Ենոքավան (Քրդեվան) գյուղի բնակչությունը 1873-1931 թվականներին

11414

Տավուշի մարզի Ենոքավան գյուղը գտնվում է մարզկենտրոն Իջևանից 14 կմ հյուսիս-արևմուտք: Լաստիվեր տանող ճանապարհը անցնում է Ենոքավանով: Գյուղից դեպի մոտակա կիրճ և Աղստև գետի հովիտ բացվում է հրաշալի տեսարան:

Նախկինում Ենոքավանն ունեցել է Քրդեվան և Շիրազ անունները: Ի պատիվ 1920 թ. մայիսյան ապստամբության ակտիվ մասնակից և այդ պատճառով Հայաստանի Առաջին հանրապետության կառավարության կողմից գնդակահարված, տեղացի Ենոք Մկրտումյանի, 1931թ. գյուղը անվանակոչվել է նրա անունով:

Ենոքավանի բնակչության թվաքանակի մասին 1831 թվականի տվյալները բացակայում են, ինչը հավանաբար նշանակում է, որ բնակավայրը հիմնադրվել է ավելի ուշ՝ 1831-ից 1873-ի ժամանակահատվածում: Գյուղը հիմնել են շրջակա բնակավայրերից, առաջին հերթին՝ Սևքարից տեղափոխվածները:

Գյուղի բնակչության թվաքանակի մասին առաջին հստակ տեղեկատվությանը հանդիպում ենք 1873 թվականին: Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ նշվում է, որ 1873-ին գյուղը ունեցել է 301 բնակիչ, բոլորն էլ հայ:

Ենոք, 3
Ենոքավանի անտառները

Ենոքավանի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1873 թվական – 301 հոգի

1886 թվական – 412 հոգի

1897 թվական – 556 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար)

1908 թվական – 621 հոգի

1914 թվական – 633 հոգի (Кавказский календарь, Կովկասյան օրացույց)

1916 թվական – 612 հոգի (Кавказский календарь, Կովկասյան օրացույց)

1919 թվական – 670 հոգի

1922 թվական – 431 հոգի

1926 թվական –471 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար)

1931 թվական –  605 հոգի

Խորհրդային տարիներին Ենոքավանի բնակչությունը ոչ միայն չի աճել, այլ փոքր-ինչ նվազել է: Այսօր գյուղի բնակչությունը 500-ից նվազ է, մոտավորապես այնքան, որքան էր 1886-ին՝ 130 տարի առաջ:

Ենոքավանը մինչև Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ 1918 թվականը, Ելիզավետպոլի (Գանձակ, այսօր՝ Գյանջա) նահանգի Ղազախ գավառի կազմում մաս է կազմել ցարական՝ Ռոմանովների Ռուսաստանի:

Մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920/21թթ.) կազմ մտնելը Ենոքավանը Ռուսաստանի կազմում է եղել որպես Վրացական նահանգի (1828-1840),  Վրաց-իմերեթական նահանգի (1840-1845), Թիֆլիսի նահանգի (1845-1868) և Ելիզավետպոլի նահանգի (1868-1918) մաս:

Ենոք
Ենոքավանից մի քանի կիլոմետր վեր գտնվող հանգստի գոտին

Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում ցարական Ռուսաստանի մեջ մտնող Ղազախի գավառը վեճի առարկա է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այստեղ գրանցվել են հայ-թաթարական բախումներ: Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը այս հատվածում գծվել է համաձայն 1920 թվականի օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրի: 1920-ի օգոստոսին Հայաստանը դեռ անկախ էր, մինչդեռ Ադրբեջանը ապրիլին խորհրդայնացվել էր և ենթարկվում էր Մոսկվային:

Ենոք, 2
Ենոքավանի հեքիաթային անտառներում

1920-ի աշնանը թուրք քեմալականները և ռուս բոլշևիկները հարձակում սկսեցին Հայաստանի վրա արևմուտքից և արևելքից: Ռուսական 11-րդ Կարմիր բանակը դեպի անկախ Հայաստան արշավեց հիմնական երկու ուղղությամբ՝ Արցախից, որը 1920-ի մայիսին խորհրդայնացվել էր, և Ղազախի հատվածից:

Խորհրդային տարիներին Ենոքավանը եղել է Իջևանի շրջանի կազմում:

Թաթուլ Հակոբյան

ԱՆԻ կենտրոն