Մխիթարյանը և Հայաստանը անբաժանելի են. Տիգրան Հակոբյանի և Թաթուլ Հակոբյանի գրությունը, 5 սեպտեմբեր, 2020թ

1692

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը այսօր, սեպտեմբերի 5-ին սկսում է նոր մրցափուլ ՈւԵՖԱ լիգայի շրջանակներում:

Նոր գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի գլխավորությամբ սա մեր ազգային հավաքականի առաջին հանդիպումն է, և մենք իսպանացի մասնագետին մաղթում ենք հաջող մեկնարկ, իսկ Հայաստանին՝ հաղթական վերադարձ Հյուսիսային Մակեդոնիայից:

Առաջիկա երկու խաղերին չի մասնակցելու հավաքականի երկար տարիների անփոփոխ ավագ և առաջատար Հենրիխ Մխիթարյանը:

Հարգարժան Կապառոսի բացատրությունը, որ Հենրիխի՝ հավաքականին չմիանալը պայմանավորված է վատ մարզավիճակով, չի կարող արդարացված լինել անգամ, եթե մեր ավագը այդպես է հեռախոսով փոխանցել:

Հայկական ֆուտբոլի վաղվա օրվա՝ ակումբային ֆուտբոլի և մեր հավաքականի հաղթանակների նկատմամբ մեր ունեցած հավատն ու վստահությունը մեզ չի կարող անտարբեր թողնել: Մենք հավատում ենք, որ ամենաբարդ իրավիճակներում անգամ պետք է գտնել լուծումներ և ոչ թե աչք փակել ակնառու խնդիրների հանդեպ ու ներկայացնել արդարացումներ:

Անթույլատրելի շռայլություն է հավաքականի հետ չունենալ Հենրիխին՝ անկախ դրդապատճառներից:

Հայկական ֆուտբոլի նկատմամբ սրտացավությունը և հաղթանակների ծարավը մեզ բոլորիս պետք է ստիպեն ավելի լայնախոհ լինել, ֆուտբոլին չնայել մեր առանձնասենյակների նեղ պատուհաններից:

Անթույլատրելի է հայրենասիրության դասեր դասեր տալ մարդկանց, որոնք հայկական ֆուտբոլի, հետևաբար՝ Հայաստանի պատիվը հասցրել են անհավատալի թվացող բարձունքների ու մեզ բոլորիս հպարտություն ներշնչել:

Հայրենասիրությունը սկսվում է մեր ընտանիքներից: Եթե մենք չենք հարգում մեր ծնողներին, մենք չենք կարող սիրել մեր մեծ ընտանիքը՝ Հայաստանը:

Հուսով ենք, որ երկխոսությունն ու բանականությունը կհաղթեն եսասիրությանն ու անբացատրելի համառությանը, և Հենրիխ Մխիթարյանը օր առաջ կմիանա Հայաստանի մեծ ֆուտբոլային ընտանիքին:

Այսօր, մի քանի ժամ անց, Հայաստանը սկսում է նոր մրցափուլ: Հաջողություն մաղթենք նոր գլխավոր մարզչին, իսկ Հայաստանին՝ հաղթական վերադարձ:

Թաթուլ Հակոբյան, լրագրող, «Դովեղ» ֆուտբոլային ակումբ ՀԿ

Տիգրան Հակոբյան, «Էրեբունի-Դիլիջան» ֆուտբոլային ակումբի նախագահ