Աստծո ջրամբարը. Խոդա Աֆարին

6464

Շուրջ 20 տարի առաջ էր. Բաքվի մամուլը գրեց ադրբեջանա-իրանական հերթական սկանդալի մասին: Հեյդար Ալիևը կիսատ էր թողել Իրանի նախարարներից Բիժան Զանգանեհի հետ հանդիպումը և հեռացել այն բանից հետո, երբ հյուրը խոսք էր բացել Արաքս գետի վրա՝ Հորադիսի հատվածում, կիսատ մնացած հիդրոէլեկտրակայանի կառուցումը շարունակելու մասին:

Ալիևը զարմացած հարցնում է. ինչպե՞ս շարունակել, երբ գիտեք, որ այդ տարածքները հայերը գրավել են:

Իրանցի նախարարը սառնասռտորեն պատասխանում է. կկառուցենք հայերի հետ:

Այդպես էլ եղավ: Չնայած պաշտոնական Բաքվի բողոքի նոտաներին, Իրանը ավարտին հասցրեց Արաքս գետի վրա ամբարտակի կառուցումը, որի շինարարությունը սկսվել էր 1988-ին: Այն ժամանակ շինարարության պայմանագիր էր կնքվել ԽՍՀՄ-ի և Իրանի միջև: Շինարարության ընթացքում փլուզվեց մոլորակի տարածքով ամենամեծ պետությունը: Տրամաբանորեն, Խոդա Աֆարինի ջրամբարի շինարարությունը պետք է ավարտին հասցնեին Ադրբեջանն ու Իրանը, սակայն ոչ թե տրամաբանությունը աշխատեց, այլ հայկական ուժը:

1993-1994 թվականին հայկական զորքերը դուրս եկան Արաքսի ափ և տերը դարձան նաև միջնադարյան պատմական այն կամրջի՝ Խոդա Աֆարինի՝ պարսկերենից թարգմանաբար՝ Աստծո տված, որը դարեր միմյանց կապել էր Արցախի մելիքներին ու Իրանի շահերին:

90-ական թթ. վերջերից մեր աչքի առաջ ընթանում էր կամրջի մոտ գտնվող ջրամբարի շինարարությունը, բայց մենք՝ լրագրողներս այդ մասին չէինք գրում հասկանալի պատճառներով:

Ջրամբարը կառուցվեց, կառուցեցին իրանցիները՝ Արաքսի ձախ ափին կատարելով հսկայական աշխատանքներ, այդ թվում՝ ճանապարհաշինական: Մի քանի հայկական գյուղեր մնացին ջրի տակ: Տեղանքն այնպիսին է, որ ջրամբարը հիմնականում հայկական՝ արցախյան տարածքի վրա է, իսկ ջրապատնեշը և հիդրոէլեկտրակայանը՝ իրանական հատվածում:

Հեռվից, բավական հեռվից, երևում է ջրային այն ավազանը, որ գոյություն չուներ 90-ականների կեսերին:

Ջրամբարը և հիդրոէլեկտրակայանը կառուցվում էր լրատվության գրեթե բացակայության պայմաններում: Այսօր էլ, մենք չգիտենք, արդեն գործում է՞ այն, էլեկտրաէներգիա արտադրվում է՞, եթե այո, ապա միայն իրանական կողն է՞ օգտվում դրանից:

Մեզ հայտնի է նաև, որ Արցախի և Իրանի միջև ստորագրվել է համապատասխան համաձայնագիր:

Հիմա կհարցնեք՝ ինչո՞ւ ենք այս մասին այսօր գրում: Շատ պարզ պատճառով: ՌուսԳիդրո-ի կայքում հրապարակվել է հոդված՝ համապատասխան լուսանկարներով: Հոդվածում, որը կրում է Худаферинская ГЭС: Секретная плотина на Араксе (https://www.aniarc.am/2016/03/10/khudaferin-reservoir-rusgidro/, http://archive.is/blog.rushydro.ru) խորագիրը, ներկայացվում են որոշ մանրամասներ:

Իրանը այն պետություններից է, որ պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը համարում է Ադրբեջանի մաս, միջազգային կազմակերպություններում, երբ քվեարկության է դրվում Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարց, քվեարկում է հօգուտ Ադրբեջանի:

Մյուս կողմից, սակայն, Իրանը այն քիչ, գուցե եզակի պետությունն է, որ Արցախի հետ համատեղ ծրագիր է իրականցրել, ընդ որում՝ խոշոր ծրագիր, նախկին ԼՂԻՄ սահմաններից դուրս՝ վարչականորեն Խորհրդային Ադրբեջանի մաս համարված տարածքներում:

 

Թաթուլ Հակոբյան