Սերժ Սարգսյան՝ Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ չունի. 2015-ի ապրիլ

6169

Թուրքական «Հյուրիեթ» թերթը ապրիլի 24-ի առավոտյան ընդարձակ հարցազրույց է հրապարակել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հատված այդ զրույցից.

– Հարց. Հայաստանի Հանրապետությունը տարածքային պահանջներ ունի՞ Թուրքիայից:

-Սերժ Սարգսյան. Հայաստանի Հանրապետությունն, իր անկախացումից ի վեր, երբեք Թուրքիային կամ որևէ այլ երկրի տարածքային պահանջներ չի ներկայացրել: Մեր պետության արտաքին քաղաքական օրակարգում նման խնդիր չի եղել և չկա: Սա հստակ է: Մենք միջազգային հանրության լիիրավ ու պատասխանատու անդամ ենք, որպես ՄԱԿ-ի անդամ պետություն հասկանում ենք մեր դերը միջազգային հարաբերություններում, հարգում ենք միջազգային իրավունքի սկզբունքները, նույնն, ի միջի այլոց, ակնկալելով նաև մեր արևմտյան հարևանից, որը մինչ օրս ապօրինաբար փակ է պահում մեր երկրի հետ սահմանը՝ այն դարձնելով Եվրոպայի վերջին փակ սահմանը և անընդունելի նախապայմաններ է առաջ քաշում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար՝ չհարգելով միջնորդի դերում հանդես եկած միջազգային հանրությանն ու Ցյուրիխյան արձանագրությունների տակ դրված սեփական ստորագրությունը:

Վերջում ցանկանում եմ արձանագրել. եթե նկատել եք, Հայաստանի՝ Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացնելու կամ նման մտադրություններ ունենալու մասին հիմնականում խոսում են Թուրքիայում, ոչ թե Հայաստանում: Իսկ թե ինչու է այդպես, թողնենք յուրաքանչյուրիս հետևությանը:

Արխիվային լուսանկար՝ Սերժ Սարգսյանը Բուրսայում Աբդուլլահ Գյուլի հետ, 2009թ հոկտեմբեր