Վիլսոնի Իրավարար վճիռը․ նոյեմբեր 22, 1920

12429

Հայաստանի Հանրապետության ղեկավարները, հատկապես աչքի առաջ ունենալով թուրք քեմալականների և ռուս բոլշևիկների վտանգը, ձգտում էին երկրի մանդատը հանձնել Միացյալ Նահանգներին, որը 1919-1920 թթՀայաստանին անգնահատելի պարենային օգնություն է տրամադրել՝ հայ ժողովրդին ուղղակի փրկելով սովից։

Նախագահ Վուդրո Վիլսոնը 1919 թ. փետրվարին Սպիտակ տանն անցկացրեց Հայաստանի մանդատին նվիրված խորհրդակցություն, որտեղ հայտարարեց. «Եթե ԱՄՆ-ը որևէ մանդատ ընդունի Ազգերի լիգայից, ապա առաջին հերթին նա պետք է ընդունի Հայաստանի մանդատը»:

Կարճ ժամանակ անց ընդունվեց որոշում, ըստ որի նախագահ Վիլսոնին իրավունք էր տրվում,  Սենատի համաձայնությամբ, ընդունել Հայաստանի մանդատը: Հայաստանի սահմանները պետք է որոշվեին ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի ու Իտալիայի պատվիրակությունների համաձայնությամբ:

1920 թ. ապրիլ 24-ին Սան-Ռեմոյի խորհրդաժողովում Հայաստանի սահմանների մասին ընդունվում է Լլոյդ Ջորջի նախագիծը, որն ուղարկվում է Վիլսոնին: Նախագծով Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները, նաև դեպի ծով ելքով, պետք է միանային Հայաստանին։ 1920 թվականի մայիս 17-ին Վիլսոնը տալիս է իր համաձայնությունը ապագա Հայաստանի սահմանների որոշման իրավարար լինելու մասին: Մայիս 24-ին նա դիմում է Կոնգրեսին՝ Հայաստանի մանդատն ընդունելու առաջարկով: Հունիսի 1-ին, սակայն, Սենատը մերժում է Վիլսոնի առաջարկը:

Սան-Ռեմոյի խորհրդաժողովում մշակված և Օսմանյան կայսրության հետ կնքվելիք պայմանագրի նախագիծը 1920 թվականի օգոստոսի 10-ին ստորագրվեց Սևրում:

Պատմաբան Լենդրուշ Խուրշուդյանը իր «Հայաստանի բաժանումը 1920 թվականին» աշխատության մեջ գրում է․«Օգոստոսի 10-ին ստորագրվեց Սևրի պայմանագիրը, որին երկար ժամանակ սպասում և որի հետ մեծ հույսեր էր կապում հայ ժողովուրդը: Այդ բարդ և հակասական ժամանակներում Հայաստանի կառավարությունը մի կողմից ստորագրում էր Թիֆլիսի հայաձայնագիրը՝ Ռուսաստանին հանձնելով, ճիշտ է ժամանակավորապես, վիճելի տարածքները [Արցախ, Զանգեզուր, Նախիջևան], մյուս կողմից՝ Սևրում ստորագրում մի այլ պայմանագիր, որով պետք է ետ ստանար Արևմտյան Հայաստանի մի մասը»:

Սան-Ռեմոյի խորհրդաժողովի որոշման համաձայն, Վիլսոնը 1920 թ. նոյեմբերի 22-ին հայտնում է իր Իրավարար վճիռը Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգներում թուրք-հայկական սահմանագծման մասին, որով Հայաստանի ընդհանուր տարածքը պետք է կազմեր ավելի քան 160 հազար քառ. կմ:

1920-ի նոյեմբերի 22-ին, երբ Վիլսոնը ստորագրում էր Իրավարար վճիռը, նույն օրը Բաքվում բոլշևիկ Սարգիս Կասյանի նախագահությամբ ձևավորվում էր Ռազմահեղափոխական կոմիտեն` Հայհեղկոմը, որը տասն օր անց պետք է վերցներ իշխանությունը Հայաստանում:

Մինչ այդ, նոյեմբերի 18-ին Հայաստանը քեմալականների՝ Կարսը և Ալեքսանդրապոլը զավթած Քյազիմ Կարաբեքիրի հետ կնքել էր զինադադար և պատրաստվում էր Ալեքսանդր Խատիսյանի գլխավորած պատվիրակությանը ուղարկել Ալեքսանդրապոլ՝ դաշնագիր կնքելու թուրքերի հետ։

Նոյեմբերի 23-ին Համո Օհանջանյանի Բյուրո-կառավարությունը հրաժարական տվեց։ Նույն օրը պաշտոնական «Յառաջ» օրաթերթը «Դեպի հաշտություն» վերնագրված խմբագրականում գրեց. «Մենք, որ օտարների ուժի վրա հույս դնելով շարունակ ձգտել ենք միանգամից ստեղծել Մեծ Հայաստան, մեր այս շշմեցուցիչ պարտությունից հետո համոզվեցինք, թե որքան խաբուսիկ և վնասակար էին այդ մեծ հույսերը: Եվ եթե մենք լինեինք իրական քաղաքագետներ և ժամանակին ընդունեինք, որ չի կարելի առաջնորդել ազգային քաղաքական նպատակներ` հենվելով ոչ թե սեփական, այլ օտար ուժերի վրա և եթե մենք ի վիճակի լինեինք ճշտորեն չափելու մեր սեփական ուժի և կարողության իսկական կշիռը, մենք երբեք չպիտք է ձգտեինք ստեղծել Մեծ Հայաստան: Մենք պետք է ձգտենք ամենայն անկեղծությամբ և վճռականությամբ վերացնել բոլոր այն խոչընդոտները, որոնք մինչև այժմ անկարելի են դարձնում հայ-թուրքական բարեկամությունը»:

Հայաստանի վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը նոյեմբերի 24-ին կազմվեց նոր կառավարություն: Նույն օրը նրա ստորագրությամբ հրապարակվեց կառավարության հռչակագիրը, որում ասվում էր. «Հայաստանի պետական կառուցվածքը խարսխվելու է ոչ թե օտարների սին ու վտանգավոր ներշնչումներից, այլ Հայաստանի իրական կարողությունից: Մեր գործողության նշանաբանն է լինելու անկեղծ հաշտություն Թուրքիայի հետ և համերաշխություն ու խաղաղ գոյակցություն բոլոր հարևանների հետ»:

Վրացյանը 1922-ին ՀՅԴ Ամերիկայի շրջանի 29-րդ Պատգամավորական ժողովին գրեց․«Մաքսիմալիզմը, որի առանձնապես անզիջող ներկայացուցիչներ էին գաղութներից եկած ընկերները, գլխավոր պատճառը եղավ Հայաստանի գլխին եկած հետագա աղետների»:

Հայաստանի առաջին վարչապետ և խորհրդարանի վերջին նախագահ Հովհաննես Քաջազնունուն 1923-ին ՀՅԴ խորհրդաժողովին գրեց. «Փարիզի [Սևր] հուշագիրը շատ ոգևորեց խակ մտքերը, մանավանդ՝ գաղութներում: Այնպիսի մի մտայնություն էր ստեղծվել, որ կարծես գծելով թղթի վրա պետության սահմանները, արդեն տեր ենք դառել այդ սահմաններին կամ, առնվազն, անխուսափելի իրավունքներ ենք ձեռք բերել: Այնուհետև, ամեն մի կասկած հաջողելու մասին թարգմանվում է իբրև փոքրոգություն, չափավոր լինելու ամեն մի տրամադրություն՝ իբրև դավաճանություն և ամեն մի հակառակություն դրսից՝ իբրև թշնամություն հանդեպ մեր դատի և իրավունքների»:

Թաթուլ Հակոբյան

ԱՆԻ կենտրոն