Հայաստանը և Սփյուռքը տապալել են Արցախի վերաբնակեցման ծրագիրը

978

Ադրբեջանի արտգործնախարարությունը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային կազմակերպություններին՝ Լեռնային Ղարաբաղում լիբանանահայ ընտանիքների հաստատման առնչությամբ՝ այն որակելով «ապօրինի վերաբնակեցում»։

Բաքուն պնդում է, թե Հայաստանը, վարելով «ապօրինի վերաբնակեցման քաղաքականություն, փորձում է ավելացնել հայերի թվաքանակը գրավված տարածքներում»։ Ադրբեջանը միջազգային հանրությանը կոչ է անում «գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու համար»։

Դեռ 2004 թվականին, երբ արտգործնախարար դարձավ Էլմար Մամեդյարովը, Բաքուն կարողացավ հասնել նրան, որ ԵԱՀԿ-ն փաստահավաք խումբ ուղարկի նախկին ԼՂԻՄ-ին հարակից և Արցախի վերահսկողության տակ գտնվող յոթ շրջաններ՝ պարզելու, թե արդյոք հայկական իշխանությունները վարում են յուրացման և վերաբնակեցման քաղաքականություն:

 

Մինսկի խմբի եռանախագահությունը և ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը 2005-ի փետրվարին մեկ շաբաթ անցկացրեց յոթ շրջաններում: Ես՝ որպես լրագրող, նրանց հետ էի ամբողջ շաբաթ: Այցից շաբաթներ անց ԵԱՀԿ-ն հրապարակեց ծավալուն զեկույց, որտեղ հստակ ասվում էր, որ Հայաստանը վերաբնակեցման և յուրացման քաղաքականություն չի վարում: Նշվում էր նաև, որ նախկին ԼՂԻՄ-ից դուրս տարածքներում վերաբնակեցված հայերի թիվը 13 հազարի սահմաններում է:

Հստակ վիճակագրական տվյալների չկան, սակայն պարզ է, որ 1992-1994 թթ․ պատերազմի արդյունքում՝ ազատագրված տարածքներում, լայնածավալ վերաբնակեցում տեղի է ունեցել 1995-1997 թթ․, գերազանցապես Լաչինի, այսօր՝ Բերձորի և Քարվաճառի հատվածներում: Հետագայում ևս տեղի է ունեցել տարերային վերաբնակեցում, այդ թվում՝ այլ շրջաններում: Տեղի է ունեցել նաև հակառակը՝ 1995-1997 թթ․ վերաբնակիչները հետագայում արտագաղթել են կամ վերադարձել մշտական նախկին բնակավայր, այդ թվում՝ Հայաստան:

Ուշագրավն այն է, որ երբ 1995-1997 թթ․ շուրջ 15 հազար մարդ հաստատվեց Արցախում՝ Բերձորի և Քարվաճառի շրջաններում, այդ մասին պաշտոնական Երևանը չէր թմբկահարում: Այսօր և նախկինում անգամ մեկ-երկու ընտանիքի տեղափոխումը Արցախը ներկայացվում է մեծ հաջողություն և վերաբնակեցման քաղաքականության իրականացում՝ իր վրա գրավելով Ադրբեջանի և միջազգային հանրության ուշադրությունը:

2010 թ․ հոկտեմբերին ԵԱՀԿ-ն Ադրբեջանի պահանջով մի նոր փաստահավաք առաքելություն իրականացրեց, և կրկին պարզվեց, որ Հայաստանը և Սփյուռքը վերաբնակեցման և յուրացման քաղաքականություն չեն իրականացնում:

Ինչո՞ւ է Ադրբեջանը պարբերաբար միջազգային հարթակներ տանում ԼՂԻՄ-ի հարակից տարածքներում Հայաստանի վերաբնակեցման հարցը: Նպատակը պարզ է՝ ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելու վրա, որ «Հայաստանը զավթարար է և իրացնում է ուրիշի հողերի վերաբնակեցման և յուրացման քաղաքականություն»: Հեռահար նպատակ կարող է լինել նաև Հայաստանի դեմ հայց ներկայացնելը և փոխհատուցում պահանջելը:

Հայկական քաղաքական դիսկուրսում ընդունված է մի տեսակետ, որ 1923-ից մինչև 1988-ը, երբ Արցախը ԼՂԻՄ սահմաններով Խորհրդային Ադրբեջանի կազմում էր, հայ բնակչության թիվը չէր ավելանում, քանի որ Բաքուն վարում էր հակահայ քաղաքականություն:

Այն, որ շուրջ 70 տարի Բաքուն ԼՂԻՄ-ում վարել է հակահայ քաղաքականություն, ես էլ կասկածի տակ չեմ դնում, սակայն դրա կողքին առաջ եմ քաշում մեկ այլ իրականություն, որի մասին հայ քաղաքական դիսկուրսում ընդունված չէ և ցանկալի չէ խոսել:

1989 թ․ Խորհրդային Միության վերջին մարդահամարի տվյալներով՝ նախկին ԼՂԻՄ-ում բնակչության թիվը կազմել է 189 085, որից հայերը՝ 145 450, ադրբեջանցիները՝ 40 688: Այսօր Արցախում՝ ԼՂԻՄ գումարած ազատագրված շրջաններ, բնակչության թիվը շուրջ 150 հազար է: Այսինքն, ավելի քան 30 տարում բնակչության թիվը չի ավելացել: Այստեղ մենք չենք կարող այլևս խոսել Ադրբեջանի խտրական քաղաքականության մասին, քանի որ Բաքուն վերահսկողության որևէ լծակ չունի Արցախի նկատմամբ, բայց կարող ենք գրել, որ Հայաստանն ու Սփյուռքը ձախողել են Արցախի վերաբնակեցման քաղաքականությունը, եթե, անշուշտ, նման քաղաքականություն լրջորեն եղել է օրակարգի վրա:

Ուշադրություն դարձրե՛ք, որ 1989թ․ ԼՂԻՄ 4,4 հազար քառակուսի կիլոմետր տարածության վրա էր հայ բնակչության թիվը կազմում ավելի քան 145 հազար, մինչդեռ այսօրվա 11,5 հազար քառակուսի կիլոմետր Արցախի տարածքում բնակչության թիվը 150 հազար է ընդամենը:

Հասկանալի է, որ ղարաբաղյան պատերազմը, Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը, հանրապետությունից ավելի քան 1 միլիոն մարդու արտագաղթը և բազմաթիվ այլ գործոններ չէին կարող անդրադարձ չունենալ Արցախի ժողովրդագրության վրա: Բայց չէ՞ որ մենք ունենք կամ ասում ենք, որ ունենք 7 միլիոնանոց Սփյուռք, որի օրակարգի կարևոր մաս է Հայ դատն ու վերադարձը հայրենիք:

Աշխարհի ճանաչված և չճանաչված պետությունների շարքում Արցախը ամենանոսր բնակեցված երկրներից է:

Պատկերացում կազմելու համար, թե որքան նոսր է Արցախի բնակչությունը, այն պետք է համեմատել անմիջական հարևան և տարածաշրջանի այլ երկրների հետ: Այսպես, շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի բնակչությունը 3 միլիոնին մոտ է, այսինքն՝ մոտ 100 մարդ 1 քառակուսի կիլոմետրի վրա: Արցախում 1 քառակուսի կիլոմետր տարածքի վրա բնակվում է 13 մարդ:

Եթե Արցախը համեմատենք Հայաստանի մարզերի հետ, ապա կրկին այն ամենանոսր բնակեցվածն է:

Տարածքով Արցախի մեծությամբ պետություններից են Կոսովոն, Լիբանանը և Կիպրոսը: Լիբանանի բնակչությունը 6 միլիոնից ավելի է, Կոսովոյինը մոտենում է 2 միլիոնին, իսկ Կիպրոսինը 1,2 միլիոն է:

Բացարձակ այս համեմատությունները գուցե տեղին չեն, բայց մենք դա անում ենք՝ ցույց տալու, թե որքան նոսր է Արցախի բնակչությունը, և որքան առաջնային է ավելացումը՝ հաշվի առնելով անվտանգության սպառնալիքները:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ