Թալեաթի արյունոտ վերնաշապիկը, որ պահվում է Ստամբուլի թանգարաններից մեկում

8773

Լուսանկարում պատկերվածը Հայոց ցեղասպանության մտահաղացման, կազմակերպման և իրականացման գլխավոր պատասխանատուներից Թալեաթ փաշայի արյունոտ վերնաշապիկն է, որը պահվում է Ստամբուլի թանգարաններից մեկում:

Իսկ սա Պոլսում լույս տեսնող ՀՅԴ Ճակատամարտ թերթի 1921թ. մարտյան համարներից մեկի առաջին էջն է, որտեղ գրված է. ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂ ՄԸ ԿԸ ՍՊԱՆՆԷ ԹԱԼԷԱԹ ՓԱՇԱՆ:

Թեհլիրյան. ՙՄարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ՚

1921թ. մարտի 15-ը հայ ժողովրդի մեծագույն դահիճներից Թալեաթ փաշայի կյանքի վերջին օրն էր: Գրող Շահան Նաթալին Սողոմոն Թեհլիրյանին բացատրել է, թե ինչ պետք է անի 25-ամյա հայ վրիժառուն Բեռլինում Թալեաթին սպանելուց հետո. ՙԹիվ մեկ ազգասպանի գանգը կպայթեցնես և չփորձես փախչել. կկանգնես տեղում` ոտքդ սատակի վրա ու կհանձնվես ոստիկաններին, որոնք կգան ու կձերբակալեն՚:

Թեհլիրյանն այսպես է նկարագրում Թալեաթի կյանքի վերջին ժամը. ՙԱռավոտը սովորականից շուտ վեր կացա. արևի շողերը արդեն հասել էին դիմացի շենքի պատուհանին: Հազիվ էի ավարտել թեյս և ուզում էի բազկաթոռը մոտեցնել պատուհանի եզրին, երբ հանկարծ դիմացի շենքի պատշգամբում տեսա Թալեաթին: Քարացա. նա՞ էր արդյոք: Այո’: Նա մեկ-երկու քայլ առաջ անցավ, ուշադիր զննեց մայթը` նախ վեր, ապա վար, ու կարծես ինչ-որ մտքերի ծանրության տակ` գլուխը կախ: Ըստ երևույթին, թեթև չէր կյանքը գործած անպատում ոճիրից հետո: Թեև անցել էր հինգ-վեց տարի, բայց վախը անբաժան էր մնացել նրանից: Իր լայն ուսերին կրում էր երկու հրապարակային մահավճիռներ` Պոլսո պատերազմական ատյանի և ՀՅԴ-ի: Առաջինը նրա համար հավանաբար ուներ բարոյական նշանակություն. փոխանակ վեր հանելու իր ՙազգանվեր՚ մեծ գործը, հարազատ երկրի մեջ դատապարտում էին նրան մահվան` որպես սովորական ոճրագործի: Բայց ժամանակը կարող էր այդ ՙթյուրիմացությունը՚ պարզել. ապագա սերունդները կհասկանային կատարած գործի արժեքը, եթե չլիներ ՀՅԴ դատավճիռը: Նայեցի ժամացույցին. 10-ն էր, Ուհլանտ գնալու իր սովորական ժամը: Զենքը վերցրի` պատրաստ դուրս գալու: Հանկարծ նա հայտնվեց դռան մոտ և փղի պես ծանրորեն սկսեց վար իջնել: Սառը դատողությունը ինձ ասում էր, որ այս անգամ անկարող պիտի լինի ազատվել ձեռքիցս, բայց և հուզումը բազմալեզու աղաղակներով փոթորկում էր ինձ՚:

Երիտթուրք ոճրագործները կամ նրանց մեծագույն մասը կխուսափեր հայ ժողովրդի ոչնչացումը կազմակերպելու և իրագործելու պատժից, եթե չլինեին հայ երիտասարդ վրիժառուներն ու ՀՅԴ-ի ՙՆեմեսիս՚ գործողությունը: Հունական դիցաբանության մեջ Նեմեսիսը վրիժառության աստվածուհին էր: 1919թ. աշնանը Երևանում կայացած ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովը որոշեց պատժել Երիտթուրքերի պարագլուխներին և Հայոց ցեղասպանության մյուս իրականացնողներին: Առանձնացվեց 650 անուն, որից 41-ը գլխավոր ոճրագործներն էին: ՙՆեմեսիսի՚ իրագործման համար ստեղծվեց պատասխանատու մարմին, ղեկավար ընտրվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Արմեն Գարոն, ինչպես նաև` հատուկ ‎‎ֆոնդ Շահան Մարչակլյանի ղեկավարությամբ: Գործողության անմիջական ղեկավար նշանակվեց Շահան Նաթալին, օգնական` Գրիգոր Մերջանովը: Տեղեկությունների հավաքումն իրականացնում էր թուրքերի շարքերը թափանցած Հրաչ Փափազյանը, ով գերազանց տիրապետելով թուրքերենին, դարձել էր Ջեմալ Ազմիի որդու ՙընկերը՚ Մեհմեդ Ալի անունով:

ՀՅԴ պատմագիրներից, Բյուրոյի անդամ Հրաչ Տասնապետյանը նկատում է, որ ՙհասկանալի պատճառներով՚ ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովի որոշումների բրոշյուրը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին պատժելու մասին որևէ հիշատակում չի թողել, սակայն Սողոմոն Թեհլիրյանի, Միսաք Թոռլաքյանի և Արշավիր Շիրակյանի հուշերը հստակորեն հաստատում են քաղաքական այս դատավճիռների կազմակերպված լինելու իրողությունը:

Թալեաթ փաշայի սպանության կազմակերպման հարցում առաջնահերթ է եղել ՀՅԴ Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի և Արմեն Գարոյի ու Շահան Նաթալիի դերակատարությունը:

Թեհլիրյանը իր հուշերում գրում է. ՙԴիմացի մայթով հավասարվեցի Թալեաթին, արագ քայլերով բավական առաջացա, անցա նույն մայթը, որտեղով գնում էր նա: Հետ դարձա: Մոտենում էինք իրար: Նա գալիս էր ճեմելու ձևով` ձեռնափայտը անփույթ ճոճելով: Մի կարճ տարածություն մնացած` զարմանալի անդորրություն համակեց էությունս: Հավասարվելու վրա Թալեաթը շեշտակի նայեց ինձ. աչքերի մեջ առկայծեց մահվան սարսուռը: Վերջին քայլը բեկվեց. մի քիչ թեքվեց, որ խուսափի, բայց զենքը դուրս քաշելս ու գլխին պարպելս մեկ եղավ: Թալեաթը հարվածից կարծես ցցվեց ու մի ակնթարթ հզոր մարմինը պրկվեց ձիգ, բայց երերուն, ապա, սղոցված կաղնու բնի պես թնդյունով երեսի վրա տապալվեց՚:

Թեհլիրյանը ծնվել է Կամախի Բագառիճ գյուղում: Արևմտյան Հայաստանի դատարկումից և Եղեռնից հետո, որին զոհ են գնացել նրա մայրն ու հարազատները, Թեհլիրյանը զինվորագրվում է ՙՆեմեսիս՚ գործողությանը: Թալեաթին սպանելուց հետ նա ձերբակալվում է, սակայն 1921թ. հունիսի 3-ին ազատ է արձակվում դատարանի դահլիճից, որտեղ նրան պաշտպանում էր Յոհաննես Լեփսիուսը:

Դատարանի նախագահ- Դուք ձեզ ինչո՞ւ հանցավոր չեք համարում:

Թեհլիրյան- Ինքս ինձ հանցավոր չեմ համարում, որովհետև խիղճս հանգիստ է:

Նախագահ- Խիղճդ ինչո՞ւ է հանգիստ:

Թեհլիրյան- Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ:

Նախագահ- Թալեաթ փաշային ուզում էի՞ք սպանել:

Թեհլիրյան- Այս հարցը չեմ հասկանում: Ես նրան արդեն սպանել եմ:

Նախա‎գահ- Ուզում եմ ասել` նրան սպանելու ծրագիր ունեի՞ք:

Թեհլիրյան- Ես որևէ ծրագիր չունեի:

Նախագահ- Ե՞րբ արթնացավ այդ գաղափարը:

Թեհլիրյան- Դեպքից մոտ երկու շաբաթ առաջ ինձ շատ վատ էի զգում, ջարդերի պատկերները աչքերիս առաջ էին: Մորս դիակը տեսա: Այդ դիակը ոտքի ելավ, կանգնեց առջևս և ասաց ինձ. դու տեսար, որ Թալեաթը այստեղ է ու անտարբե՞ր ես մնում:

Նախագահ- Իսկ դուք ի՞նչ արեցիք:

Թեհլիրյան- Հանկարծ արթնացա և որոշեցի այդ մարդուն սպանել՚:

https://www.aniarc.am/2015/01/09/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a8-%d5%a5%d6%82-%d5%a9%d5%b8%d6%82%d6%80%d6%84%d5%a5%d6%80%d5%a8/

Լուսանկարները՝ Իվան Արդհալջյանի ֆեյսբուքի էջից