«Մորուքը» Երևանից և Բաքվի փափուկ ուժը. ինչպես է Կրեմլը խառնվում հարևանների ներքին գործերին

2752

Ռուսական «Դոսյե» կենտրոն ոչ առևտրային կազմակերպությունը, որը կապվում է արտասահմանում գտնվող ռուս միլիոնատեր Միխայիլ Խոդորկովսկիի անվան հետ, այս անգամ իր զեկույցում անդրադարձել է Հայաստանում գործող ռուսամետ ազդեցության գործակալներին: Ըստ այդ կենտրոնի՝ Հայաստանում ռուսամետ պրոկրեմլյան գործակալներին համակարգում է գեներալ Չեռնովը:

ՕՐԱԿԱՐԳ կայքը ներկայացնում է կենտրոնի հետաքննությունը թարգմանաբար, որոշ կրճատումներով:

Գեներալն իր ամենամեծ հաջողություններին հասել է Հայաստանում, որտեղ գործում է «Ռուսաստանի բարեկամներ»-ի մի ամբողջ ցանց՝ թե՛ բացահայտ, թե՛ խորապես գաղտնի գործող: Նրանք հիմնավորվել են գրեթե բոլոր պետական ​​կառույցներում ՝ կառավարություն, խորհրդարան, հատուկ ծառայություններ, ԱԳՆ:

Այսպես, 2018թ-ի հունիսին, Հայաստանի Ազգային ժողովի ռուսամետ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի Ղրիմ կատարած այցից հետո, Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը բողոքի նոտա հղեց, և շատ շուտով Հին հրապարակում կարդացին Կիևից ՀՀ ԱԳՆ ուղարկված փաստաթուղթը:

Չեռնովի ենթակաների հատուկ հսկողության տակ է գտնվում, ինչպես նրանք են գրում իրենց զեկույցներում, «Սորոսի հիմնադրամի դրածո» Նիկոլ Փաշինյանը, որը 2018թ-ին «Թավշյա հեղափոխության» ալիքի վրա ստանձնեց Հայաստանի ղեկավարի պաշտոնը: Հին հրապարակում Փաշինյանին տվել են «Մորուք» օպերատիվ կեղծանունը և սկսել են ուշադիր հետևել նրա յուրաքանչյուր քայլին:

«Մինչև օգոստոս, ինչպես խոստացել է Միշան, Նիկոլին չեզոքացնել չստացվեց: Այժմ, ըստ երևույթին, կսկսվի կոշտ սցենար», — հայտնում է ոմն Սվետլանա Մաքսիմովա: Կամ էլ «ստացվում է,  Փաշինյանը բեսպրեդելչիկ է …սպասենք, տեսնենք, թե ինչպես կսայթաքի: Եվ շնորհակալություն միանգամից այսքան արևմտամետ պնակալեզներ բացահայտելու համար»:

Մաքսիմովա գործակալը հետևում է նաև հայ այլ քաղաքական գործիչների, օրինակ ՝ «արևմտամետ» Ստեփան Սաֆարյանին, որը 2019 թ. նշանակվել է Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ:  Բացի տեղեկացված Մաքսիմովայից, «Մորուք»-ի մասին կոմպրոմատ է ուղարկում նաև «Թեկնածու» կեղծանունով Երևանից մեկ այլ աղբյուր:

«Հայաստանի ղեկավարը չի ձգտել սերտորեն համագործակցել կոլեկտիվ անվտանգության պայմանագրի գործընկերների հետ: Ավելին, Ն.Փաշինյանը կասկածի տակ է դրել ՀԱՊԿ-ին և նույնիսկ ԵԱՏՄ-ին երկրի անդամակցությունը պահպանելու նպատակահարմարությունը: Դրա հետ միասին, նա բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ՀԱՊԿ-ի նկատմամբ՝ հրամայելով ձերբակալել կազմակերպության ներկայիս գլխավոր քարտուղարին՝ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին» կամ  «Փաշինյանը հեռու է մնում հետխորհրդային միասնությունից: Նա նույնիսկ չի այցելել Մոսկվայում Հաղթանակի շքերթին՝ անտեղի հղում անելով կորոնավիրուսի հետ կապված խնդիրներին: Ռուսաստանից հեռանալու կուրսը բնորոշ էր Փաշինյանին: Ավելին, նրա օրոք իշխանության են եկել ամերիկամետ քաղաքական գործիչներ, որոնք կասկածվում են ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու մեջ»:

«Ռուսաստանի բարեկամները» չպետք է վախենան լրտեսական բացահայտումներից: Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) վաղուց անվանում են «Լուբյանկայի մասնաճյուղ», իսկ ղեկավարության մեջ մշտապես աղմկոտ սկանդալներով ուղեկցվող կադրային փոփոխություններ են տեղի ունենում:

Այսպես, այս տարվա հունվարին Երևանում հայտնաբերվեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մարմինը, որը 2016-2018 թթ ղեկավարում էր հատուկ ծառայությունը: Նախնական վարկածի համաձայն՝ Կուտոյանն ինքնասպանություն է գործել իր բնակարանում՝ կրակելով Glock 34 անձնական ատրճանակով: Հատուկ ծառայության հաջորդ ղեկավար Արթուր Վանեցյանը այս պաշտոնում աշխատել է մեկ տարուց մի քիչ ավելի: Իր աշխատանքից հեռացվելուց հետո նա Փաշինյանին կոշտ ընդդիմություն դարձավ, և այժմ նրան հաճախ տեսնում են Մոսկվայում՝ ազդեցիկ գործարարներով շրջապատված, որոնք հովանավորում են Լազարևյան ակումբը, որտեղ ընդգրկված են պրոկրեմլյան ակտիվիստներ Հայաստանից (ակումբի մասին ավելի մանրամասն պատմությունը ստորև):

Ազգային անվտանգության ծառայության մեկ այլ նախկին տնօրեն՝ Կառլոս Պետրոսյանը, իր պաշտոնաթողությունից հետո՝ 2004 թ., հատուկ կարգով ստացավ Ռուսաստանի քաղաքացիություն և ապրում է Մոսկվայի կոմպոզիտորների տանը, որտեղ նրան հաջողվել է ձեռք բերել 200 միլիոն ռուբլի արժողությամբ բնակարան: Բացի այդ, Պուտինի գաղտնի հրամանով, Հայաստանի հետախուզական ծառայության նախկին ղեկավարին հատկացվել է ԿԳԲ-ի նախկին ամառանոցը մերձմոսկովյան Մալախովկայում (Մալախովյան հատուկ ծառայությունների աշխատակիցների մասին լրացուցիչ մանրամասները տե՛ս «Լուբյանկայի ֆեդերացիա» զեկույցը):

Պետրոսյանի հարևանությամբ 626,8 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով առանձնատուն է կառուցել է ՖՍԲ-ի տնօրենի նախկին տեղակալ գեներալ-գնդապետ Վիկտոր Կոմոգորովը, որը ժամանակին եղել է հատուկ ծառայությունների գծով Անդրկովկասի համակարգողը: Ամառանոցային հարևաններ Պետրոսյանը և Կոմոգորովը Մոսկվայում հիմնադրել են «Տերություն և օրինականություն» անունով իրավապահ մարմինների աշխատակիցներին և վետերաններին աջակցելու համար նախատեսված բարեգործական հիմնադրամը, որը սակայն 2019 թվականին դատարանի որոշմամբ լուծարվել է:

Ո՞ւմ հաշվին է բանկետը:

Ինչպես արդեն նշվել է «Դոսյեում», նախագահի՝ Անդրկովկասի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչությունը համակարգում է մարդասիրական նախագծերի համակարգման բաժնի պետ, ՖՍԲ-ի պահեստազորի գնդապետ Վալերի Մաքսիմովը և նրա տեղակալ, ԳՌՈՒ-ի սպա Վալերի Չերնիշովը, իսկ Հայաստանը «ամրագրվել է» գեներալ Չեռնովի խորհրդական Դմիտրի Ավանեսովին:

Ավանեսովը կրում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության գնդապետի ուսադիրներ, բացի այդ, 2012 թ. նա ավարտել է վերապատրաստման դասընթացներ ՖՍԲ-ի Նոր տեղեկատվական տեխնոլոգիաների Մոսկվայի ինստիտուտի «Ազգային անվտանգության վիճակը գնահատելու, վերլուծելու և կանխատեսելու համակարգեր» ծրագրով:

Այժմ կրթված գնդապետը ղեկավարում է պրոկրեմլյան ակտիվիստների ցանցը Երևանում և պահանջում է ֆինանսական հաշվետվություներ:

«Հարգելի Արամ Վիլենովիչ»: — Նա «Շտապ» մակագրությամբ հաղորդագրություն է ուղարկել Հայաստանի Հանրային խորհրդի անդամ Արամ Սաֆարյանին — «Այստեղ մենք ձեզ համար խնդիր ունենք: Մեր բաժնի համակարգողը (Անտոն Վայնո — Դոսյեի կենտրոնի նշումը) իրականացնում է աուդիտ: Ես և դու պետք է մանրամասն ներկայացնենք 3 բնորոշ ծախսեր (կայքի, պրոտոկոլային հանդիպումների և այլնի համար)  և 5 ծախսեր` 40-50 հոգու միջոցառմանը մասնակցության համար (զեկուցողներ, լրատվամիջոցներ, կացարաններ, սնունդ, տոմսեր և այլն): Եթե ​​կարող եք, խնդրում եմ, դա արեք մինչ օրվա ավարտը»: «Ամեն ինչ կարվի», — պատասխանել է հանրային խորհրդի անդամ Արամ Սաֆարյանը և իր անձնագրի պատճենը ուղարկել Հին հրապարակ՝ ավիատոմսեր գնելու համար:

Դատելով ֆինանսական գնահատականներից և վճարման հանձնարարականներից՝ պարոն Սաֆարյանը մեկ այլ աշխատավարձ էլ ստանում է Անժելիկա Տրապեզնիկովայի գլխավորությամբ գործող «Հյուսիս-Հարավ» քաղաքագիտական ​​կենտրոնից: Նա (Տրապեզնիկովան), ինչպես ավելի վաղ նշել ենք, վերահսկվում է ՖՍԲ-ի գնդապետ Մաքսիմովի կողմից:

Չերնովի թղթերի մեջ հայտնաբերվել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնագրի պատճենը: «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը հաճախակի այցելում է Մոսկվա, իսկ 2019թ-ի փետրվարին նրա կուսակցությունը համագործակցության արձանագրություն է ստորագրել «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ:

«Եդինայա Ռոսիա»-ի գործընկերն ունի բավականին բուռն կենսագրություն: 1979թ. ՆԳՆ պարեկապահակային ծառայության սպա Գագիկ Ծառուկյանը դատապարտվել է խմբակային բռնաբարության համար և ազատազրկումը կրել Նիժնի Տագիլի մոտակայքում գտնվող Կարմիր բադի «ոստիկանական» գոտում (սակայն, 22 տարի անց դատավճիռը չեղյարկվել է, իսկ Ծառուկյանն արդարացվել): Վերադառնալով հայրենիք ՝ նախկին ոստիկանը կարողություն է կուտակել կաթնամթերքի արտադրության մեջ, ապա ստեղծել «Մուլտի գրուպ» բազմապրոֆիլ կոնցեռնը, որն այժմ հանդիսանում է Հայաստանի 10 խոշոր հարկատուներից մեկը:

2004թ-ի նոյեմբերին Երևանի կենտրոնում պայթեցվել է «Հայկական ժամանակ» թերթի այն ժամանակվա գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի «Նիվա» մակնիշի ավտոմեքենան: Դրա իրականացման պատվերը կատարելու համար ապագա վարչապետը մեղադրել է Գագիկ Ծառուկյանին, որն իբր դժգոհ է մնացել նրա հոդվածներից մեկից: Քրեական գործը այդպես էլ չի փակվել, սակայն անցյալ տարի լրագրողները Ծառուկյանին հիշեցրեցին պայթեցված մեքենայի մասին: «Ո՞ւմ տեղն եք դնում ինձ: Ես այն ժամանակ կոնյակի գործարան բացեցի, ուրախացա, զվարճացա: Եվ ի՞նչ, ես այդպիսի ուրախությունից պետք է մեքենաներ պայթեցնեմ»: — վրդովվեց հասարակական գործիչը:

Ազդեցության այլ հավանական գործակալների պարբերաբար տեղափոխում են Մոսկվա՝ բազմաթիվ սեմինարների, կլոր սեղանների, գիտաժողովների և լրագրողական դպրոցների:

Օրինակ՝ 2017թ-ին Հայաստանից տասնմեկ քաղաքագետներ և լրագրողներ Մոսկվա էին մեկնել սեմինարի: Ավիատոմսերը, հյուրանոցներում տեղավորելը, փոխադրումը, սնունդը և ֆուրշետը Ռուսաստանի բյուջեին արժեցել է 18,560 դոլար: Եվս երեք ռուս փորձագետներ խոսել են հինգ հազար դոլարի մասի` Հայաստանում երկօրյա ելույթների համար, իսկ Երևանում երեք օր մնալու համար ԱՊՀ անվտանգության խնդիրների ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Ստուպակովին Հին հրապարակում վճարել են 3680 դոլար` չհաշված հոնորարը:

Հայաստանի գծով հետախուզության գեներալ Չերնովի գերատեսչության հետ սերտորեն աշխատում է Լազարևյան ակումբը` Պետական ​​դումայում «Եդինայա Ռոսիա»-ից պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հովանու ներքո: Ակումբը ստեղծվել է 2018թ-ին, դրանում ընդգրկվել են պրոկրեմլյան հայ պատգամավորներ, հասարակական գործիչներ և լրագրողներ, մասնավորապես ՝ Երևանի նախկին քաղաքապետ Արտաշես Գեղամյանը, գրող Զորի Բալայանը, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը, Երևանում ԱՊՀ երկրների ինստիտուտի մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը , փորձագետ Վազգեն Մանուկյանը և «Ռուսաստանի այլ բարեկամներ»:

Նշված կերպարներից հատկապես ակտիվությամբ աչքի է ընկնում Արտաշես Գեղամյանը, որը գրեթե ամեն շաբաթ Լազարևյան ակումբի կայքում հրատարակում է քարոզչական հոդվածներ սովետական ​​սարսափ պատմությունների ոգով՝ «Ռուսաստանի դեմ մղվում է զանգվածային հիբրիդային պատերազմ», «Գլոբալիստների նախագիծը՝ Նիկոլ Փաշինյանը, ֆիասկո է կրել: Ի՞նչ կլինի հետո», «Փաշինյանը ծափահարելո՞ւ է Նավալնիին» վերնագրերով:

Անհրաժեշտ է նաև նշել Անդրանիկ Նիկողոսյանին՝ Ռուսաստանի և Հայաստանի բարեկամների խորհրդարանական ակումբի արդեն նախկին նախագահին: Այդ ակումբը երկար տարիներ ղեկավարում էր գեներալ Չեռնովի բաժինը: 2010 թ.-ին պարոն Նիկողոսյանը, որն այն ժամանակ գլխավորում էր ԱՊՀ երկրների երիտասարդական միությունը, Չեռնովին առաջարկեց Հայաստանում բացել «Պուտինի տները», Ռուսաստանի գրքի կենտրոնները և ռուսաց լեզվի անվճար ուսուցման դպրոցներ: Նախագահի աշխատակազմում Նիկողոսյանի նախաձեռնությունը ողջունվեց, և փողերը հոսեցին գետի պես: Օրինակ, միայն 2014-2015 թվականներին Նիկողոսյանը ստացել է գրեթե մեկ միլիոն դոլար: 2013թ.-ին ՀՀ պաշտոնական այցի ընթացքում Սերգեյ Իվանովը, այն ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավարը, մասնակցեց ռուսաց լեզվի ուսումնասիրման կենտրոնների բացման արարողությանը և մի քանի ջերմ խոսք ասաց Նիկողոսյանի հասցեին:

Սեպտեմբեր, 2020

Ռուսերեն բնօրինակը՝ https://dossier.center/azerb/?fbclid=IwAR3T1-qz7eSsK7zZp0mcG_Hb3ZwtXkea1gFPzV2xACmLF_BRUd5QEysGUfQ