտ ձորում, որտեղով ես անձամբ անցա ու տեսա, մոտ 3000 դիակներ կան:

Հատուկ հանձնաժողովի թվերը սարսափազդու էին: Մեծ Քյափանակ գյուղում սպանվել, սրի էր քաշվել մոտ 1500 մարդ` տղամարդ, կին ու երեխա, դիակները փռված էին խրճիթներում, գոմերում, մարագներում և հորերում: Մոտ 1500 մարդ էր սպանվել Հաջի Նազար-Ղուլի գյուղում, որից 500-ի դիակը` մոտակա ձորում: Փոքր Քյափանակում և Չոռլիում սպանվածների թիվը հասնում էր հազարի յուրաքանչյուրում, Դիրաքլարում` երեք հարյուր, Ջաջուռում` մինչև հարյուր մարդ: Փրկված և ականատես բնակիչները նշել են թուրքական մի քանի զորամասերի և Ադրբեջանի հեծելազորի գազանությունները:

Խորհրդային Ռուսաստանի արտգործժողկոմ Չիչերինը մայիսի 13-ին ՌՍՖՍՀ-ում Թուրքիայի դեսպան Ալի Ֆուադին հղած նոտայում բողոքում է, որ ՙթուրքական զորքերը, էվակուացնելով Ալեքսանդրապոլը, նյութական մեծ վնաս են պատճառել Ռուսաստանի հանրապետության միավորված բանակներին և անդրկովկասյան հանրապետություններին՚: Չիչերինը ՙվճռականապես բողոքում է բարեկամական երկրի ռազմական իշխանությունների թշնամական գործողությունների դեմ՚, որոնք կատարվում են նույն այն պահին, երբ ՙՌուսաստանի կառավարությունը բարեկամական Ազգային մեծ ժողովի կառավարությանը ցույց է տալիս այն ամբողջ օգնությունը, որպիսին նա ի վիճակի է՚:

Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից

Հայացաք Արարատից. արևելեահայերնՀայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ: