Ապրիլյան պատերազմը՝ ներքաղաքական դիսկուրսի մաս և շահարկման թեմա

785

2016 թվականի Ապրիլյան քառօրյան դարձել է Հայաստանի ներքաղաքական դիսկուրսի մաս և հետևաբար՝ շահարկումների առարկա: Ճշմարտությունը և փաստերը հետին պլան են մղվում այս դիսկուրսի և շահարկումների մեջ: Ինքը՝ ճշմարտությունը, պատերազմի առաջին զոհն է:

Գործող իշխանությունները Ապրիլյանով Սերժ Սարգսյանին և Հանրապետական նախկին վարչակարգին են հարվածում, իսկ երրորդ նախագահն ու նրա շրջապատը փորձում են քառօրյան ներկայացնել Հայկական բանակի հաղթանակ:

Ինչպե՞ս կարող է Ապրիլյանը համարվել հաղթանակ, երբ չորս օրվա ընթացքում, իրականում՝ մի քանի ժամերի, դու կորցնում ես 800 հեկտար տարածք և 21 հենակետ Թալիշի բարձունքներում ու Արաքսի մերձափյա հատվածում և ամենացավալին՝ մինչև հարյուր զոհ ես տալիս:

Ինչպե՞ս կարող է Ապրիլյանը համարվել պարտություն, երբ հակառակորդը 10 տարուց ավելի նախապատրաստվում է պատերազմի, ձեռք է բերում ժամանակակից սպառազինություն, ունենում տարեկան 3 միլիարդանոց ռազմական բյուջե, սակայն, ըստ էության, չի կարողանում որևէ լուրջ հաջողության հասնել:

Ապրիլյանը Իլհամ Ալիևի համար կարող է համարվել հոգեբանական հաղթանակ, Սերժ Սարգսյանի համար՝ հոգեբանական պարտություն, բայց երբ վերանում ենք անձերից, պատկերը շատ ավելի պարզ է դառնում:

Ադրբեջանի նախագահը չորս տարի շարունակ ժողովրդին կերակրում է Ապրիլյան պյուռոսյան հաղթանակով, Հայաստանի երրորդ նախագահը չորս տարի շարունակ փորձում է քառօրյան ներկայացնել հաղթանակ: Սերժ Սարգսյանի վերջին մամուլի ասուլիսը, որ առաջինն էր նրա հրաժարականից հետո և Ապրիլյան թեմայով, ևս մեկ փորձ էր, կարծում եմ՝ անհաջող, սրբագրել 2016-ի դեպքերը:

Ապրիլյան քննիչ հանձնաժողովի ձևավորումից հետո ակնհայտ փորձ է արվում 800 հեկտար կորուստը դարձնել 400 հեկտար: Թվերը, անշուշտ, կարևոր են, սակայն եթե 800 հեկտարը կորուստ է, ապա կորուստ է նաև 400 հեկտարը: Ակնհայտ է նաև, որ քննիչ հանձնաժողովը քաղաքական խնդիր է լուծում:

Կորուստների իրական չափերը Թալիշում և Արաքսի ափին

2016-ի քառօրյայի ընթացքում ադրբեջանական կողմին հաջողվել է գրավել մոտ 800 հեկտար հող և 21 հենակետ, որոնցից մի քանիսը եղել են չպահվող դիրքեր:

Ժամանակին գրվել է, որ հայկական կողմի հողային կորուստը 800 հեկտարից ավելին է՝ ընդհուպ մինչև 2500 հեկտար: Սերժ Սարգսյանը ասուլիսում ոչ միայն հերքեց 800 հեկտար կորուստի պնդումը, այլ 21 դիրքերի կորուստը, սակայն չմանրամասնեց, թե քանի դիրք ենք կորցրել:

Ապրիլյանից անմիջապես հետո մենք ունեցանք երկու հրապարակում Թալիշում և Արաքսի հատվածում հայկական կորուստների մասին, որտեղ թվերով փորձել էինք ներկայացնել իրականությունը: ՀՀ ՊՆ-ն մի հրապարակման մեջ հաստատեց, որ մեր ներկայացրած թվերը ամենից մոտն են իրականությանը:

Արաքսի ափին՝ Վարազաթումբ/Լելե թեփեում, հայկական բանակը կորցրել է 7 դիրք, որոնք միասին կազմում են 1.5-ից մինչև 2 կիլոմետր երկարություն և 500 մետրից մինչև 1 կիլոմետր խորություն:

2016-ի ապրիլ 1-2-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից հյուսիսային ուղղությամբ գրաված դիրքերը գտնվում են Արցախի Թալիշ և Ադրբեջանի Թափ Կարակոյունլու գյուղերի միջև ընկած տարածքի բլրաշատ վայրում՝ Մռավջուր կամ Ինջա գետի երկայնքով և ջրի հունից դեպի հարավ-արևելք ընկած հարթավայրային հատվածում:

Ադրբեջանական կողմին հաջողվել էր տիրել առաջնագծի այդ հատվածին, սակայն կարճ ժամանակ անց հայկական ուժերը հակագրոհով հետ են վերցրել կորցրած դիրքերի մի մասը, իսկ մյուս մասը՝ թվով 14 դիրք, որոնք կախված էին Թափ Կարակոյունլու գյուղի վրա, հնարավոր չի եղել հետ վերցնել, քանի որ Ռուսաստանի միջնորդությամբ հաստատվեց կրակի դադարեցում:

Այսպիսով, եթե հարավային ուղղությամբ՝ Արաքսի ափին հայկական բանակը կորցրել էր 7 դիրք, որոնք միասին կազմում էին 1.5-ից մինչև 2 կիլոմետր երկարություն և 500 մետրից մինչև 1 կիլոմետր խորություն, ապա Թալիշում և՛ դիրքային, և՛ տարածքային կորուստները ավելի մեծ էին:

Թալիշի հատվածում կորսված 14 դիրքերի երկարությունը շուրջ 4-5 կիլոմետր է, խորությունը՝ 1-1.5 կիլոմետր: Այստեղ, ինչպես և Արաքսի ափին, ադրբեջանական կողմը ստացել է որոշ դիրքային առավելություն, ինչը հնարավորություն է տալիս ուղղակի կրակի տակ պահել Թալիշը կամ գյուղի որոշ հատվածներ:

Չափազանց բարդ է ասել, թե որքան է կազմում հայկական կողմի տարածքային կորուստը Թալիշի և Վարազաթումբ/Լելե թեփեի շրջանում միասին: Մեր մոտավոր հաշվումներով, որոնք ճշգրտման կարիք կունենան, այն կկազմի 7-ից 9 քառակուսի կիլոմետր, գրել ենք 2016-ի հոդվածներից մեկում՝ Ապրիլյանից անմիջապես հետո:

2016-ի ապրիլից՝ 2020-ի հուլիս

Իլհամ Ալիևի ապրիլյան հաղթանակը շարունակվեց մինչև 2020-ի հուլիս, երբ Տավուշում տեղական բախումներ եղան: Այստեղ Ալիևը կրեց նախ և առաջ հոգեբանական պարտություն: Ադրբեջանի 17 տարիների առաջնորդը այլևս չի կարողանալու իր ժողովրդին կերակրել Ապրիլյանով:

Ապրիլյանի հետ Տավուշի հուլիսյան բախումները ևս դարձան Հայաստանի ներքաղաքական դիսկուրսի և շահարկումների մաս: Քիչ է մնում տավուշյան դեպքերը համեմատեն Ապրիլյանի հետ:

Եթե Սերժ Սարգսյանին պետք է ընկճել Ապրիլյանով, ապա Տավուշի տեղական մարտերը չափազանցվում են: Այստեղ շահարկումները մի քանի շերտ ունեն: Նախկին իշխանությունները, այդ թվում Սերժ Սարգսյանն ու նրա լրատվական հրետանին ամեն կերպ փորձում են Հայկական բանակն ու քաղաքական ներկա իշխանությունը տարանջատեն, այն է՝ զինվորականների հաջողությունները կապ չունեն ապաշնորհ իշխանությունների հետ: Սա շատ պրիմիտիվ հնարք է, որ գործածվել է նաև նախկինում: Բնականաբար, եթե Տավուշում մենք ունենայինք կորուստներ, ինչպես ունեցանք 2016-ի ապրիլին, ապա նախկինները ամբողջ պատասխանատվությունը դնելու էին Նիկոլ Փաշինյանի վրա:

Վարչապետն ու նրա թիմը Տավուշի հաջողությունը գերագնահատում են: Այո, հակառակորդը կորուստներ կրեց, սակայն 2020-ի հուլիսը 2016-ի ապրիլի հետ համեմատելը կոչեկտ չէ:

Մեր պատմության պարադոքսը

Այս ամենը նորություն չէ Հայաստանի վերջին 100 տարիների պատմության համար:

1991-1994 թվականներին Հայկական բանակը տարել է անհավատալի թվացող հաղթանակներ: 30 հազար կիլոմետր տարածքով Հայաստանը դարձել է 42 հազար քառակուսի կիլոմետր: Երեք տասնամյակ շարունակ փորձ է արվում ստեղծել օրակարգ և պատում, թե իբր այդ հաղթանակի հետ Հայաստանի առաջին նախագահն ու նրա թիմը կապ չունեն: Ավելին, Լևոն Տեր-Պետրոսյանը ձգտում էր հողերը հանձնել, բայց ընդդիմադիր ջոկատները դա կանխեցին: Իսկ օրինակ, Շահումյանի անկման պատասխանատուն Լևոն Տեր-Պետրոսյանն է:

Տեր-Պետրոսյանին մեղադրում են վճռականություն չունենալու և Նախիջևանը չազատագրելու մեջ նաև: Սա արդեն հակասում է առաջին նախագահի ընդդիմադիրների տրամաբանությանը: Եթե Տեր-Պետրոսյանի անվճռականության պատճառով է, որ այսօր Նախիջևանը մեր չէ, ապա դա անուղղակի կերպով նշանակում է, որ 1991-1994 թթ հաջողության դափնիները առաջին նախագահինն ու նրա թիմինն են:

Նախիջևանը, սակայն, մեկ այլ ասպեկտ ունի: Հայկական այս երկրամասը մենք կորցրել ենք 1919-ի ամռանը: Բրիտանացիները օգնեցին, որ Նախիջևանը միացվի Հայաստանին: Այդպես էլ եղավ: Անգամ վարչապետ Խատիսյանն ու Դրոն ուղևորվեցին այնտեղ՝ իրենց հետ տանելով նորանշանակ նահանգապետ Վարշամյանին: Բայց Հայաստանի ուժերը բավարարեցին միայն երկու ամիս պահել Նախիջևանը: Թուրք-ադրբեջանական ուժերը հարձակվեցին, հայկական բանակի մի մասը կոտորվեց, մյուս մասը կարողացավ նահանջել Շարուր, որը մենք կորցրեցին 1920-ի աշնանը՝ Կարսի հետ միասին:

Պատերազմի դաշտում մեր հաջողություններն ու անհաջողությունները միշտ դառնում են ներքաղաքական դիսկուրսի և շահարկման թեմա: Սարդարապատի ու Բաշ Ապարանի հաղթանկները ունեն հստակ տերեր, սակայն Կարսում, Սուրմալույում և մյուս շրջաններում Հայաստանի պարտության մեղավորները դրսում են:

Թաթուլ Հակոբյան 

ՍիվիլՆեթ