Թուրքիայի և Ադրբեջանի հետ խոսել է պետք. մղձավանջային է թվում, բայց խոսել պետք է

1924

Հայաստանի ապագայի ընտրության համար նախ և առաջ պետք է նայել քարտեզին, լինել մտահոգ, ոչ անտարբեր ու մտածող։

Պետք է նայել Երևանից կամ Հայաստանի որևէ բնակավայրից։ Պետք է նայել՝ ծոցագրպանում՝ սրտի մոտ ունենալով բացառապես մեկ և միայն մեկ անձնագիր, որի վրա գրված է՝ Հայաստան։

Արևմուտքում Թուրքիան է և Նախիջևանը։ Դաժան փաստ է, բայց՝ իրականություն։

Արևելքում Ադրբեջանն է։ Դաժան փաստ է, բայց՝ իրականություն։

Հարավում Իրանն է, որի՝ Հայաստանի սահմանակից շրջաններում գերազանցապես ազերիներ են։ Դաժան փաստ է, բայց՝ իրականություն։

Հյուսիսում Վրաստանն է, որի հետ սահմանի երկայնքով, բացի Ջավախքը, գերազանցապես ադրբեջանցիներ են։ Դաժան փաստ է, բայց՝ իրականություն։

Ինչպես 1991-ին, այնպես էլ երեսուն տարի անց՝ 2021-ին, մենք ընտրության շատ տարբերակներ չունենք, քանի որ թուրք-ադրբեջանական ծովի մեջ ենք։

Հայաստանի ապագան միայն մեզանից չի կախված, եթե անգամ ամեն ինչում հասնենք կատարելության։

Մենք պետք է մեր ուժերը ճիշտ գնահատենք և նույնքան ճիշտ գնահատենք և հատկապես չթերագնահատենք մեր հարևանների կարողությունները։ Մեր ծրագրերի ու քաղաքականության հիմքում չպետք է դնենք երազանքը և կամ երեխայական մաքսիմալիզմը։

Մենք ունենք մի քանի ընտրություն։

Առաջին․ ընդունում ենք պարտությունը, բայց տնտեսությունը զարգացնում ենք, բանակը կարգի բերում և երբ գա հարմար ժամանակը՝ Ադրբեջանից հետ վերցնում կորցրածը։

Այստեղ հարցեր կան, անշուշտ։ Այսպես․ իսկ ինչո՞ւ չկարողացանք պահել։ Վստահ ե՞նք, որ ապագա պատերազմում հաղթելու ենք։ Իսկ եթե պարտվում ենք, ինչպես պարտվեցինք 1920-ի աշնանը՝ կորցնելով 30 հազար քառակուսի կիլոմետր հող և ինչպես պարտվեցինք 2020-ի աշնանը՝ կորցնելով 8 հազար քառակուսի կիլոմետր հող։

Երկրորդ․ ընդունում ենք պարտությունը և հաշտվում այս իրավիճակի հետ։ Չունենալով այլ հավակնություններ, այդ թվում՝ տարածքային, տնտեսությունը զարգացնում ենք, բանակը՝ կարգի բերում, որպեսզի կարողանանք պաշտպանել այսօրվա ունեցածը, այդ թվում՝ Արցախի այսօրվա ստատուս-քվոն։

Երրորդ․ փորձում ենք հարաբերությունների և շփումների եզրեր գտնել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Անշուշտ, դիվանագիտական հարաբերությունները նոր պատերազմը կանխելու բավարար միջոց չէ։ Բացի այդ, բազմաթիվ այլ հարցեր էլ կան։ Իսկ Ադրբեջանն ու Թուրքիան նպատակ ունե՞ն մեզ հետ հարաբերվել արժանապատվորեն, ինչը չենք տեսնում այսօր հատկապես Ադրբեջանի կողմից։ Իսկ հնարավոր է՞ թուրքի կամ ադրբեջանցու հետ լեզու գտնել։

Չորրորդ․ դառնում ենք Կալինինգրադ, վերականգնում այն անունը, որ ժամանակին տրվում էր Ռոմանովների Ռուսաստանի ծայրագավառներից մեկին՝ Ռուսական Հայաստան։

Հինգերորդ․ Ռուսաստանի և նրա ազդեցության ոլորտում գտնվող երկրների հետ ստորագրում ենք պայմանագիր, որով պահում ենք մեր անվանական անկախությունը, սակայն իրականում կարևորագույն հարցերը որոշվում է Մոսկվայում։

Վեցերորդ․ մենք շարունակում ենք չկարողանալ երկիր փայփայել ու կորցնում ենք պետականությունը, ինչպես բազմաթիվ անգամներ եղել է մեր պատմության մեջ։

Անկասկած, կարելի է այլ տարբերակներ ու ենթատարբերակներ էլ նշել, բայց առայժմ բավարարվենք այսքանով։

Ես կողմնակից եմ երրորդ տարբերակին, որքան էլ այն ցավալի լինի, իսկ հայ ժողովրդի մեծամասնության համար՝ անընդունելի։ Պատրաստ եմ լուրջ բանավեճի մեջ մտնել, պայմանով, որ դրա մասնակիցները չպիտակվեն հերոսներ ու դավաճաններ, հայրենասերներ ու կոսմոպոլիտներ, պարտվողականներ ու հաղթողականներ, թուրքասերներ ու հայասերներ։

Հայ ժողովուրդը կուշտ է հերոսներից, հայրենասերներից, հաղթողականներից ու հայասերներից։

Եկեք սկսենք նման բանավեճ՝ ծոցագրպանում՝ սրտի մոտ ունենալով բացառապես մեկ և միայն մեկ անձնագիր, որի վրա գրված է՝ Հայաստան։

Թաթուլ Հակոբյան

12 մարտի, 2021թ․, Սիսիան

Լրագրող, ԱՆԻ կենտրոն

Հ․ Գ․ Այս թեմայով հրապարակումները ԱՆԻ կենտրոնը պատրաստ է հրապարակել իր կայքում՝ առանց խմբագրական որևէ միջամտության