Լույս է տեսել Թաթուլ Հակոբյանի «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև» գրքի 4-րդ հրատարակությունը

2223

Լույս է տեսել լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանի «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև. 2020-ի հայկական աղետը» գրքի 4-րդ հրատարակությունը:

Այս հատորը առաջին անգամ լույս է տեսել 2008-ի ամռանը և անցնող 12 տարիներին ունեցել 8 հրատարակություն հայերենով, այդ թվում՝ արևմտահայերեն/մեսրոպյան ուղղագրություն, ռուսերենով, անգլերենով, թուրքերենով և արաբերենով:

Ընդհանուր առմամբ, այս գիրքը ունեցել է 7.000 օրինակ տպաքանակ:

Նախորդ՝ 3-րդ հրատարակությանը ավելացվել է երեք նոր գլուխ, որոնք ընդգրկում են 2011-ից 2020 ժամանակաշրջանը, այդ թվում՝ 44-օրյա պատերազմը:

Այս հատորի, ինչպես նաև Հակոբյանի նոր գրքի՝ «Մահվան հովիտ. 44-օրյա աղետ», շնորհանդեսը տեղի կունենա մարտի 23-ին, երեքշաբթի, երեկոյան ժամը 19.00-ից մինչև 21.00-ը, Երևանում, Արթբրիջ գրախանութ-սրճարանում (Աբովյան, 20):

Ներկայացնում ենք «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև» գրքի հայերեն 4-րդ հրատարակության առաջաբանը:

Երկու խոսք` չորրորդ հրատարակության առիթով

Իմ այս հատորը, որի վրա աշխատել եմ երկար, երկար տարիներ, հայերենով հրատարակվում է չորրորդ անգամ: 2008-ին, երբ լույս տեղավ ՚Կանաչ ու սև. Արցախյան օրագիրՙ գրքի հայերեն առաջին հրատարակությունը, ես չէի մտածում, որ այն թարգմանվելու է մի քանի լեզուներով, ունենալու է յոթ հազար սպառում և լինելու է պահանջված Հայաստանում և մեր երկրի սահմաններից դուրս:

Արևելահայերենի կողքին, կարճ ժամանակում, գիրքն ունեցավ ռուսերեն, անգլերեն, արևմտահայերեն/մեսրոպյան ուղղագրությամբ, թուրքերեն և արաբերեն թարգմանություններ, ընդհանուր` 7 հրատարակություն:

Սա գրքի հայերեն չորրորդ և բոլոր լեզուներով ութերորդ հրատարակությունն է:
Հայերեն վերջին` 2011-ի հրատարակության հետ համեմատ, երեք նոր գլուխ ենք ավելացրել, որոնք ընդգրկում են 2010-ից մինչև 2020-ը` 44-օրյա պատերազմը ներառյալ:

Նախորդ բոլոր հրատարակությունների հետ համեմատ, ճշգրտումներ և հավելումներ ենք կատարել, ավելացրել փաստեր և իրադարձություններ, որոնք մեզ հայտնի են դարձել 2010-ից հետո: Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ գրել են հուշերի հատորներ, որոնք ևս օգտակար են եղել: Նոր հարցազրույցներով, արխիվային նոր նյութերով հարստացրել ենք մի քանի գլուխներ:

Այս հատորից հավելվածների բաժինը դուրս ենք թողել, քանի որ Արցախի պատմության և հակամարտության մասին փաստաթղթերը մի քանի լեզուներով տեղ են գտել գրքի նախորդ հրատարակություններում և նաև հասանելի են համացանցում:

Գրքի ենթավերնագրերից մեկը` ՚ոչ պատերազմ, ոչ խաղաղությունՙ, հանել ենք և դրել նորը՝ ՚2020-ի հայկական աղետըՙ: Հանել ենք նաև վերջին գլուխը` ՚Անավարտ վերջաբան. Կանաչ ու սևՙ, փոխարենը համառոտ շարադրել 2020-ի 44-օրյա պատերազմը:

Հայկական կողմի համար դա ողբերգական ու աղետալի հետևանքներ ունեցավ:

Հայաստանն ու Արցախը տվեցին հազարավոր զոհեր ու վիրավորներ, կորցրեցին մի քանի շրջաններ, այդ թվում` Հադրութն ու բերդաքաղաք Շուշին:

44-օրյա պատերազմը ներկայացրել ենք հակիրճ, քանի որ դեպքերը շատ թարմ են և ժամանակ ու պրպտուն աշխատանք է պետք ամբողջովին հասկանալու, թե ինչու և ինչպես հնարավոր եղավ մի քանի շաբաթում կորցնել այն, ինչ ձեռք էինք բերել մի քանի տարիների ընթացքում և պահել ավելի քան 25 տարի, ինչու և ինչպես ընկավ անառիկ համարվող Շուշին և բազում այլ հարցեր: Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած պատերազմը առանձին ուսումնասիրության, առանձին հատորի նյութ է:

՚Կանաչ ու սև. Արցախյան օրագիրՙ հատորը, ենթադրում եմ, հայերեն չորրորդ հրատարակությամբ չի ավարտվի և ապագա տարիներին ու տասնամյակներին կունենա նոր հրատարակություններ ինչպես հայերեն, այնպես էլ` այլ լեզուներով:
Սրտի ցավով, այս հատորը նվիրում եմ 18-20 տարեկան տղաների հիշատակին, որոնք կանգնեցին դիրքում մինչև վերջ և ընկան: