10 տոկոս «Իսկանդեր», որ 100 տոկոսով հարվածում է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին

1421

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձևակերպումը, որով նա պատասխանեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, կարող է վնաս հասցնել հայ-ռուսական հարաբերություններին։ Փաշինյանի պատասխանը անհաջող էր ու չմտածված։

Վարչապետը փորձում էր հակադարձել երրորդ նախագահի այն քննադատությանը, թե ինչու պատերազմի երրորդ կամ չորրորդ օրը չի կրակել «Իսկանդերը»։

«Իսկ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով», 1in.am-ին անզգուշորեն հարցրեց Փաշինյանը։

Երբ լրագրող Նվեր Մնացականյանը հարցրեց, թե այդպե՞ս էլ է լինում, վարչապետը պատասխանեց․ «Չգիտեմ: 80-ականների զե՞նք էր գուցե»:

Թե ինչու է հայկական կողմը «Իսկանդերը» գործածել միայն ռազմական գործողությունների վերջին օրերին, երբ պատերազմի ելքը վճռված էր, դա պետք է դառնա ներքին, փակ քննարկման թեմա, երբ, ասենք, կստեղծվի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով (truth կամ justice commission)։

«Իսկանդերը» Ռուսաստանի «ֆլագմանն» է՝ նրա հզորության և ուժի այցեքարտերից մեկը և այդ զենքի արդյունավետությունը կասկածի տակ դնելը հարված է զենքի վաճառքի միջազգային շուկայում ռուսական դիրքերին։ Ի՞նչ իմաստ ունի զբաղվել նման անօգուտ և վտանգավոր հայտարարություններով, երբ այսօր Արցախի և Հայաստանի անվտանգությունը գրեթե 100 տոկոսով կախված է Ռուսաստանից։

Արցախում ռուս խաղաղապահներն են զսպում ադրբեջանական սպառնալիքները։

Հայաստանում տեղակայված է 102-րդ ռազմակայանը, իսկ Հայաստան-Թուրքիա սահմանի երկայնքով հայերի հետ միասին պարեկություն են իրականացնում ռուսական սահմանապահ ուժերը։

Սյունիքում ադրբեջանցիները մոտեցել են խորհրդային նախկին սահմանագծերին, ճանապարհի երկայնքով տեղադրում են հայերի արժանապատվությունը նսեմացնող դրոշներ ու ցուցանակներ և նրանց զսպող հիմնական ուժը կրկին ռուսական ներկայությունն է։

Ի՞նչ իմաստ ունի նման հայտարարություն անելը, երբ դու գրեթե 100 տոկոսով կախված ես Ռուսաստանից ու ռուսական զենքից։

Լավ չէ, որ անկախ և ինքիշխան Հայաստանի անվտանգությունը այսօր նման իրավիճակում է, բայց սա է դառը իրականությունը։ Հետևաբար, սա ի՞նչ ուղերձ է Մոսկվային, ի՞նչ ենք ստանում «Իսկանդերի» հզորությունը կասկածի տակ դնելու հրապարակային ու դեմնստրատիվ հայտարարություններով։ Եթե անգամ «Իսկանդերը» այն զենքը չէ։

«Իսկանդերի» հետ կապված ևս մեկ իրադարձություն․ Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիրն ստորագրել է երեկո երեկոյան՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը:

Գեներալ-լեյտենանտը կասկածի տակ է դրել իր գերագույն գլխավոր հրամանատարի տեսակետը «Իսկանդերի» արդյունավետության մասով։

Այստեղ արժե հիշեցնել, որ հոկտեմբերի 19-20-ին, երբ 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը իրականացրեց չափազանց անհաջող հակահարված, ապա ծանր կորուստներով հետ նահանջեց Հակարիի ուղղությամբ, Նիկոլ Փաշինյանը նույն Տիրան Խաչատրյանին և գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանին ներկայացրեց Հայաստանի Ազգային հերոսի կոչման։

Ապատեղեկատվության մեջ ապրող հայությունը ցնծություն էր ապրում․ եթե Ազգային հերոսի կոչման են արժանացել, ուրեմն բեկում կա ռազմաճակատում։

Իրականում, դա քարոզչական քայլ էր կամ Նիկոլ Փաշինյանին սխալ էին զեկուցել իրավիճակի մասին։ Այդ օրերին հայկական զորքերը այնպիսի նահանջ էին ունեցել, որ մի պահ անգամ կորցրել էին հակառակորդին։

Թաթուլ Հակոբյան