Հայաստանի Անկախութեան Ճանապարհին. 1987-1991

3067

Հայրիկեանը` ձեռնաշղթաներով

1988-ի յուլիսին ձեռնաշղթաներով Ափրիկէ` Եթովպիայի մայրաքաղաք Ատիս Ապեպա արտաքսուեց խորհրդային վարչակարգի դէմ պայքարող ամէնից յայտնի այլախոհներից Պարոյր Հայրիկեանը:

Նա պէտք էր դառնար ԽՍՀՄ-ից արտաքսուած վերջին քաղաքական գործիչը:

Խորհրդային Միութեան առաջնորդ Միխայիլ Կորպաչովի այս որոշումը զարմանալի էր, քանի որ հէնց նրա ղեկավարութեան շրջանում` 1986-ից, բազմազգ կայսրութեան բոլոր այլախոհները, տասնեակ տարիներով բանտերում եւ աքսորավայրերում տառապանքներ կրելուց յետոյ, սկսել էին ժամկէտից շուտ տուն դառնալ:

17 երիտասարդ տարիներ աքսորներում անցկացնելուց յետոյ տուն էր եկել նաեւ Պարոյրը:

1987-ի աշնանը նա արդէն բացայայտ քաղաքական գործունէութիւն էր ծաւալում, խօսում Հայաստանի անկախութեան անհրաժեշտութեան մասին, նոյն 87-ի հոկտեմբերից տպագրում «Անկախութիւն»-ը (այս տողերի հեղինակը 90-ականների սկզբին մի քանի տարի թղթակցել է այդ թերթին):

Serj-Paruyr1

Սեպտեմբերին Հայրիկեանը 4-5 համախոհների հետ հիմնադրել էր «Ազգային ինքնորոշում միաւորումը»-ը (ԱԻՄ), որը Խորհրդային Միութեան տարածքում բացայայտ գործող առաջին քաղաքական կազմակերպութիւններից էր:

Հայրիկեանը եւ նրա գաղափարները այդ օրերին անհասկանալի էին Հայաստանի բնակչութեան բացարձակ մեծամասնութեան, գրեթէ բոլորի համար: 1988-ի մարտին, երբ Պարոյրն ու նրա ընկերը, այն ժամանակ անյայտ, այսօր Հայաստանի ազգային հերոս Մովսէս Գորգիսեանը եռագոյնը բերեցին թատերական` այսօրուայ Ազատութեան հրապարակ, ցուցարարները չէին հասկանում դրա իմաստը:

Ի՞նչ անկախութիւն, ի՞նչ եռագոյն…

Կորպաչովը, ով փերեսթրոյքայով (վերակառուցում) ու կլասթնոսթով (հրապարակայնութիւն) բացել էր կայսրութեան բոլոր ժողովուրդների աչքերը, հաւատում էր ԽՍՀՄ գոյութեանը, ապագային:

1988-ի գարնանը Հայրիկեանը Մոսկուայում արտասահմանեան լրագրողների համար կազմակերպած մամուլի ասուլիսի ընթացքում եւ ամէնուր յայտարարում էր, որ Հայաստանի ճանապարհը անկախութիւնն է:

Մոսկուայում նա իր անկախական յայտարարութիւնների համար ձերբակալուեց, ուղարկուեց Երեւան, մի քանի ամիս պահուեց Պակ-ի մեկուսարանում, իսկ յուլիսին տեղափոխուեց Մոսկուա` Լեֆորտովոյի բանտ, որտեղ վեց-եօթ ամիս անց պիտի իրենց տեղն ունենային «Ղարաբաղ կոմիտէի»-ի անդամներից մի քանիսը (միւսները «Մատրոսկայայ տիշինա» բանտում էին):

Հաւանաբար Հայրիկեանը Կորպաչովի ու ԽՍՀՄ-ի համար վտանգ էր ներկայացնում իր անկախական հայեացքների համար: Այլապէս, ինչպէ՞ս բացատրել Կորպաչովի նման քայլը: Այն օրերին Հայրիկեանը հեղինակութիւն էր նաեւ խորհրդային այլ հանրապետութիւնների այլախոհների համար, ովքեր եւս ձգտում էին ինքնորոշման եւ անկախութեան:

Այսպէս, ձեռնաշղթաներով Պարոյրին արտաքսեցին Եթովպիա, որտեղից նա անցաւ Իտալիա, Ֆրանսա, ապա հաստատուեց Միացեալ Նահանգներում: Նրա ամէն կանգառը իրադարձութիւն էր միջազգային հեղինակաւոր լրատուամիջոցների համար:

Հայրիկեանի տուն վերադարձը տեղի ունեցաւ 1990-ի աշնանը, երբ արդէն Հայաստանում, խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում, իշխանութեան էր եկել Հայոց համազգային շարժումը` ՀՀՇ-ն, խորհրդարանի նախագահ եւ երկրի փաստացի առաջնորդ էր դարձել Լեւոն Տէր Պետրոսեանը, իսկ օգոստոսի 23-ին ընդունուել էր Անկախութեան հռչակագիրը:

Գորգիսեանը եռագոյնով ` Ազատութեան հրապարակում. 28 մայիս, 1988թ.

1988թ. մայիսին «Ղարաբաղ կոմիտէ»-ի ամենաերիտասարդ անդամ եւ Երեւանի ապագայ քաղաքապետ Համբարձում Գալստեանը սփիւռքահայ պատմաբան Ժիրայր Լիպարիտեանին հաւաստիացնում էր, թէ Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւնների վերջնակէտում երկիրը հասնելու է անկախութեան: Լիպարիտեանն իր «Պետականութեան մարտահրաւէրը» հատորում գրում է. «Նա կոմիտէի առաջին անդամն էր, որին ես համեմատաբար մօտիկից ճանաչեցի 1988թ. մայիսին Երեւան կատարած իմ ուղեւորութեան ընթացքում: Կոմերիտական կազմակերպութեան մէջ գործօն երիտասարդ ազգագրագէտ Գալստեանը փորձում էր համոզել ինձ` սփիւռքեան պատմաբանիս ու դեռեւս ՀՅԴ անդամիս, որ անկախութիւնն այն հանգրուանն է, դէպի ուր շարժւում է Հայաստանը, եւ դա լաւ բան է»:

Անկախութեան գաղափարը Հայաստանում առաջինը տարածողը, սակայն, «Ղարաբաղ» կոմիտէն չէր եւ ոչ էլ նրա անդամներից որեւէ մէկը: «Ղարաբաղ կոմիտէ»-ն էր, անշուշտ, որ ղեկավարում էր Համազգային շարժումը, սակայն մինչեւ 1988-ի օգոստոս (երբ Ազատութեան հրապարակի հանրահաւաքներից մէկի ընթացքում հրապարակուեց Հայոց համազգային շարժման ծրագիրը, որի հիմնական հեղինակը Վազգէն Մանուկեանն էր) կոմիտէի համար, գոնէ հրապարակաւ, չկար ԽՍՀՄ-ից Հայաստանի անջատման հարց, ցանկութիւն կամ պահանջ: Արցախը Խորհրդային Հայաստանի հետ վերամիաւորումն էր շարունակում մնալ օրակարգի գլխաւոր պահանջը:

«Ղարաբաղ կոմիտէի հինգ հոգանոց գաղտնի խմբի (այս խումբը, ի տարբերութիւն կոմիտէի միւս 11 անդամների, որոնք գործում էին հրապարակաւ, հասարակութիւնից գաղտնի էր պահւում, որպէսզի եթէ 11-ը ձերբակալուեն, նրա՛նք ղեկավարեն շարժումը. այդպէս էլ եղաւ) անդամներից Աւետիք Իշխանեանը մի հարցազրոյցում ասել է, որ` «Կոմիտէն իր մեծամասնութեամբ դէմ էր» 1988թ. մայիսի 28-ին Հայաստանի անկախութեան օրը նշելուն. «Երբ Մովսէս Գորգիսեանն իր համախոհներով կազմակերպեց անկախութեան նշումն Ազատութեան հրապարակում, եւ բարձրացուեց եռագոյն դրօշը, «Ղարաբաղ կոմիտէ»-ի անդամներից երեւի միայն ես էի այնտեղ ներկայ»:

0000s0gz

Այդ հանրահաւաքի սիրողական տեսագրութիւնը պահպանուել է: 1988-ի մայիսի 28-ը` Հայաստանի Ա. Հանրապետութեան օրը, առաջին անգամ Խորհրդային Հայաստանում նշուեց Օփերայի հրապարակի բազմամարդ հանրահաւաքով: Տեսագրութեան մէջ երեւում է` մարդկանց ձեռքներին ձերբակալուած եւ Հայաստանի ՊԱԿ-ի մեկուսարանում պահուող Պարոյր Հայրիկեանի նկարն է: Մարդիկ պարզել են նաեւ եռագոյն դրօշակ, պարզել են Անդրանիկի, Նժդեհի, ֆետայիների նկարները: Նկատելի է, որ հանրահաւաքը կազմակերպել է Ազգային ինքնորոշում միաւորումը:

Մովսէս Գորգիսեանը բարձրախօսով կոչ է անում` «ժողովո՛ւրդ, չվախենա՛ք բարձրացնել հանրապետութեան եռագոյն դրօշ»-ը: Նա ասում է, որ եռագոյնը Հայաստանի Հանրապետութեան դրօշն է. «Հայ ազգը այսօր Խորհրդային Միութեան կազմի մէջ տօնում է մեր պետականութեան օրը, դա մեզանից խլել անհնար է: Ուղերձ ենք պատրաստել. դիմում ենք Հայաստանի եւ ՍՍՀՄ կառավարութեանը եւ խնդրում ենք մի բան` 1918 թուականի մայիսի 28-ը հռչակուել հայկական հանրապետութեան օր»:

Ապա խօսափողին մօտենում է պատմաբան, լեզուաբան Ռաֆայէլ Իշխանեանը, որի ելոյթը 1918-ի Հայաստանի պատմութեան մասին դասախօսութիւն է յիշեցնում: Նա պատմում է, որ 1918-ին հայերն առանց կռուի նահանջեցին Էրզրումից, Կարսից, Ալեքսանդրապոլից եւ հասան մինչեւ Ղարաքիլիսայ, որտեղ մեր զօրքերը պարտուեցին. «Եւ ահա հակառակորդը եկաւ-հասաւ Երեւանին: Հայկական զօրքերի գերագոյն հրամանատարութիւնը Նազարբեկովի ղեկավարութեամբ որոշել էր Երեւանը յանձնել հակառակորդին եւ պաշտպանութիւնը կազմակերպել Սեւանայ լճի մօտ: Այդ որոշմանը համաձայնութիւն էր տուել Թիֆլիսի Ազգային խորհուրդը: Այդ ժամանակ Երեւանում կար մի մարդ, որն ասաց` ո՛չ, եթէ մենք յանձնենք Երեւանը, ապա մենք յանձնում ենք Հայաստանը: Եթէ յանձնում ենք Երեւանը, դա նշանակում է վերջակէտ հայ ժողովրդին: Այդ մարդը Արամ Մանուկեանն էր: Ես ցաւօք նրա նկարը այստեղ չեմ տեսնում»:

Անկախութեան ճանապարհին` վերապահումներ ու մտահոգութիւններ

Անկախ այն իրողութիւնից, թէ այսօր ինչ տարողութեամբ ու պաթոսով է նշւում Անկախութեան օրը Հայաստանում եւ կամ սփիւռքում, անկախ այն իրողութիւնից, որ հայկական կուսակցութիւնները վեր են պարզում անկախութեան դրօշը, իսկ անկախութիւնը համարում բացարձակ արժէք, իրականութիւնն այն է, որ ինչպէս Հայաստանի Ա. Հանրապետութեան շրջանում, այնպէս էլ 1988-90-ական թթ. անկախութեան նկատմամբ հայ քաղաքական միտքը ունեցել է վերապահումներ, անգամ` լուրջ վերապահումներ, աւելին` անկախութիւնը ընկալուել է մարտահրաւէր:

1918-ին չկար որեւէ քաղաքական ուժ, որը Հայաստանի անկախութիւնը համարէր անհրաժեշտութիւն: Հակառակը, շատերը դէմ էին անկախութեանը եւ փնտռում էին փէշ, որպէսզի բռնեն այն: Այդ փէշը կարող էր լինել ռուսական, ամերիկեան, եւրոպական: Իսկ երբ 1918-ի մայիսին փլուզուեց Անդրկովկասեան դաշնութիւնը, եւ վրացիներն ու մահմետականները անկախ հռչակեցին Վրաստանն ու Ազրպէյճանը, հայերին` Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդին, այլ ընտրութիւն չէր մնում, քան հռչակել անկախութիւն, թէեւ ճանաչման աքթում չէին օգտագործուել ո՛չ անկախութիւն եւ ո՛չ էլ հանրապետութիւն բառերը:

Կարճ ժամանակ անց օրուայ իշխող հիմնական ուժը` ՀՅԴ-ն, դարձաւ անկախութեան ջատագովն ու դրօշակակիրը, միւս աւանդական կուսակցութիւնները եւս չհակադրուեցին անկախութեանը, թէեւ ունէին վերապահումներ:

1980-ական թթ. վերջերին եւս Խորհրդային Հայաստանում անկախութեան նկատմամբ հայկական խմբաւորումները եւ հայ քաղաքական միտքը ընդհանրապէս ունէին լուրջ վերապահումներ: Վերապահութիւններ ունէին նաեւ սփիւռքեան կուսակցութիւնները, որոնք Սառը պատերազմի տարիներին պայքարել էին ընդդէմ խորհրդային բռնատիրութեան եւ յանուն անկախ, ազատ, միացեալ Հայաստանի: 1988-ին, սակայն, նրանք մտահոգ էին: Ոչ միայն նրանից, թէ ինչպէս կ՛արձագանգէր Մոսկուան հայերի անկախութեան ձգտումներին, այլեւ` թուրքական վտանգից:

Ինչպէս համայնավարական վերնախաւի, շարքային հայաստանցիների, այնպէս էլ սփիւռքեան  կուսակցութիւնների շրջանում գերիշխող եւ աջակցութիւն վայելող էր տեսակէտը, որ անկախութիւն ստանալուց յետոյ Հայաստանը ստիպուած կը լինի դիմակայել Թուրքիային եւ համաթուրանականութեան:

49932594_LevonTerPetrosyan

«Ղարաբաղ կոմիտէ»-ի (գաղտնի) անդամներից Աւետիք Իշխանեանը մի հարցազրոյցում բացատրել է. «1988թ. յետոյ, երբ իրավիճակը բաւական փոխուեց, եւ անկախութեան գաղափարն աւելի շատ էր արդէն մտել հասարակութեան մէջ, եռագոյն դրօշն արդէն դարձել էր խորհրդանիշ, ՀՀՇ առաջին համագումարին նախապատրաստուելիս եւ ծրագիրը գրելիս` «Ղարաբաղ կոմիտէ»-ի մէջ անընդհատ վէճեր էին գնում` անկախութեան հարցը գրուի՞ Հայոց համազգային շարժման ծրագրի մէջ, թէ՞ ոչ: Ի վերջոյ, մօտաւորապէս 1989 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երբ համագումարն արդէն պէտք էր լինէր, այդ տողը դեռեւս մնացել էր բաց, որովհետեւ երկու հոգի կտրականապէս մերժում էին անկախութեան գաղափարը»:

Դժուար է ասել, թէ ինչպէս կ՛ընթանային իրադարձութիւնները, եթէ 1990թ. խորհրդարանական ընտրութիւններում յաղթէր ոչ թէ ՀՀՇ-ն, այլ` Համայնավար կուսակցութիւնը, մի ուժ, որ կառչած էր Մոսկուային: ՀՀՇ-ն նորաստեղծ խորհրդարանում կազմեց համեմատական մեծամասնութիւն, իսկ նոյն տարուան օգոստոսի 23-ին ընդունեց Անկախութեան հռչակագիրը` հիմքը դնելով Հայաստանի անկախութեան գործընթացին:

Բայց եթէ անգամ խորհրդարանական ընտրութիւններում յաղթէր Համայնավար կուսակցութիւնը, ապա, միեւնոյնն է, Հայաստանը մէկ տարի անց կանգնելու էր անկախութիւն հռչակելու անխուսափելիութեան առջեւ, քանի որ փլուզւում էր Խորհրդային Միութիւնը, եւ հանրապետութիւններին այլ բան չէր մնալու, քան` հռչակել անկախութիւն:

Հայաստանը «Ո՛չ» է ասում Կորպաչովին

1991 թ. վաղ գարնանը Խորհրդային Միութեան առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Կորպաչովը վերջին փորձն էր անում` փրկելու կայսրութեան անխուսափելի վախճանը: Մարտի 17-ին անցկացուեց Խորհրդային Միութիւնը պահպանելու հանրաքուէ: Բնակչութեան մօտ երեք քառորդը կողմ արտայայտուեց խորհրդային երկրի գոյութեանը: Հայաստանը հինգ այլ հանրապետութիւնների հետ` Վրաստան, Մոլտովա, Լաթուիա, Լիթուա, Էսթոնիա, պոյքոթեց հանրաքուէն: Մարտի 1-ին Հայաստանի Գերագոյն խորհուրդը մերժել էր հանրաքուէի անցկացումը երկրի տարածքում եւ որոշում ընդունել վեց ամիս յետոյ անցկացնել անկախութեան ի՛ր հանրաքուէն:

Դեռ 1990 թ. օգոստոսի 23-ին Գերագոյն խորհուրդն ընդունել էր Անկախութեան հռչակագիր, որով Հայաստանի նոր` ոչ համայնավարական  իշխանութիւններն ընտրել էին ազատ եւ անկախ պետութիւն կերտելու ճանապարհը: Հայաստանի ղեկավարութեան համար ակնյայտ էր Խորհրդային Միութեան փլուզման անխուսափելիութիւնը, հռչակագրի ընդունումից յետոյ հիւանդ կայսրութիւնը գոյութիւնը քարշ տուեց ընդամէնը16 ամիս:

Մոսկուայում 1991 թ. օգոստոսեան յեղաշրջման ձախողուած փորձն աւելի արագացրեց խորհրդային պետութեան վախճանը: Եւ միայն յեղաշրջման ձախողումից յետոյ խորհրդային ինը հանրապետութիւններ, այդ թւում` Ազրպէյճանը, որ ընդամէնը վեց ամիս առաջ քուէարկել էին Խորհրդային Միութեան պահպանման օգտին, մէկը միւսի յետեւից հռչակեցին իրենց անկախութիւնը:

1991-ի սեպտեմբերի 21-ին, ինչպէս նախատեսուել էր դեռ կէս տարի առաջ, Հայաստանում տեղի ունեցաւ անկախութեան հանրաքուէ, ընտրական իրաւունք ունեցող բնակչութեան շուրջ 94,5 տոկոսը մասնակցեց, որից աւելի քան 99 տոկոսն «Այո» ասաց անկախ, ազատ եւ ինքնիշխան պետութիւն ունենալու հայ ժողովրդի երազանքին:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Արցախեան օրագիր

Արևմտահայերեն, Արցախեան օրագիրԱյս գիրքը ո’չ օրագրութիւն է, ո’չ տարեգրութիւն, ո’չ փաստաթուղթերու ժողովածու, ո’չ ալ սոսկ դէպքերու արձանագրութիւն: Թերեւս այդ բոլորն է` համահաւաք եւ կարելի ամբողջականութեամբ մատուցուած, պեղուած, արձանագրուած եւ կազմուած լրագրողի’ կողմէ, հնարաւոր անկողմնակալութեամբ, ազատամտութեամբ: Հեղինակը յաջողած է արդար եւ անկողմնակալ կերպով ներկայացնել Արցախեան խնդիրը, զոր հասարակական քննարկումներուն մէջ յաճախ շահարկումներու ենթարկուած է: Փայլուն եւ գերազանց աշխատանք է` հարուստ իր բազմապիսի ու բազմալեզու աղբիւրներով: Աչքի կը զարնէ անաչառութիւնը: Հիանալի եւ մնայուն մենագրութիւն է, անհրաժեշտ դասագիրք` հայկական դիւանագիտութեան համար: Իրազեկ եւ լաւատեղեակ ըլլալու յաւակնող մարդը չի’ կրնար խուսափիլա այս գիրքի օգտագործում էն© ան այս աշխատութեանը ծանօթանալու պարտաւոր է: Բարեբախտաբար, ատիկա հաճելի պարտականութիւն մըն է« քանի որ հեղինակը պատմիչի մեծ ձիրք ունի:

Փափուկ կազմ, 555 էջ,
լեզուն՝ արեւմտահայերէն,
2010, Անթիլիաս