Ցողամարգ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին

4388

Ցողամարգը Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի (նախկինում՝ Ղուկասյանի շրջան) բնակավայրերից է:

Ղուկասյանի շրջանը կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին՝ իր մեջ ներառելով 9 գյուղական խորհուրդներ ընդհանուր 26 բնակավայրերով:

Ցողամարգը, որ մինչև 1946 թվականի նոյեմբերի 12-ը ունեցել է Ճզըխլար, Չիզիխլար անվանումը, իր մեջ, որպես գյուղական խորհրդի կենտրոն, ներառել է նաև Գոգհովիտ գյուղը՝ նախկինում՝ Թաքնալի:

Ցողամարգը գտնվում է Աշոցք քաղաքից 9 կմ հարավ, մարզկենտրոն Գյումրիից՝ 24կմ հեռավորության, ծովի մակարդակից 1950 մետր բարձրության վրա:

Նախքան Ղուկասյանի շրջանի ձևավորումը՝ Ցողամարգը և շրջանի գյուղերը մտել են Ամասիայի՝ Աղբաբայի շրջանի մեջ: Աղբաբայի շրջանի արևմտյան մասը, մինչև Ախուրյան գետը, մտել է Կարսի մարզի մեջ: Ցողամարգը նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ:

Համաձայն 1897թ. Ռուսական կայսրության առաջին և վերջին մարդահամարի, Աղբաբայի շրջանում ամենամեծ գյուղը եղել է Ցողամարգը՝ 877 հոգի, բոլորը՝ հայ:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն՝ Ցողամարգում տարբեր թվականներին անցկացված հաշվառումների և մարդահամարների համաձայն եղել է հետևյալ բնակչությունը.

1831թ. – 174 հոգի, բոլորը՝ հայ,

1873թ. – 627 հոգի, բոլորը՝ հայ,

1886թ. – 794 հոգի, բոլորը՝ հայ,

1897թ. – 877 հոգի, բոլորը՝ հայ, Ռուսական կայսրության առաջին և վերջին մարդահամար,

1908թ. – 960 հոգի, ազգությունը չի նշվել,

1914թ. – 1056 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի՝ 1148 հոգի, ազգությունը չի նշվել,

1916թ. – 967 հոգի, ազգությունը չի նշվել,

1919թ. – 1864 հոգի, ազգությունը չի նշվել,

1922թ. – 525 հոգի, բոլորը՝ հայ, ազգությունը չի նշվել,

1926թ. – 515 հոգի, բոլորը՝ հայ – ԽՍՀՄ առաջին մարդահամար,

1931թ. – 654 հոգի, բոլորը՝ հայ:

Ցողամարգը այսօր բնակավայր է վերջերս կառավարության որոշմամբ խոշորացված Սարապատ համայնքի կազմում, կենտրոնը՝ Թորոսգյուղ:

Սարապատ համայնքի կազմում ընդգրկված են Թորոսգյուղ, Արփենի, Բաշգյուղ, Գոգհովիտ, Լեռնագյուղ, Կաքավասար, Հարթաշեն, Հողմիկ, Ձորաշեն, Մուսայելյան, Սալուտ, Սարապատ, Վարդաղբյուր, Ցողամարգ և Փոքր Սարիար բնակավայրերը:

Ըստ 2013 թվականի հունվարի 1-ի տվյալների, Ցողամարգը ունեցել է 555 բնակիչ:

Լուսանկարը՝ ՀԵՏՔ-ի

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2016/02/13/amasia-ashotsk-1831-aghbaba-korkotian/

Ամասիա (Աղբաբա). Կարսի մարզից միակ կտորը, որ մնաց Հայաստանին

Զավեն Կորկոտյան. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)