Սևքար գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Իջևանի շրջան

8566

Տավուշի մարզի Սևքար գյուղը 1831 թվականի տվյալներով Հայաստանի մեծությամբ 11-րդ բնակավայրն էր 1.019 հոգի բնակչությամբ՝ բոլորը հայ: Իր մեծությամբ Սևքարը զիջում էր միայն՝

1. Երևան – 11.920 հոգի, որից 7331-ը՝ իսլամ (քուրդ, պարսիկ, թուրքո-թաթար), 4484-ը՝ հայ, 105-ը՝ այլ ազգություններ

2.  Գյումրի – 3.444 հոգի, որից 3194-ը՝ հայ, 250-ը՝ իսլամ

3. Վաղարշապատ – 2.175 հոգի, բոլորը՝ հայ

4. Նարիմանլու (այսօր՝ Մասիս) – 1.737 հոգի, բոլորը՝ իսլամ

5. Սարդարապատ – 1487 հոգի, բոլորը՝ հայ

6. Ղարաքիլիսա (այսօր՝ Ազատան) – 1.450 հոգի, բոլորը՝ հայ

7. Նոր Բայազետ (այսօր՝ Գավառ) – 1.346 հոգի, բոլորը՝ հայ

8. Խնձորեսկ – 1342 հոգի, որից 1322-ը՝ հայ, 20-ը՝ իսլամ

9. Բոյուք Վեդի (այսօր՝ Վեդի) – 1.244 հոգի, որից 445-ը՝ հայ, 799-ը՝ իսլամ

10. Ղալաչա (այսօր՝ Բերդավան Նոյեմբերյանի շրջանում) – 1.078 հոգի, բոլորը՝ հայ:

Սևքարը Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Արշակունիների իշխանության անկումից հետո, երբ 387թ. Հայաստանը բաժանվում է Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև, Իջևանի շրջանի տարածքը կազմում էր Գուգարք նահանգի Կողբափոր գավառի մի մասը: Արաբական տիրապետության ժամանակաշրջանում Սևքարը մտնում էր Գանձակի ամիրության մեջ: Սևքարը իր գոյության ընթացքում երկու անգամ լիովին ավերվել է` 13-րդ դարում թաթար-մոնղոլների կողմից, իսկ 1721թ. Աղա Մահմեդ խանի ավերիչ արշավանքների պատճառով:

Սևքարի բնակչության թվաքանակի մասին առաջին հստակ տեղեկատվությանը հանդիպում ենք 1831 թվականին: Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ նշվում է, որ 1831-ին գյուղը ունեցել է 1019 բնակիչ, բոլորն էլ հայ:

Սևքարը գտնվում է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի հարևանությամբ, գյուղի հողատարածքները սահմանակից են Ադրբեջանին:

sevkar-14

Սևքարի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական –1.019 հոգի

1873 թվական – 1.564 հոգի

1886 թվական – 2.169 հոգի

1897 թվական – 2.411 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար)

1908 թվական – 3.480 հոգի

1914 թվական – 3.700 հոգի (Кавказский календарь, Կովկասյան օրացույց)

1916 թվական – 2.528 հոգի (Кавказский календарь, Կովկասյան օրացույց)

1919 թվական – 3.357 հոգի

1922 թվական – 2.266 հոգի

1926 թվական – 1.415 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար)

1931 թվական –  2.751 հոգի

Բնակչության մարդահամարների տվյալներից պարզ է դառնում, որ Սևքարից ահռելի չափերով արտագաղթ է եղել և՛ 19-րդ, և՛ 20-րդ դարում, որ այսօր նույնպես չի դադարում:

sevkar-2

Սևքարը մինչև Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ 1918 թվականը, Ելիզավետպոլի (Գանձակ, այսօր՝ Գյանջա) նահանգի Ղազախ գավառի կազմում մաս է կազմել ցարական՝ Ռոմանովների Ռուսաստանի:

Մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920/21թթ.) կազմ մտնելը Սևքարը Ռուսաստանի կազմում է եղել որպես Վրացական նահանգի (1828-1840),  Վրաց-իմերեթական նահանգի (1840-1845), Թիֆլիսի նահանգի (1845-1868) և Ելիզավետպոլի նահանգի (1868-1918) մաս:

Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում ցարական Ռուսաստանի մեջ մտնող Ղազախի գավառը վեճի առարկա է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այստեղ գրանցվել են հայ-թաթարական բախումներ: Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը այս հատվածում գծվել է համաձայն 1920 թվականի օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրի: 1920-ի օգոստոսին Հայաստանը դեռ անկախ էր, մինչդեռ Ադրբեջանը ապրիլին խորհրդայնացվել էր և ենթարկվում էր Մոսկվային:

1920-ի աշնանը թուրք քեմալականները և ռուս բոլշևիկները հարձակում սկսեցին Հայաստանի վրա արևմուտքից և արևելքից: Ռուսական 11-րդ Կարմիր բանակը դեպի անկախ Հայաստան արշավեց հիմնական երկու ուղղությամբ՝ Արցախից, որը 1920-ի մայիսին խորհրդայնացվել էր, և Ղազախի հատվածից:

Խորհրդային տարիներին Սևքարը եղել է Իջևանի շրջանի կազմում:

Թաթուլ Հակոբյան

https://www.aniarc.am/2019/04/01/ijevan-1831-korkotian-19-villages/