Հայրենատիրությա՞ն, թե՞ ճակատագրի հեգնանքի օր. նոյեմբերի 22, 1920թ

3955

Օգոստոսի 10-ը և նոյեմբերի 22-ը երազող (և ոչ միայն) հայերի համար հայրենատիրության օր է: 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը հռչակեց ավելի քան 160 հազար քառակուսի կմ տարածքով Հայաստանի քարտեզը` նույն տարվա օգոստոսի 10-ին ստորագրված Սևրի պայմանագրից ածանցվող իրավարար վճիռը՝ դեպի Սև ծով ելքով:

Օգոստոսի 10-ից երեքուկես ամիս, իսկ նոյեմբերի 22-ից ընդամենը տասը օր անց Հայաստանը պետք է խորհրդայնացվեր՝ ունենալով 30 հազար քառակուսի կիլոմետրից էլ պակաս տարածք: Հայրենատիրության այդ երկու օրերի միջև ընկած ժամանակահատվածում, ափսոս, հազար ափսոս, մենք պետք է կորցնեինք նաիրյան մեր Կարսը, քաղաքամայր Անին, Արարատի ստորոտին փռված Արաքսի բարեբեր աջ ափը: Գյումրին, այն օրերի Ալեքսանդրապոլը, պետք է ընկներ Կարաբեքիրի ու քեմալականների ոտքերի տակ:

Հայաստանից հեռու՝ Փարիզի արվարձանում, օգոստոսի 10-ին հայկական պատվիրակությունը ոսկե գրիչով ստորագրում էր Սևրի դաշնագիրը, մինչդեռ նույն օրը, այս անգամ Թիֆլիսում, հայկական մեկ այլ պատվիրակություն, բոլշևիկյան Ռուսաստանի կառավարության հետ ստորագրում էր մեկ այլ համաձայնագիր, որով ռուների կողմից գրավված էին համարվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև վիճելի համարվող Արցախը, Զանգեզուրն ու Նախիջևանը:

1920-ի նոյեմբերի 22-ին Վիլսոնը ստորագրում էր ավելի քան 160 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի քարտեզը՝ Իրավարար վճիռը, իսկ նույն օրը Բաքվում Սարգիս Կասյանի նախագահությամբ ձևավորվում էր Ռազմահեղափոխական կոմիտեն` Հայհեղկոմը, որը մեկ շաբաթ անց պետք է վերցներ իշխանությունը Հայաստանում:

Այսպես, սկիզբ էր դրվել Հայաստանի բաժանման ռուս-թուրքական ծրագիրը, որը պիտի ավարտվեր 1921 թվականի մարտի 16-ի ու հոկտեմբերի 13-ի Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով:

Երազանքը, անշուշտ, սահմաններ չունի, սակայն պետք է հասկանանք, որ երազանքներով քաղաքականություն, առավել ևս՝ արտաքին քաղաքականություն չեն կառուցում: Դեռ 1920-ին, երբ ստորագրվում էր Սևրը և հռչակվում Վիլսոնյան Հայաստանը, Հայաստանի շատ և շատ պետական բարձրաստիճան գործիչներ հասկանում էին, որ դրանք անիրականանալի երազանքներ են, անգամ՝ վնասակար:

Օրինակներ՝ որքան ուզեք:

Պաշտոնական «Յառաջ» օրաթերթը նոյեմբերի 23-ին «Դեպի հաշտություն» վերնագրված խմբագրականում գրում էր. «Մենք, որ օտարների ուժի վրա հույս դնելով շարունակ ձգտել ենք միանգամից ստեղծել Մեծ Հայաստան, մեր այս շշմեցուցիչ պարտությունից հետո համոզվեցինք, թե որքան խաբուսիկ և վնասակար էին այդ մեծ հույսերը: Եվ եթե մենք լինեինք իրական քաղաքագետներ և ժամանակին ընդունեինք, որ չի կարելի առաջնորդել ազգային քաղաքական նպատակներ` հենվելով ոչ թե սեփական, այլ օտար ուժերի վրա և եթե մենք ի վիճակի լինեինք ճշտորեն չափելու մեր սեփական ուժի և կարողության իսկական կշիռը, մենք երբեք չպիտք է ձգտեինք ստեղծել Մեծ Հայաստան: Մենք պետք է ձգտենք ամենայն անկեղծությամբ և վճռականությամբ վերացնել բոլոր այն խոչընդոտները, որոնք մինչև այժմ անկարելի են դարձնում հայ-թուրքական բարեկամությունը»:

«Հաշտության խնդիրը և մեր կողմնորոշումը» վերնագրված խմբագրականում նոյեմբերի 24-ին «Յառաջ»-ը շեշտում է թուրքերի հետ լեզու գտնելու անհրաժեշտությունը. «Եթե հայ ժողովուրդը կամենում է ապրել ու ապահովել իր պետական և ֆիզիկական հարատև գոյությունը, նա պետք է ունենա ոչ թե ռուսական, այլ թուրքական կողմնորոշում: Եթե հայ ժողովուրդը վերջին համաեվրոպական պատերազմի ժամանակ չունենար ռուսական կողմնորոշում, այլ լիներ թուրքերի հետ, ամենայն հավանականությամբ, նա խուսափած կլիներ կոտորածներից: Պետք է ըմբռնենք, որ օտարի վրա հենվելով չէ, որ կարող ենք խաղաղություն ձեռք բերել, այլ միմիայն մեր սեփական ուժերին ապավինելով պիտի որոշենք մեր բախտը մեր ուժեղ հարևանների` թուրքերի հետ»:

Սա էլ, իհարկե, մյուս ծայրահեղությունն է:

Լսենք Հայաստանի Հանրապետության խորհրդարանի վերջին նախագահ Հովհաննես Քաջազնունուն. «Փարիզի [Սևր] հուշագիրը շատ ոգևորեց խակ մտքերը, մանավանդ՝ գաղութներում: Այնպիսի մի մտայնություն էր ստեղծվել, որ կարծես գծելով թղթի վրա պետության սահմանները, արդեն տեր ենք դառել այդ սահմաններին կամ, առնվազն, անխուսափելի իրավունքներ ենք ձեռք բերել: Այնուհետև, ամեն մի կասկած հաջողելու մասին թարգմանվում է իբրև փոքրոգություն, չափավոր լինելու ամեն մի տրամադրություն՝ իբրև դավաճանություն և ամեն մի հակառակություն դրսից՝ իբրև թշնամություն հանդեպ մեր դատի և իրավունքների: Անիմաստ պահանջներին ու չափազանցված պահանջներին բնականորեն պիտի հետևեր դառն հիասթափություն»:

Հիմա էլ է այդպես, չէ՞, մանավանդ՝ Հայրենատիրության օրը, կասկածի տակ դնել Սևրն ու Վիլսոնյան Հայաստանը: Դավաճանություն, անկասկած, մեջքից հարված հայկական պահանջատիրությանը, կամ էլ՝ թրքամետություն:

Եկեք նաև լսենք Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանին: 1920-ի նոյեմբերի 24-ին կազմվեց նոր կառավարություն Վրացյանի գլխավորությամբ: Նույն օրը Վրացյանի ստորագրությամբ հրապարակվեց կառավարության հռչակագիրը, որում ասվում էր. «Հայաստանի պետական կառուցվածքը խարսխվելու է ոչ թե օտարների սին ու վտանգավոր ներշնչումներից, այլ Հայաստանի իրական կարողությունից: Մեր գործողության նշանաբանն է լինելու անկեղծ հաշտություն Թուրքիայի հետ և համերաշխություն ու խաղաղ գոյակցություն բոլոր հարևանների հետ»:

Այս մեջբերումներն անում եմ ոչ թե չարախնդության նպատակով, այլ ցույց տալու այն ողբերագական անելանելիությունը, որում հայտնվել էին Հայաստանն ու նրա ղեկավարները 1920-ի օգոստոսի 10-ից մինչև նոյեմբերի 22-ն ու հաջորդող օրերին:

Հայրենատիրության մեր օրը Մայիսի 28-ն է, Սեպտեմբերի 21-ն է, իրական Հայաստանն է: Այն Հայաստանն է, որտեղ կանգնած է հայ զինվորը:

Թաթուլ Հակոբյան