Սերժ Սարգսյանը Հայաստան-Թուրքիա ողջ գործընթացը սխալ է վարում – Վիկիլիքս, 2010

3974

WikiLeaks-Armenia 

2010-02-25

1. Սեղմագիր– Վարդան Օսկանյանը, որը Հայաստանի արտգործնախարարն է եղել 1998-2008թ.թ., դեսպանի հետ զրուցելիս հոռետես էր հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրի շուրջ եւ մեղադրեց նախագահ Սարգսյանին ողջ գործընթացը սխալ վարելու մեջ: Նա կարծիք հայտնեց, որ Թուրքիան որպես ավագ գործընկեր պետք է միակողմանի քայլ կատարի արձանագրությունները վերակենդանացնելու ուղղությամբ: Նա նաեւ գտնում էր, որ թուրքերն ու հայերը ավելի ճիշտ կլինի հարաբերվեն ուղղակիորեն, քան մամուլի կամ երրորդ երկրների միջոցով: Օսկանյանի կարծիքով, արձանագրությունների շուրջ առկա հակասականությունը կանխել է Լեռնային Ղարաբաղի հարցում որեւէ տեղաշարժ եւ նույնիսկ վտանգել է վերջինիս հնարավոր լուծումը: Նա ասաց, որ առաջընթացի բանալին կախված կլինի նրանից, թե ինչպես ՀՀ կառավարությունը կվարվի արձանագրությունների ձախողման դեպքում, կամ արդյոք ՀՀ կառավարությունը կկարողանա՞ գործընթացն այնպես կառավարել, որպեսզի մերձեցման եւս մեկ փորձ հնարավոր լինի սկսել որոշակի ընդմիջումից հետո:

2. Փետրվարի 10-ին դեսպանը հանդիպեց նախկին արտգործնախարարի հետ՝ քննարկելու հայ-թուրքական հարաբերությունների ներկա իրավիճակը, արձանագրությունների վավերացման հեռանկարները եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ջանքերը: Նախագահ Քոչարյանի օրոք արտգործնախարար աշխատելուց հետո Օսկանյանն այժմ ղեկավարում է «Սիվիլիթաս» հիմնադրամը՝ հասարակական կազմակերպություն, որը Հայաստանում աջակցում է քաղաքացիական ներգրավվածությանը եւ ինստիտուտների ձեւավորմանը:

3. Օսկանյանը վերահաստատեց իր մտահոգությունները հայ-թուրքական մերձեցման ապագայի մասին: Շարունակելով դեմ լինել արձանագրությունների բովանդակությանը՝ նա խորապես համոզված է, որ պետք է լինի ինչ-որ տեսակի ավարտ, եւ արձանագրությունները չեն կարող ուղղակի իրենց ուժը կորցնել անգործության պատճառով: Իսկ եթե այդպես լինի, ապա հետագայում շատ ավելի դժվար կլինի գործընթացը վերակենդանացնել: Նա մտավախություն ունի, որ ՀՀ կառավարությունն ուղղակի կհուսահատվի: Ըստ Օսկանյանի, «Սիվիլիթասի» թուրքական աղբյուրները նույնպես համոզված են, որ արձանագրություններն առաջընթաց չեն ունենա Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի զիջումների բացակայության պատճառով, ինչպիսին կարող էր լինել, օրինակ, Ադրբեջանին մեկ կամ երկու գրավված տարածքների վերադարձը: Օսկանյանն ավելացրեց, որ այդպիսի պայմանը Հայաստանի համար ընդունելի չէ:

4. Օսկանյանը քննադատեց նախագահ Սարգսյանի կողմից ողջ գործընթացի վարման ձեւը: Նրա կարծիքով, նախագահը «կառքը դրել է ձիուց առաջ»: Օսկանյանը չէր հասկանում, թե ինչու Սարգսյանը Թուրքիայի հետ գործընթացն սկսեց այդքան հրապարակայնորեն եւ ինչքան անպատրաստ էր նա հանրության բացասական արձագանքին: Նախքան Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման նախաձեռնությունը, ՀՀ կառավարությունն ուներ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն լուծող փաստաթուղթ՝ Մադրիդյան սկզբունքները, որը խոստումնալից էր կողմերի համար: Նախագահը պետք է իր քաղաքական կապիտալը ծախսեր Հայաստանի քաղաքացիներին եւ սփյուռքին համոզելու, որ Լեռնային Ղարաբաղի տարածքների մի մասը պետք է վերադարձվի Ադրբեջանին: Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորելուց հետո նոր նա կարող էր անցնել Թուրքիայի հետ խնդիրներին: Օսկանյանը նշեց, որ արտգործնախարար եղած ժամանակ սա էր իր ծրագիրը. սկզբում համաձայնություն ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի հարցում, ապա նոր անցնել Թուրքիային: (ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ- Հնարավոր է, որ այսպիսի ծրագիր եղել է, սակայն ոչ Օսկանյանը, ոչ նախկին նախագահ Քոչարյանը որեւէ կապիտալ չեն ծախսել նման փոխզիջումների հարց բարձրացնելու ուղղությամբ՝ գերադասելով ԼՂ շուրջ բանակցությունները քողարկել առավելագույն գաղտնիությամբ):

5. Դեսպանի այն հարցին, թե ինչպես պետք է առաջ շարժվել, Օսկանյանը պատասխանեց, որ Թուրքիայի կողմից որեւէ տեղաշարժ պետք է լինի, եւ որ արձանագրությունները չեն կարող մնալ անորոշության մեջ այն ժամանակ, երբ կողմերն իրենց ուշադրությունը սեւեռում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նա գտնում է, որ Թուրքիայի կառավարությունն առաջինը պետք է քայլ կատարի՝ միգուցե սահմանը բացելով` հետիոտն սահմանափակ երթեւեկության կամ երրորդ երկրի քաղաքացիների համար: Սակայն, ըստ Օսկանյանի՝ իր թուրքական աղբյուրների հետ ունեցած շփումները վկայում են, որ թուրքական կառավարությունը չի թողնում մանեւրելու տեղ, եւ նրանք հետաքրքրված չեն գործընթացն առաջ տանելու ուղղությամբ: Օսկանյանը պնդում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաղորդակցությունը չպետք է տեղի ունենա լրատվամիջոցների կամ երրորդ երկրների միջոցով: Անհրաժեշտ է այս գործընթացը վերսկսել նախագահների միջեւ լրացուցիչ բարձրաստիճան հանդիպումների միջոցով, որոնք կպահվեն գաղտնի եւ կկենտրոնանան բանավոր համաձայնություն ձեռք բերելու վրա: (ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ – Հայաստանում քչերն են ակնկալում, հավանաբար նաեւ Օսկանյանը, որ ՀՀ կառավարությունը միակողմանի քայլ կկատարի՝ ներկա փակուղին վերացնելու նպատակով):

6. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի աճող ռազմատենչ հռետորաբանությունը Թուրքիայի հետ խնդիրներին չի օգնում: Օսկանյանի կարծիքով Թուրքիան եւ Ադրբեջանը «երկու կողմից ձգում են Հայաստանի պտուտակները»: Չնայած այն բանին, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր պատերազմը կարող է ռիսկային լինել Ադրբեջանի համար, Օսկանյանը տեսնում է երկու տարր, որոնք ցույց են տալիս, որ իրավիճակն այնտեղ վատանում է. 1) մարդիկ կորցնում են հույսերը, որ խնդիրը կարող է կարգավորվել դիվանագիտական ճանապարհով եւ 2) տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը խախտվում է հօգուտ Ադրբեջանի:

7. ՀՀ կառավարության մարտահրավերն այժմ, ըստ Օսկանյանի, արձանագրությունների հնարավոր ձախողումը կառավարելն է: Եթե ստացվում է, որ արձանագրությունները ոչ մի կողմում չեն վավերացվելու, ապա ամենաճիշտը կլինի այն, որ ՀՀ կառավարությունը համակերպվի դրա հետ եւ որոշակի դադարից հետո կրկին փորձի վերակենդանացնել գործընթացը:  ՀՀ կառավարությունը պետք է կառավարի գործընթացը եւ փրկի ինչ կարող է: Նրա կարծիքով, ավելի վատ կլինի, եթե կառավարությունը թողնի, որ գործընթացը փլուզվի՝ առանց հետագա քայլերի մասին խորհելու:

8. «Սիվիլիթասի» տնօրեն Սալբի Ղազարյանը (ԱՄՆ քաղաքացի է: Խնդրվում է պաշտպանել) ավելացրեց, որ արձանագրությունները ձախողված են, որովհետեւ ՀՀ կառավարությունը բանակցելիս արհամարհել է սենյակում գտնվող «երկու մեծ փղերի»՝ 1915թ. կոտորածները որպես ցեղասպանություն որակելու պնդումը եւ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: ՀՀ կառավարությունն ու Թուրքիան չէին կարող ողջամտորեն ակնկալել, որ արձանագրությունները կարող էին առաջ տանել` առանց անդրադառնալու այս խնդիրներին: Օսկանյանը համաձայնվեց, պնդելով որ ՀՀ կառավարությունն այժմ իր առջեւ ունի երկու փաստաթուղթ՝ արձանագրությունները եւ վերջերս վերանայված մադրիդյան սկզբունքները, որոնք վնասաբեր են Հայաստանի համար, սակայն դրանցից հետ չեն կանգնի ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը:

9. Չնայած Օսկանյանը համոզված է, որ ՀՀ կառավարությունը չի վավերացնի արձանագրությունները մինչեւ չհամոզվի, որ թուրքական կառավարությունը կհետեւի իր օրինակին, նա գտնում է, որ ամենաճիշտը կլիներ այն, որ նախագահ Սարգսյանը, օգտագործելով Հայաստանի խորհրդարանում ունեցած իր մեծամասնությունը, հիմա վավերացնի արձանագրությունները, քանի դեռ կա որոշակի աջակցություն եւ չկան բացահայտ կապեր արձանագրությունների եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ:  Նա ավելացրեց, որ ոչ մի հաճույք չի ստանում Սարգսյանի այն տհաճ դրությունից, որում նա հայտնվել է եւ անկեղծորեն հույս է տածում, որ արձանագրությունները երկու կողմից էլ կվավերացվեն: (ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ– Օսկանյանի կողմից սա նոր ասելիք է, որին դժվար է հավատալ, քանի որ նա հետեւողականորեն եւ հրապարակայնորեն Հայաստանում եւ սփյուռքում գործել է արձանագրությունների դեմ):

10. Օսկանյանը նշեց, որ արձանագրությունները կանխում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ որեւէ լուծում: Օսկանյանն ասաց, որ եթե արձանագրությունները չլինեին, ինքը կարծում է՝ նախագահ Սարգսյանը կպնդեր Լեռնային Ղարաբաղի յոթ շրջաններից հինգը Ադրբեջանին վերադարձնելու շուրջ՝  մյուս երկուսը թողնելով հետագա քննարկումների: Բայց այժմ դա «քաղաքական ինքնասպանություն» կլինի, որովհետեւ այդպիսի քայլը կդիտվի որպես տեղի տալ դավադրության այն տեսություններին, ըստ որոնց, արձանագրությունների մեջ կա թաքցված դրույթ, որը դրանք կապում է ԼՂ հարցում զիջումների հետ:

11. Մադրիդյան սկզբունքների հարցում դեսպանը վերահաստատեց ԱՄՆ կառավարության դիրքորոշումն առ այն, որ առավել շահավետ է շարունակել առաջընթացը, քան ամբողջովին կանգ առնել, ինչը Հայաստանը, կարծես, անում է այս պահին: Օսկանյանն ասաց, որ այնպես է հասկանում, որ մադրիդյան վերանայված սկզբունքները նախատեսում են բոլոր տարածքների վերադարձ, սակայն չեն ապահովում կարգավիճակ, ինչը Հայաստանը չի կարող ընդունել: Սա նշելով հանդերձ, նա համաձայնվեց, որ եթե ՀՀ կառավարությունը չի ընդունում մադրիդյան սկզբունքների նորացված շարադրումը, ապա սկզբունքները միանգամից մերժելու փոխարեն պետք է առաջարկի իր սեփական վերանայումները: Օսկանյանի կարծիքով, ՀՀ կառավարությունը սեփական առաջարկությունը պետք է գրի այնպես, որ այն լինի «տրամաբանական», եւ որպեսզի Մինսկի խմբի համանախագահները հասկանան, որ Հայաստանը հանձնառու է գործընթացին, նույնիսկ եթե առաջարկվող վերանայումները անընդունելի լինեն Ադրբեջանի համար:

12. Եթե արձանագրություններն իրապես ձախողվեն, Օսկանյանը գտնում է, որ Մինսկի խումբը պետք է դադար վերցնի: Սակայն նա տեսնում է աճող ճնշում նախագահ Ալիեւի վրա՝ Լեռնային Ղարաբաղի հարցում գործելու առումով: Նրա կարծիքով, Ադրբեջանը հավերժ չի ընդունի այն իրավիճակը, ինչը նա համարում է իր տարածքների օկուպացիա: Իսկ ինչ վերաբերում է սկզբնական մադրիդյան սկզբունքներին, Օսկանյանն ասաց, որ ՀՀ կառավարությունը բավարարված էր վերջինիս շարադրանքի հետ, եւ աշխարհի վերջը չէր լինի, եթե Հայաստանը ստիպված լիներ դրանք ընդունել:

Մեկնաբանություն

13. Մեր տպավորությամբ՝  Օսկանյանը եղել է նախագահ Սարգսյանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացնելու նախաձեռնության եւ ԼՂ հարցը վարելու վաղ եւ ուժեղ քննադատներից: Նա, սակայն, նշեց, որ իր տեսակետները կիսել է «գործընթացին մոտ գտնվող» մեկի հետ: Այլ աղբյուրները հուշում են, որ այդ մեկը կարող է լինել ԼՂ նախկին նախագահ Ղուկասյանը, որը, մենք լսել ենք, դարձել է Սարգսյանի մերձավոր խորհրդականներից եւ մեծ դեր է խաղացել նախագահի եւ իր նախորդի միջեւ անջրպետը վերացնելու գործում եւ նույնը փորձում էր անել Օսկանյանի հետ: Եթե նախկին արտգործնախարարն իրապես նորովի ներգրավված է եւ որոշակի աստիճանի ներդրում ունի այս հարցում, ապա միգուցե նա իրոք կոկորդիլոսի արցունքներ չէր թափում հարաբերությունների նորմալացման գործընթացի փլուզման վերաբերյալ:  Չնայած մենք դեռեւս պահպանում ենք մեր հոռետեսությունը, մենք հույս ունենք, որ այս տպավորիչ դիվանագետը դրսից կրակելու փոխարեն իր միտքը կիրառում է ներսից խնդիրների լուծման ուղղությամբ:

Մարի Յովանովիչ