«Արաքսից Թալիշ. նոր առաջնագիծ»՝ Նիկոլ Փաշինյանի հոդվածը․ 2016-ի օգոստոս

4200

Չորսօրյա պատերազմի ընթացքում՝ 2016 թվականի ապրիլի 4-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը հատուկ հաշվեհամար էր բացել: Այս քայլի նպատակն էր՝ հնարավորություն տալ, որ բոլոր ցանկացողները կարողանան ուղիղ դրամական օժանդակություն ցուցաբերել Արցախին: Ապրիլի 4-ից մինչեւ օրս հատուկ հաշվեհամարում կուտակվել է 4 միլիարդ 661 միլիոն դրամ, որից հուլիսի 1-ի դրությամբ ծախսվել է 2 միլիարդ 101 միլիոն դրամը:

ԼՂՀ կառավարությունը օգոստոսի սկզբին հանդես եկավ նախաձեռնությամբ՝ մի խումբ հասարակական-քաղաքական գործիչների Արցախ հրավիրելու եւ ներկայացնելու, թե ինչի վրա են ծախսվել գումարները եւ ինչպես: Այդ խմբի կազմում ընդգրկված էին ԱԺ պատգամավորներ Թեւան Պողոսյանը, Հովհաննես Սահակյանը, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, razm.info կայքի գլխավոր խմբագիր Կարեն Վրթանեսյանը, իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանը, ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը, «ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհուրդ» հ/կ նախագահ Մասիս Մայիլյանը եւ ես:

Օգոստոսի 12-15-ը տեղի ունեցած այցի ընթացքում երկու անգամ հանդիպում ունեցանք ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի, Պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանի, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանի հետ (առաջին հանդիպմանը ներկա էր նաեւ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը): Օգոստոսի 13-14-ին անցանք արեւելյան առաջնագծի ողջ երկայնքով՝ Արաքսի ափից մինչեւ Թալիշ: Հասկանալիորեն՝ հենց այստեղ է օգտագործվել հատուկ հաշվեհամարի միջոցների առյուծի բաժինը, եւ այցի արդյունքներով կարելի է ասել՝ առաջնագծում սկիզբ են առել դրամատիկ փոփոխություններ:

Ձախողված տանկային բլիցկրիգ

Հիմա արդեն բոլորն են ընդունում, որ չորսօրյա պատերազմի շրջադարձային պահը ապրիլի 4-ին Ակնայի (Աղդամի) դիմաց՝ ադրբեջանական Քարադաղլի գյուղի ուղղությամբ հայկական կողմի հասցրած հրետանային հարվածն էր, որի ընթացքում ադրբեջանցիները առնվազն երեք տանկ են կորցրել եւ մոտ 200 զոհ տվել: Իսկ հրետանային մշակման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ՊԲ-ն խորքային հետախուզության միջոցների կիրառմամբ արձանագրել է, որ նշված ուղղությամբ տեղի է ունենում զորքերի, տանկերի խոշոր կուտակում եւ որոշում է կայացվել հրետանային ծավալուն գործողություններով ցրել հակառակորդի կուտակումը: Այցի ընթացքում մեզ ներկայացվեց ապրիլի 4-ի հրետանային գործողության տեսագրությունը: Ռազմական փորձագետները համոզված են. գործողությամբ կանխվել է հակառակորդի հարձակումը Աղդամ-Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ:

Այդ դրվագում հայկական հրետանու ճշգրտությունն, իհարկե, առասպելների առիթ է դարձել, բայց տվյալ դեպքում առավել կարեւոր է, որ խորքային հետախուզման համակարգը, որի գործադրմամբ հայտնաբերվել է թշնամու տանկային շարասյունը, դեպքից ընդամենը մեկ ամիս առաջ է գործարկվել, ու հիմա ակնհայտ է, որ եթե այդ համակարգը չլիներ, հետախուզության սովորական միջոցները կարող էին եւ չհայտնաբերել թշնամու կուտակումը, ինչը ճակատագրական նշանակություն կունենար հայկական կողմի համար: Թերեւս հենց այս դրվագն է պատճառ դարձել, որ ԼՂՀ կառավարությունը որոշել է խորքային հետախուզության այդ նույն միջոցներով ապահովել ողջ առաջնագիծն այնպես, որ ճակատի ոչ մի հատված դուրս չմնա համակարգի տեսադաշտից:

Չորսօրյա պատերազմից հետո առաջնագծում հսկայական փոփոխություններ են տեղի ունենում: Առաջին հերթին, իհարկե, տեխնիկական հագեցվածության իմաստով: Պաշտպանության բանակի առաջնահերթություններից մեկն, ակնհայտորեն, առաջնագիծը կապի այլընտրանքային համակարգերով ապահովելն է, որոնք կաշխատեն նոր սկզբունքով եւ որակով: Գաղափարը հետեւյալն է՝ ռադիոկապի եւ լարային կապի գործող միջոցներին պետք է ավելանան նաեւ ռադիոկապի եւ լարային կապի ամենաարդիական միջոցներ: ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը հավաստիացրեց, որ չորսօրյա պատերազմից հետո հարյուրավոր կիլոմետր ժամանակակից կապի գծեր են անցկացվել առաջնագծի երկայնքով:

Մի քանի դիրքերում կապի նոր միջոցները ամբողջությամբ գործարկված էին, եւ կապի նորամուծության ամենակարեւոր իմաստն այն է, որ ՊԲ հրամանատարին հնարավորություն կտա արագ կապվել առաջնագծի մի քանի հարյուր հենակետերից յուրաքանչյուրի հետ եւ ուղիղ խոսակցություն ունենալ՝ առանց հակառակորդի կողմից լսվելու վտանգի: Համակարգը պետք է զարգանա այնպես, որ առաջնագծի ողջ վիզուալ ինֆորմացիան իրական ժամանակում հասանելի եւ տեսանելի լինի բարձրագույն հրամանատարությանը եւ գլխավոր շտաբին:

Հաջորդ ամենակարեւոր նորությունն այն է, որ առաջնագծի ողջ երկայնքով տեղի է ունեցել գիշերային դիտարկման սարքերի տեղադրում: Հիմա արդեն գրեթե բոլոր դիրքերը կահավորված են այդպիսի սարքավորումներով: Նույնքան կարեւոր է, որ առանց բացառության բոլոր դիրքերում ի հայտ են եկել գիշերային նշանոցով զենքեր, ինչը հնարավորություն է տալիս գիշերային ժամերին հենց զենքի նշանոցով ֆիքսել եւ չեզոքացնել թիրախը: Այսուհանդերձ, պետք է արձանագրել, որ գիշերային նշանոցով զենքերը դիրքերում շարունակում են մնալ լայնորեն պահանջված: Ընդհանուր առմամբ, տարբեր տիպի ու խորության դիտարկման սարքավորումների տեղադրման աշխատանքները շարունակվում են, եւ բանակի հրամանատարության հավաստմամբ՝ համակարգը ամբողջական կդառնա առաջիկայում:

Էներգետիկ ճգնաժամ

Առաջնագիծը էլեկտրոնային միջոցներով հագեցնելը իր հետ բերում է նոր մարտահրավերներ: Դիրքերում, ինչպես գիտեք, էլեկտրական հոսանք չկա, իսկ բոլոր այդ էլեկտրոնային սարքերը լիցքավորման կարիք ունեն: Հարցը ներկա պահին լուծվում է հետեւյալ տարբերակներով. այնտեղ, որտեղ հնարավոր է՝ մարտկոցները տարվում են մոտակա զորամաս, իսկ որտեղ հնարավոր չէ՝ գործարկվում են շարժական գեներատորներ, որոնք աշխատում են հեղուկ վառելիքով: Սա հասկանալիորեն բավական թանկ եւ երբեմն ոչ հուսալի մեթոդ է: Եվ ահա, խնդրի լուծման ճանապարհին ԼՂՀ կառավարությունը որոշել է հույս դնել նոր տեխնոլոգիաների վրա: Մեր այցի նախորդ օրը հենակետերից մեկում գործարկվել էր Ստեփանակերտում ստեղծված մի շարժական արեւային էլեկտրակայան: Այս մոբիլ կայանը արեւային պանելների միջոցով էլեկտրական էներգիա է ստանում եւ կուտակում մարտկոցների մեջ, որը եւ օգտագործվում է մարտական հենակետի կարիքները հոգալու համար:

 

Այն պահին, երբ, ասենք, արեւի երկարատեւ բացակայության պատճառով մարտկոցներում կուտակված էներգիան սպառվում է, համակարգը ինքնաշխատ ձեւով միացնում է հենց նույն կայանի վրա տեղադրված վառելիքային գեներատորը:

Այս կայանը մեր այցի ընթացքում արձանագրված ամենակարեւոր փաստն է, որովհետեւ այն քիչ դեպքերից է, երբ բանակային կարիքների լուծումը դրվում է բարձր տեխնոլոգիական ռելսերի վրա: Համակարգն, իհարկե, փորձարկման փուլում է, եւ արդարացնելու դեպքում կդրվի սերիական արտադրության: Սա նշանակում է, որ բանակը կարող է մեր երկրում արեւային էներգետիկայի զարգացման պիոները լինել եւ դառնալ այս պրոցեսի հենարանն ու պատվիրատուն: Նշեմ նաեւ, որ նկարագրված կայանն ամբողջությամբ շարժական է, եւ մի անվավոր կցորդի մեջ տեղավորվում են ոչ միայն գեներատորը, մարտկոցները, այլեւ արեւային պանելները:Այդ ամենը կարելի է մեկ ժամվա ընթացքում հավաքել եւ տեղափոխել այլ վայր:

 

Ջուր՝ առաջին գծին

Հատուկ հաշվեհամարի միջոցների ծախսման հաջորդ կարեւոր ուղղությունը դիրքերի ապահովումն է ջրամատակարարմամբ: Ընդհանրապես առաջնագծում եւ մասնավորապես հարավային ուղղությամբ, խմելու ջուրը մշտական պրոբլեմ է եղել բանակի համար: Մեր խումբը ականատես եղավ, որ ջրագծերի անցկացման պրոցեսը լայն թափով իրագործվում է, եւ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում առաջնագծի տասնյակ հենակետեր, կորսված Վարազաթումբ (Լելե Թեփե) բարձունքի մոտակայքում, կապահովվեն մշտական ջրով:

 

Սա էական փոփոխություն է, որովհետեւ զինվորները ոչ միայն խմելու թարմ ջրի պրոբլեմ չեն ունենա, այլեւ դիրքերում կարող են ամենօրյա լոգանք ընդունել, ներկայիս շաբաթը մեկ անգամի փոխարեն: Առաջնագծի հարավային հատվածում, որտեղ մեր այցի ընթացքում օդի ջերմաստիճանը հասնում էր +45+50-ի, սա հատկապես կարեւոր է ու ոչ միայն հիգիենիկ, սանիտարական, այլեւ մարտունակության խնդիր է, որովհետեւ մշտական ջուր ունեցող զինվորի մարտունակությունն ու զգոնությունը էականորեն բարձրանում է: Նրանք, ովքեր եղել են առաջնագծում, կհաստատեն:

 

Չորսօրյա պատերազմի ընթացքում, ինչպես հայտնի է, հայկական կողմը շուրջ 15 հենակետի կորուստ է ունեցել: Սրա արդյունքում անօգտագործելի են դարձել միջդիրքային բազմաթիվ ճանապարհներ, եւ նոր, անվտանգ ճանապարհների անհրաժեշտություն է առաջացել: Չորսօրյա պատերազմից հետո, ԼՂՀ ներկայացուցիչների հավաստմամբ, առաջնագծի տարբեր հատվածներում 56 կիլոմետր նոր ճանապարհ է կառուցվել, բազմաթիվ ճանապարհներ բարեկարգվել են: Այս աշխատանքները շարունակվում են, բայց իրականացվել են հիմնականում մասնավոր ընկերությունների կողմից տրամադրված տեխնիկայով, որը պատերազմից հետո կամաց-կամաց հեռանում է առաջնագծից: Պաշտպանության բանակը եղած ճանապարհները սպասարկելու եւ նոր ճանապարհներ կառուցելու համար անհրաժեշտ շինարարական եւ ինժեներական տեխնիկայի կարիք ունի, քանի որ եղած տեխնիկան հնացած է եւ ըստ էության դուրսգրման ենթակա:

 

Անպատասխան հարցեր 

Մեր խումբը այցելության ընթացքում մեծ ծավալի տեղեկատվություն ստացավ եւ ընթացող մեծամասշտաբ աշխատանքների ականատեսը դարձավ: Բայց մի շարք կարեւորագույն հարցեր մնացին անպատասխան կամ դետալացված պատասխան չստացան: Իսկ ինչո՞ւ կատարվող աշխատանքները չորսօրյա պատերազմից առաջ կամ տարիներ առաջ այսպիսի ծավալներով չէին իրականացվում կամ ընդհանրապես չէին իրականացվում: Իսկ ինչո՞ւ բանակը չունի համապատասխան քանակի եւ որակի ինժեներական տեխնիկա: Այս հարցերին ի պատասխան՝ ԼՂՀ պաշտոնյաները առաջարկով էին հանդես գալիս. եկեք մտածենք ապագայի եւ ոչ թե անցյալի մասին: Նման դիրքորոշման պատճառը, իմ տպավորությամբ, ոչ այնքան պատասխանների բացակայությունն է, որքան դրանց հնարավոր բովանդակությունը: Մի բան ակնհայտ է. երկար տարիներ առաջնագիծը չի արժանացել պատշաճ ուշադրության, առաջացած հարցերը չեն ստացել համարժեք եւ համապատասխան արձագանք: Այս ամենի մասին ԼՂՀ իշխանությունները չեն ուզում խոսել, կարծում եմ նաեւ այն պատճառով, որ սա նշանակում է կոնֆլիկտի գնալ հայաստանյան գործընկերների հետ: Շատերը չգիտեն, բայց առաջնագծի հետ կապված հարցերում ԼՂՀ կառավարության եւ իշխանության, նույնիսկ ԼՂ Պաշտպանության նախարարության հնարավորություններն ու լծակները սահմանափակ են: Կադրային, նյութական, նյութատեխնիկական բազմաթիվ հարցեր լուծվում են ՀՀ մասնակցությամբ:

Հենց այս իմաստով առանձնահատուկ նշանակություն է ստանում հատուկ հաշվեհամարը: Սա այն հիմնական տեղն է, որից ԼՂՀ կառավարությունը կարող է պաշտպանությանն ուղղված ծախսեր իրականացնել սեփական հայեցողությամբ:

 

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը մեր առաջին հանդիպման ժամանակ չկարողացավ զսպել իր վրդովմունքը սոցիալական ցանցերում տարածվող գրառումների կապակցությամբ, թե հատուկ հաշվեհամարի միջոցները մսխվում են: Մատնացույց անելով ՊԲ հրամանատարին, ԱԱԾ տնօրենին, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանին, Արայիկ Հարությունյանը հարցադրում արեց. «Բոլորիս ընտանիքները Ղարաբաղում են ապրում. մենք առաջնագծի համար նախատեսված միջոցները մսխում ենք, որ թուրքերը գան մեր ընտանիքներին կոտորե՞ն»: Այս թեմայի շուրջ բավականին ծավալուն ու բուռն քննարկում ունեցանք:

Իմ եզրակացությունը մեկն էր. անպատասխան մնացած հարցերը, մարդկանց մեծամասնության համոզմունքը, թե Հայաստանի եւ հետեւաբար նաեւ ԼՂՀ իշխանությունները կոռումպացված են, այնպիսի միջադեպերը, ինչպիսիք, օրինակ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի առեւանգումն ու ծեծը, 2015 թվականի բերձորյան հարձակումը Հիմնադիր խորհրդարանի անդամների վրա՝ անվստահության վիհ են ստեղծել, եւ սա այլեւս ազգային անվտանգության հարց է:

Իսկ որ այդ անվստահությունը իր սեւ գործն արել է, երեւում է հենց թեկուզ հատուկ հաշվեհամարին արված վճարումների աշխարհագրությունից: Հավաքված 4 միլիարդ 661 միլիոն դրամի շուրջ 50 տոկոսը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությունից: Այս արդյունքի մի հսկայական մասը, համոզված եմ, պետական հիմնարկներում կիսավարչական մեթոդներով հավաքված գումարներն են: Ռուսաստանից արված փոխանցումները կազմում են 20 տոկոս: Բայց ամենակարեւոր եւ սենսացիոն փաստը. ԱՄՆ-ից հատուկ հաշվեհամարը ընդամենը 116 միլիոն դրամի փոխանցում է ստացել, որն ընդհանուրի 2,5 տոկոսն է: Փոխանցող սուբյեկտների թիվը ընդամենը 48 է: Ֆրանսիայի հայ համայնքից 26 սուբյեկտ է փոխանցում իրականացրել՝ 8 միլիոն 800 հազար դրամի չափով, որը ընդհանուրի 0,2 տոկոսն է:

Իհարկե, բազմաթիվ ամերիկահայեր եւ ֆրանսահայեր օգնություն են ուղարկել իրենց խողովակներով: ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը այսպիսի օրինակ պատմեց. մի սփյուռքահայ իր նախաձեռնությամբ ինֆրակարմիր ճառագայթով աշխատող հեռադիտակների խմբաքանակ է գնել եւ ուղարկել Ղարաբաղ: Որոշ ժամանակ անց սոցիալական ցանցերում գրել, որ ճշտել է՝ այդ հեռադիտակներից ոչ մեկը առաջնագիծ չի հասել: Ղարամյանը հաստատեց տեղեկությունը, որ այո՝ այդ հեռադիտակներից ոչ մեկը առաջնագիծ չի հասել, որովհետեւ պարզվել է, որ դրանց ճառագայթումը կիրառողին տեսանելի է դարձնում ադրբեջանցի դիպուկահարների համար: Ղարամյանը պարզաբանեց, որ որեւէ սարք, սարքավորում չի կարող առաջնագծում գործարկվել, առանց համապատասխան կառույցների կողմից թեստի ենթարկվելու: Շատերը մտածում են, որ եթե սարքը թանկարժեք է, ուրեմն ամենաօգտակարն է: Մինչդեռ կան բազմաթիվ պարամետրեր, որոնք վիճարկում են այս պնդումը:

Պարամետրերից մեկը հետեւյալն է. իսկ ի՞նչ համանման սարքեր են կիրառում ադրբեջանցիները, իսկ որքանո՞վ է պարզ կամ բարդ սարքի կիրառումը, եւ կարո՞ղ է արդյոք միջնակարգ կամ ութամյա կրթությամբ զինվորը կիրառել այն պատշաճ արագությամբ եւ որակով, իսկ որքանո՞վ են այդ սարքերը ազդվում կլիմայական պայմաններից, դիմանու՞մ են արդյոք +50 աստիճան շոգին կամ բարձրլեռնային սառնամանիքին, որքա՞ն արագ են լիցքավորվում եւ որքա՞ն է դիմանում լիցքավորումը եւ այլն, եւ այսպես շարունակ:

Ղարաբաղի կառավարության ներկայացուցիչները խոստովանում են, որ չորսօրյա պատերազմի ընթացքում եւ հաջորդող շրջանում բազմաթիվ են եղել դեպքերը, երբ ուղարկվել են սարքեր եւ սարքավորումներ, որոնք առաջնագծում կիրառելի չեն վերը նշված պատճառներով եւ հիմա լցված են պահեստներում: Վարչապետ Արայիկ Հարությունյանն էլ նկատեց, որ ապրիլին տարերայնորեն այնքան քանակի արագ փչացող սնունդ էր ուղարկվել Ղարաբաղ, որ տիտանական ջանքեր էին պահանջվում դրանց նեխումը կանխելու համար:

ԼՂՀ կառավարության եզրակացությունը մեկն է. օգնության ամենաարդյունավետ ձեւաչափը ֆինանսական փոխանցումներն են եւ այս պարագայում է միայն երաշխավորվում, որ այդ միջոցների ծախսման արդյունքում ձեռք կբերվի այն, ինչ տվյալ պահին իրոք անհրաժեշտ է: Բայց մյուս կողմից, հաշվի առնելով այն ահռելի անվստահությունը, որ գոյություն ունի, վարչապետն ու նախարարները ընդունում են, որ հատուկ հաշվեհամարի ծախսումները պետք է լինեն պատշաճ հանրային, համահայկական վերահսկողության ներքո: Մեր այցի կարեւորագույն նպատակներից մեկը հենց այս խնդրի քննարկումն էր. ի՞նչ անել, որ այդ վերահսկողությունը լինի արդյունավետ, վստահելի, մյուս կողմից՝ կարելի լինի խուսափել ռազմական գաղտնիքների հրապարակումից:

Կորսված տարածքներ

Հաջորդ հարցը, որին ի պատասխան ԼՂՀ կառավարության ներկայացուցիչները առաջարկում են առաջ նայել եւ ոչ թե ետ, հետեւյալն է. իսկ ինչո՞ւ մենք տարածքներ կորցրինք Թալիշում: Չէ՞ որ հարձակման պահին, ի տարբերություն բազմաթիվ այլ տեղերի, այդ տարածքի դիրքերի մի մասը կահավորված էր գիշերային դիտարկման համակարգով: Ինչո՞ւ կորցրինք Վարազաթումբ (Լելե Թեփե) կոչվող բարձունքը, որը համարվում էր առաջնագծի լավագույն դիրքերից մեկը: Չնայած այս հարցերին կոնկրետ պատասխան չստացանք, այլ աղբյուրներից տեղեկացանք, որ չորսօրա պատերազմի վերաբերյալ իրականացվել է ծառայողական քննություն եւ ծավալուն ու մանրամասն զեկուցագիր է պատրաստվել, որի բովանդակությունը հասկանալիորեն համարվում է ռազմական գաղտնիք:

Բայցեւայնպես՝ կհամարձակվեմ եզրակացնել, որ տարածքների կորստի կարեւորագույն պատճառներից մեկը մարդկային գործոնն է կամ ոչ պատշաճ կադրային քաղաքականությունը, երբ հրամանատարական պաշտոնների են նշանակվել մարդիկ, ովքեր դրա համար չեն ունեցել ո՛չ պատշաճ կրթություն, ո՛չ պատշաճ գիտելիքներ, ո՛չ պատշաճ կամային հատկանիշներ: Ներկայումս պաշտպանության բանակում կադրային լայնածավալ փոփոխություններ են տեղի ունենում: Բանակից հեռացվել է Մատաղիսի զորամասի ողջ հրամանատարությունը, որը Թալիշի ուղղության հիմնական պատասխանատուն էր: Հարավային դիվիզիայի հրամանատար է նշանակվել գնդապետ Ջալալ Հարությունյանը, որը մեր բանակի լավագույն սպաներից մեկը լինելու համարում ունի:

Չափազանց հետաքրքիր անձնավորություն է ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը, որը մեկ տարի առաջ է նշանակվել այդ պաշտոնում: Մնացականյանն այն զինվորականներից է, որը հրամանատարությունը առաջին հերթին համարում է մտավոր, ինտելեկտուալ աշխատանք, եւ սա հիմք է տալիս հավատալու, որ Պաշտպանության բանակում, Հայոց բանակում ընդհանրապես կարող է տեղի ունենալ մտածողության փոփոխություն: Որքան հասկացա, Մնացականյանը Պաշտպանության բանակում տեղի ունեցող փոփոխությունների հիմնական գաղափարախոսն է, եւ վերջին մեկ տարում տեղի ունեցած փոփոխությունները կարծես թե դրական բովանդակություն ունեն: Ասում են, որ արդեն մի քանի տասնյակ դեպքեր են արձանագրվել, երբ Մնացականյանը հրաժարվել է ընդունել բանակին մատակարարվող ապրանքների որոշ խմբաքանակներ՝ դրանց որակի պատշաճ չլինելու պատճառով:

ԼՂՀ ՊԲ հրամանատար լինելը, ի դեպ, բավականին բարդ կարգավիճակ է, որովհետեւ երբեմն այնքան էլ պարզ չէ, թե սուբորդինացիոն ի՞նչ հարաբերություններ ունի ՀՀ իշխանությունների կամ ԼՂՀ նախագահի նկատմամբ: Սա իր հերթին առաջ է բերում բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին մեծ հաշվով հնարավոր չէ ոչ միայն հրապարակային, այլեւ ոչ հրապարակային խոսել: Այնուամենայնիվ, մի քանի նորամուծություններ, մի քանի ինժեներական կառույցներ, մի քանի մտահղացումներ հիմք են տալիս մտածելու, որ ԼՂՀ իշխանությունները ՊԲ ղեկավարման եւ պատերազմի կառավարման բոլորովին նոր մեթոդներ է մտադիր ներդնել Ղարաբաղում:

Իսկ առաջնագծում տեղի ունեցող փոփոխությունների կարեւորագույն ռազմական իմաստը հետեւյալն է. հակառակորդը կորցրել է անսպասելի հարձակում գործելու հնարավորությունը: Սա, իհարկե, հավակնոտ պնդում է, բայց ԼՂՀ ՊԲ եւ ԱԱԾ ղեկավարությունը կարծես համոզված է սրանում: Բայց այս վիճակը չի կարող ինքն իրեն պահպանվել: Հակառակորդը նույնպես հասկանում է իրողությունը, եւ մենք պիտի մեկ քայլ առաջ լինենք: Սա պահանջում է ոչ միայն մտավոր, այլեւ ֆինանսական հսկայական ներդրում:

Թալիշի առեղծվածը

Մեր այցելության ընթացքում, ինչպես ասացի, հասցրինք անցնել ԼՂՀ սահմանի հարավային ծայրակետից՝ Արաքսի ափից մինչեւ հյուսիս-արեւելյան ծայրակետ: Եղանք Լելե Թեփե կորսված բարձունքի հատվածում: Ասում են, որ սա մեր բանակի ցուցադրական դիրքերից մեկն է եղել, որը անգամ կոչել են նախագահական, որովհետեւ բարձրաստիճան պաշտոնյաներին աշխատանքային այցերի ընթացքում, անպայման տարել են այս դիրք, ցույց տալու համար, թե ինչքան լավ է ամեն ինչ: Ոչ ոք չի մտածել, թե Լելե Թեփեն հնարավոր է գրավել, եւ սա թերեւս դարձել է այն առանցքային պատճառը, որ բարձունքը կորսվել է: Կոնկրետության մեջ, սակայն, մենք չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել: Բայց դիվիզիայում տեղի ունեցող լայնածավալ կադրային փոփոխությունները վկայում են, որ այստեղ մեղավորների շրջանակը բավականին լայն է Այցելության ամենաճնշող հատվածն, իհարկե, Թալիշ գյուղն էր: Բազմաթիվ ավերված տներ եւ գրեթե անմարդաբնակ տարածք:

 

Թալիշում ներկայումս մի քանի հոգի է բնակվում, մյուսները տեղափոխվել են այլ վայրեր: Սրա պատճառն այն է, որ մի քանի դիրքերի կորստից հետո գյուղի մի մասն այլեւս դիտարկելի է հակառակորդի համար: Բայց սա արձանագրել եւ առաջ գնալ այնքան էլ ճիշտ չէ: Տավուշի մարզում տասնյակ գյուղեր կան, որոնք դիտարկելի են հակառակորդի համար՝ Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Բաղանիս, Ոսկեպար եւ այլն: Մի՞թե նշանակում է, որ այս գյուղերը պետք է դատարկվեն: Դեռ ավելին, Թալիշի դիրքերում լինելով՝ արձանագրեցինք, որ ադրբեջանական Թափ Գարագոյունլու գյուղը, որ չափերով մի քանի անգամ գերազանցում է Թալիշին, մեր զորքերի քթի տակ է: Եվ զինվորականները հավաստիացնում էին, որ այդ գյուղում շարունակում են մարդիկ ապրել, չնայած դրանում տեղի ունեցած ավերածությունները ոչ տեսականում, ոչ գործնականում չեն կարող պակաս լինել, քան Թալիշում: Գուցե Ադրբեջանի կառավարությունը ծավալուն միջոցնե՞ր է ծախսում դրա համար, կամ գուցե խնդիրը միայն ծախսերի մեջ չէ՞: Գուցե Թալիշում բնակչության անվտանգության ապահովման նոր բանաձեւեր եւ նոր մեխանիզմնե՞ր է հարկավոր ներդնել եւ այսպիսով ապահովել մարդկանց վերադարձը հայրենի գյուղ:

 

Վիճակագրություն

Հատուկ հաշվեհամարից մինչեւ հուլիսի 1-ը կատարված ծախերի վիճակագրությունը, ըստ ԼՂՀ կառավարության տրամադրած տեղեկանքի, հետեւյալն է.

– փոխանցում ԼՂՀ պաշտպանության նախարարությանը՝ 597,826,000 ՀՀ դրամ: Այդ միջոցները տնօրինել է պաշտպանության նախարարությունը՝ ըստ իր կարիքների եւ առաջնահերթությունների:

– ռազմական նշանակության տեխնիկայի եւ սարքավորումների ձեռքբերում՝ 736,529,100 ՀՀ դրամ:

– ինժեներական աշխատանքների կատարում՝ 356,452,800 ՀՀ դրամ: Այս աշխատանքները ներառել են դիրքերի ամրացում, խրամուղիների քանդում, թիկունքային ճանապարհների կառուցում/բարեկարգում, հակատանկային փոսերի ցանցի բարելավում եւ այլն:

– ՊԲ կարիքների համար ենթակառուցվածքների, տրանսպորտի եւ կապի ծառայությունների ու կապիտալ ծախսերի իրականացում՝՝ 198,859,700 ՀՀ դրամ: Այս ծախսերի միջոցով բարելավվել են առաջնագծին սպասարկող ենթակառուցվածքները եւ արդիականացվել են կապի միջոցները:

– զորակոչված քաղաքացիներին եւ կամավորականներին դրամական աջակցության տրամադրում՝ 532,372,100 ՀՀ դրամ: Ֆինանսական աջակցություն է տրվել միայն ԼՂՀ գրանցում ունեցող այն կամավորներին, ովքեր կա՛մ գործազուրկ/ինքնազբաղված էին եւ որոշակի եկամուտ են կորցրել կամավորության ընթացքում, կա՛մ հաստատագրված գումարի չափից (օրական 5,000 ՀՀ դրամ) ավելի ցածր աշխատավարձ էին ստանում, թեեւ իրենց աշխատավարձերը պահպանվել էին կամավորության ժամանակահատվածում: Այսինքն՝ կամավորներն իրենց մատուցած ծառայության դիմաց ստացել են օրական 5,000 ՀՀ դրամ փոխհատուցում՝ ներառյալ աշխատողների աշխատավարձերը:

Բացի կառավարության հատուկ հաշվեհամարում հավաքագրված գումարներով կատարված աշխատանքներից, տարբեր ֆիզիկական եւ իրավաբանական անձինք եւս առանձին աջակցություն են ցուցաբերել հատկապես տեխնիկական միջոցների, մեքենաների եւ անհրաժեշտ այլ պարագաների տրամադրման տեսքով: Իսկ ինժեներական աշխատանքների մի զգալի մասը կատարվել է շինարարական մասնավոր ընկերությունների կողմից՝ կառավարության մասնակի ֆինանսավորմամբ:

Վերջաբան

Արդյոք երաշխավորո՞ւմ եմ, որ ԼՂՀ կառավարության հատուկ հաշվեհամարին կուտակված միջոցները 100 տոկոսով ճշգրիտ են ծախսվում: Նման երաշխիք չի կարող տալ ոչ ոք, աշխարհի որեւէ կետում որեւէ հանրային նշանակության ծախսի կապակցությամբ: Եվ խնդիրը ամենեւին էլ այն չէ, թե արդյոք որեւէ մեկը 10 լիտր բենզին ավել է ծախսում կամ պակաս: Խնդիրն այն է, որ կա պատերազմի մեջ գտնվող հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, եւ ի վերջո պետք է մեզնից յուրաքանչյուրը իրենից կախվածն անի այդ հայրենիքի հաղթանակն ապահովելու համար:

100 տոկոսով երաշխավորում եմ մեկ ուրիշ բան. հատուկ հաշվեհամարը ԼՂՀ իշխանություններին հնարավորություն է տվել ավելի մեծ ներգրավվածություն ունենալ առաջնագծի եւ անվտանգության ապահովման հարցերում, եւ սրա հսկայածավալ պոզիտիվ ազդեցությունը ակնհայտ է եւ անհերքելի: Հատուկ հաշվեհամարը էականորեն ուժեղացնելու է այս գործոնը, առաջնագծի մարտունակությունն ու անվտանգության աստիճանը: Սա հասկանում են Ստեփանակերտում եւ պատրաստ են Հատուկ հաշվեհամարի միջոցների ծախսման ամենալայն հանրային վերահսկողության մեխանիզմների ներդրմանը: Նրանք հասկանում են, որ սա միակ միջոցն է, որ հնարավորություն կտա վերականգնել ցավալիորեն խաթարված համահայկական վստահությունը: 100 տոկոսով համոզված եմ. այս բացառիկ հնարավորությունը չի կարելի կորցնել: Սա, իհարկե, չի կարող եւ չպիտի նշանակի ԼՂՀ-ում առկա հանրային-քաղաքական պրոբլեմների կամ բանակցային պրոցեսի հետ կապված խնդիրների, կամ վերը թվարկված անպատասխան հարցերի շրջանցում: Սա նշանակում է այդ հարցերի էֆեկտիվ քննարկման նոր մթնոլորտ եւ նոր բանաձեւեր ստեղծել, լսելու եւ լսելի դառնալու աշխատանքային մթնոլորտ ձեւավորել: Ղարաբաղում այսօր լուծվում են շատ հարցեր, եւ այդ հարցերը համազգային օրակարգի առաջնահերթություններ են:

Նիկոլ Փաշինյան
ԱԺ պատգամավոր

https://armtimes.com/hy/article/91781