Հատված Ալեքսանդր Խատիսյանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ գրքից, հատված գլուխ 13-ից
Պատերազմ Թուրքիայի հետ, բոլշևիկների հարձակումը և Հայաստանի Հանրապետության անկախության անկումը
(1920 թվի աշունը մինչև 2 դեկտեմբեր)
Սեպտեմբերի 22-ին թուրքերը մոտեցան Օլթիին: Միաժամանակ, սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի խորհրդային ուժերը մոտեցան Աքսիպարային: Սեպտեմբերի 29-ին սկսվեց միաժամանակ հարձակում Կարսի և Սուրմալուի ուղղությամբ: Հոկտեմբերին ռազմական գործողությունները զարգացան Կարսի նահանգում՝ առաջ բերելով խուճապային վիճակ և նահանջ: Թուրքերն առաջ էին շարժվում Կարսի ուղղությամբ: Հայկական զորքերը նահանջում էին: Ճակատում իրավիճակին ծանոթանալու և տրամադրությունը բարձրացնելու նպատակով կառավարությունը Կարս ուղարկեց նախարարներ Սիմոն Վրացյանին և բժ. Արտաշես Բաբալյանին: Միաժամանակ, բանակցությունների մեջ մտավ խորհրդային կառավարության ներկայացուցիչ Լեգրանի հետ, ով Մոսկվայից ուղարկվել էր Երևան: Այս բանակցություններն ավարտվեցին համաձայնության նախագծով, հոկտեմբերի 21-ին:
Այդ համաձայնությունը նպատակ ուներ Հայաստանն ապահովել խորհրդային հարձակումից:
Ահա գլխավոր պայմանները.
- Հայաստանի Հանրապետության կթողնվեն ամբողջ Երևանի և Կարսի նահանգները, Զանգեզուրի գավառը, Ղազախը և Լոռին:
- Թուրքական զորքերը պետք է դատարկեն ամբողջ Ռուսահայաստանը մինչև 1914 թվի սահմանները:
- 1914 թվի սահմանից մինչև Տրապիզոն, Էրզրում և Մուշ տարածությունից թորքական զորքերը պետք է նահանջեն և այնտեղ պետք է մնա միայն թուրքական վարչությունը:
- Այդ բոլորից հետո միայն, Ռուսաստանի օժանդակությամբ և աջակցությամբ, պետք է սկսվեն բանակցություններ Անկարայի և Հայաստանի կառավարությունների միջև՝ սահմանների վերաբերյալ վերջնական եզրակացության հանգելու համար:
- Ռուսաստանը Հայաստանին կտա նավթ և դրամ (գումարը ճշտված չէր):
- Ռուսաստանը Հայաստանի կառավարությանը կզիջի մի քանի հայկական մշակութային հիմնարկություններ, որոնք գտնվում են ռուսական քաղաքներում, իրենց ամբողջ հարստությամբ, ինչպես Լազարյան ճեմարանը, գրադարաններ և այլն:
- Այդ բոլորի փոխարեն Հայաստանը Խորհրդային Ռուսաստանին կզիջի զենքի, ռազմամթերքի տարանցման (տրանզիտի) իրավունք, որի 100-ից 25-ը կթողնվի Հայաստանին, իսկ մնացած 75-ը կփոխադրվի երրորդ կետ՝ հիշված գծի այն կողմը, իսկ այդ զենքն ու ռազմամթերքը ոչ մի դեպքում չպետք է գործածվի Հայաստանի դեմ:
Այս համաձայնագիրը Լեգրանը պիտի տաներ Մոսկվա, իսկ մինչ այդ՝ պայմանագիրը ընդունել պիտի տար Ադրբեջանին: Բայց երկար մնաց Բաքվում, և Մոսկվան այդ համաձայնությունը այլևս չվավերացրեց:
Այսպիսով, ՀՀ կառավարությունը մի կողմից պատերազմ էր մղում թուրքերի դեմ, մյուս կողմից՝ բանակցություններ վարում Խորհրդային Ռուսաստանի հետ, իսկ երրորդ կողմից՝ աշխատում էր բարձրացնել ժողովրդի տրամադրությունը և զորահավաքի ենթարկել ազգաբնակչությանը:
Հոգեբանական բնույթ ունեցող միջոցառումներից պետք է հիշատակել ժողովրդին ուղղված կոչերը, ժողովները և երկու անգամ հրավիրված խորհրդարանի արտակարգ նիստերում արտասանված ճառերը:
Գործնական քայլերից ամենից կարևորը ազգաբնակչության զորակոչն էր մինչև 37 տարեկանները: Բանակի թիվը հասնում էր մինչև 40 հազար հոգի: Նորակոչներին վարժեցնելու բավականաչափ ժամանակ չկար:
Կառավարությունը հրատարակեց թռուցիկներ «դեպի ճակատ» վերնագրով: ՀՅԴ Բյուրոն հրատարակեց կոչ «ընկերներին»: Վերջապես, բոլոր քաղաքական կուսակցությունները՝ Ժողովրդական, սոցիալ-դեմոկրատները, սոցիալիստ հեղափոխականները, հնչակյանները, մի խոսքով՝ հայ քաղաքական մտքի բոլոր երանգները հրատարակեցին կոչեր՝ ուղղված ժողովրդին:
Պատկերը ամբողջացնելու համար պետք է ասել, որ այդ ժամանակ բոլշևիկյան կարմիր բանակը, որ գրավել էր Ղարաբաղը, Զանգեզուրի վրայով առաջանում էր դեպի Նախիջևան: Բոլշևիկները բանակցությունների քաղաքականությամբ հետապնդում էին միայն մեկ նպատակ՝ ժամանակ շահել և քնացնել մեր արթնությունը, իսկ Հայաստանը, փաստորեն, հետզհետե սեղմվում էր թուրք-բոլշևիկյան միացյալ ուժերի երկաթե օղակում:
***
Դեպքերը լուսաբանելու համար ավելորդ չենք նկատում այստեղ մեջբերել ՀՀ մի քանի դիվանագիտական նոտաներ ու հաղորդագրություններ, որոնք ուղարկվել են այն ժամանակներում:
- Ահարոնյան, Փարիզ, Թեհրանից, 15 մայիսի:
«Թուրք-քրդական ուժերը՝ անցնելով Մակույով, կենտրոնանում են Նախիջևանում, պատրաստում են ուժեղ հարձակում գործել Հայաստանի վրա: Ես բողոքի նոտաներ եմ ուղղել դաշնակիցների ներկայացուցիչներին և պարսից կառավարությանը: Բողոքեք ուժեղ կերպով ձեր կողմից և հաղորդեք մեզ արդյունքը: Հույս ունեմ ստանալ նպաստավոր արդյունք Բաքուբայի գաղթականների խնդրի վերաբերյալ: Երկու ամիս է կտրված եմ կառավարությունից: Հաղորդեք մեզ երկրի դրությունը: Փախստականների վիճակը ծանր է: Ամեն կողմից օգնութուն են խնդրում: Միջոցներ չունենալով, խնդրում եմ փոխարինաբար տալ, եթե կարող եք: Հայաստանի ներկայացուցիչ՝ Արղության»:
- Ուղղված է դաշնակիցների ներկայացուցիչներին:
«Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Վրաստանում:
10 հուլիս, 1920, Թիֆլիս,
Ձերդ գերազանցութիւն,
Հայաստանի կառավարությունից ստացված տեղեկությունների համաձայն, բոլշևիկյան զորքերը՝ հակառակ Խորհրդային վստահացումներին՝ գրավելով Ղարաբաղը, ուղևորվել են դեպի Զանգեզուր, հուլիսի 5-ին գրավել են Գորիս քաղաքը և պարզապես նպատակ ունեն շարունակելու իրենց արշավանքը դեպի հարավ, և, այսպիսով, իրագործելով խորհրդային զորքերի միացման ծրագիրը, Հայաստանի հողի վրայով Քեմալ փաշայի թուրք ազգային զորքերի հետ: Հայաստանի Հանրապետության բանակը իր ուժերի և հնարավորությունների չափով ամեն կերպ դիմադրում և շարունակելու է դիմադրել խորհրդային զորքերին, բայց հազիվ թե հնարավորություն ունենա արգելել նրանց միանալը թուրք ազգային զորքերի հետ, եթե դաշնակիցները նրան ցույց չտան իրական և արտակարգ օգնություն:
Հաղորդելով ձեզ վերոհիշյալը՝ պատիվ ունեմ խնդրելու ձերդ գերազանցությանը ձեր կառավարությանը հաղորդել ներկա վիճակի բովանդակությունը և, միևնույն ժամանակ, հայտնել ինձ, թե ինչպիսի միջոցներ է ձեռնարկում ձեր կառավարությունը Հայաստանին արտակարգ օգնություն ցույց տալու համար:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, իմ բարձր հարգանաց հավաստիքը:
Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ՝ Տ. Բեկզադյան»:
- Փարիզ, Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը,
«Խուսափելու համար հնարավոր թյուր տեղեկություններից՝ Խորհրդային Ռուսաստանի հետ մեր զինադադարի մասին, անհրաժեշտ է բացատրել և ընդգծել, որ զինադադարին պետք է հաջորդի վերջնական դաշնագիր Երևանում: Ռուս խորհրդային զորքերից գրաված հողամասերը չեն դադարում վեճի առարկա լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, և Հայաստանը շարունակելու է եռանդով պնդել իր իրավունքների վրա:
12 օգոստոս, թիվ 378,
Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ՝ Բեկզադյան»:
- Հեռագիր Երևանից Փարիզ,
«Սեպտեմբերի 28-ին թուրքական բավական մեծ զորամաս հարձակվեց Կարսի մեր ուժերի վրա: Թշնամու ճնշման տակ մենք դատարկեցինք Կարաուրգանը, Սարիղամիշը, Կաղզվանը: Կռիվը շարունակվում է: Հայաստանի ամբողջ ժողովուրդը, մի մարդու նման, պաշտպանում է հայրենիքը: Խնդրում եմ անհրաժեշտ քայլեր անել իրական օգնություն ստանալու համար: Շտապողական, թիվ 5260, 1 հոկտեմբեր, Օհանջանյան»:
- Հեռագիր Երևանից,
«Կարսի ճակատը համեմատաբար հանգիստ է: Հոկտեմբերի 27-ին թշնամին չորս ուղղություններով հարձակվեց Իգդիրի վրա և գրավեց Կարակալա կամուրջը: Կռիվը շարունակվում է. կանչված են 83 և 84 կարգեր:
Թիվ 6101, 28 հոկտեմբերի, Օհանջանյան»:
***
Դաշնակիցների Թիֆլիսի ներկայացուցիչներին կատարված բոլոր դիմումների միակ իրական հետևանքը եղավ այն, որ անգլիական բարձր կոմիսար, գնդապետ Սթոքսը պտույտ տվեց Կարսի ճակատում և գտավ այն ամուր (գոնե այսպես հայտարարեց հայկական իշխանութիւններին): Կովկասում եվրոպական իշխանությունները Հայաստանին ոչ մի ուրիշ օգնություն ցոյց չտվեցին:
Փարիզում մեծ պետություններին կատարված դիմումը Ազգերի լիգայում առաջ բերեց վիճաբանություններ, որտեղ հիանալի ճառեր արտասանեցին դր. Նանսենը, անգլիական ներկայացուցիչ Բալֆուրը, ֆրանսիական նախարար Վիվիանին: Ընտրվեց միջազգային հանձնաժողով հայ-թուրքական կռիվը խաղաղեցնելու համար՝ բաղկացած առաջնակարգ եվրոպական գործիչներից, Պոլսում ամերիկյան նախկին դեսպան Մորգենթաուն այդ նպատակով պետք է մեկներ Հայաստան: Բայց մինչ հանձնաժողովը պատրաստվում էր այդ քայլն անել, Հայաստանում ամեն ինչ վերջացավ:
Այսպիսով, դրության ամբողջ ծանրությունը ընկած էր հայ ժողովրդի, հայկական բանակի ու կառավարության վրա: Կառավարությունն անում էր լավագույնը, բայց հայկական ուժերը անբավարար էին սարսափելի վտանգը չեզոքացնելու համար: Թուրքերն առաջանալով՝ մոտենում էին Կարսին:
Հոկտեմբերի 18-ին կառավարությունը Թիֆլիս ուղարկեց զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանին՝ վրաց կառավարությանը համոզելու, որ Հայաստանի կառավարության հետ համաձայնության գա միացյալ ուժերով կռվելու Հայաստանին ու Վրաստանին սպառնացող կրկնակի վտանգների դեմ: Հայկական կառավարությունը հանձն էր առնում պահել թուրքական ճակատը, իսկ վրացիները պետք է հետ մղեին բոլշևիկյան վտանգը: Այդ բանակցություններին մասնակցում էր անգլիական բարձր կոմիսար, գնդապետ Սթոքսը, ով իր մոտ էր հրավիրել հայ և վրացի նախարարներին: Հայերն իրենց առաջարկը հիմնավորում էին ապագա այն վտանգով, որը Վրաստանի համար հերթական պիտի դառնար Հայաստանի հնարավոր անկումից հետո: Վրացիները տատանվում էին և չէին համարձակվում չեզոքությունից դուրս գալ:
Վրացիները չընդունեցին մեր կառավարության առաջարկը: Ռուբեն Տեր-Մինասյանի առաքելությունը հաջողություն չունեցավ: Վրացիները թուրքական հարձակում Վրաստանի դեմ չէին սպասում, իսկ բոլշևիկների հետ իրենց կնքած դաշնագիրը համարում էին վստահելի ու անխախտելի:
Այսպիսով, դրսի օգնության վերջին հույսը ջուրն ընկավ, և Հայաստանը, բառիս բուն իմաստով, մնաց միայնակ իր մեծ թշնամիների դիմաց: Պետք է պարզ և որոշակի պատկերացնել այս վիճակը, որպեսզի կարելի լինի անաչառ կերպով վերլուծել անցքերը: Այսօր էլ փաստերը չեն հերքվում: Իսկ այդ փաստերը հաստատում են, որ թուրքերը Հայաստանի նկատմամբ ունեին պարզ և որոշ նպատակ՝ թույլ չտալ Սևրի դաշնագրի գործադրությունը, թույլ չտալ հայկական պետությանն ամրանալ: Բոլշևիկներն օգնում էին թուրքերին՝ ղեկավարվելով «համաշխարհային հեղափոխական» նկատառումներով: «Եթե համաշխարհային հեղափոխության գերագույն նպատակների համար հարկավոր լինի զոհել մեկ միլիոն հայ, պետք է զոհել»,- ասում էին նրա ականավոր գործիչները: Այսքանից հետո ուղղակի ծիծաղելի է միամիտ մարդկանցից լսել այն միտքը, թե 1920 թվին բոլշևիկները թուրքական ավերումից փրկեցին Հայաստանը:
Հայաստանի ներսում ուժերի լարումը հասել էր ծայրայեղ աստիճանի: Ամեն տեղ լսվում էր՝ «ամենքդ դեպի ճակատ, ամեն ինչ ճակատի համար»: Զորահավաքի ջանքերն անսահման էին. կուսակցական գործիչները և մամուլը աշխատում էին ամբողջ թափով: Բայց այդ բոլորը բավական չէր առաջացող վտանգի առաջն առնելու համար: Բացի այդ, բոլշևիկներն օգնելով թուրքերին, Հայաստանին մազութ (վառելանյութ) չէին տալիս, և մեր գնացքները դժվարությամբ էին շարժվում: Մեր շոգեկառքերը արագությամբ պետք է հարմարեցվեին փայտե վառելիքի գործածության համար: Միևնույն ժամանակ, մոտենում էր ձմեռը:
Պատկերը կատարյալ դարձնելու համար ներկայացնեմ մի փաստաթուղթ, որը ցույց է տալիս, թե ինչպես էին իրերի դրությունը ներկայացնում թուրքական աղբյուրները:
Պաշտոնական «Անատոլիա գործակալությունը» 1920 թվի հոկտեմբերի 23-ի իր տեղեկագրով հաղորդում էր հետևյալը.
«Անատոլիա գործակալությունը պարտք է համարում համաշխարհային կարծիքին տալ հետևյալ լուսաբանություններն այն կռիվների մասին, որոնք սկսվել են Կովկասում թուրք ազգային ուժերի և հայ դաշնակ խմբերի միջև:
«Հայաստանի Հանրապետության հաստատումից հետո Երևանի կառավարությունը նպատակ էր դրել ոչնչացնել կամ ստիպել գաղթել այն թուրքերին, որոնք հաստատվել էին երկրում և կազմում էին հանրապետության ամբողջ ազգաբնակչության կեսը: Այդ քաղաքականությունը, որը հետապնդվում էր համառությամբ և որոշ կանոնավոր ծրագրով, ձգտում էր մեծացնել ազգային հողը՝ հաստատելով եկվոր փախստական հայերին այն տեղերում, որոնք մնացին ազատ՝ թուրքերի մահով կամ փախուստի պատճառով: Օգտվելով այն բանից, որ մահմեդական ազգաբնակչությունը անկարող էր իր ձայնը լսեցնել արևմտյան աշխարհին, դաշնակները երկու տարի անընդհատ շարունակում էին իրենց ավերիչ գործը: Համաձայն պաշտոնական վիճակագրական տվյալների, որոնք կազմվել են Երևանի մահմեդական միության ձեռքով և ներկայացվել դաշնակից պետությունների ներկայացուցիչներին Կովկասում և Պոլսում, մինչև 1919 թվի վերջը, միայն Հայաստանի սահմաններում գտնված շրջաններում 199 թուրքական գյուղեր այրվել են և նրանց ազգաբնակչությունը, որ հասնում էր 135 հազարի, մեծ մասամբ կոտորվել է: Միայն մի փոքր մասը կարողացավ փախչել Ադրբեջան, որտեղ Մուսավաթ կուսակցության խորհրդարանը քվեարկեց 250 միլիոն ռուբլի վարկ՝ նրանց պաշտպանության համար: Այս գումարը կարող է որոշ գաղափար տալ դաշնակների վայրագությունների, զոհերի թվի և զրկանքների մասին:
Դաշնակները չբավականացան կատարելով այս ջարդը Հայաստանի Հանրապետության սահմաններում: Հայկական խմբերը մտան նաև Ադրբեջան և այրեցին մոտ 20 թուրքական գյուղեր Ղարաբաղի նահանգում՝ կոտորելով ամբողջ ազգաբնակչությանը: Այս հանցանքների մասին Ադրբեջանի կառավարությունը պաշտոնապես հաղորդել է դաշնակիցների բոլոր պետությունների ի գիտություն: Հետևողական կոտորածի այս ծրագիրը հավասարապես գործադրվել է նաև հանրապետության հարևան շրջաններում: Հավատարիմ ինքնորաշման իրավունքին, որը դաշնակից պետությունները, իրոք, ընդունում էին միմիայն իրենց հովանավորյալների համար, Կարսի շրջանում բնակվող թուրքերը հրաժարվեցին ընդունել հայկական տիրապետությունը: Զորավար Ադամյանը (այդ անունով զորավար Հայաստանում չի եղել. Կարսում եղել են զորավարներ Փիրումյանը, Հովսեփյանը և նահանգապետ, զորավար Ղորղանյանը – ծանոթագրություն Խատիսյանի) անցյալ տարի ներկայացրեց վերջնագիր, որով նրանց առաջարկվում էր ընդունել այդ տիրապետությունը 24 ժամվա ընթացքում: Այդ գյուղերի մեծ մասը, հաղորդակցության միջոցների պակասության պատճառով, նախքան կկարողանար տեղեկանալ այդ վերջնագրի մասին, հայերը թնդանոթներով այրեցին և քարուքանդ արեցին մոտ 40 գյուղեր:
Այն զենքով ու ռազմամթերքով, որ հանուն քրիստոնեության Եվրոպայի և Հայաստանի իմպերիալիստները նրանց մատակարարում էին առատորեն, դաշնակները կարողացան տարածել իրենց ջարդերը և կողոպուտները մինչև օսմանյան սահմանները, և մեր ցեղակից ու կրոնակից եղբայրները հազարներով սկսեցին փախչել դեպի մեր սահմանները: Մեր սահմանակից նահանգների բնակիչները՝ այդքան հանցանքներից հուզված և զայրացած, արդեն մի քանի ամիս առաջ վճռեցին օգնության հասնել իրենց եղբայրներին: Միայն կառավարության ձեռք առած միջոցները կարողացան այն ժամանակ արգելել թուրք ազգային ուժերին խիստ դաս տալ հայկական հրոսակախմբերին:
Սահմանի մյուս կողմում իրենց գործը կատարելուց հետո, դաշնակները համարձակություն ունեցան անցնելու օսմանյան երկիրը և այնտեղ գործի դնել իրենց ավերիչ ծրագրերը, որպեսզի այնտեղ ստեղծեն ֆեթ ակոմպլի (կատարված իրողություն)՝ սպասելով նախագահ Վիլսոնի վճռին: Սեպտեմբերի 24-ին մեր սահմանային պահակները անակնկալ կերպով հարձակման ենթարկվեցին: Մեր զորքերը, հաղթելով թշնամուն, նրանց հալածեցին մինչև Սարիղամիշի շրջանը, որը բնակված է միայն թուրքերով: Մեր ձեռքն ընկած փաստաթղթերը ցույց են տալիս, որ հայկական հարձակումը պատրաստված է եղել խնամքով՝ նպատակ ունենալով տիրել Էրզրումին: Հայկական խմբերի հետապնդումը, որոնք սահմանի մյուս կողմում, մեր եղբայրներին ջարդելուց հետո մեր գյուղերում էլ մահ ու ավերած էին բերել, օրինական ինքնապաշտպանություն է և մեր ժողովրդի ավանդական իրավունքը: Թուրք ժողովուրդը հայ և որևէ այլ ժողովրդի դեմ չի տածում ոչ մի հարձակողական զգացմունք: Թափված արյան պատասխանատվությունը ընկնում է միայն հայերի և նրանց հովանավորող իմպերիալիստների վրա, որոնք հետապնդում են թուրք ազգը կործանելու ծրագիր»: