Յովհաննէս Թումանեանը՝ Երևանում (1921-ի գարուն). Սիմոն Վրացեանի յօդուածը 

5261

ԷՋԵՐ ՄՕՏԻԿ ԱՆՑԵԱԼԻՑ. ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՈՒՄԱՆԵԱՆԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ

գրեց՝ Սիմոն Վրացեան

Փետրուար 18-ի յեղաշրջմանը յաջորդեցին յամառ ու երկարատեւ կռիւներ հայ ժողովրդի եւ բելշւիկների միջեւ:

Շատ հետաքրքրական են այդ կռիւները իրենց հերոսական մանրամասնութիւններով եւ արժէ, որ գրի առնուին: Դրա համար, սակայն, անհրաժեշտ է աւելի ուժեղ եւ աւելի վառ գոյներ ունեցող գրիչ: Ես կը սահմանափոկուեմ, արձանագրելով միայն մի միջադէպ – Յովհաննէս Թումանեանի գալը Երեւան: Թո՛ղ դա լինի մի փունջ դաշտային ծաղիկ-համեստ եւ աննշմար-իմ կողմից դրուած մեծ բանաստեղծի թարմ հողաթմբի վրայ:

—-

Նախատեսելով իրենց պարտութիւը՝ բոլշեւիկները առաջուց նահանջի պատրաստութիւններ էին տեսել: Եւ փետրուարի 18-ին, վաղ առաւօտեան, Հայաստանի Յեղկոմը եւ Կոմունիստական կուսակցութեան Կենտրոնական Կոմիտէն, առնելով իրենց հետ առատ ռազմամթերք, երկու զրահապատ գնացքները, 10 վագոն հաց եւ ուրիշ մթերքներ, բոլոր մասնագէտ զինուորականներին, ռուս զօրամսերը եւ Չէկայի ու կոմունիստական մարտական խմբերը՝ քաշուեցին դէպի Ղամարլու: Նրանց նպատակն էր կենտրոնանալ թրքական շրջաններում, վերակազմուել, նոր ուժեր հաւաքել եւ մի քանի օրից յետոյ նորից վերագրաւել Երեւանը:

Եւ այդպէս էլ վարուեցին: Բռնի զօրակոչ անելով Ղամարլուի հայկական գիւղերում, կարգի դնելով իրենց ուժերը եւ ստանալով Շարուրից Արա Գուլի բէգի «կոմունիստական» խմբի օժանդակութիւնը՝ նրանք, փետրուարի 26-ին, կատաղի յարձակում գործեցին Երեւանի վրայ եւ հասան գրեթէ մինչեւ կայարանի շրջակայքը, սակայն հանդիպելով ժողովրդի բուռն դիմադրութեան, երկու օրուայ յուսահատական ճիգերից յետոյ, փախուստի դիմեցին կրկին Շարուրի կողմերը:

Երկու շաբաթ անցած՝ նրանք մի անգամ էլ փորձեցին գրաւել Երեւանը: Մարտի կէսերին, բոլշեւիկեան զօրամսերը, զրահապատ գնացքների պաշտպանութեան տակ, գրոհ տւին Հայաստանի մայաքաղաքի վրայ, բայց այս անգամ էլ հանդիպեցին ժողովրդի խելայեղ դիմադրութեան:

Հինգ օր անընդհատ, գիշեր ու ցերեկ, կռիւներ տեղի ունեցան Աղբաշի, Շէնգաւիթի եւ Հրազդանի ուղղութեամբ: Հայրենիքի Փրկութեան Կոմիտէի կոչի վրայ ամէն կողմից կռուի վրայ շտապեցին անհաշիւ զինուած խմբեր, որոնք մարտ 19-ին անցան ընդհանուր հակայարձակաման եւ 20-ին մտան Ղամարլու:

Թշնամին՝ ջարդուփշուր եղած՝ դիմեց փախուստի եւ ամրացաւ Շիրազլու-Աւշարի ճախճախուտների ու աւազների մէջ: Ժողովրդային ուժերի ձեռքը անցան առատ ռազմամթերք, թնդանօթներ, գնդացիրներ, բաւականաչափ հրացան եւ երկու հարիւրից աւելի գերիներ:

Երեւանը մի անգամ էլ ազատուեց բարբարոսների ներխուժումից: Քաղաքացիների ուրախութիւնը անսահման էր: Գիւղացիների զինուած խմբերը, գոհ յաղթանակից՝ երգերով վերադառնում էին իրենց տները՝ վառ ցոյցերի հանդիպելով քաղաքի փողոցներում:

Այդպէս էր այն ժամանակ: Երբ սուր վտանգ էր ներկայանում, ամէն կողմից ճակատ էին թափւում բազմահազար զինուած գիւղացիներ: Հէնց որ անմիջական վտանգը անցնում էր՝ նրանց մեծ մասը ցրւում էր տները, եւ առաջաւոր դիրքերում մնում էին միայն մնայուն զօրամասերն ու խմբերը:

Այդ յաջող գործողութիւններից յետոյ, երբ մենք զբաղուած էինք Ղամարլուի ճակատի ընթացքիկ խնդիրների կարգադրութեամբ, ինձ կանչեցին հեռախօսի մօտ: Հայրենիքի Փրկութեան Կոմիտէի անդամ Կարօ Սասունին Սուխոյ Ֆօնտանից հաղորդում էր, որ Ելենովկայից առաջաւոր դիրքերն է հասել բանաստեղծ Յովհաննէս Թումանեանը եւ արտօնութիւն է խնդրում Երեւան գալու:

Յովհաննէս Թումանեանը առաջաւոր դիրքերո՞ւմ: Դժուար էր հաւատալ: Բայց Կ. Սասունին նորից ու նորից կրկնում էր.

-Այո՛, Յովհաննէս Թումանեանը: Նա գալիս է Թիֆլիսից: Ինչ որ կարեւոր յանձնարարութիւններ ունի:

Ես կարգադրեցի, որ անմիջապէս ընդունեն նրան եւ ուղարկեն Երեւան:

Ինչո՞ւ Թումանեանը պիտի գար Երեւան: Մեր ռատիոն համարեա ամէն օր բռնում էր Թիֆլիսի բոլշեւիկեան հեռագիրները, որոնց մէջ քիչ չէինք  հանդիպում եւ հայհոյանքներ մեր հասցէին: Բայց Թումանեանի ճամփորդութեան մասին չկար ոչ մի լուր: Ուրեմն բոլշեւիկների կողմից չէ որ գալիս էր: Կամ գուցէ որեւէ գաղտնի յանձնարարութիւններ ունէր:

Ես իմ հոգում մտածում էի, թէ նա զինադադարի կամ հաշտութեան առաջարկութիւն է բերում ռուս բոլշեւիկների կողմից: Եւ, ի հարկէ, մենք չէ, որ պիտի արհամարհէինք այդ ուղղութեամբ արուած որեւէ լուրջ քայլ:

Անհամբեր սպասում էի նրա գալուն:

Երեկոյան արդէն մթնել էր, երբ լուր բերին, թէ Թումանեանը հասել է եւ սպասում է վարը՝ ներքին գործոց նախարարութեան մէջ: Ես շտապեցի իջնել:

Թումանեան ներքին գործոց նախարարութեան սպասման սրահում էր: Ցրտից կարմրած թշերով, ժպտուն աչքերով՝ նա իր խոշոր քայերով մօտեցաւ ինձ, ջղաձգօրէն երկարեց ձեռքերը եւ ամուր գրկեց ու համբուրեց ինձ: Մի քանի շտապ բացագանչութիւններ, մի քանի կարճ հարցումներ ու փոխադարձ ողջոյններ, եւ մենք մտանք ներս՝ առանձնասենյակը:

-Տնաշէ՜ն, էտ հո բոլորովին ուրիշ զատ ա… էս սկի մեր կարծածը չի,- ասում էր նա՝ շփելով ձեռքերը եւ խօսքը ուղելով ինձ:

Կարօտով նայում էր որդուն՝ Համլիկին, որ մեզ մօտ կառավարական դիւանատան վարիչ էր եւ այդ րոպէին յուզուած պտտում էր հօր շուրջը:

-Մեզ հավատացնում էին, թէ սա մի խումբ մաուզէրիստների գործ ա,- կրկնում էր նա, երբ արդէն տեղաւորուած էինք առանձնասենեակում,- մա՛րդ Աստուծոյ, ի՜նչ մաուզէրիստներ: Էս հո ամբողջ հայոց ազգն ա ոտքի ելել:

Ես պատուիրեցի քաքաօ ու հաց բերել: Նա մեծ ախորժակով խմեց տաք քաքաօն ու բաւականութեամբ կերաւ չոր հացի կտորը: Եւ մէջ ընդ մէջ համառօտ ու կցկտուր կերպով պատմեց «Ոդիսականը»:

Նրան ուղարկել են Թիֆլիսից- հայ գաղութը: Եկել է՝ տեղն ու տեղը ծանօթանայ դրութեան: Ճանապարհին ստիպուած է եղել մնալ Ելենովկայում, բոլշեւիկ Աթարբէգեանի մօտ, եւ այդտեղ միայն համոզուել է, թէ ինչքա՜ն սխալ գաղափար են ունեցել Թիֆլիսում Հայաստանի դէպքերի մասին:

Ելենովկայում նա ականատես է եղել բոլշեւիկների գործունէութեան: Տեսել, է թէ ինչպէս Աթարբէգեանը սպառնալիքի տակ հաւաքելիս է եղել  շրջակայ գիւղերի մալականներին (ռուս), զինել նրանց եւ ճակատ ուղարկել: Նա աշխատել է համոզել Աթարբէգեանին, որ վերջ տայ կռուին եւ փորձէ հաշտութեան բանակցութիւններ սկսել, բայց Աթարբէգեանը միայն ծիծաղով է պատասխանել.

-Ի՞նչ հաշտութիւն, մի քանի օր եւս – եւ Երեւանը անձնատուր կը լինի ու «Դաշնակ»ները արեան մէջ կը խեղդուին:

Աթարբէգեանը մի շաբաթուայ չափ իր մօտ է պահել Թումանեանին՝ այն յոյսով, որ շուտով Երեւանը կ’ընկնի, եւ ինքը Թումանեանի հետ միասին կը մտնի քաղաք: Անշուշտ, այդ բանը տպաւորութիւն պիտի գործէր ժողովրդի վրայ: Սակայն Թումանեանի թախանձանքների ու Օրջօնիկիձէի հրամանագրի վրայ՝ Աթարբէգեանը յանձնում է նրան մի խումբ զինուորների եւ մալականի սահնակով ուղարկում առաջաւոր դիրքերը:

Սուխոյ Ֆօնտանի եւ Ախտայի միջեւ, նրանց նշմարում են մեր պահակները եւ, թշնամուն հետախոյզների տեղ դնելով, կրակ են բաց անում: Պոլշեւիկ զինուորները խուճապի մատնուած փախչում են, թողնելով Թումանեանին մինակ, ձիւների մէջ: Թումանեանն իր ամբողջ հասակով կանգնում է սահնակի վրայ եւ բարձր բռնած սպիտակ դրօշակը՝ սկսում է կանչել, մինչեւ որ մերոնք նկաում են դրօշակը եւ, վերջ տալով կրակին, իմաց են տալիս «շտաբ», թէ ինչ որ մի տարօրինակ մարդ է եկել եւ դրօշակ բարձրացրած՝ կանչում է իրենց ուղղութեամբ:

«Շտաբ»ից կարգադրում են անմիջապէս բերել նրան Սուխոյ Ֆօնտան, եւ մեր յառաջապահ գիւղերից մարտիկները խնամքով կապում են նրա աչքերը – «որպէսզի մեր զինուորական գաղտնիքները չտեսնի» – եւ բերում են «շտաբ»:

Մի քանի ժամ շարունակ ձեան ու ցրտի մէջ սպասելով՝ Թումանեանը սաստիկ մրսում է եւ, ինչպէս ասում էր ինքը կատակելով՝ մալականի տաք խրճիթը – մեր «շտաբ»ը-նրան արքայութիւն է թուացել:

Կարօ Սասունին տաքացնում ու կերակրում է նրան եւ մի սպայի հետ ուղարկում Երեւան: Սպան-ափսո՜ս, չեմ յիշում անունը-ինձնից յատուկ ստացական առաւ, որ իրեն յանձնուած մարդուն ապահով տեղ է հասցրել: Թումանեանին այդ բաւական զուարճացրեց:

Մեր խօսակցութեան հէնց սկզբին Թումանեանը խնդրեց, որ ես բաց ու անկեղծ կերպով առանց որեւէ բան թաքցնելու, նկարագրեմ իրեն իսկական դրութիւնը:

Եւ ես ամփոփ կերպով պատմեցի դեկտեմբեր 2-ից յետոյ կատարուած դէպքերը եւ բոլշեւիկների ստեղծած դրութիւնը Հայաստանում, տուի կարդալու այն հեռագիրները, որոնք փետրուար 18-ից առաջ փոխանակուել էին Օրջօնիկիձէի եւ Հայաստանի Յեղկոմի ու Չէկայի անդամների  միջեւ եւ որոնք ցոյց էին տալիս, թէ Հայաստանում ստեղծուած դժողքը արդիւնք էր ծրագրուած քաղաքականութեան, որ կատարուող բռնութիւններն ու վայրագութիւնները բղխում էին Երեւանի «երիտասարդ կոմունիստներից» եւ վաւերացւում ու թելադրւում էին Բագուից:

Ցոյց տուի մեր ռատիոյի կողմից բռնուած այն հեռագիրները, որ Շարուրի շրջանի բոլշեւիկները իրենց ձեռքին գտնուող փոքրիկ ռատիոյի միջոցով տուել էին Բագու ու Թիֆլիս եւ որոնց մէջ Կասեան-Աւիս-Դօվլաթեան խմբակը յայտարարում էր, թէ Հայաստանում տեղի ունեցած յեղաշրջումը հետեւանք է «մի խումբ մաուզէրիստների եւ Դաշնակիցների դաւաճանութեան» եւ որ այդ շարժումը շուտով կը ճնշուի եւ նրա հեղինակները արեան մէջ կը խեղդուին:

Հեռագիրների մէջ մեր դէմ թափւում էին փողոցային լուտանքներ եւ ամենահրէշային զրպարտութիւններ: Ասւում էր, որ իբր թէ, երեւանում բոլոր բոլշեւիկները գնդակահարուած են եւ որ մենք տէռօրի տակ ենք պահում ժողովուրդը:

Թումանեան առանձին ուշադրութիւն դարձրեց Կասեան, Աւիս եւ, կարծեմ, Դօվլաթեան ստորագրութիւնները կրող մի շատ հայհոյալից հեռագրի վրայ, որը-յիշում եմ- սկսում էր հետեւեալ բառերով.

–  «Մաուզէրիստների մի աւազակախումբ, դահիճ Վրացեանի գլխաւորութեամբ, իր ձեռքը ձգելով Երեւանի ռատիսկայանը, ամէն կողմ հեռագիրներ է ուղարկում Հայաստանում կատարուած յեղաշրջման մասին»:

Եւ ապա Կասեանն ու իր ընկերները ճգնում էին հաւատացնել, որ ամբողջ Հայաստանը իրենց ձեռքն է եւ որ «Դաշնակ»ները միայն ռատիոկայանին են տիրացել եւ այն էլ շուտով կը խլուի նրանց ձեռքից:

Կարծեմ հէնց նոյն հեռագրի մէջ ասուած էր, որ, իբր թէ, մենք Երեւանի բանտում կոտորել ենք բոլոր կոմունիստներին ու բոլշեւիկ գերիներին եւ այդ առթիւ սարսափելի սպառնալիքներ էին ուղղւում մեր հասցէին:

Ես ցոյց տուի Թումանեանին այն արձանագրութիւնը, որ կազմել էին պարսից հիւպատոս Ասաղուլլա Խանը, Ամերիկեան Կոմիտէի ներկայացուցիչ դօքտ. Ըշըրը եւ իտալական առեւտրական գործակալը, որոնք Հայրենիքի Փրկութեան Կոմիտէի համաձայնութեամբ, այցելել էին Երեւանի զինուորական ու քաղաքացիական բանտերը, մանրամասն ծանօթացել բանտարկեալների վիճակին, խօսել նրանց հետ եւ ինձ գրաւոր կերպով հաղորդել, թէ իրենք գոհ են մնացել ընդհանուր կացութիւնից: Երկու բանտերում մօտ հազար հոգի բանտարկուածներ կային՝ կոմունիստներ ու գերի զինուորներ: Նրանց տրւում էր թէյ՝ խտացրած կաթով, բժշկական օգնութիւն եւլն.:

Ի հարկէ նրանց վիճակը փայլուն չէր, բայց Հայաստանում ո՞ւմ վիճակն էր փայլուն այդ ժամանակ…

Վերջապէս, ես հաղորդեցի Թումանեանին այն տեղեկութիւնները, որ հէնց նոր էինք ըստացել Աղբաշի ճակատում գերի առնուած ռուս զինուորներից եւ որոնք հաստատուեցին նաեւ ուրիշ աղբիւրներից:

Գերիները պատմում էին, որ զինուորական կոմիսար Աւիսը, Երեւանի վրայ յարձակում գործելուց առաջ, մի զինուորական միթինգի մէջ խուժանավարական ու գրգռիչ ճառով յայտարարել է, որ, իբր թէ, Յեկոմը որոշել է Երեւանը գրաւելուց յետոյ, քաղքը երեք օր թողնել զինուորների կամքին:

-Երե՛ք օր շարունակ Երեւանը ձերն է. արէ՛ք՝ ինչ որ ուզում էք…

Ինչպէս ասում են, այս փաստը յետագային հաստատել են ե՛ւ Շարուրի ճակատից վերադարձած կոմունիստները:

Այս լուրերը ազգաբնակութեան մէջ ստեղծել էին ջղային տրամադրութիւն: Ամէնքը հաւատացած էին, որ եթէ բոլշեւիկներին յաջողուի նորից տէր դառնալ Երեւանին, արիւնը գետի պէս պիտի հոսի փողոցներում: Եւ հասկանալի է այն զայրոյթը, որ ժողովուրդը տածում էր հանդէպ բոլշեւիկների:

Իբրեւ եզրակացութիւն ես ասացի, որ փետրուար 18ի շարժումը առաջ եկաւ՝ հակառակ մեր կամքի եւ բոլշեւիկների ջանքերով: Դաշնակցութիւնը ամէն կերպ աշխատեց երկիրը հեռու պահել քաղաքացիական կռուից, բայց, երբ ժողովուրդը ոտքի կանգնեց՝ նրա պարտականութիւնն էր լինել ժողովրդի հետ: Յեղաշրջումից յետոյ մեր առաջին հեռագիրներից մէկը գնացել է Մոսկուա, որով մենք յայտնում էինք, թէ հայ ժողովուրդը Ռուսաստանի դէմ չէ, որ դուրս է եկել, այլ իր անմիջական հարստահարիչների, եւ խնդրում էինք վերջ տալ կռուին եւ հաշտութիւն կնքել մեզ հետ:

Ի պատասխան մենք ստացել ենք միայն սպառնալիքներ եւ ո՛չ մի տեղից հաշտարար խօսք չենք լսել: Հիմա մեզ ոչինչ չի մնում, բայց դիմագրաւել, պաշտպանել ժողովրդի կեանքը, ստացուածքն ու նամուսը: Կը դիմադրենք, որքան որ կարող ենք- այդ է ժողովրդի միահամուռ կամքը:

-Բայց մի՞թէ դուք չէք ուզում փորձել համաձայնութեան գալու հէնց ձեր դէմ կռուող բոլշեւիկների հետ,-հարցրեց Թումանեանը:

-Ի՞նչ համաձայնութիւն: Այս բոլորից յետոյ, այսպիսի հեռագիրներ տուող մարդկանց հետ կարելի՞ է համաձայնութեան գալ: Համաձայնութիւն հնարաւոր է Ռուսաստանի բոլշեւիկների հետ, բայց Մոսկուան լռեր է ու չի պատասխանում մեր դիմումներին, իսկ Աթաբէգեանի եւ Աւիսի հետ ի՞նչ հաշտութիւն կարող է լինել:

Այնուհետեւ ես յայտնեցի, թէ մենք մի քանի անգամ դիմել ենք մեր դէմ կռուող բոլշեւիկներին եւ, յատկապէս, ռուս զինուորներին, որ վերջ տան յարձակումներին եւ հաշտուեն մեզ հետ: Բայց, ինչպէս հաստատւում են գերիների ցուցմունքները, նրանք՝ իրենց ղեկավարների ազդեցութեան տակ՝ վախենում են անցնել մեր կողմը, եւ միայն քչերն են սիրտ առնում այդ քայլն անելու եւ, երբ հասնում են Երեւան, զարմանքով տեսնում, որ իրենց պատմւած բոլոր սարսափները առասպել են:

Թումանեանը լարված ուշադրութեամբ հետեւում էր իմ պատմութեանը եւ հաղորդածս փաստերին: Մերթ ընդ մերթ ընդհատում էր ինձ բացագանչութիւններով ու զանազան հարցումներով: Ինքն էր մէջ բերում այս կամ այն փաստը կամ իմ պատմածի լուսաբանութիւնն էր տալիս: Յուզւում էր չափից աւելի:

Իմ տեղեկութիւնները լսելուց յետոյ՝ նա նորից, այս անգամ աւելի մանրամասն կերպով, պատմեց իր առաքելութեան պարագաների մասին: Նրա ասելով՝ Թիֆլիսում բոլորի մէջ այն համոզումն էր տիրում, որ Հայաստանի յեղաշրջումը կատարուել է մի խումբ մաուզէրիստների ձեռքով, որ այստեղ ինչ որ կուսակցական կռիւ է տեղի ունենում իշխանութեան համար: Այդպէս է նկարագրում դրութիւնը բոլշեւիկեան մամուլը: Թիֆլիսում համոզուած են, որ Հայաստանի ամբողջ մտաւորականութիւնը վտանգի մէջ է:

Այդ առթիւ Թիֆլիսի հայութիւնը ժողով է արել եւ որոշել է մէկին ուղարկել Երեւան, մի կողմից դրութեանը մօտից ծանօթանալու եւ միւս կողմից, եթէ հնար է օգնութիւն ցոյց տալու համար: Շատերը խնդրել են, որ Թումանեանը գայ. նա յանձն է առել: Գաղութը այդ ճամբորդութեան համար հաւաքել է որոշ գումար: Ինքը դիմել է Օրջօնիկիձէին եւ վերջինս համաձայնութիւն է յայտնել աջակցելու:

Թիֆլիսի վիճակը Թումանեանը նկարագրում էր ընդհանրապէս լաւ գոյներով: Իշխանութեան փոփոխութիւնը կատարուել է առանց միջադէպի. բոլշեւիկները ոչ մի հալածանք չեն անում. ոչ ոքի դէմ բռնութիւն չկայ: Կոմունիստները, մասնաւորապէս խրախուսում են գրականութիւնն ու գեղարուեստը: Իրեն իրաւունք են տուել գրողների միութիւն կազմելու: Ստեղծուել է հայ արուեստի տուն՝ «Հայարտուն», որի գլուխը ինքն է կանգնած: Օրջօնիկիձէն իրեն տուել է մի գումար, եթէ չեմ սխալւում, երեք եւ կէս միլիոն րուբլի, հրատարակչական նպատակների համար:

-Շատ բարի, իսկ ի՞նչ է ձեր տպաւորութիւնը Հայաստանից,-հարցրի ես:

Նա պատասխանեց խիստ յուզուած.

-Ի՞նչ տպաւորութիւն… էս որ ես եմ տեսնում՝ բոլորովին այն չէ, ինչ որ Թիֆլիսում էին պատմում… Պալամ, ի՞նչ մաուզէրիստներ. սա ընդհանուր ժողովրդական շարժում է, ժողովրդական զայրոյթի պոռթկում…

Ու սկսեց հիացումով պատմել իր ստացած տպաւորութիւնները հայ գիւղացիներից, որոնք ամէն տեղ մի մարդու պէս՝ դիմադրում էին բոլշեւիկներին: Պատմեց իր տեսածն ու լսածը ճակատում, Սուխոյ Ֆօնտանտում եւ ամբողջ ճանապարհին:

Պարզ էր, որ նա անակնակլի էր եկել: Նա Թիֆլիսից դուրս էր եկել այն համոզումով, որ Հայաստանում կատարուած յեղաշրջումով ինչ որ դաւ, սեւ ոճիր է գործուել հայ ժողովրդի նկատմամբ. եւ, յանկարծ, տեսնում է, որ ժողովուրդը ինք է հեղինակը եւ հերոսը այդ յեղաշրջման: Եւ իբրեւ զգայուն, անմիջական ապրումների տէր մարդ, նա չէր կարող չազդուել ու չհամակուել այն զգացումներով, ինչ որ ունէր ժողովուրդը: Մի հոյակապ, ընդհանրական, անկեղծ եւ գերազանցապէս արդար շարժում, որպիսին էր փետրուարեան պոռթկումը, չէր կորող չվարակել ե՛ւ Թումանեանին:

Ես առանձին բաւականութեամբ լսում էի նրան եւ ուրախութեամբ դիտում նրա ներքին փոթորկումները: Փետրուարի 18-ին յաջորդող եղերական օրերին, ինձ համար այդ վայրկեանը ամենից աւելի հաճելի վայրկեաններից էր, որովհետեւ ես իմ աչքերով տեսայ, թէ ինչպէ՜ս դրսից եկած եւ մեր գործերի մասին բոլորովին բացասական կարծիք ունեցող մի անձ, իրականութեան հետ շփուելուց յետոյ, կերպարանափոխուեց եւ յարեց մեզ…

Չեմ հիշում այժմ շատ բան մեր զրոյցից, բայց յիշում եմ, որ մենք բազմաթիւ հարցեր շօշափեցինք: Բաժանուելուց առաջ ես նրան խոստացայ ամէն յարմարութիւն ստեղծել ծանօթանալու տիրող պայմաններին եւ նրա տրամադրութեան տակ դնելու ռատիոկայանը Թիֆլիսի հետ յարաբերութիւն ունենալու համար: Նա իր հերթին վստահեցրեց, որ ինքը կը գործադրի իր ձեռքից եկած բոլոր միջոցները աջակցելու, որ վերջ դրուի այս կռուին:

-Օգտուեցեք իմ ուժերից ինչպէս կարող էք: Ես ամբողջապէս ձեր տրամադրութեան տակն եմ… Ձեր գործը սուրբ է… Ձեր գործը սուրբ է… ես իսկոյն կը հեռագրեմ Թիֆլիսի ամէն բան… Նրանք էնտեղ սխալ գաղափար ունին… Շա՛տ սխալ…

Յիշում եմ, որ նրա մեկնելուց առաջ ես ասացի.

-Տեսնո՞ւմ էք՝ ինչ լաւ տրամադրութիւն կայ մեզ մօտ Հայաստանում: Ափսո՜ս, լաւ օրերին չեկաք, որ մի լաւ քէֆ անէինք:

-Փա՛հ, տնաշէն, բանը քէֆի մնայ՝ դեռ ժամանակ կ՛ունենանք… Ամա դրուստ ես ասում, առաջ պիտի եկած լինէի:

-Ոչի՛նչ, էլի լաւ օրեր կ’ունենանք: Իսկ այժմ գնացէք մի լաւ հանգստացէք, ճանապարհից յոգնած կը լինէք: Ձեզ յանձնում եմ ձեր որդու խնամքին եւ…պատասխանատութեան:

Նա ծիծաղեց եւ Համլիկի հետ հեռացաւ, իսկ ես գնացի նախարարապետի առանձնասենյակը, ուր ընկերներից ոմանք սպասում էին վերադարձիս:

Ես աշխատեցի ըստ կարելւոյն հարազատ ճշդութեամբ պատմել մեր ամբողջ խօսակցութիւնը:

-Շատ լաւ, ընդմիջեց ինձ մէկը, բայց ի՞նչ է նրա գալու նպատակը: Ինչո՞ւ համար է եկել…

Իսկապէս, ինչո՞ւ համար էր եկել: Հայ մտաւորականութիւնը փրկելու ցանկութիւնը, ի հարկէ, սուրբ գործ էր, բայց ինչպէ՞ս էր մտածում նա փրկել այդ մտաւորականութիւնը: Անգամ եթէ ենթադրէինք, որ Երեւանը, իրօք «մի խումբ մաուզէրիստների» ձեռքն է ընկել, ինչ գործնական ելք էին առաջարկում Թիֆլիսահայերը եւ ինքը՝ Թումանեանը: Հաշտուել բոլշեւիկների հետ, բայց չէ որ մեզանից չէր կախւած այդ, այլ բոլշեւիկներից: Անձնատուր լինել, բայց ի՞նչ երաշխիքներով: Չէ՞ որ, վերջապէս, անմտութիւն էր գնալ ու կացնի տակից մազապուրծ եղած մարդկանց առաջարկել նորից կացնի տակը մտնելու…

Դրւում էին մի շարք հարցեր, որոնց ես անզօր էի պատասխանել: Ես կարող էի միայն տպաւորութիւններս յայտնել, իսկ իմ տպաւորութիւնը այն էր, որ Թումանեանը մասամբ բոլշեւիկների խօսքերից, գուցէ եւ թափած սպառնալիքներից ազդուած, մասամբ Թիֆլիսի հայկական որոշ շրջաններում տիրող տրամադրութիւնները ի նկատի ունենալով, ինքն էլ այն համոզումն է ունեցել, որ Երեւանում իսկապէս մի ոճիր է նիւթուել եւ որ ինքը իր հեղինակութեամբ կարող կը լինի նա առաջն առնել եւ հաշտեցնել կռուող կողմերը: Գալով Հայաստան, նա յանկարծ, տեսել է, որ այստեղ խօսքը իշխանութեան կռուի կամ կուսակցական ընդահարումների մասին չէ, ինչպէս ենթադրում էին Թիֆլիսում, այլ համաժողովրդական մի տարերային շարժման: Եւ եթէ Թիֆլիսից դուրս գալիս նա ունեցել է որեւէ գործնական ծրագիր, այժմ՝ տեսնելով ամէն բան՝ անհնար եւ անօգուտ է գտնում այդ ծրագրի մասին խօսելը…

Կարելի է ենթադրել ե՛ւ ուրիշ բան: Այն, որ նա որոշ յանձնարարութիւն ունի ո՛չ միայն Թիֆլիսահայ գաղութից, այլ եւ Օրջօնիկիձէից, բայց առայժմ անյարմար համարեց այդ մասին բան ասելու ինձ եւ կը յայտնի՝ Երեւանի պայմաններին աւելի մօտից ծանօթանալուց յետոյ:

Ես նոյն օրն եւեթ Օրջօնիկիձէին [Օրջօնիկիձէն այն ժամանակ Մոսկուայի ներկայացուցիչն էր Կովկասում, 11-րդ բանակի քաղաքական մասի վարիչը եւ Ռուսաստանի Կոմունիստական կուսակցութեան Կովկասեն Բիւրօյի-Կաւբիւրօի-նախագահը – Ս. Վ.] տուի հետեւեալ հեռագիրը.-

«Թիֆլիս, Օրջօնիկիձէին,

«Այսօր Երեւան հասաւ բանաստեղծ Յովհաննես Թումանենաը, որի հաղորդածներից երեւում է, որ դուք բոլորովին սխալ տեղեկութիւն ունիք Հայաստանի դէպքերի մասին: Հայաստանի յեղաշրջումը անպատասխանատու խմբակների գործ չէ, այլ բառի բուն նշանակութեամբ ամբողջ ժողովրդի, որը կռւում է իր գոյութեան համար: Գիտցէք, որ միայն հայ գիւղացիութան եւ բանուորների դիակների վրայով կարելի է հասնել Երեւան: Թումանեանին տրւում է լիակատար հնարաւորութիւն ծանաօթանալու իրերի իսկական դրութեանը եւ իրազեկ դարձնելու ձեզ: Մարտ 20»:

Յաջորդ օրը ես խնդրեցի Թումանեանի մօտիկ բարեկամներից մի քանիսին, ի թիւս որոնց Յ. Քաջազնունուն, տեսնուել նրա հետ եւ խօսել յատկապէս նրա առաքելութեան նպատակի մասին:

Նրանք էլ ոչինչ նոր բան չաւելացրին: Նոր առաջարկութիւններ չարաւ նա եւ մեր յետագայ տեսակցութիւնների ժամանակ: Ըստ երեւոյթին, իրօք որ ճամորդութիւնը կրում է մասնաւոր եւ միայն բարոյական բնոյթ եւ, իբրեւ այդպիսին, գործնական հետեւանքներ չէր կարող ունենալ:

Այնու ամենայնիւ, կարգադրուեց Թումանեանին տալ պահանջուած բոլոր ցուցմունքներն ու լուսաբանութիւնները գործերի դրութեան մասին: Որպէս հետեւանք իր ծանօթութիւնների, նա մարտի 24-ին Օրջօնկիձէին ուղարկեց հետեւեալ հեռագիրը, որի բնագիրը, Թումանեանի սեփական ստորագրութեամբ, ձեռքիս տակ է եւ, ուրեմն, առաջ եմ բերում միանգամայն հարազատութեամբ ու բառացի կերպով.-

«Թիֆլիս, Օրջօնիկձէին,

«Արդէն հինգերորդ օրն է Երեւանում եմ: Ծանօթանալով գործերի դրութեանը՝ ես կատարելապէս համոզուեցի, որ մեզ մօտ Թիֆլիսում կազմուած կարծիքը Հայաստանի դէպքերի բնաւորութեան մասին չի համապատասխանում իրականութեան: Շարժումը սկսուել է գիւղացիութեան մէջ զանազան շրջաններում, տարածուել է մինչեւ Երեւան եւ իր ետեւից քաշել է մտաւորականութիւնը: Ստեղծուել է հետեւեալ վիճակը. զէնքերը ձեռքին կանգնած են միմիեանց դէմ մի կողմից Հայաստանի բանուորներն ու աշխատաւոր գիւղացիութիւնը, միւս կողմից՝ կոմունիստների զինուած ուժերը, եւ արիւնը հոսում է առանց թշնամութեան ու փոխադարձ բնաջնջման հիմքի: Ռազմաճակատում ընկեր կոմունիստները որոշ կերպով ասում էին, որ ամբողջ յեղափոխութեան ընթացքին կարմիր բանակը չի ունեցել աւելի անիմաստ պատերազմ: Ուստի ջերմագին խնդրում եմ ձեր հեղինակաւոր միջամտութիւնը, որպէսզի շուտով վերջ տրուի այս ոչ ոքի համար հարկաւոր արիւնահեղութեան: Կարեւոր եմ համարում աւելացնել, որ յեղաշրջումից յետոյ ձերբակալուած բանտարկեալներից եւ ո՛չ մէկը եւ ո՛չ մի ռազմագերի այստեղ չի՛ գնդակահարուած: Համանման հաղորդագրութիւն անում եմ եւ ռազմաճակատի ընկեր կոմունիստներին: Եթէ պահանջւում են լրացուցիչ տեղեկութիւններ, խնդրում եմ կանչել ինձ ռատիոյի մօտ»:

Յովհաննէս Թումանեան»

Այս հեռագիրը նոյն օրն իսկ փոխադրուեց Թիֆլիս, եւ Երեւանի ռատիոկայանը ընդունեց Թիֆլիսի ռատիոկայանի ստացականը՝ հեռագրի տեղ հասնելու մասին:

Կարծեմ միւս օրը, թէ երկու օր յետոյ, Թումանեանը գրեց եւ մի նամակ Աթարբէգեանին եւ յանձնեց ինձ, որ ուղարկեմ ըստ պատկանելւոյն: Այդ նամակը կրում էր զուտ անձնական բնոյթ եւ իր մէջ որեւէ գործնական առաջարկութիւն չէր պարունակում: Ես նամակը ուղարկեցի ճակատ, բայց վերսկսուած եւ անընդհատ շարունակվող կռիւները այլեւս անհնարին դարձրին տեղ հասցնելու, եւ նամակը վերադարձուեց ինձ:

Մինչեւ վերջ Օրջօնիկիձէն չպատասխանեց Թումանեանին, ոչ էլ կանչեց նրան ռատիոյի մօտ: Ընդհակառակը, մի քանի օր անցած, մեր ռատիոկայանը ընդունեց Օրջօնիկիձէի ստորագրութիւնը կրող եւ Հայրենիքի Փրկութեան Կոմիտէի նախագահին ուղղուած մի խիստ սպառնական հեռագիր, որով պահանջւում էր մեզանից անմիջապէս անձնատուր լինել, յանձնել զէնքերը եւ խորհրդային իշխանութեան գթութեան ապաւինել:

Օրջօնիկիձէն յայտնում էր, որ եթէ այս պահանջը անյապաղ գործադրուի, ապստամբութեան ղեկավարները կարող են յոյս ունենալ խորհրդային իշխանութեան գթասրտութեան, հակառակ դէպքում, ամէնքին սպասում է ռազմայեղափոխական դատարանի անողոք դատավճիռը:

Գրեթէ միաժամանակ բռնուեց եւ Շարուրի ուղղութեամբ գտնուող բոլշեւիկեան ռատիոյի մէկ հեռագիրը, եթէ յիշողութիւնս ինձ չի դաւաճանում, դարձեալ Կասեան-Աւիս-Դօվլաթեան ստորագրութեամբ,- մի հեռագիր, որի մէջ փախստական բոլշեւիկները «յանուն Հայաստանի յեղափոխական բանուորութեան եւ աշխատաւոր գիւղացիութեան» բողոքում էին «բանաստեղծ Թումանեանի» դէմ, «որը գործիք է դարձել Դաշնակների ձեռքին» եւ, խեղաթիւրուած ձեւով ներկայացնելով իրականութիւնը, աշխատում է մոլորութեան մէջ ձգել խորհրդային իշխանութիւնը: Հեռագիրը կազմուած էր խիստ, կոպիտ եւ վիրաւորական արտայայտութիւներով եւ դրութիւնը ներկայացնում էր այնպէս, որ դուրս էր գալիս, թէ Թումանեանը Թիֆլիսում խաբել է բոլշեւիկներին եւ Երեւան գալով՝ անցել է «Դաշնակների» կողմը…

Երկու հեռագիրն էլ ես տուի կարդալու Թումանեանին: Նա չափազանց վշտացաւ ու սաստիկ կոտրուեց: Ըստ երեւոյթին, նա ուրիշ վերաբերում էր սպասում Օրջօնկիձէից: Կասեանի հեռագիրը նա շպրտեց սեղանի վրայ: Նրա ուղղամտութիւնն էր կասկածի տակ դրւում, մինչդեռ նա իր ընթացքով ո՛չ մի առիթ չէր տուել նման վերաբերմունքի…

Յիշում եմ, Օրջօնիկիձէի հեռագրի առթիւ ես նրան հարցրի.

-Դէ՛, ի՞նչ էք ասում, անձնատուր լինե՞նք: Բաւարար համարե՞նք այս հեռագիրը այդպիսի քայլ անելու համար: Կարծո՞ւմ էք, թէ այդ հեռագրով երաշխաւորուած է ապստամբ ժողովրդի ապահովութիւնը:

Նա լայն բացած աչքերով նայեց ինձ՝ համոզելու համար, թէ լո՞ւրջ եմ խօսում արդեօք, թէ կատակ են անում:

Ի հարկէ, նա այդ հեռագիրը համարում էր անբաւարար: Այդտեղ ոչ մի երաշխիք չկայ: Երաշխիքը կը լինէր, եթէ օրինակ,Օրջօնիկիձէին կարգադրէր կարմիր բանակին կանգ առնել, առաջ չշարժուել եւ միայն բանակցութիւնների միջոցով, համաձայնութեամբ կարգադրել խնդիրը, թէկուզ ամբողջապէս խորհրդային իշխանութիւնը ճանաչելու եւ անձնատուր լինելու պայմանով:

Նա հաւատում էր, որ եթէ Օրջօնիկիձէն ինքը գար Երեւան կամ առաջին անգամ Ռուսաստանից եկած զօրամասերը մտնէին քաղաք, բռնութիւններ չէին լինի: Բայց, եթէ Ելենովկայի կամ Շարուրի կողմից բոլշեւիկները գային, հետեւանքները կը լինէին աղէկտուր:

Նա առանձնապէս վախենում էր Ելենովկայի ճակատի բոլշեւիկներից, որնց գլուխն էր կանգնած Աթարբէգեանը: Ինքը մի շաբաթ ապրելով Աթաբէգեանի մօտ, լաւ տեղեակ էր նրա եւ նրա շրջապատի տրամադրութիւններին:

Նա համոզուած էր, որ Երեւանը գրաւելուց յետոյ, բոլշեւիկները քաղաքը կը մատնեն թալանի եւ արեան: Կոտորածը կը լինի անխուսափելիօրէն:

Թէ որքա՜ն մեծ էր նրա երկիւղը Աթաբէգեանի հորդորներից, երեւում է հէնց անձնական ապահովութեան համար շտապեց թողնել իր ապրած բնակարանը եւ ապաստան փնտռել Ամերիկեան Կոմիտէի յարկի տակ…

Օրջօնիկիձէի միջամտութիւնը հրաւիրելու անյաջող փորձից յետոյ, Թումանեանն այլեւս գործնական քայլեր չարաւ: Մնաց Երեւան մինչեւ վերջ, եւ սպասում դէպքերի բնական վախճանին: Նա ակնյայտնի կերպով տառապում էր ստեղծուած դրութիւնից. ինքը եկել էր շատ մեծ յոյսերով եւ ահա մնացել էր բոլորովին անզօր եւ արագ կերպով դէպի փլուզումը ընթացող դէպքերի վրայ որեւէ ազդեցութիւն չէր կարող անել…

Ես վերջին օրերին սակաւ էի հանդիպում եւ նրան եւ նրա մասին  տեղեկութիւներ ստանում էի երկրորդ ձեռքերից: Չեմ յիշում մի դէպք որ նա որեւէ դժգոհութիւն յայտնած լինի փետրուար 18-ի շարժման եւ նրա ղեկավարների ընթացքի դէմ: Ընդհակառակը, կատարուած դէպքերը նրան թւում  էին բնական եւ անխուսափելի հետեւանք այն դրութեան, որ դեկտեմբեր 2-ից յետոյ բոլշեւիկներն ստեղծել էին Հայաստանում:

Իր այս վերաբերումին Երեւանում նա հաւատարիմ մնաց մինչեւ վերջ. իսկ, երբ ապրիլ 2-ին Երեւանը նորից ընկաւ բոլշեիկների ձեռքը, նա աշխատեց ամէն կերպ թեթեւացնել հեռացած գործիչների ու մտաւորականների ընտանիքների դրութիւնը:

Անձնապէս ես այդ տեսակէտից առանձին երաշխիք ունիմ նրա այն ազնիւ, կարելի է ասել, հայրական վերաբերումի համար, որ նա ցոյց էր տուել դէպի իմ ընքտանիքը: Եւ այժմ տարագրութեան մէջ գտնուողներից շատերը ջերմ երախտագիտութեամբ են խօսում նրա այդ օրերի մարդկային գործի մասին…

—-

Ինչո՞ւ համար եմ ասում այս ամէնը:

Նրա համար, որ Թումանեանի վերջին տարիների կեանքի շուրջ շատ առասպելական պատմութիւններ ենք լսել գաղութահայ որոշ շրջանների մէջ: Եւ, յատկապէս, նրա համար,որ ահա երկու տարի է, իսկ աւելի եւս նրա մահունաից յետոյ, հայ կոմունիստները մեծ եռանդով աշխատում են ապացուցանել, որ Թումանեանը իրենց մարդն է…

Կարելի՞ է երեւակայել աւելի անհեթեթ ու աւելի ծիծաղելի կարծիք, քան այդ, – Յովհաննէս Թումանեանը՝ «բոլշեւիկների մարդ»… Արդեօք նրա ո՞ր յատկութիւններն են իրաւունք տալիս պնդելու, թէ ինչ որ գաղափարական բարեկամութիւն կայ կոմունիստների ու Թումանեանի միջեւ:

Յովհաննէս Թումանեանը նախ եւ առաջ մեծ բանաստեղծ է –հայ մեծագոյն բանաստեղծը մեր ժամանակների:

Բայց ի՞նչ է երգել նա, ի՞նչ զգացմունք ու միտք, ի՞նչ ոգի է դրել իր երգերի մէջ:

Հայ գիւղը, հայ գիւղացու բովանդակ կեանքը- ահա այն գերազանցապէս «մանրբուրժուական» գաղափարներով, որ Թումանեանի երկերի հիմնական նիւթը: Հայ ժողովրդական բանահիւսութիւնը, իր գեղարուեստական սքանչելիքներով-դարձեալ ազգային ու «մանր-բուրժուական» տարրը, որ Թումանեանի ներշնչման միւս առարկան է հանդիսանում: Եւ, վերջապէս, հայ ազգային-քաղաքացիական խնդիրներ – նրա «Էջմիածին Կանթեղը», նրա «Հայրենիքիս Հետ»ը, նրա հոյակապ տողերը՝ նուիրուած թրքահայկական պայքարին – դարձեալ բոլշեւիկների տեսակէտից, ազգայնական «մանր-բուրժուական», «հակայեղափոխական» եւ էլ ինչ անուն կ’ուզէք տուէք գրուածքներ….

Թումանեանը նաեւ աչքի ընկնող քաղաքացի է –ազգային-հասարակական գործիչ: Եւ այստեղ էլ նրա բնաւորութեան հիմնական գիծը նրա ազգային, «մանր-բուրժուական» կողմն է:

Նա իր հոգու բովանդակ էութեամբ հակառակ էր կոմունիզմին ու դասակարգային պայքարին:

Նրա գրուածքները, ա՛յո, ներշնչուած են մարդասիրական բարձր գաղափարներով. նա մոլեռանդ եւ անվերապահ ջատագով էր բոլոր ժողովուրդների համերաշխութեան ու խաղաղ կենակցութեան: Նա ուժեղ պացիֆիստ էր – ընդհանրական խաղաղութեան ու եղբայրութեան երազող: Յիշենք, թէկուզ, նրա «Մի Կաթիլ Մեղր» հրաշալիքը: Բայց չմոռանանք եւ այն, որ Թումանեանը Հայոց Ազգային Բիւրօի ամենագործօն անդամներից մէկն էր եւ համոզուած պաշտպանը կամաւորական, «հակայեղափոխական» շարժմանը: Մտաբերենք նաեւ, որ նա հայոց եկեղեցական-ազգային գործերին ամենաեռանդուն մասնակցողներից մէկն էր-դարձեալ «հակայեղափոխական «գործ:

Իր ա՞յս յատկութիւնների համար Թումանեանը «բոլշեւիկների մարդն էր»…

Թումանեանը մինչեւ իր ոսկորի ծուծը հայ ազգային բանաստեղծ էր եւ ազգային գործիչ: Եւ այս տեսակէտից նա ո՛չ մի դասակարգ եւ ո՛չ մի կուսակցաան մարդը չէր: Նա դաշնակցական չէր ե՛ւ այն ժամանակ, երբ անդամ էր Դաշնակցութեան: Եւս առաւել նա չի կարող լինել բոլշեւիկ կամ բոլշեւիկների մարդը: Նա համազգային է:

Նրա մէջ կարող են ներշնչման աղբիւրներ գտնել ամէնքը – ե՛ւ նրանք, որոնց համար նւիրական է «Էջմիածնի Կանթեղը», ե՛ւ նրանք, որոնց հայացքը ուղղուած է դէպի առաջ եւ որոնք հայ աշխատաւոր գիւղացիութեան ստեղծագործ հանճարի հետ են կապում հայ ժողովուրդի քաղաքական ու մշակութային զարգացումը:

Միայն նրանց համար, որոնք քաղաքացիական կռիւ են քարոզում եւ բռնութեան ու դիկտատուրայի վրայ են հիմնում իրենց ընկերային իտէալի իրագործում, նրա՛նց համար, այո՛, Թումանեանի քնարը ո՛չ մի երգ եւ ո՛չ մի շունչ չի տուել ներշնչման համար…

Մի գիծ կայ Թումանեանի հասարակական դէմքի մէջ, որ, թերեւս, կարող է նրան մօտեցնել բոլշեւիկներին. եւ այդ նրա անվերապահ ռուսասիրութիւնն է: Ռուսը նրա համար հայոց քաղաքականութեան այբն ու ֆէն է: Նրա համոզումով հայ ժողովրդի փրկութիւնը ամբողջապէս կախուած է ռուսից (այդ հաւատը ունին եւ հայ կոմունիստները):

Յիշեցէք նրա թուրքի դէմ կռուող եւ ակընդէտ ռուսի ճամբան նայող հայդուկի պատկերը՝ «Հայրենիքիս Հետ» գրքոյկի մէջ: Յիշեցէ՛ք նրա բազմաթիւ հրապարակախօսական յօդուածները, որոնց մէջ նա ռուսի գովքն է անում:

Բայց սա մի չնչին մանրամասնութիւն է, մի անցողական նշան նրա դիմագծի մէջ: Ա՛յն, որով Թումանեանը Թումանեան է եւ որով նա անմահ պիտի մնայ հայոց գրականութեան մէջ, տրամագծօրէն հակառակ է բոլշեւիզմի գաղափարաբանութեան ու զգացմունքներին…

Բոլշեւիզմ եւ Թումանեան- դրանք երկու տարբեր բեւեռներ են…

—–

Բայց… ես շատ շեղուեցի իմ սկզբնական նիւթից: Իմ նպատակը չէր բնաւ զբաղուիլ Թումանեանի լիակատար բնութագրով, ո՛չ էլ նրա մասին ունեցած իմ բոլոր յիշողութիւնները գրի առնել: Ես ուզում էի արձանագրել միայն մի քանի գծեր վերջին հանդիպումներից,- գծեր, որոնք, իմ կարծիքով, անհրաժեշտ է, որ գրի առնուէին նախ՝ իբրեւ նիւթ այն մարդկանց համար, որոնք ապագային պիտի տան Մեծ Բանաստեղծի ամբողջական պատկերը, եւ ապա՝ ներկայացնելու համար նրա բնաւորութեան այն կողմերը, որնց մասին ես չտեսայ եւ ո՛չ մի ակնարկ նրա մահից յետոյ գրուած բազմաթիւ յօդուածների մէջ…

ՀԱՅՐԵՆԻՔ ամսագիր, թիվ 10, 1923 թ., էջ 69-78