Չինչին և Այգեպար գյուղերի բնակչությունը

6080

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը Չինչին և Այգեպար գյուղերով ավարտում է ծանոթությունը Տավուշի մարզի գյուղերի հետ: Նախորդ ամիսներին մենք գյուղ առ գյուղ ներկայացրել ենք մարզի երեք շրջանների՝ Նոյեմբերյանի, Իջևանի և Տավուշի, նախկինում՝ Շամշադինի գյուղերը և նրանց բնակչությունը 1831-ից 1931-ի ընթացքում՝ մեկ հարյուրամյակում: Ավարտելով Տավուշի հետ ծանոթությունը, մենք շարժվում ենք Լոռու մարզ և նույն սկզբունքով ներկայացնելու ենք այդ մարզի բոլոր բնակավայրերը և բնակչության թվաքանակը: 

ՉԻՆՉԻՆ

Չինչին գյուղը գտնվում է Տավուշի լեռնաշղթայի ստորոտում՝ սարահարթի վրա: Առաջին ընտանիքները Տավուշ գյուղից տեղափոխվել և Չինչինում բնակություն են հաստատել 1876-1877թթ.: Որպես ինքնուրույն բնակավայր ճանաչվել է 1885թ., իսկ մինչ այդ եղել է Տավուշ գյուղի վարչական տարածքում՝ որպես ձմեռանոց:
1885թ. գյուղում բնակվում էին ընդամենը երեք ազգատոհմեր: Այդ թվականին գյուղն ունեցել է 39 բնակիչ:

Չինչին գյուղի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1897 թվական – 134 (ցարական մարդահամար), բոլորը՝ հայ

1916 թվական – 534 (Кавказский календарь, Կովկասյան օրացույց)

1922 թվական – 705 հոգի

1926 թվական – 565 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ

1931 թվական – 955 հոգի

Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”

aygepar1

ԱՅԳԵՊԱՐ

Այգեպարը Ադրբեջանի հետ սահմանին գտնվող ամենամոտ գյուղերից է: Սահմանակից է Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղին:

Տավուշ գետի ձախ ափին գտնվող գյուղը հիմնվել է 1930-ական թվականների վերջին՝ ծխախոտի ֆերմենտացիոն գործարանի բազայի վրա: Գյուղը բնակեցվել է շրջակա գյուղերի բնակիչների տեղափոխմամբ ու մշտական հաստատմամբ: 1960-ական թվականներից, երբ այստեղ կառուցվեցին գինու և պահածոների գործարանները, բնակչությունը սկսեց ավելանալ:

1959թ. սկսեց գործել օդանավակայանը, որտեղից թռիչքներ էին իրականացվում դեպի Երևան և Բաքու:

Գյուղի հարևանությամբ է գտնվում Տավուշի ջրամբարը, որը ոռոգում է Վերին Կարմիրաղբյուր, Տավուշ, Մովսեսգեղ և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի հողատարածությունները:
DSC_0054

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” գրքում հանդիպում է Ախնջի անունով բնակավայր, որը ընդգրծված է Ղուլալի, այսօրվա Այգեձոր գյուղի կազմում: 1926-ին Ախնջին ունեցել է 83, իսկ 1931-ին՝ 57 հոգի:

Կորկոտյանի ցուցակում կա նաև Բերդի համայնքին պատկանող Երիձոր անունով բնակավայր, որը 1931-ին ունեցել է 241 հոգի բնակչություն: