Ինչ չէր հերքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիմա հերքում է. FIP

714

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 14-ին Ազգային ժողովում հայտարարեց, որ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի այն հայտարարությունը, թե ինքը պատերազմի 4-րդ օրը Անվտանգության խորհրդի նիստում հայտնել է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնելու անհրաժեշտության մասին, չի համապատասխանում իրականությանը։

«Ուզում եմ այս ամբիոնից պատասխանատու ասել, պատասխանատու և պաշտոնապես արձանագրել, որ Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ի հայտարարության այդ կետը իրականության հետ որևէ աղերս և առնչություն չունի։ Չի՛ ասել Գլխավոր շտաբի պետը նման բան, դա արձանագրված է պաշտոնապես։ Այդ թվում՝ ձայնագրությամբ է արձանագրված»,- Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նոյեմբերի 17-ին Օնիկ Գասպարյանն ուղերձ էր հղել՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմին և դրան նախորդած դեպքերին։ «Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»,- հայտարարել էր Գասպարյանը։

Ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը նախկինում

2020 թ. դեկտեմբերի 16-ին Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում վարչապետը կրկին անդրադարձել էր Օնիկ Գասպարյանի այդ հայտարարությանը՝ Փաշինյանը փաստացի չէր հերքել, որ նման բան է զեկուցվել։

Լրագրողի հարցին, թե պատերազմի 4-րդ օրը արդեն գիտեինք, որ պարտվում ենք և Գլխավոր շտաբի պետը զեկուցում էր, տրամաբանական չէ՞ր գնալ այդ որոշմանը, վարչապետը պատասխանել էր․ «Դրանից հետո մենք որոշակի միջոցներ ենք ձեռնարկել: Միջոցներ ենք ձեռնարկել մեր սպառազինությունը համալրելու ուղղությամբ, զենք ձեռք բերելու ուղղությամբ, զենք ներկրելու ուղղությամբ: Մենք միջոցներ ենք ձեռնարկել կոնկրետ, որպեսզի սպառազինության, տեխնիկայի կորուստները համալրվեն: Եվ սպառազինության և տեխնիկայի կորուստները համալրվել են որոշակիորեն»։

Վարչապետի հերքմանն արձագանքեց ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, որը Armlur.am-ի հետ զրույցում վերահաստատեց իր ուղերձում ասված խոսքերը։ «Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը։ […] ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով»,- ասել է նա։

Ի պատասխան Օնիկ Գասպարյանի այս հայտարարության՝ վարչապետը հայտնեց, կդիտարկեն Անվտանգության խորհուրդի նիստի արձանագրության համապատասխան հատվածը գաղտնազերծելու և հրապարակելու հնարավորությունը։

Փաստացի՝ վարչապետը դեկտեմբերի 16-ին չէր հերքում, որ պատերազմի 4-րդ օրը Գլխավոր շտաբի պետն Անվտանգության խորհրդում հայտնել է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնելու անհրաժեշտության մասին, սակայն ամիսներ անց հայտարարում է, որ նման բան չի եղել։

Սևադա Ղազարյան 

fip.am