Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է հատվածներ Ստեփան Լիսիցյանի ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՀԱՅԵՐԸ աշխատությունից, որը հրատարակել է Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտը 1969 թվականին:
Ներածություն
Զանգեզուրի հայերի կենցաղի նկարագրության առաջին փորձը, այնքանով, որքանով տեղական սովորությունները կարող են ազդած լինել շրջանի տնտեսական կյանքի վրա, պատկանում է Ստեփան Զելինսկուն: Նրան՝ ընդարձակ ծրագրով նախագծած այն հետազոտության մեջ, որը հատուկ մասնաժողովը ձեռնարկել էր Անդրկովկասի բոլոր գավառների արքունի գյուղացիների տնտեսական կացությունն ուսունասիրելու համար, բաժին էր ընկել Զանգեզուր գավառի հետազոտությունը: Իր հավաքած հարուստ նյութերն ու դիտողությունները նա ամփոփել է մի ընդարձակ հոդվածի մեջ, որը զետեղված է մասնաժողովի հրատարակած ընդհանուր ժողովածուի առաջին հատորի մեջ՝ “Материалы по изучению экономического быта государственных крестьян Закавказкого края”, ապա նույն՝ 1886 թ. լույս է ընծայվել առանձին գրքով, հետևյալ վերնագրով՝ “Исследование экономического быта государственних крестян в Зангезурском уезде Елисаветполской губернии”.
Այդ աշխարհագրության մեջ վերին աստիճանի արժեքավոր նյութեր են պարունակում “Население” – “Բնակչություն” և մանավանդ “Источники блогосостояния крестьян”– “Գյուղացիների բարօրության աղբյուրները” վերնագիրներ կրող 1-ին և 7-րդ գլուխները: Վերջինիս մեջ հեղինակը բավականին հանգամանորեն նկարագրում է տեղացիների՝ թե՛ հայերի և թե՛ ադրբեջանցիների երկրագործական և անասնապահական պարապմունքները, կանգ է առնում մեղվաբուծության և տնայնագործության տեղական ձևերի վրա, աչքից բաց չթողնելով տեղում կատարված աշխատանքային պրոցեսների մանրամասնությունները: Նման հետազոտություններով հիմնականում միևնույն ծրագրով ընդգրկվեցին Անդրկովկասի բոլոր գավառները: Այդ պատասխանատու գործի իրացմանը ներգրավված էին բարձր գիտական նախապատրաստություն ունեցող մասնագետներ, մեծ մասամբ՝ նարոդինիկական հոսանքին հարող երիտասարդներից:
Աշխատանքը ղեկավարող մասնաժողովը գործում էր հողագործության մինիստրության Անդրկովկասյան լիազոր Ի. Տիխեևի անմիջական հսկողության ներքո:
Ավելի վաղ, 1881թվին, մի այլ պետական հիմնարկ՝ Կովկասյան Ուսումնական շրջանի վարչությունը, սկսել էր Կովկասի բնակավայրերի և ցեղերի վերաբերյալ տեղեկությունների հավաքումը դպրոցական ցանցի աշխատողների, գլխավորապես ուսուցիչների միջոցով: Այդ նպատակով վարչությունը մշակել էր համապատասխան ուղեցույցներ, որոնցով հանձնարարվում էր մանրամասն և բազմակողմանի նկարագրել առանձին վայրերի և էթնիկ խմբերի անցյալ և ներկա կյանքը և հատուկ ուշադրություն դարձնել ժողովրդական բանահյուսության գրանցման վրա: Ստացված նյութերը վարչությունը լույս էր ընծայում առանձին հատորներով՝ “Сборник материалов для описания местностей и племен Кавказа” ընդհանուր վերնագրի տակ:
Այդ ժողովածուի մեջ Զանգեզուրի ազգագրական նկարագրությանը նվիրված առաջին հոդվածը լույս է տեսել 1892թ. հրատարակված XIII գրքում: Դա ուսուցիչ Ն. Գրիգորովի “Село Татев” աշխատությունն էր: Հաջորդ, 1893 թ. լույս տեսած “Ժողովածուի” XVII գրքի մեջ զետեղված է Արծվանիկ գյուղի դպրոցի ուսուցիչ Եփրեմ Մելիք-Շահնազարյանի հոդվածը, “Из поверий, предрассудков и народных примет армян Зангезурского уезда”, որը վերահրատարակվեց 1904թ. XXXIV գրքում՝ անեկտոդներով, օրհնանքներով, անեծքներով և այլ ֆոլկլորային նյութերով ու կենցաղային նկարագրություններով հարստացած: Նույն հեղինակը հրատարակեց 1894 թ. “Ժողովածուի” ХIX գրքում՝ “Свадьбы зангезурских армян” հոդվածի մեջ հարսանեկան սովորությունների մանարամասն նկարագրությունն և ապա 1898թ. XXV գրքում՝ “Селение Арцваник Зангезурского уезда Елисаветпольской губернии” գավառի տիպիկ գյուղի կենցաղի ամբողջական պատկերը:
Հոդվածների այս շարքի մեջ հեղինակը դրսևորեց գավառի ազգագրական առանձնահատկությունների իր լավատեղյակ լինելը: Շատ ավելի աղքատ է հավաքած ազգագրական տեղեկություններով Խնձորեսկի դպրոցի ուսուցիչ Ն. Շիրակունու հոդվածը “Ժողովածուի” XXXIV գրքում՝ (1904 թ.)՝ “Зангезурский уезд Елисоветпольской губернии”, որտեղ նաև Զանգեզուրի աշխարհագրությանը նվիրված էջերը թողնում են թռուցիկ ակնարկի տպավորություն:
Մի երրորդ հիմնարկ, որի գիտական հետաքրքրությունը ընդգրկել է նաև Զանգեզուրի կենցաղը, Կովկասի բժշկական ընկերությունն էր, որը գավառներում աշխատող իր անդամների օժանդակությամբ նյութեր էր հավաքում Կովկասի զանազան վայրերի բնակչության առողջապահիկ վիճակը պարզելու համար և առանձնապես շահագրգռված էր ծանոթանալու ժողովրդական բժշկության միջոցներին և եղանակներին՝ նպատակ ունենալով գիտական քննության ենթարկել այդ միջոցներն ու եղանակները և ապա իր պրակտիկայում օգտագործել դրանցից այն մասը, որը գիտական հիմք ունի: Ընկերության հրատարակած պարբերական հանդեսի՝ “Медицинский сборник” LVI –ի մեջ 1894 թ. լույս է տեսել բժ. Գեդեվանովի հոդվածը՝ “Зангезурский уезд Елисаветпольской губернии в медицинском отношении”, որտեղ հեղինակը բարեխղճորեն կատարած դիտողությունների հիման վրա նկարագրում է ժողովրդական դեղերը և նրանց հետ շաղկապված սնահավատությունները: Այդ հետազոտության մեջ ազգագրագետը գտնում է իր եզրակացությունների համար բազմաթիվ կարևոր և ստուգված նյութեր:
Առաջինը, որը հատկապես ազգագարական ուսումնասիրության նպատակով և համապատասխան գիտական նախապատրաստությամբ ձեռնարկեց Զանգեզուրի հայերի ազգագարական նյութերի սիստեմատիկ հավաքումը, Երվանդ Լալայանն էր: Նա, թե՛ ինքը, կրկնակի անգամ այցելելով հետազոտվող վայրերեըը և տեղում գրանցելով իր դիտողությունները, և թե՛ իր աշխատանքներին ներգրավելով տեղացի գավառագետներին՝ կարողացավ հարուստ նյութ հավաքել ժողովրդական կենցաղի զանազան կողմերի մասին: Այդ նյութերի ամփոփումը նա տվավ 1898 թ.՝ “Սիսիան” և 1899 թ.՝ “Զանգեզուր” հոդվածների մեջ, որոնք նախ լույս տեսան “Ազգագրական հանդէս”– ում և միաժամանակ արտատպվեցին առանձին գրքերով, որպես Ա և Բ հատորներ՝ “Զանգեզուրի գավառ” ընդհանուր վերնագրով: Նման հետազոտությունների համար իր մշակած ծրագրի համաձայն այստեղ էլ Ե. Լալայանը համառոտ պատմական տեսությունից հետո կանգ է առնում շրջանի տեղագրության վրա և ապա համգամանորեն նկարագրում է հայ բնակչության բնակարանը, զգեստն ու զարդարանքը, ընտանեկան բարքն ու ընտանեկան կյանքի կարևոր մոմենտները, ժողովրդական տոները և վերջում էլ կցում է մի քանի նմուշ ժողովրդական բանահյուսությունից: Նա բավական ընդարձակ տեղ է հատկացնում հնագիտական և հատկապես եկեղեցական ճարտարապետական հուշարձանների նկարագրությունը և գրեթե չի շոշափում աշխատանքային պրոցեսները և սոցիալական երևույթները:
Հաջորդ և ժամանակով վերջին հետազոտությունը, որը նվիրված է Զանգեզուրի ազգագրական նկարագրությանը, լույս է տեսել 1931 թ. ռուսերեն լեզվով՝ “Научные записки Кавказского комунистического Университета имени 26-и комунаров” ժողովածուի I հատորի VI պրակում և միաժամանակ արտատպվել առանձին գրքով: Հոդվածը պատկանում է պրոֆեսոր Գ. Ֆ. Չուրսինի գրչին և կրում է “Армяне Зангезура” վերնագիրը: Հետազոտողն այդտեղ լայնորեն օգտագործել է թե՛ այն տվյալները, որ գտել է ռուսերեն և հայերեն հրատարակություններում, և թե՛ տեղում՝ որպես Անդրկովկասի կենտգործկոմին կից գործող “Ассоциация Востоковедения”-ի կողմից 1924 թ. գործուղած գիտարշավի անդամ՝ Զանգեզուրում անձամբ հավաքած տեղեկությունները: Այդ հետազոտության դրական կողմերից մեկն այն է, որ հեղինակը՝ հենվելով կովկասյան ժողովուրդների և մասնավորապես հայ բնակչության կենցաղի մասին իր ունեցած բազմակողմանի ծանոթության վրա, փորձում է ցույց տալ Զանգեզուրի հայերի մեջ հայտնաբերվող այս կամ այն ազգագրական երևույթի տարածված լինելը նաև այլ գավառներում, առանց սակայն ձգտելու նրա տարածվածության արեալը որոշելու:
Պրոֆեսոր Չուրսինի հետազոտության լույս ընծայման նույն՝ 1931 թվականին Հայկական ՍՍՀ Պետական պատմական թանգարանի Ազգագրական բաժինը կազմակերպեց իր առաջին գիտարշավը դեպի Զանգեզուր, դեպի նրա՝ Սիսիանի և Գորիսի վարչական շրջաններն՝ իմ ղեկավարությամբ, բաժին ավագ աշխատակցի՝ Եվգինե Գյոզալյանի և լուսանկարչի՝ Սուրեն Զալյանի մասնակցությամբ: Գիտարշավի աշխատանքները տևեցին 43 օր՝ 1931 թ. օգոստոսի 30-ից մինչև հոկտեմբերի 11-ը՝ հազիվ երեք ամիս անց՝ Զանգեզուր-Օրդուբադի երկրաշարժից հետո: Նրա նպատակն էր հավաքել թանգարանային ցուցադրության համար անհրաժեշտ կենցաղային առարկաներ, միաժամանակ ստուգել և լրացնել մինչ այդ հրատարակված ազգագրական նկարագրությունները: Գիտական արշավը իր աշխատանքների համար որպես կենտրոնական վայր ընտրեց Սիսավանը, այն ժամանակվա Ղարաքիլիսան, որտեղից այցելեց Անգեղակոթ և Բռնակոթ, ապա անցավ Գորիս, այնտեղից՝ Խնձորեսկ, կրկին՝ Գորիս և Քարահունջ ու Հալիձոր գյուղերով հասավ Տաթև, որտեղից ուղևորվեց Դարբաս (Դարաբաս)-Լծեն-Որոտնա վանք-Վաղուդի-Աղուդի ճանապարհով՝ Սիսավան (Ղարաքիլիսա) և Նախիջևանով վերադարձավ Երևան: Ազգագրական իրերի հետ բոլոր այցելած վայրերում հավաքվում էին նաև հնագիտական կարևոր իրեր (բրոնզե դարից մնացած զենքեր և զարդեր, երկրաշարժից ավերված Տաթևի վանքի երկու դռները. “սրբությունները”՝ հռչակավոր խաչափայտը, ս. Հակոբի “մասունքները”, ձեռագիրներ և այլն):
Հաջորդ տարի նույն նպատակով Զանգեզուր գործուղվեց Պետական պատմական թանգարանի Ազգագրական բաժնի երկրորդ գիտարշավը: Այս անգամ նա պիտի իր աշխատանքները փոխադրեր Կապանի վարչական շրջանը, որը նախորդ տարին անհնարին էր եղել այցելել: Գիտարշավը նույն անձնակազմով, միայն հրավիրված նոր լուսանկարչով (Պողոս Գրիգորյան) սկսեց էքսպոնատների հավաքումը և ազգագարական նյութերի գրանցումը Մեղրուց և ուղղվելով դեպի հյուսիս՝ Տաշտունի (Դիբագլուի) լեռնանցքով տեղափոխվեց Կապան:
Մարշրուտը հետևյալն էր. Ողջի ձոր (Օխչի ձոր)-Կապան հանքեր-Արծվանիկ-Վաչագան-Բեխ-Հալիձորի բերդ-Գեղանուշ (Գյուտկում)-կրկին հանքեր-Պառավաթումբ-Բաղաբերդ-Գեղի-Քյուրուտ, Բարգուշատի (Բերգուշետի) լեռնաբազուկի վրայով՝ Ախլաթյան-Սիսիան (Սիսավան-Ղարաքիլիսա)-Նախիջևան: Գիտարշավը մեկնեց Երևանից հունիսի 16-ին և վերադարձավ օգոստոսի 9-ին:
Երկու գիտարշավների միջոցով թանգարանի Ազգագրական բաժինը ձեռք բերեց ազգագարական առարկաների բավական հարուստ ժողովածու՝ 290 իրերից բաղկացած: Այդ ֆոնդի հիման վրա կազմակերպվեց նախ հաշվետու ցուցահանդես և ապա մշտական ցուցադրություն, որտեղ Զանգեզուրի և Մեղրու անցյալ՝ “մահացող” կենցաղային երևույթներին կից տրված էր մի պատկեր այն արմատական փոփոխությունների, որոնք տեղի են ունենում այդ գավառների նիստուկացի բոլոր ճյուղերի մեջ սովետական կարգերի հաստատումից հետո:
Ներկա աշխատության մեջ ամփոփում ենք թե՝ մեր և թե՛ ուրիշների գրանցման դիտողությունները՝ առանձնապես կանգ առնելով մեր գիտարշավների հավաքած կենցաղային իրերի նկարագրության և ուսումնասիրության վրա: Տալիս ենք միայն նախասովետական ժամանակի Զանգեզուրի ազգագրական պատկերը, գլխավորապես հայ բնակչության, համեմատաբար ավելի քիչ շոշափելով ադրբեջանական կենցաղի երևույթները, որոնց գրանցման միջոցին դրսից եկած այցելու հետազոտողներս հանդիպում էինք դժվար հաղթահարելի անվստահության: Անհրաժեշտ ենք համարել պահպանել խիստ զգուշություն և օգտագործել միայն զուտ տեղական ծագում ունեցող բնիկ տարրերին վերաբերող նյութերը, նշելով հարկ եղած դեպքերում, թե ինչպես տեղում ձևավորված կենցաղային առանձնահատկությունն անդրադարձել է նոր հաստատված բնակչության նիստ ու կացի մեջ:
Շարունակելի