Ձիթհանքով գյուղի բնակչությունը 1873-1931 թվականներին. Հայաստանի կաթոլիկները

7671

Ձիթհանքով գյուղը գտնվում է Շիրակի մարզում՝ Արագածոտնի մարզի սահմանագծի վրա, ծովի մակերևույթից շուրջ 1.750 մետր բարձրության վրա, Արագած սարի արևմտյան ստորոտում:

Նախկինում ունեցել է Բազիրխանա, Բազարկանա անունը և եղել է Անիի շրջանի (Մարալիկ՝ Մոլլա Գյոքչա շրջկենտրոնով) գյուղերից:

Ձիթհանքով է անվանվել, քանի որ գյուղում զբաղվել են կտավատի ձեթի արտադրությամբ:

Ավելի վաղ մաս է կազմել Թալինի շրջանի և առանձնացվել, երբ 1930-ական թթ սկզբին Խորհրդային Հայաստանում ձևավորվեց Անիի (մինչև 1961-ը՝ Աղինի) շրջանը:

Ձիթհանքով գյուղի բնակչության թվաքանակի մասին առաջին հստակ տեղեկատվությունը հանդիպում ենք 1873 թվականին: Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ նշվում է, որ 1873-ին գյուղը ունեցել է 633 բնակիչ, բոլորն էլ հայ:

Ձիթհանքովի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1873 թվական – 633 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 877 հոգի, որից 873-ը՝ հայ, 4-ը՝ այլ,

1897 թվական – 1.065 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 1057-ը՝ հայեր (հայ-լուսավորչական, հայ-կաթոլիկ), 8-ը՝ իսլամ,

1908 թվական – 1.260 հոգի,

1914 թվական – 1.348 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 1.396 հոգի, ըստ արխիվային տվյալների, 

1916 թվական – 1.156 հոգի,

1919 թվական – 1.019 հոգի,

1922 թվական – 986 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 1.406 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 1.632 հոգի, որից 1624-ը՝ հայ, 8-ը՝ եզդի:

Ձիթհանքովը այսօր Անի խոշորացված համայնքի մաս է կազմում, որի կենտրոնը Մարալիկ քաղաքն է:

Անի համայնքի կազմում ընդգրկված են Մարալիկ քաղաքն ու հետևյալ 16 գյուղերը՝ ԱղինԱնիավան, Անիպեմզա, Բագրավան/Նորշեն/, Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհ-անքով, Ձորակապ, Շիրակավան, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբե-րդ:

Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքում Ձիթհանքով գյուղի մասին ասվում է, որ գյուղը հիմնադրել է 1793-1795 թվականներին Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Բասենի և Կարսի գավառներից գաղթած ընտանիքների կողմից:

1918թ. գյուղում բնակություն են հաստատել 70 գաղթական ընտանիքներ: 1884 թվականին գյուղում հիմնադրվել է ծխական դպրոց, 19-րդ դարասկզբին կառուցվել և գործել են սրբատաշ քարից կառուցված կաթոլիկ և առաքելական եկեղեցիները, որոնք մինչև օրս պահպանվել են:

1850-ական թվականներին գյուղում կառուցվում է ձիթհանք, որտեղեց հանված կտավատի ձեթը մեծ համբավ ու ճանաչում է ունեցել տարածաշրջանում: Այդ ճանաչումն է պատճառ հանդիսացել բնակավայրի «Ձիթհանքով» վերանվանման համար:

1887 թվականից Ձիթհանքովը գտնվել է Ալեքսանդրապոլի գավառի կազմում: 1921թ. բնակավայրը ընդգրկվել է Խորհրդային Հայաստանի կազմում և մինչև 1950 թվականը ընդգրկված է եղել Թալինի շրջանի կազմում: 1950-1996 թվականներին ընդգրկված է եղել Անիի շրջանի կազմում:

1996 թվականին Հայաստանի Հանրապետության վարչատարածքային նոր բաժանումից հետո Ձիթհանքովը, որպես վարչական առանձին միավոր` ինքնուրույն համայնք, ընդգրկված է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի կազմում:

Ձիթհանքովի գյուղական համայնքը տեղաբաշխված է Արագած լեռան արևմտյան ստորոտում, Շիրակի դաշտի հարավ-արևմտյան և Թալինի սարավանդակի հյուսիսային մասում: Հյուսիսից սահմանակից է ՀՀ Շիրակի մարզի Քարաբերդի, արևելքից` Լանջիկի, արևմուտքից Բագրավանի և Սարակապի, հարավից ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարայի և Զարինջայի համայնքների վարչական տարածքներին:

Բնակավայրը գտնվում է նախկին շրջկենտրոնից 12 կմ., մարզկենտրոնից 40կմ. և մայրաքաղաքից` 105 կմ. հեռավորության վրա: Բնակավայրից 5կմ հեռավորությամբ է անցնում Գյումրի-Երևան միջպետական նշանակության ճանապարհը: Բնակավայրը երկաթուղային կայարանից գտնվում է 12 կմ հեռավորության վրա:

Խորհրդային տարիներին Ձիթհանքովն ունեցել է.

1939 թվական – 1708 հոգի

1959 թվական – 1580 հոգի

1970 թվական – 1372 հոգի

1979 թվական – 1259 հոգի

Թաթուլ Հակոբյան