Քաջազնունի. «Բոլշևիկների Հայաստան գալը դժբախտությո՞ւն էր մեր երկրի համար»

2507

Հովհաննես Քաջազնունու ներքոշարադրյալ տողերը կարդալուց առաջ պետք է պատկերացնել այն իրավիճակը, որում հայտնվել էր Հայաստանի Հանրապետությունը 1920 թվականի աշնանը, այն է՝ քեմալականները մեկը մյուսի հետևից գրավում են հանրապետությանը բնակավայրերը, այդ թվում՝ Կարսն ու Ալեքսանդրապոլը, շարժվում դեպի Երևան, բոլշևիկները Արցախի և Տավուշի կողմից են ներխուժում, մի խոսքով՝ արյան մեջ թպրտացող երկիր, որ կարող է ամբողջովին գրավվել թուրքերի կողմից: Քաջազնունին ասում է, որ Հայաստանի բոլշևիկացումը չարյաց փոքրագույնն էր:

Իրերի բերմամբ՝ մեր երկիրը այսօր ռուսական ուղեծրի մեջ է ու, խոշոր չափերով, ապահովված Թուրքիայից: Եթե վերցվի ռուսական հեգեմոնիան, նրան անխուսափելիորեն պիտի փոխարինի թուրք-թաթարական հեգեմոնիան:

Ռուսաստանը կամ Թուրքիան, բոլշևիկները կամ միլլիականները՝ ուրիշ ընտրություն չունենք անելու:

Եվ երբ կանգնած ենք այդպիսի այլընտրանքի առաջ, տատանումներ, թվում է ինձ, տեղի չպիտի ունենան: Իհարկե, Ռուսաստանը և ո՛չ Թուրքիան, իհարկե բոլշևիկները և ո՛չ միլլիականները:

Եթե ընտրությունը այդքան սահմանափակ չլիներ, մենք շատ առարկություններ կունենայինք անելու Ռուսաստանի դեմ առհասարակ և բոլշևիկյան ռեժիմի դեմ հատկապես: Բայց մեր երկրի դժբախտ աշխարհագրական դիրքը կապում է մեր ձեռքերն ու ոտքերը:

Հայաստանը բոլշևիկների կարիքն ունի, որովհետև Ռուսաստանի կարիքն ունի:

Չգիտեմ՝ ի՞նչ է լինելու վաղը (կարծում եմ, թե շատ էլ չպիտի տարբերվի այսօրվանից), բայց այսօր Ռուսաստանի տերը բոլշևիկներն են: Այսօր Ռուսաստանի բարյացակամությունն ու պաշտպանությունն ունենալու համար Հայաստանը ինքը պիտի խորհրդային լինի: Ուրիշ ելք չկա, ես գոնե չեմ տեսնում:

Եվ այս մտքով է ահա, որ ասացի վերևում, թե Հայաստանում հակաբոլշևիկյան գաղտնի քարոզչություն անելու համար մենք լոզունգներ չունենք:

Նույն հարցը, մի քիչ տարբեր ձևով, դնեմ անցյալի վերաբերյալ:

Բոլշևիկների Հայաստան գալը արդյոք դժբախտությո՞ւն էր մեր երկրի համար:

Հարցը կարող է թվալ շատ անսպասելի դաշնակցականի բերանում: Մենք վաղուց արդեն տվել ենք մեր պատասխանը և բոլշևիկների օգտին չի եղել այն: Բայց մեկ անգամ էլ մտածենք ու աշխատենք չտարվել կուսակցական նեղսրտությամբ:

Կրկնել չեմ ուզում, թե ո՛ր աստիճանի անհամապատասխան է խորհրդային ռեժիմը Հայաստանի իրական պահանջներին: Այդ խնդիրը իմ համար վեճի նյութ չէ:

Ապա գիտեմ ու շատ լավ հիշում եմ, թե ինչեր արեցին բոլշևիկները Հայաստանում: Խոսքս այն երկուսուկես ամսվա մասին է (դեկտեմբեր 1920թ.-փետրվար 1921թ.), երբ ես եղել եմ Հայաստանում: Գիտեմ և հիշում եմ, թե որքան մարդիկ են տուժել և թե տուժողների առաջին շարքերում եղել ենք մենք՝ դաշնակցականներս: Հենց ե՛ս անհատապես և ձեզանից շատերը, ենթարկված ենք եղել ամենածանր հալածանքների, տուժել ենք չարաչար:

Նկատեմ անցողակի, որ պետք չէ մոռանանք այս խիստ կարևոր հանգամանքը ու զգույշ պիտի լինենք մեր եզրակացություններում: Իբրև տուժող կողմ, մենք բնականորեն տրամադրված ենք միայն վատը տեսնելու և այդ վատը չափազանցնելու…

Երբ ես մտաբերում եմ այն դրությունը, որի մեջ էինք 1920թ. նոյեմբերին ու ապա հարց եմ տալիս ինձ՝ ավելի լա՞վ կլիներ արդյոք, եթե բոլշևիկները այն ժամանակ չմտնեին Հայաստան ու թողնեին երկիրը իր բախտին՝ մեր իշխանության տակ, պատասխանս բացասական է լինում՝ ո՛չ, ավելի լավ չէր լինի, ավելի վա՛տ կլիներ:

Արդեն այն ժամանակ էլ հասկանում էինք մեր դրության անելանելիությունը, և սա՛ էր պատճառը, որ Հայաստանի դռները լայն բաց ար[եց]ինք բոլշևիկների առաջ:

Վերևում աս[աց]ի, որ մեր հույսերը չարդարացան՝ ոչ քաղաքական, ոչ էլ տնտեսական օգնություն չստացանք Ռուսաստանից (խոսքս դարձյալ առաջին շրջանի մասին է): Օրինակ, Թուրքիայի դեմ բոլշևիկները չպաշտպանեցին Հայաստանը ու իրենց ստորագրությամբ հաստատեցին Ալեքսանդրապոլի դաշնագիրը, որ մենք ստիպված էինք կնքել բնաջնջման սպառնալիքի տակ: Այս այսպես է: Բայց կհարգեի՞ն արդյոք թուրքերը նույն դաշնագիրը ու, զանազան պատրվակների տակ, որ դժվար չէր հորինել, նոր ոտնձգություններ չէ՞ին անի արդյոք, եթե բոլշևիկները եկած չլինեին ու մենք մենակ մնացած լինեինք նրանց դեմ:

Ի՞նչ պիտի անեինք մենք այդպիսի ոտնձգությունների դեպքում: Մենք, որ պարտված և ուժասպառ էինք, կորցրել էինք ամեն հեղինակություն թե՛ երկրից դուրս, թե՛ երկրի ներսը:

1920թ. աշնան վերջերը մենք՝ իբրև կառավարություն ու իբրև կուսակցություն, սպառել էինք մեր բոլոր ուժերը, ընկել էինք անելի մեջ: Եվ եթե բոլշևիկները ուշանային, մե՛նք պիտի կանչեինք նրանց, որովհետև ինքներս անզոր էինք արդեն, իսկ երկրում չկար մի այլ ուժ, որն այն օրերին կարողանար փոխարինել մեզ: