«Տարածքային վեճերը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև 1918-1920 թթ»

951

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող և ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանը օգոստոսի 14-ին Վայոց Ձորում ելույթ է ունեցել «Տարածքային վեճերը Հայաստանի և Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև 1918-1920 թթ» թեմայով:

Հանդիպում-քննարկումը կազմակերպվել էր Եղեգնաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի հետ համագործակցաբար և տեղի ունեցավ այդ կենտրոնում:

Հակոբյանը նախ ներկայացրեց Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճերը, որոնք 1918-1920/21 թվականներին ներառում էին չորս հիմնական շրջաններ՝ Նախիջևան, Զանգեզուր, Արցախ և Տավուշ/Ղազախ:

Հայ-վրացական վեճերը հիմնականում երկու շրջանների շուրջ էին՝ Լոռի և Ախալքալաք: Հակոբյանը կարճ անդրադարձ կատարեց 1918թ հայ-վրացական երկշաբաթյա պատերազմին:

Քննարկումը տևեց մեկ ժամ, որի ընթացքում եղավ հարց ու պատասխան և տեսակետների փոխանակում:

2019-ի հուլիսից Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում ներկայացնում է դասախոսությունների շարք, որոնք ունեն թեմատիկ բնույթ և վերաբերում են Հայաստանի և հայ ժողովրդի վերջին 100-130 տարիների պատմության վիճահարույց, քիչ լուսաբանված, տաբու դրվագներին, ի մասնավորի՝ ՀՀ արտաքին և ներքին քաղաքականությանը՝ 1918-1920/21 թվականներին:

Եղեգնաձորի ձեռնարկը այս շարքի վերջին՝ 12-րդ միջոցառումն էր: Մինչ այդ Թաթուլ Հակոբյանը ելույթներ է ունեցել Աշտարակում, Արտաշատում, Գյումրիում, Վանաձորում, Իջևանում, Կապանում, երկու անգամ՝ Երևանում, Հրազդանում, Մարտունիում և Արմավիրում: