Զանգեզուրը վարչական տեսակետով. Ստեփան Լիսիցյան

3644

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է հատվածներ Ստեփան Լիսիցյանի ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՀԱՅԵՐԸ աշխատությունից, որը հրատարակել է Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտը 1969 թվականին:

Նախորդ մասը՝ https://www.aniarc.am/2021/03/11/stepan-lisitsian-zangezuri-hayery/

pers138700615349       download

Սովորաբար անդրկովկասյան և մասնավորապես հայկական հասարակության լայն խավերի մեջ Զանգեզուր է կոչվում Հայկական ՍՍՀ-ի այն հարավ-արևելյան մասը, որը Մեղրու վարչական շրջանի հետ տեղադրված է Զանգեզուր (Ալանգյազ) և Ղարաբաղի լեռնաշղթաների միջև, որոնցից առաջինը կազմում է Փոքր Կովկասի ներքին՝ արևմտյան և երկրորդը՝  նրա արտաքին՝ արևելյան լեռնաշխարհի վերջին հատվածը: Այդ եզրավորող լեռնաշղթաները հանգուցվելով Միխթեփեն լեռների միջոցով Սառցալի (Սառչալի) գագաթի մոտ՝ հետզհետե իրարից լայն հեռանում և հատվում են Արաքսի ջրերի ափին:

Նրանց շարունակությունն Իրանի պետական սահմաններում հանդիսանում է Սևքարի (Ղարադաղի) լեռնաշղթան, որն իր աղեղով կապում է այդ երկու լեռնաշխարհների ծայրերը և այդպիսով փակում է նրանց միջև պարփակված եռանկյունի տարածությունը հարավից: Եռանկյունու հյուսիսային անկյունը լցնում է Ղարաբաղի հրաբխային բարձրավանդակը, իր 2500 մ միջին բարձրությամբ, ամենաբարձրադիրն Անդրկովկասում, որից գահավիժող Որոտան (Բազարչայ) և Հագարու գետերը նախ ակոսում են Եռաբլրի (Ուչթափալարի) տեղի սարահարթը (1200-1500 մ) և ապա վազելով արագ ցածրացող մակերեսով թափվում են Արաքսի մեջ 400 մ բարձրության վրա:

Զանգեզուրի (Ալանգյազի) լեռնաշղթայից դեպի արևելք հեռացող երկու լեռնաբազուկները Բարգուշատի (Բերգուշետի) և Մեղրու (Արեգունու-Մեղրու-Գյունեի կամ Չավնդուրի) եռանկյունին բաժանում են առանձին գավառների: Մեղրու (Արեգունու) լեռնաբազուկն առանձնացնում է մինչև Արաքսի հունը Մեղրու վարչական շրջանը: Այս լեռնաբազուկից դեպի հյուսիս ձգվող տարածությունն է, որ ցարական իշխանության օրով հայտնի է Զանգեզուր ընդհանուր անվան տակ, թեև տեղացիք նրա առանձին բնամասերի համար ունեին հատուկ անուններ, այն է՝ Բարգուշատի լեռնաբազուկից հարավ և արևելք գտնվող մասի համար՝ Կապան, իսկ դեպի հյուսիս ձգվող հատվածի համար՝ Սիսիան և Բուն Զանգեզուր անունները:

Տեղացիք հնում Զանգեզուր անունը տալիս էին հատկապես միայն այն շրջանին, որը ներկա վարչական բաժանմամբ կոչում է Գորիսի շրջան և ոռոգվում է Որոտան (Բազարչայ) գետի միջին հոսանքով, այն մասով, որտեղ գետը Որոտնա գետի անունն է կրում, ընդունելով իր մեջ Գորիսի շրջանի Խնձորեսկի և Կյորու (Ձորաշենի) օժանդակ վտակները: Գավառակն ընդգրկում էր Եռաբլրի (Ուչթափալարի) սարահարթի արևելյան կեսը, սկսած Հալիձոր գյուղի հողերից մինչև Գորիսի գետահովիտը և տարածվում էր այս գետահովտից արևելք՝ Տեղ գյուղի ամբողջ սարահարթով:

Ռուսական տիրապետության հաստատվելուց առաջ այդ գավառակը հարևան Սիսիանի, Կապանի և Մեղրու գավառների հետ մի մասն էր կազմում Ղարաբաղի խանության:

1813 թ. Գյուլիստանի դաշնագրությամբ պարսկական կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Ղարաբաղի խանության միացումը Ռուսաստանին, որն իրապես տեղի էր ունեցել 1805 թ., իսկ խանության հարավային հատվածը, Չավնդուր-Ողջի (Օխչի) գետի աջ ափից մինչև Արաքսի ափերը, մնաց Պարսկաստանին: Մեղրու գավառակն անջատվեց Ղարաբաղի խանությունից և հանձնվեց Սևքարի (Ղարադաղի) տեր Աբուլ-ֆետ խանի իրավասությանը:

Մնացած գավառակները շարունակեցին մնալ մահալների բաժանված և կառավարվում էին ըստ ավանդական սովորության Շուշում նստող խանին ենթակա կառավարիչներով, որոնց մեծ մասը կրում էր մելիք տիտղոսը:

Զանգեզուրի գավառակը մտնում էր Տաթևի մահալի մեջ, որը կառավարում էր Օրբելյանների մելիքական տունը: Մահալական բաշխումը պահպանվեց մինչև Մեհտի-Ղուլի խանի փախուստը Պարսկաստան, թեև խանության այդ մասում նստած էր սահմանի հանգստությանը հսկելու համար ռուսական ոչ փոքր կայազոր, որի հրամանատարները միջամտում էին մելիքների գործունեությանը: Այդ բաշխումը պահպանվեց և Մեհտի-Ղուլի խանի 1822 թ. փախուստից հետո, երբ խանությունը վերանվանվեց “Ղարաբաղի պրովինցիա” – “Карабахская провинция” և խանի իշխանությունը փոխարինվեց Անդրկովկասի վարչապետի կողմից նշանակված կոմենդանտի իշխանությամբ:

Կոմենդանտը նույնիսկ աշխատում էր ուժեղացնել մահալներում մելիքների հեղինակությունը, ենթարկելով նրանց վարչական և դատական իրավասությանը մահալի խոշոր կալվածատերերին, որոնք մինչ այդ բավականին անկախություն էին վայելում: Այդ շրջանայնացումը չխախտվեց նաև 1828 թ. Թուրքմենչայի դաշնագրությունից հետո, երբ Մեղրու գավառակն էլ անցավ Երևանի և Նախիջևանի խանությունների հետ Ռուսաստանին և ճանաչվեց նրանց հետ միասին Հայկական մարզի մի մասը (часть Армянской области)՝ ենթակա Օրդուբադում նստող կառավարչին:

Դրությունը հիմնովին փոխվեց 1840 թ. ապրիլի 10-ին կայսեր կողմից հաստատված՝ սենատոր Հանի մշակած օրենքի հրատարակումից հետո, որով Անդրկովկասում մտցվեց նոր քաղաքացիական վարչության և նոր վարչական բաժանում: Ղարաբաղի պրովինցիան մտավ Կասպիական նահանգի մեջ որպես նրա “Շուշու գավառը”, իսկ Զանգեզուրի բոլոր մահալները՝ որպես այդ գավառի մեկ գավառամաս (участок): Գավառապետը (уездный начальник) նստում էր Շուշում, գավառամասի տեղապետը (участковый заседатель)՝ Բուն Զանգեզուրի Գորիս գյուղում:

Երբ 1849 թ. առանձնացվեց Երևանի նահանգը, Գորիսի գավառամասի գլխավոր մահալները կցվեցին նրան: 1868 թ. կազմակերպվեց Գանձակի նահանգը (Елисаветпольская губерния): Նրա մեջ մտան առանձնացրած և՛ Շուշու գավառը (Шушинский уезд), և՛ Զանգեզուրի գավառը (Зангезурский уезд): Վերջինս միացնում էր թե՛ Բուն Զանգեզուրը և թե՛ Սիսիանն ու Կապանն իրենց տեղապետներով՝ զասեդատելներով: Քանի որ նորակազմ գավառի պետը նստում էր Գորիսում, Բուն Զանգեզուրի կենտրոնում, Զանգեզուր անունը տարածվեց բոլոր գավառամասերի վրա: Այսպիսով, Զանգեզուր անունը ստացավ ընդլայնած նշանակություն:

1840 թ. օրենքով մելիքների վարչական և դատական իրավունքները վերացվեցին: Հողերը նույնպես դուրս են գալիս նրանց իրավունքից: Մելիքները մնացին սոսկ կալվածատերեր: Գյուղերում նստեցին համայնքից ընտրված տանուտերներ՝ քոխվաներ: Երբ նախկին մելիքներից մի քանիսին առաջարկեցին պաշտոնները շարունակել որպես համայնքից ընտրված տանուտերներ, նրանք դա իրենց համար անպատվություն համարեցին և հրաժարվեցին:

Ավելի ուշ, արդեն XIX դ. երկրորդ կեսում, Մեղրին էլ ենթարկվեց Գորիսում նստող գավառապետին և Զանգեզուր անունը տարածվեց նրա վրա էլ: Այսպիսով, նախկին չորս գավառները՝ Բուն Զանգեզուրը, Սիսիանը, Կապանն ու Մեղրին կազմեցին Գանձակի նահանգի միացյալ ընդարձակ գավառ (Зангезурский уезд Елисаветпольской губернии):

Այս դրությունը տևեց մինչև Անդրկովկասի բաժանվելը առանձին հանրապետությունների, որոնց միջև բռնկեցին արյունալի ընդհարումներ սահմանագծերի որոշման համար ծագած վեճերի հետևանքով: Այս ազգամիջյան վեճերին վերջ տվեց սովետական իշխանության հաստատումը, երբ ցարական ժամանակի ընդարձակ առումով Զանգեզուր կոչվող գավառը բաժանվեց երկու մասի- արևմտյան կեսը միացվեց Հայկական ՍՍՀ հանրապետությանը և պահպանեց Զանգեզուրի գավառ անունը, իսկ արևելյանը՝ Ադրբեջանական հանրապետության հետ:

Սակայն այժմ էլ, երբ գավառը բաժանված է երեք վարչական շրջանների, Զանգեզուր անունը հասարակորեն վերապահված է հայկական կեսին՝ ցարական Զանգեզուրի արևմտյան հատվածին, որի սահմանները չեն գծվում այն որոշակի լեռնագրական բնական ուղղություններով, ինչ որ ցարական գավառը ուներ, երբ Զանգեզուրը ընդգրկում էր Զանգեզուր-Կոնգուր-Ալանգյազի և Ղարաբաղի լեռնաշղթաների ու Արաքսի դաշտի միջև գտնված ամբողջ տարածությունը, մի գրեթե հավասարակող եռանկյունի, որի հիմքն է Արաքսը իր փորած տաշտով, իսկ գագաթը՝ Ղարաբաղի հրաբխային բարձրավանդակի վրա նստած Չիլգյազ՝ 2327 մ. և Ալակայա՝ 2340 մ. լեռնագագաթները:

Այս եռանկյունու մեջ սահմանը երկու հանրապետությունների միջև մինչև այսօր էլ մնում է աննշան ուղղումներով անփոփոխ՝ հատելով նրան հյուսիսից հարավ գրեթե երկրաչափական բարձրության գծով: Սահմանագիծն սկսվում է Զանգեզուրի շղթայի՝ Սառցալի (Սառչալի) գագաթից՝ 3597 մ, անցնում է Աղջկային կամ Ծղուկ (Ղըզըլ-Բողազ)՝ 3594 մ. և Մեծ Իշխանասար (Մեծ Իշիխլի) Սուրբ Օհաննես՝ 3467 մ. հրաբուխներով, կիսում է Սև լիճ (Կարագյոլ) գեղատեսիլ լեռնային լիճը և հասնում է այնտեղ, որտեղ Աղավնո, այժմ՝ Աղ-Օղլան գետին միանում է նրա օժանդակ Զաբուխչայ գետը:

Այստեղից սահմանը մի փոքր տարածություն ընթանում է Հագարու գետի հոսանքով և ապա թեքվելով դեպի աջ՝ դիմում է հարավ, հատում է Որոտան (Բազարչայ) գետին: Այստեղ Որոտան գետը Խոտ գյուղից մի փոքր արևելք է և կոչվում է Բարգուշատ, սահմանը ուղղվում է Հագարու գետին գրեթե զուգահեռ մինչև Արաքս, թողնելով Ողջի (Օխչի) և Ծավ (Բասուտ) գետերի վերին հովիտները Հայաստանի, իսկ ստորին հովիտները, նաև Զանգելանի ստորադիր հովիտը, Ադրբեջանի սահմանների մեջ: Արաքսի ափին միջհանրապետական սահմանը վերջանում է այն հրվանդանի վրա, որտեղ գետը մի կոր գիծ է քաշում Շահթախտ գագաթի տակով:

Սկզբում հայկական կեսում կազմակերպվեցին երկու գավառներ՝ Զանգեզուրի և Մեղրու՝ իրարից Արեգունու-Մեղրու-Գյունեյի կամ Չավնդուրի, այժմ՝ Մեղրու լեռնաբազուկով բաժանված: 1935 թ. նոր վարչական բաժանումով, երբ գավառները վերակոչվեցին շրջանների, Զանգեզուր միասնական գավառից կազմվեց  երեք շրջան, այն է՝ Սիսիանի, Գորիսի և Կապանի:

Կապանը ընդգրկում է հարավային կողմերը և մասնավորապես Ողջիի (Օխչիի) գետահովիտը: Նրան մյուս երկու շրջաններից բաժանող սահմանն անցնում է Բարգուշատի (Բերգուշետի) լեռնաբազուկի ջրբաժան սեռով և արևելքում ընթանում է Քաշունի (Չայզամի) գետի հոսանքով: Այս գծից դեպի հյուսիս, Որոտանի (Բազաչայի) ավազանում Սիսիանի և Գորիսի շրջանները իրարից անջատող սահմանը ընթանում է Լոր և Տաթև գյուղերի միջով ձգվող լեռնոստի սեռով և Լծեն գյուղից արևմուտք հատում է Որոտան գետը, ուղիղ դիմում է դեպի հյուսիս Եռաբլրի (Ուչթափալարի) սարահարթով և հանգուցվում է Ադրբեջանական ՍՍՀ-ի սահմանի հետ Մեծ Իշխանասար-Սուրբ Օհաննես (Մեծ Իշիխլի) լեռան գագաթին: Եռանկյունու արևելյան ադրբեջանական կեսում նախկին ցարական Զանգեզուր գավառից կազմված են Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլուի և Զանգելանի վարչական շրջանները:

Նախամոնղոլյան ժամանակաշրջանում, նրա գավառակներից Բուն Զանգեզուրը համընկնում էր Հաբանդ գավառի հետ, որին արևմուտքից սահմանակից էր Ծղուկը, այժմյան Սիսիանը, իսկ հարավից Բաղքը, այժմյան Կապանը: Բաղքի արևելյան կողմը կոչվում էր Բարկուշատ կամ Քաշունիք: Հնում Կապան անունը տրվում էր հատկապես Ողջի (Օխչի) գետի և նրա վտակ Գեղվա գետի բարդ հովտին: Գեղվա գետի ավազանն է, որ կրել է մասնավորապես Ձորք անունը:

Զանգեզուրը Հայկական լեռնաշխարհի պատմության մեջ ապրել է ինքնօրինակ կյանքով: Նա մտնում էր միջին դարերում որպես մի մաս շատ ավելի ընդարձակ աշխարհագրական միության մեջ, որն ընդգրկում էր և՛ Սևանա լճի ավազանը, և՛ այժմյան Հայոց ձորը (Դարալագյազը, հնում՝ Վայոց ձորը), և՛ Նախիջևանի ներկա հանրապետությունը և կրում էր հատկապես Սյունիք կամ Սիսական անունը:

Լուսանկարը՝ Գորիսը 20-րդ դարասկզբին

Լուսանկարը՝ Մայքլ Բաբայանի Ֆեյսբուքի էջից