Հողմիկ (Իլլի Ղարաքիլիսա) գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին

2933
Հողմիկը գտնվում է Ամասիայի տարածաշրջանում, Ամասիա գյուղից 3-4 կմ հարավ, մարզկենտրոն Գյումրիից՝ 22 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Իլլի, Իլլի Ղարաքիլիսա, Իլլու անվանումները: Հողմիկ է վերանվանվել 1978 թ-ին:

Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ: Գյուղը տեղադրված է Իլլի գետի ափին, լեռնալանջի վրա` ծովի մակարդակից 1800մ բարձրության վրա:

Հողմիկը մաս է կազմում Սարապատ համայնքի, որի կազմում ընդգրկված են նաև Թորոսգյուղ, Արփենի, Բաշգյուղ, Գոգհովիտ, Լեռնագյուղ, Կաքավասար, Հարթաշեն, Ձորաշեն, Մուսայելյան, Սալուտ, Սարապատ, Վարդաղբյուր, Ցողամարգ և Փոքր Սարիար բնակավայրերը:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն՝ Հողմիկում տարբեր թվականների եղել է հետևյալ բնակչությունը.

1831թ. – 175 հոգի, բոլորը՝ հայ

1873թ. – 630 հոգի, բոլորը՝ հայ

1886թ. – 791 հոգի, բոլորը՝ հայ

1897թ. – 762 հոգի, բոլորը՝ հայ

1908թ. – 774 հոգի, բոլորը՝ հայ

1914թ. – 1910 հոգի, բոլորը՝ հայ

1916թ. – 864 հոգի, բոլորը՝ հայ

1919թ. – 802 հոգի, բոլորը՝ հայ

1922թ. – 404 հոգի, բոլորը՝ հայ

1926թ. – 462 հոգի, բոլորը՝ հայ

1931թ. – 581 հոգի, բոլորը՝ հայ

Հողմիկի հեթանոսական համալիրը

Հողմիկի հեթանոսական համալիրը գտնվում է գյուղի հարավարևմտյան ծայրամասում։

Համալիրը կառուցվել է Արտաշես Բ (մ.թ.ա. 1-ին դար) թագավորի օրոք։ 1987-ին Հայկ Հակոբյանի գլխավորությամբ հնագետների մի խումբ ժամանեց Ամասիայի տարածաշրջանի Հողմիկ գյուղ՝ Կապսի ջրամբարի շինարարությունից առաջ տեղանքն ուսումնասիրելու նպատակով։ Ուսումնասիրության ընթացքում բացահայտվեց հեթանոսական համալիրը։ Հայկ Հակոբյան. “Հիշում եմ՝ շատ ցուրտ ու անձրեւոտ օր էր։ Երկու տղաներին ուղարկեցի մասուր հավաքելու, իսկ ես սկսեցի ուսումնասիրել։ 3 ժամ հետո 13 մետր երկարությամբ եւ կես մետր լայնությամբ մի ֆանտաստիկ հարթակ բացվեց, որի վրա զոհաբերված կենդանիների ոսկորներ կային։ Որոշեցինք, որ մնում ենք”:

Հակոբյանի խոսքերով՝ համալիրը իրականում հեթանոսական տաճարների ավան է, որը տարածվում է 80 մետր երկարությամբ փողոցի երկու կողմերով 100 մետր տարբեր ուղղություններով։ Ավանի առանցքը կազմում են հեթանոսական գլխավոր եռյակի՝ Արամազդի, Անահիտի և Միհրի սրահները։

Արշավախումբը Հողմիկում բացահայտել է միջնադարյան մի ճանապարհ, որը տանում է դեպի լեռները, իսկ Հողմիկի հարևան Ջրաձոր գյուղում բացահայտվել է 8 մետր լայնությամբ և երկարությամբ միջնադարյան մի շինություն։ Արշավախմբին հաջողվել է հայտնաբերել Անահիտ աստվածուհու տաճարը։