Գուրգեն Յանիկյան` Հայկական Նեմեսիս

11787

1984թ. մարտի 1-ին “Նյու Յորք Թայմսը” “Բանտարկված հայը մահացել է” վերնագրով կարճ լուրով տեղեկացրեց. “Ազգությամբ հայ գրող և ճարտարագետ Գուրգեն Մկրտիչ Յանիկյանը, ով 1973թ. Կալի‎ֆոռնիայում սպանեց երկու թուրք հյուպատոսների, երկուշաբթի օրը բնական մահով բանտում կնքեց իր մահկանացուն: Նա 88 տարեկան էր: Սպանություն կատարելու համար նա 1973թ. հուլիսին դատապարտվել էր ցմահ բանտարկության”:

Մի քանի գրքերի հեղինակ Յանիկյանը 78 տարեկանում Սանտա Բարբարա քաղաքի “Բալթիմոր” հյուրանոցում հրազենի կրակոցներով սպանել էր Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսին և նրա օգնականին` Մեհմեդ Բայդարին ու Բահադըր Դեմիրին` իր իսկ բառերով սկիզբը դնելով “հայ անհատի պատերազմը թուրքի դեմ”: Յանիկյանը, նախապես տեղյակ չպահելով իր հայ լինելու մասին, թուրք պաշտոնյաներին հրավիրել է հյուրանոց` նրանց միջոցով սուլթան Աբդուլ Համիդի պալատին պատկանող մի գեղանկար և երևելի մարդկանց ատորագրությունները կրող թղթադրամ թուրքական պետությանը նվիրելու նպատակով:

Բանտից ուղարկված ձայնագրության մեջ նա բացատրում էր, թե ինչու է դիմել նման քայլի. “Հայկական դատը ինձ համար մի հասկացողություն ունի` մեզանից գողացված ու թուրքին նվիրած մեր հայրենական հողերը հետ ստանալ: Մեր դատը գերեզման էր դրված ու պատրաստվում էին ծածկել մոռացության քողով: Որպես մի հայ անհատ ես չէի կարող ընդունել այդ: Պապերիցս ստացած արդարության ոգին իմ ներսում հրաբուխ դարձած դուրս ժայթքեց ու այրեց թաղումը կատարողների դեմքերը: Ու ես, տասնյակ տարիների մոռացության փոշուց մաքրելով Հայկական դատը, դրի մարդկության առաջ”:

1972թ. աշնանը, թուրք հյուպատոսներին սպանելուց մի քանի ամիս առաջ, Յանիկյանը երկու շաբաթով այցելել էր Հայաստան, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին նվիրել կորած համարվող վարպետի “Արևելյան ինտերյեր” նկարը:

Հայաստան այդ այցի մասին հետագայում նա իր գրքերից մեկում գրել է. “Մի դեպք պատահեց Երևանում, որն ինձ փաստեց, որ իմ ընտրած ուղին ու ծրագրած գործողությունը ճիշտ են: Մի առավոտ վաղ էի արթնացել և նստած պատուհանի առաջ նայում էի դեպի Արարատը: Օրը պարզ ու սքանչելի էր: Նոր բարձրացող արևն իր ճառագայթներով լուսավորել էր մեր սրբության գագաթը, որը ծածկված էր ձյունով: Ամեն րոպե տեսարանը փոխվում էր, և կարծես արևի ճառագայթները շոյում էին նրա ձյունազարդ գագաթը, որը հազարավոր զանազան գույնի արտացոլումներով արևին վերադարձնում էր իրեն տված համբույրները: Հյուրանոցից ոչ հեռու փոքրիկ տնակներ կային: Բնակիչներն արդեն բակում էին և պատրաստվում էին գործի գնալ: Իմ ուշադրությունը գրավեց գլուխը շալով փաթաթած մի կին, որը մառանից դուրս էր քշում մի կով: Երբ կինը տեսավ փայլող Արարատի գագաթն ու արևի ճառագայթների արտացոլումը, մոռացավ իր կովը, հպարտությամբ բարձրացրեց գլուխը, նայելով դեպի լեռը` խաչակնքեց ու մի քանի վայրկյան սառած նայում էր տեսարանին: Մի՞թե այս մի փաստը բավական չէ հրամայելու աշխարհին, որ վերադարձնեն մեզ մեր լեռը: Այս տեսարանից հետո հասկացա, թե ի՞նչ է ամեն մի հայի համար նույնիսկ կոմունիստական Հայաստանում, մեր Արարատը”:

“Նպատակ և ճշմարտություն” գրքում Յանիկյանը մանրամասն նկարագրում է երկու թուրքերի սպանությունը. “Հանդեպ նրանց, որոնք ինքնակամ գալու էին ինձ տեսնելու, ես ոչ մի զգացում չունեի: Նրանք ինձ համար միջոց էին` հասնելու ցանկությանս: Եթե լինեին ուրիշները, ինձ համար տարբերություն չէր ունենալու: Զգացի, որ լալիս եմ: Արցունքները թափվում էին աչքերիցս առանց հեկեկանքի, բայց այդ խղճալու կամ տատանվելու արցունքներ չէին, այլ` կատաղության, որ դեպքերի ընթացքն այնպես դասավորեց, որ ես դիմելու եմ մի միջոցի, որին միշտ դեմ եմ եղել”:

Թուրք հյուպատոսներին հյուրանոցի սենյակում սպանելուց հետո, նա հանձնվում է ոստիկանությանը. “Քանի՞ անգամ կրակեցի և երկուսից որի՞ն, չեմ հիշում, միայն երբ վերջին իններորդը կրակեցի, երկուսն էլ արդեն գետնին էին ընկած: Ձեռքիս զենքը դնելով սեղանի վրա, վերցնելով Բրաունինգը և մոտենալով դիակներին` մի երկու-երկու փամփուշտ էլ ուղարկեցի գանգերին: Մոտեցա հեռախոսին, կանչեցի հյուրանոցի հեռախոսավարին և ասացի, որ ինձ միացնեն ոստիկանապետ Գարբենթրի հետ, որովհետև իմ սենյակում երկու դիակ կա”:

Սանտա Բարբարայում արձակված կրակոցները սկիզբը դրեցին հայ վրիժառության պայքարին` հայկական պահանջատիրության նոր փուլին: Յանիկյանը համարվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ կամ ավելի տարածված է անգլերեն կամ ֆրանսերեն անվան հապավումով` ԱՍԱԼԱ` Armenian Secret Army for the Liberation of Armenia, Armռe Sռcrռt Armռnien pour le Liberation de l’Armռnie) հոգևոր հիմնադիրներից:

1975թ. հունվարի 20-ին ռումբ պայթեց Բեյրութում` Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գրասենյակի մոտ: Ռմբահարողները Եկեղեցիների համաշխարհային խորհրդին ամբաստանում էին իբրև Անհայրենիք հայերի ամերիկյան ազգային կոմիտեի գործակցի: Գործողության պատասխանատվությունն ստանձնեց “Գուրգեն Յանիկյան զինվորական խումբը”: Այս օրը ընդունված է համարել ԱՍԱԼԱ-ի հիմնադրումը: Հաջորդ ամիսներին և տարիներին` մինչև 1990թ. դեկտեմբեր, ԱՍԱԼԱ-ն իրականացրեց շուրջ 300 զինյալ գործողություն աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Արևմտյան Հայաստանում, Անկարայում և Ստամբուլում:

Հատված “Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը” գրքից

Հայացաք Արարատից. արևելեահայերնՀայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ: