«Խորհրդային Հայաստանը և հարևանները 1920-1937 թթ». ԱՆԻ կենտրոնի 18 ձեռնարկները

687

Առաջիկա 18 ամիսների ընթացքում՝ 2020-ի սեպտեմբերից մինչև 2022-ի փետրվար, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը նախաձեռնում է «Խորհրդային Հայաստանը և հարևանները 1920-1937 թթ» քննարկումների շարք, որոնք տեղի կունենան Երևանում և մարզերում:

Քննարկումները կներկայացնեն ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանն ու ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Զուգահեռաբար, 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2022 թվականի փետրվարը ներառյալ, ԱՆԻ կենտրոնը իր կայքում կներկայացնի 1920 թվականից մինչև 1937 թվականների Խորհրդային Հայաստանի, Խորհրդային Վրաստանի և Խորհրդային Ադրբեջանի մասին արխիվային նյութեր, ուսումնասիրություններ, հոդվածներ, մամուլի հրապարակումներ, դեկրետներ ու որոշումներ, նկարներ:

Յուրաքանչյուր ամիս նվիրվելու է այդ 18 տարիներից յուրաքանչյուրին, այն է՝ 1920 թվականի դեպքերը՝ 2020-ի սեպտեմբերին, 1921-ը՝ հոկտեմբերին և այդպես շարունակ մինչև 1937-ը ներառյալ:

1920 թվականի դեկտեմբերը Հայաստանի խորհրդայնացման տարին է, այդ պատճառով, որպես սկիզբ վերցրել ենք հենց այդ թվականը, իսկ 1937-ը այն տարին է, երբ Ստալինյան բռնաճնշումները հասան իրենց գագաթնակետին:

Ինչո՞ւ ենք վերցրել Խորհրդային Հայաստանի հենց այս ժամանակահատվածը: Առաջին. պատմության այս ժամանակահատվածը գրեթե անծանոթ է հայ հանրության լայն շրջանակներին: Այսօր Հայաստանում արդեն քիչ մարդիկ են մնացել, որոնք ծնվել են 1920-1937 թվականներին և ապրում են Հայաստանում:

Մեկուկես տարի շարունակ, գրեթե ամենօրյա ռեժիմով լրատվություն ներկայացնելը այդ տարիների մասին որոշ չափով կլրացնի բացը:

Երկրորդ. Հայոց պատմության դասագրքերում և բուհական ձեռնարկներում այս ժամանակաշրջանը շատ աղքատ և իրականությունից հեռու է ներկայացված:

Երրորդ. 1920 թվականի դեկտեմբերից 2-ից, երբ Հայաստանը բոլշևիկացվեց կամ դարձավ խորհրդային, մինչև 1922 թվականի դեկտեմբեր, երբ հարևան Վրաստանի ու Ադրբեջանի հետ մաս կազմեց Խորհրդային Միությանը, այդ երկու տարիներին Խորհրդային Հայաստանը դե-յուրե անկախ էր, դե ֆակտո՝ Խորհրդային Ռուսաստանի կողմից օկուպացված հանրապետություն: Չնայած այդ իրականությանը, այս շրջանում Խորհրդային Հայաստանը ուներ իր դեսպանատները աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում հարևան Թուրքիայում և Իրանում:

Չորրորդ. 1922-ից 1936 թվականներին Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը միասնական տարածք և միավորում էին և կրում էին Անդրֆեդերացիա անունը, որի կենտրոնը Թիֆլիսն էր: Սրա մասին ևս շատ քիչ է գրվում ու խոսվում: Ինչպե՞ս էին այս երեք հանրապետությունները միմյանց հետ հարաբերվում և ինչպես էին հարաբերվում Մոսկվայի հետ: Երեք հանրապետությունների միասնական տարածքում կյանքը, թեև պարտադրված, ինչպես է ընթացել:

Հինգերորդ. ինչպե՞ս էին կառավարվում վիճելի տարածքները երեք հանրապետությունների և Մոսկվայի միջև: Նկատի ունենք Արցախը, Աբխազիան և Հարավային Օսիան, ինչպես նաև երկու այլ ինքնավար միավորումները՝ Նախիջևանն ու Աջարիան:

Վեցերորդ. այս շրջանում երեք հանրապետությունների միջև տեղի են ունեցել տարածքային բազմաթիվ փոխանակումներ: Ադրբեջանից մի գյուղ տրվել է Հայաստանին, Հայաստանից՝ Ադրբեջանին կամ Վրաստան և այսպես շարունակ: Ինչպե՞ս են կատարվել այդ փոխանակությունները: Սա էլ մի թեմա է, որի մասին տեղեկությունները չափազանց աղքատ են:

18 դասախոսություն-քննարկումները մարզերում և Երևանում ունենալու են հետևյալ խորագրերը.

Սեպտեմբեր, 2020թ.- Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի խորհրդայնացումը համապատասխանաբար 1920թ. ապրիլին, դեկտեմբերին և 1921-ի փետրվարին:

Հոկտեմբեր, 2020թ – Խորհրդայնացման առաջին տարին, իշխանության մարմինների ձևավորումը Խորհրդային Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում 1921 թվականին:

Նոյեմբեր, 2020թ. – Անդրկովկասյան Սոցիալիստական խորհրդային Հանրապետությունների Դաշնայիև Միություն՝ Անդրֆեդերացիայի ձևավորումը և Խորհրդային Միության մաս դառնալը 1922-ին:

Դեկտեմբեր, 2020թ.- ԼՂԻՄ -ի ձևավորումը. Խորհրդային Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը 1923 թվականին:

Հունվար, 2021թ – Հակախորհրդային դեպքերը Վրաստանում 1924-ին և դրանց արձագանքները Հայաստանում և Ադրբեջանում:

Փետրվար, 2021թ – Կրոն, եկեղեցի և խղճի ազատություն. Խորհրդային Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը 1925 թվականին:

Մարտ, 2021թ.- Խորհրդային Միության առաջին մարդահամարը. Խորհրդային Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ազգային կազմը 1926 թվականին:

Ապրիլ, 2021թ.- Արդյունաբերականացման սկիզբը և ՆԷՊ-ի ձախողումը. Խորհրդային Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը 1927 թվականին:

Մայիս, 2021թ.- Էլիտաները Խորհրդային Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում. 1928 թվականին: 

Հունիս, 2021թ.- Կոլեկտիվացումը Խորհրդային Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում. 1929 թվականը Անդրկովկասում:

Հուլիս, 2021թ.- Բռնաճնշումների առաջին փուլը, գյուղացիական ընդվզումները Խորհրդային Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում 1930 թվականին

Օգոստոս, 2021թ.- Ստալինը և հայերը. Խանջյանը՝ Խորհրդային Հայաստանի ղեկավար. 1931 թվականը:

Սեպտեմբեր, 2021թ.- Հայկական Սփյուռքը և Խորհրդային Հայաստանը. 1932 թվականը:

Հոկտեմբեր, 2021թ.- Տնտեսության 10-ամյակը Խորհրդային Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում. 1933 թվականը:

Նոյեմբեր, 2021թ.- Դպրոցը և մշակույթը Խորհրդային Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում 1934 թվականին:

Դեկտեմբեր, 2021թ.- Խորհրդային Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխհարաբերությունները. 1935 թվականը:

Հունվար, 2022թ.- Խանջյանի ժամանակը և մահը. Խորհրդային Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը 1936 թվականին:

Փետրվար, 2022թ.- 1937-ը Խորհրդային Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում:

Այս ծրագիրը կյանքի կոչելու համար ԱՆԻ կենտրոնը 2020 թվականի գարնանը դիմել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությանը՝ դրամաշնորհ ստանալու ակնկալիքով: Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը բավարարել է ԱՆԻ-ի դիմումը և հիմնադրամի հետ ստորագրել 12,4 միլիոն դրամ տրամադրելու պայմանագիր:

ԱՆԻ հիմնադրամը շնորհակալություն է հայտնում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությանը համագործակցության և պատմության այս շրջանը կարևորելու համար:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ

16 սեպտեմբեր, 2020թ.