Զանգեզուր անունը. Ստեփան Լիսիցյան

8038

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է հատվածներ Ստեփան Լիսիցյանի ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՀԱՅԵՐԸ աշխատությունից, որը հրատարակել է Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտը 1969 թվականին:

Նախորդ մասերը

Առաջին մաս՝ https://www.aniarc.am/2021/03/11/stepan-lisitsian-zangezuri-hayery/

Երկրորդ մաս՝ https://www.aniarc.am/2021/03/12/stepan-lisitsian-zangezuri-hayery-2/

Երրորդ մաս՝ https://www.aniarc.am/2021/03/14/stepan-lisitsian-zangezuri-hayery-3/

pers138700615349       download

Պատմական անցյալում, նախամոնղոլյան ժամանակաշրջանում այդ գավառներից Բուն Զանգեզուրը համընկնում էր Հաբանդ գավառի հետ, որին արևմուտքից սահմանակից էր Ծղուկը, այժմյան Սիսիանը, իսկ հարավից՝ Բաղքը, այժմյան Կապանը: Բաղքի արևելյան կողմը կոչվում էր Բարկուշատ-Քաշունիք: Հնում Կապան (Ղափան) անունը տրվում էր հատկապես Ողջի (Օխչի) գետի և նրա վտակ Գեղվա գետի բարդ հովտին: Գեղվա գետի ձորաշատ ավազանն է, որ կրել է մասնավոր Ձորք անունը:

Զանգեզուր անունը համեմատաբար նոր ծագում ունի: Անշուշտ դա հայկական անվան ադրբեջանական ձևն է, որի երկրորդ բաղադրիչ վանկը համապատասխանում է հայերենի ձոր բառին և կրկնվում է օրինակ Աստղազուր՝ այժմ Վանիձոր, Այնազուր՝ այժմ Աղավնաձոր և այլ անունների մեջ: Ո՞ր հայերեն բառի ձևափոխումն է առաջին զանգ արմատը: Իհարկե, մի ժողովրդական ստուգաբանություն է, գիտական ոչ մի արժեք չներկայացնող այդ արմատի նույնացումը զանգ բառի հետ և այդ բառի բացատրության հետ շաղկապված են զանազան ժողովրդական և մեծ մասամբ անձնական ստեղծագործական երևակայության վրա կառուցված ավանդույթներ, որոնց մեջ զանգերը խաղում են մեծ դեր: Ավելի հիմնավորված է այդ անվան զուգադրությունը ոմանց կողմից՝ Ծակեձոր, մյուսների կողմից՝ Ձագեձոր անունների հետ: Առաջին դեպքում անունը շաղկապում են այն բանի հետ, որ Բուն Զանգեզուր գավառակի բնակչության մի մասն ապրում է ծակերի, այսինքն՝ քարայրերի մեջ: Գորիսից որ հեռու ձորակներից մեկը կոչվում է Ծակեձոր-Գորիս գետի օժանդակ Շոռ-ջուր վտակի հովիտը, հատկապես նրա այն մասը, որտեղ երկու կողմերից պատող բարձր ժայռերի մեջ փորված են բազմաթիվ քարայրեր, քրատակներ:

Այս ծակերը զանազան մեծության են և նրանցից մի քանիսը միմյանց հետ միացած են նեղ անցքերով: Ծակերից շատերը շատ բարձր են գտնվում: Քարայրներից նշանավոր է Կարմիր եկեղեցի կոչվածը, ուր մինչև այժմ էլ (1899 թ.) Կարմիր կիրակի օրը բազմաթիվ ուխտավորներ են գնում: (Ե. Լալայան, Զանգեզուր, էջ 28-29) 

Հավանական է, որ սա անվան նոր մեկնաբանություն է, քանի որ Ստեփաննոս Օրբելյան պատմագրին այս անունը հայտնի չէր: Նա միշտ գործ է ածում Ձագեձոր ձևը, որի ծագումը կապում է ավանդական Սիսակ նահապետից ծագող Ձագի հետ, որն իբր թե Համանդ (Հաբանդ) գավառում կառուցել է Հանբադա (Հաբանդա) բերդը “ի վերայ գետոյ միոյ” և անվանել է ձորն իր անունով Ձագեձոր, բերդն էլ Ձագեձորի բերդ: Այս ձորի գլխին՝ “ի գլուխ Ձագե ձորոյ” մի առ ժամանակ նստել է թաթարների՝ նետողաց ազգի զորագլուխ Բաչուն: Բացի ձորից ու բերդից Ձագ անունը դրված է եղել նաև գյուղի վրա՝ Ձագեձոր գյուղ, որից Տաթևի վանքը ստանալիս է եղել 12 չափ տուրք: Պարզ է, որ գյուղը համեմատաբար մեծ է եղել: Ձագեձորի անունով կոչվելիս է եղել նաև այն լեռը, որի Վարարակ աղբյուրից Տաթևի Հակոբ վանահայրը ջուր է հանել վանքի դիմաց Որոտնա գետի ձախ ափին գտնվող Ցաքուտ վայրի վանքապատկան այգիները ջրելու համար: Վանքի դիմաց Որոտնա գետի ձախ ափին գտնվող Ցաքուտ վայրում պահպանվել են հնակառույց տաճարի նմացորդները: Այդ վայրը ոռոգվելուց հետո կոչվեց Վարդուտ: Այժմ այդ աղբյուրները կոչվում են Ակներ և նրանց ջուրն անց է կացված դեպի Գորիս քաղաքը: Ձագ արմատը կրկնվում է անձնանունների մեջ ևս: Այսպես, X դարի սկզբում խոշոր դեմք է եղել Ձագիկ իշխանը՝ Ջիվանշիր ու Վահան իշխանների հայրը: Նա վկա է գտնվել այն վավերագրի ձևավորմանը և ստորագրմանը, որով ճիշտ որոշվում էին Տաթևի վանքի սեփականությունը կազմող հողերի սահմանները 906 թ.: Այսպիսով, ավելի գերադասելի կլինի Զանգեզուր անունը համարել Ձագեձոր անվան աղավաղված ձև:

Պետք է հիշատակել այստեղ նաև այն նոր մեկնաբանությունը, որը վերջերս առաջարկել է լեզվաբան Արարատ Ղարիբյանը: Նա կողմնակից է բացատրելու Սիսակ անունը որպես հին տեղական էթնիկ տարրի՝ Սի անունից առաջացած, որին հանդիպում ենք բևեռագիր արձանագրությունների մեջ Սի+ունի՝ Si +uni տեղանվան մեջ և ապա ավելի ուշ VII դ. մ. թ. ա . այդտեղ ներխուժած ժողովրդի սակ տարրի անվան միացումով՝ Սի+սակ: Նրա ենթադրությամբ սակ արմատը, որը կրկնվում է Կուր գետի հովտում Ղարաբաղից և Զանգեզուրից ոչ հեռու սակերի Շակաշեն գավառի անվան մեջ, կարող էր փոխվել մի կողմից զոկ (Ագուլիս), մյուս կողմից ձագ ձևի և այսպիսով հիմք ծառայել նաև Ձագեձոր-Զանգեզուր անվան համար:

Ինչպես վերը նշեցի, Սյունիքի երկրորդ (պարսկական) ձևն էր Սիսական անունը, որի երկրորդ վանկի մեջ Ն. Յա. Մառն էլ գտնում է սկյութացիների հետ Անդրկովկաս ներխուժած սակ ազգության անվան արձագանք:

Լուսանկարում՝ այսօրվա Գորիսը