Թուրանի ճանապարհին

3162

Թուրք հետազոտողները նկատել են, որ օսմանյան զորքերի դեպի Բաքու արշավանքը, որը կատարվեց Ռուսաստանում բոլշևիկյան հեղափոխությունից հետո և Առաջին աշխարհամարտի ավարտին նախորդող ժամանակահատվածում, երիտթուրքերի պանթուրանական երազանքների իրականացման ուղղությամբ կատարված առարկայական նախաձեռնություն էր:

1908թ. երիտթուրքական հեղափոխությունից հետո պանթուրանականության գաղափարը մեծ տարածում էր գտել Օսմանյան կայսրության զինվորականության և մտավորականության շրջանում: Գաղափարախոսներից Թեքին Ալփը (իրական ազգանունը` Մոիզ Կոհեն), Զիա Գյոքալփը, ինչպես նաև ՙԹուրք Յուրդու՚ ամսագիրն ու ՙԹանին՚ թերթը պանթուրանականության հիմնական տարածողներն էին Օսմանյան կայսրությունում ու թուրքալեզու տարածքներում` Կասպիցի ափերին, Ղրիմում, Ռուսաստանի մուսուլմաններով բնակեցված մասերում:

Պանթուրանականությունը առանձնակի կարևորություն ուներ Էնվեր փաշայի ռազմական և քաղաքական ռազմավարության մեջ: Օսմանյան գաղտնի ծառայությունները (Teşkilat-i Mahsusa), որոնք Էնվերի վերահսկողության տակ էին, Առաջին աշխարհամարտի տարիներին պանթուրանականության գաղափարները տարածում էին Օսմանյան կայսրության սահմաններից դուրս գտնվող թուրքալեզու ժողովուրդների շրջանում:

Զիա Գյոքալփը ամենաազդեցիկ մտավորականն էր, ով Երիտթուրքերի` դեպի Ռուսաստան ծավալապաշտության ռազմավարության համար անհրաժեշտ մշակութային հիմքերն էր գցում: Գյոքալփը բոլոր թուրքերին` օսմանյան, ադրբեջանական, ինչպես նաև Ղրիմի թաթարներին, կիրգիզներին, ուզբեկներին ու մյուսներին համարում էր միևնույն  ժողովուրդը:

Թուրանի ճանապարհին առաջնահերթ նշանակություն ուներ Կովկասը: Պատերազմի սկզբում օսմանյան առաջնորդները նախ կարևորում էին 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմի ընթացքում կորցված Կարսի, Արդահանի և Բաթումի նահանգների վերագրավումը, ապա ռուսական տիրապետությունից պետք է ազատագրվեին Կովկասում բնակվող մուսուլմանները: Կասպիցի ջրեր հասնելուց հետո պետք է կապեր հաստատվեին Օսմանյան և Միջինասիական թուրքերի միջև: Բաքուն Թուրանի իրականացման ճանապարհին համարվում էր կարևորագույն օղակ ոչ միայն աշխարհագրական դիրքի, այլ թուրք բնակչության թվաքանակի իմաստով: Պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության, առաջին հերթին նրա առաջնորդներից Էնվեր փաշայի համար, Բաքուն գրավելը համարվում էր կարևոր նպատակներից մեկը:

Ռուսական Հայաստանը Թուրանի ճանապարհին ամենալուրջ խոչընդոտներից էր: Առաջին աշխարհամարտի սկզբնական շրջանում օսմանյան հատուկ ծառայությունների գործակալները ընդլայնեցին իրենց գործունեությունը Անդրկովկասում: 1915թ. փետրվարին Կարինում (Էրզրում) Էնվերը հանդիպում ունեցավ Ֆաթհալի Խան Խոյսկու եղբորորդու հետ: Զրույցի ընթացում քննարկվեց մի հանրապետության ստեղծման հնարավորությունը, որը պետք է ներառեր Երևանի, Ելիզավետպոլի, Բաքվի, Թերեքի ու Դաղստանի շրջանները:

Քյազիմ Կարաբեքիրը գրում է, որ Էնվերը միշտ մտասևեռված էր մեկ գաղափարի շուրջ, ուներ մեկ նպատակակետ` ՙստեղծել Թուրան՚: Քեմալականների Արևելյան ճակատի հրամանատարը պնդում է, որ Էնվերին անընդհատ մատնանշել է այդ նպատակի վտանգավորությունը Օսմանյան կայսրության համար. ՙՆույնը ես փորձում էի համոզել ներքգործնախարար Թալեաթին, որ Թուրանի համար պայքարը վտանգավոր է, սակայն իմ ջանքերն անցան ապարդյուն՚: ՙԻմ դիմումներին պատասխանում էին, որ հայրենիքի ապագայի համար ծայրահեղ անհրաժեշտություն է Կովկասյան Ադրբեջանի, ներառյալ` Նախիջևանի միացումը՚,- գրում է Կարաբեքիրը:

Թուրանի գաղափարը աջակցություն էր գտնում նաև գերմանացիների շրջանում: Նախքան բոլշևիկյան հեղափոխությունը` Գերմանիան պանթուրանականությունը դիտում էր հիմնական զենքը, որը կարող էր օգտագործվել ընդդեմ Ռուսաստանի: Այդ էր պատճառը, որ Գերմանիան ամբողջությամբ աջակցում էր Էնվերի` Կովկասը և Թուրքեստանը ՙազատագրելու նախագիծը՚: Գերմանացիները անգամ վարժեցնում էին ադրբեջանական թուրք գործակալներին, որպեսզի վերջիններս պանթուրանականությունը տարածեն Ռուսաստանի մուսուլմանների շրջանում: Գերմանացիների վերաբերմունքը փոխվեց բոլշևիկյան հեղափոխությունից հետո, քանի որ իրականություն դարձավ Գերմանիայի հիմնական նպատակը` փլուզվեց Ռուսական կայսրությունը:

Գերմանացիները պանթուրանականությունը կրկին սկսեցին քարոզել Երկրորդ աշխարհամարտի տարիներին, երբ պատերազմի մեջ մտան Խորհրդային Միության դեմ: Պանթուրքիստական կազմակերպությունների գործունեությունը զգալի կերպով ակտիվացավ Թուրքիայում: Պանթուրքիստները կողմնակից էին Գերմանիայի հետ քաղաքական և տնտեսական սերտ համագործակցության և նրա օգնությամբ Խորհրդային Միության` թուրքական ժողովուրդներով բնակեցված տարածքները գրավելուն: 1942թ. ամռանը, երբ պատերազմում գործերը ԽՍՀՄ-ի համար անհաջող ընթացք ունեին, Թուրքիան թուրք-խորհրդային սահմանի երկայնքով կենտրոնացրեց 26 դիվիզիաներ` Բեռլինին տեղեկացնելով իր հետաքրքրությունը մի շարք խորհրդային տարածքների նկատմամբ և հայտնելով իր վճռականությունը` մասնակցելու այդ հարցերի լուծմանը: Առաջարկվում էին Գերմանիայի և Թուրքիայի խնամակալության տակ Ղրիմում և Կովկասում բուֆերային պետություններ ստեղծելու նախագծեր:

Թուրքագետ Արսեն Ավագյանի խոսքերով` մի կողմից Գերմանիան հայ ազգայնականներին խոստանում էր պետություն ստեղծել Թուրքիայի տարածքում, մյուս կողմից Թուրքիային խոստանում էր, որ Հայաստանը, Վրաստանը կմտնեն Թուրքիայի կազմի մեջ: ՙԱյդ շրջանում Թուրքիան շատ ակտիվացրեց պանթուրքական քաղաքականությունը: Ստեղծվեցին պանթուրքական կոմիտեներ: Էրզրումում ստեղծվեց նման մի կոմիտե, որի մեջ մտնում էին Ադրբեջանի մի շարք ղեկավարներ, ինչպես Քերքուրունը՚:

Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից

Հայացաք Արարատից. արևելեահայերնՀայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ:

Լուսանկարում՝ Էնվեր փաշան