Ճգնաժամեր Դաշնակցության մեջ. Վահան Նավասարդյան

10426

ՀՅԴ երևելի դեմքերից մեկի՝ Վահան Նավասարդյանի «Հ. Յ. Դաշնակցության անելիքը» գրքից մի հատված: Այս գիրքը տեղ է գտել ԱՆԻ կենտրոնի՝ վերջերս հրատարակած՝ երկրորդ հրատարակություն, «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք ունի՞, թե՞ չունի» հաստափոր հատորում: Նավասարդյանից բացի, հատորում ներառվել են Հովհաննես Քաջազնունու, Սիմոն Վրացյանի, Արշակ Ջամալյանի և Ռուբեն Դարբինյանի՝ նույն թեմայով գործերը:

ԱՆԻ կենտրոն

Ճգնաժամեր Դաշնակցության մեջ

X

Հ. Յ. Դաշնակցությունը 90-ական թվականներից սկսած դարձավ հայ հասարակական կյանքի միակ  գաղափարական ավազանը: Հայ քաղաքական միտքը կերպարանք առավ, փարթամացավ ու երանգավորվեց Դաշնակցության մեջ ու Դաշնակցության միջոցով: Դաշնակցության մեջ այն չափով, որ չափով նրա ամբողջական դավանանքը, վերջ ի վերջո, մեշամեշ ցնցումներից հետո դարձավ կուսակցության և հայության մեծամասնության դավանանքը: Եվ Դաշնակցության միջոցով այն պատճառով որ տարբեր երանգները հայ քաղաքական մտքի իրենց սկզբնավորությունն առան Դաշնակցության գաղափարական ավազանից և ապա գրեթե միայն նրանից ճյուղավորվեցին հայ իրականության մեջ: Որ կուսակցության անդրանիկ դավանագիրը ծնունդն էր մեր իրականության, թող թե կյանք առած տարօրինակ պայմաններում, դրա անհերքելի ապացույցն այն է, որ այդ նույն դավանագիրը, կուսակցության ներսում եղած պայքարի հետևանքով, հետագայում վերամշակվեց ճիշտ իր սկզբնական ոգով և ոչ մեկ որևէ այլ ուղղությամբ:

1905-ի «Կովկասյան նախագիծ»-ն ու Վիեննայի համագումարի կողմից 1907-ին ընդունված ծրագիրը հարազատ շարունակությունն էին այն հիմնական սկզբունքների, որ ընկած էին 1892 թվականի ծրագրի հիմքում: Այս մի ավելորդ փաստ է այն մեղանչումնների դեմ, որ Քաջազնունին գիտակցաբար թույլ է տալիս իրեն Դաշնակցության վարդապետության նկատմամբ:

Սակայն անդրանիկ ծրագիրը, ինչպես ասացինք, դյուրությամբ Դաշնակցության միակ և իրական դավանագիրը չդարձավ: Քաջազնունիները, աջից և ձախից, հեշտությամբ իրենց դիրքերը չզիջեցին և «Նախագիծ»-ն ու Վիեննայի ծրագիրը ծնունդ առան ո՛չ առանց մեծ ցնցումների:

Նրանք, որոնց խորթ էր կուսակցության ամբողջական դավանանքը, որոնց համար անընդունելի էր նրա ամբողջական դատը, նրանք հարատև պայքարների վայր դարձրին կուսակցական ներքին կյանքը՝ պարբերական ճգնաժամեր ստեղծելով նրա մեջ:

Այստեղ պետք է հիշատակել այն նշանակալից փաստը, թե ինչպես այս հողի վրա մի շարք վայրիվերումներ ապրեց Դաշնակցությունը, որի հետևանքով դժգոհներն ամբողջ խմբերով անջատվեցին Դաշնակցությունից և գնացին քաղաքական նոր հոսանքների սկիզբը դնելու հայ իրականության մեջ:

Առաջին անջատումը տեղի ունեցավ հենց անդրանիկ համագումարում, երբ մի փոքրիկ խմբակ, դժգոհ Դաշնակցության «ձախ» թևից (և հատկապես ապակենտրոն գաղափարից) թողեց կուսակցությունը և Արշակ Բարխուդարյանի ու տխրահռչակ Լևոն Սարգսյանի գլխավորությամբ գնաց հետագայում բոլոր դավանանքների դռները բախտախնդրորեն բախելու:

Երկրորդ անջատումը եղավ ձախից, երբ մի այլ խումբ, ոգևորված միմիայն ընկերային գաղափարներով, Թուրքահայ Դատը դասակարգային կուսակցության գործը չհամարեց, պոկվեց Դաշնակցությունից և գնաց «բյուրեղացած» ընկերվարական կուսակցության հիմքը հայ իրականության մեջ: Սրանք մեր կյանքի անդրանիկ մարքսիստներն էին, որոնք մի մասով գնացին միանալու համառուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը (սրանց թվում էին հայտնի բոլշևիկ Ստեփան Շահումյանը (սպանված), 11-ռդ պետական դումայի անդամ Արշակ Զուրաբյանը (մեռած), Արշավիր Մելիքյան, Հայաստանի առաջին Հեղկոմի անդամներից Ալեքսանդր Բեկզադյանը և ուրիշներ), իսկ մի մասով էլ հիմքը դր[եց]ին (1903-ին) Համառուսական Սոցիալ Դեմոկրատական Բանվորական կուսակցական հայկական ֆրակցիային (սրանց մեջ էին՝ Բախշի Իշխանյան (մեռած), Ղազար Տեր-Ղազարյան, Նարիման Տեր-Ղազարյան, Ալեքսանդր Ծատուրյան (Ռուբենի՝ սպանված), Ալեքսանդր Մյասնիկյան (Մարտունի), բանաստեղծ Վահան Տերյան (մեռած), Ասքանազ Մռավյան և մի շարք ուրիշներ): Այս սոցիալ-դեմոկրատներից շատերը հետագայում դարձան այսօրվա մոլեռանդ բոլշևիկները: Նաև սրանով պետք է բացատրել այն հավելյալ ատելությունը, որ նրանք ունենդեպի իրենց նախկին կուսակիցները: Այսպես են լինում բոլոր ռենեգատները:

Հայ-թուրքական կռիվների շրջանում և այդ կռիվներից անմիջապես հետո տեղի ունեցան երկու նոր անջատումներ՝ աջից ու ձախից: Աջ հոսանքի (այսպես կոչված «միհրանականության») պարագլուխն էր ծանոթ Միհրանը, որը, խորշելով «ընկերվարությունից» և քողարկվելով թուրքահայ դատի նվիրական դրոշի տակ՝ իր «գաղափարական» սնունդը առնում էր «Մշակ»-ի կեղտոտ ակունքներից, չզգալով թերևս, որ իրեն սնուցող խմբակը (առավելապես՝ Համբարձում Առաքելյան), եթե կարող էր գեթ ձևականորեն մնալ «Մշակ»-ի պատերի մեջ, ապա ինքն անխուսափելիորեն իր վախճանը պիտի գտներ ռուսական լրտեսական բաժանմունքում՝ դեպի ուր մղում էր իր թեթևամիտ գլուխը:

Ձախից անջատվեցին այս անգամ ևս նրանք, որոնց համար ընկերվարությունը դասակարգային դատ էր, իսկ թուրքահայ հարցը՝ ապադասակարգային թուրքահայական հարց:

Անջատվողների այս խմբակը մի ամսով միացավ ռուս սոցիալիստ հեղափոխականների կուսակցությանը, իսկ իր խոշոր զանգվածով սկիզբ դրեց հայ սոցիալիստ-հեղափոխականների կազմակերպությանը (սրանց թվում էին՝ Լևոն Աթաբեկյան (սպանված), Արսեն Ամիրյան-Մռավյանը (սպանված), Վահան Մինախորյանը, Հայկ և Ստեփան Ստեփանյանները, Տիգրան Մուշեղյանը, Արսեն Տերտերյանը, բժիշկ Դրո Տեր-Հակոբյանը, Զուբյանը (մեռած), Ստեփան Նազարյանը (մեռած), Սահակ Տեր-Ներսիսյանը և մի շարք ուրիշ դաշնակցական մտավորականներ, որոնցից (այս վերջիններից) մի մասը հետագայում կրկին վերադարձավ կուսակցության գիրկը:

Իսկ վերջին երեք անջատումնները եղան ռուսական հեղափոխությունից հետո, երեքն էլ ձախից և երեքն էլ բոլշևիկյան ուղղությամբ:

Առաջինը տեղի ունեցավ 1918-ին, Բաքվում, Ավիս Նուրիջանյանի գլխավորությամբ և «Ինտերնացիոնալիստ դաշնակցականների կազմակերպություն» անվան տակ, որ քիչ հետո ամբողջովին  միացավ Ռուսաստանի կոմունիստական կուսակցությանը:

Երկրորդ անջատումը տեղի ունեցավ 1920 թվի դեկտեմբերի 2-ին իշխանության փոխանցման օրը Երևանում, երբ մի խումբ կասկածելի նախկին  կուսակիցներ, դեռ բոլշևիկյան կարգերի ստվերը չտեսած, սարսափից «ձախ դաշնակցականներ» անվան տակ պոկվեցին կուսակցությունից և մի քանի օրերի կարճատև ու ամոթալի կյանքից հետո՝ Արտաշես Վանցյանների ու Հայկ Ավալյանների գլխավորությամբ գնացին խտացնելու կոմունիստական կուսակցության «բյուրեղացած» շարքերը:

Իսկ վերջին անջատումը տեղի ունեցավ Ամերիկայում՝ Ս. Նարինյանի և Սահակ Չիթչյանի գլխավորությամբ, որ սկզբում «Բանվորոկան կազմակերպություն» անունը կրեց, իսկ վերջերս միացավ հնչակյաններին՝ քիչ հետո ընդմիշտ ձուլվելու համար համառուսական բոլշևիկյան կուսակցության հետ:

Ճի՞շտ էին արդյոք անջատվողներն իրենց տեսակետների և ըմբռնումների մեջ: Այս հարցի պատասխանը տվեց ամենալավ դատավորը՝ պատմությունը, քաղաքականապես թաղելով գրեթե բոլոր զատվողներին:

Այսքան անջատումներ եղան Հ. Յ. Դաշնակցության մեջ, զատվեցին ամբողջ խմբերով, հեռացան շատերը նաև անհատաբար, սակայն Դաշնակցությունը շարունակեց, այնուամենայնիվ, ապրել և ապրել իբրև հայ կյանքի միակ զորավոր քաղաքական ազդակը: Նրանք հեռացան, գտնելով (գրեթե ամենքը), որ Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս, սակայն բախտի մի չարաճճի խաղով պարզվեց, որ անելիք չունեն իրենք՝ անջատվողները:

Հեռացողները փորձեցին անդամահատել՝ աջից կամ ձախից, հայ ժողովրդի ամբողջական դատը, աղճատել մեր կյանքի բնականոն զարգացումը, շեղել իր բնական հունից մեր ազատագրական պայքարը, սակայն նրանց բոլոր փորձերն անցան ապարդյուն:

Առանց ընկերային խորունկ ուսմունքի, առանց մարդկային լավագույն հասարակարգի հաղթանակը նախապատրաստող վեհ ու գեղեցիկ սկզբունքների, ազգային հարցը (միայն նրա քաղաքական լուծման իմաստով) պիտի գոսանար գաղափարապես, դադարեր թովիչ ուժ լինելուց, պիտի կորցներ իր փայլն ու շունչը, իր հզոր ու շինիչ կիրքը և դառնար մեղմիտ ու թունոտ ազգայանականության բաժին:

Նաև ընկերվարությունը իր հերթին (միայն նրա տնտեսական լուծման իմաստով), առանց ազգության նվիրական դատի, առանց հավերժորեն ապրող ու մշտապես խանդավառող ազգային շաղկապի, առանց զանգվածային զոհաբերության մղող այդ կենսատու աղբյուրի, պիտի դառնար անկենդան մի ուսմունք, պիտի զրկվեր հմայքից, պիտի կորցներ իր գրավչությունն ու դառնար անհրապույր մոլեռանդության մի ցրտաշունչ կայան:

Դաշնակցության էությունը, հայ մեծ քաղաքական կազմակերպության հմայքն ու ուժը նրանում էր, որ նա մի գեղեցիկ միության մեջ համադրեց այս երկու իրար լրացնող գաղափարները, մի կողմ նետեց կատարելությունը խաթարող այլանդակ ծայրահեղությունները, ամբողջականացրեց հայ ժողովրդի ամբողջական ազատագրության դատը և այս վերջինը դարձրեց իր գոյության անսասան պատվանդանը:

Ու նրանք, որոնք ծայրահեղությունների հետևից վազեցին, նրանք գրեթե ամենքն էլ մեռան հայ կյանքում, իսկ Դաշնակցությունը, հակառակ իր ներքին ճակատի վրա տեղի ունեցած հաջորդական ճգնաժամերի, հակառակ ութ անգամ ապրած հավաքական անջատումների, հակառակ այն բանի, որ պարզ անհատներ շարունակաբար հեռացան նրանից, մնաց, այնուամենայնիվ, հզոր՝ իր կյանքով, կուռ՝ իր կազմակերպությամբ և անպարտելի՝ իր դավանանքով:

Քաջազնունին մեկն է այս հեռացողներից: Նա մեկն է նրանցից, որոնք անունով դաշնակցական լինելով, իրենց էությամբ դաշնակցական չեն եղել երբեք, չեն որդեգրել և հարազատ չեն դարձրել դաշնակցության ուսմունքը:

«Միայն հայ անկախ պետությունը»՝ Քաջազնունո՛ւ դավանանքն է: Այդ միայն նրա «եկեղեցին» է, որ այսօր աղոթող չունի, որովհետև դժբախտաբար, «եկեղեցին» ինքն այսօր անելիք չունի՝ նրա մեջ ժամանակավորապես իշխող դժբախտ կարգերի պատճառով:

Քաջազնունին իր ոչ-դաշնակցական «եկեղեցին» շփոթել է դաշնակցության միակ և իսկակական «եկեղեցու» հետ, փոխարինել մեկը մյուսով, կորցրել իր աղոթատան ուղին և եկել մի եզրակացության, որ արդարորեն միայն իրեն է պատշաճում: