Թուրքի դէմ հայը միշտ կը կռուի, իսկ ռուսի դէմ հազիւ թէ կռուի. Ռուբէն Տեր-Մինասեան

2734

Ծանոթ.- Այս գրության հեղինակը Հայաստանի Առաջին Հանրապետության Արդարադատության նախարար Ռուբեն Դարբինյանն է (Արտաշես Չիլինկարյան): Նրա զրուցակիցը ռազմական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանն է: Երկուսն էլ ծնվել են Ախալքալաքում: Այս զրույցը տեղի է ունեցել 1920-ի մայիսին, երբ հայ բոլշևիկները խռովություններ բարձրացրեցին Ալեքսանդրապոլում, Նոր Բայազետում, Կարսում, Սարիղամիշում, իսկ ռուս բոլշևիկները՝ խորհրդայնացնելով Ադրբեջանը, հարձակվեցին (այսօրվա Տավուշի և Արցախի կողմից) Հայաստանի վրա, իսկ հետագա ամիսներին, համագործակցելով քեմալականների հետ, խորհրդայնացրեցին Հայաստանը:

Ռուբէնը նոր էր վերադարձեր Երեւան, Նոր Բայազէտի ապստամբութիւնը ճնշելէ յետոյ, երբ եկաւ բոլշեւիկեան զօրքի Ղազախ մտնելու լուրը: Բոլշեւիկներու ձեռքը գերի էին ինկած մեր ներքին գործոց նախարարի օգնական Ս. Մանասեանը, զօր. Բաղդասարեանը, որ Ղազախի ճակատի մեր հրամանատարն էր, Իջեւանի տեղական ինքնավար վարչութեան նախագահ Ն. Ջաղէթեանը եւ ուրիշ կարեւոր անձնաւորութիւններ:

Շտապեցի Ռուբէնի մօտ: Առաւօտ էր: Ռուբէնը, անկողնու մէջ պառկած, մտախոհ եւ տխուր, կը ծխէր՝ ըստ իր սովորութեան:

– Ի՞նչ է կարծիքդ ստացուած լուրի մասին,- հարցուցի:

– Շատ ծանր է կացութիւնը,- ըսաւ մռայլ եւ անտարբեր ձեւով,- Եթէ ճիշդ է, որ 2000-3000-նոց ռուս զօրք է մտել Ղազախ, մենք հազիւ թէ կարողանանք դիմադրել:

– Շատ կասկածելի է, որ այդքան ռուս զօրք լինի այնտեղ: Գոնէ եկած տեղեկութիւնները այդ տպաւորութիւնը չեն ձգում,- առարկեցի:

– Թիւը այնքան էլ կարեւոր չէ,- պատասխանեց,- որովհետեւ եթէ դրանից չորս անգամ էլ աւելի թուրք զօրք գայ մեզ վրայ, չեմ վախենայ: Թուրքի դէմ հայը միշտ կը կռուի: Կարեւորը այստեղ ռուս զօրքի եւեւալն է, իսկ ռուսի դէմ մերոնք հազիւ թէ կռուին: Չափազանց ուժեղ է մեր մէջ ռուսական, ռուսասիրական ոգին: Ռուսի դէմ կռուելու համար մենք չենք պատրաստած մեր զօրքը, մեր ժողովուրդը:

– Ուրեմն, ի՞նչ ես ուզում ասել,- հարցուցի վրդովուած,- կարծում ես, որ կռիւը ռուս բոլշեւիկների դէմ անյուսալի՞ է:

– Դրութիւնը շատ ծանր է, բայց ոչ անյուսալի: Պէտք է աշխատել առաջ քաշելու տաճկահայերին, որոնք, կարծում եմ, կը կռուեն ռուսների դէմ: Կամաւոր Դաշնակցականներն էլ կարող են կռուել: Պէտք է հասկացնել ժողովուրդին, զօրքին, թէ որք՜ան ահաւոր է ռուս բոլշեւիկների վտանգը: Պէտք է ներշնչել ամենքին բոլշեւիկ ռուսների դէմ կռուելու ստիպողական անհրաժեշտութիւնը՝ մեր անկախութիւնը պահելու եւ պաշտպանելու համար: Մեր պրոպագանդայի յաջողութեան համար, մանաւանդ պէտք է օգտագործել այն փաստը, որ բոլշեւիկ ռուսերը գործում են տաճիկների, թուրքերի հետ միասին:

Հայրենիք ամսագիր, յուլիս, 1950, թիւ 7 (294), Ռուբէն Դարբինեան, “Հայաստանի Հանրապետութեան օրերուն”, էջ 21-22