Սևրում 1920-ին Հայաստանը Բաթումի նավահանգստից ու Սև ծովից մաս է ակնկալել․ Խատիսյան

2462

Հատված Ալեքսանդր Խատիսյանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ գրքից, գլուխ 13

Ես Հայաստանը թողեցի 1920 թվի հունիսի վերջին: Չորս ամիս բացակա էի երկրիցս: Ես Հայաստանը թողեցի բոլշևիկյան ապստամբության բռնկումից հետո և գտա այն պատերազմական վիճակում: Այդ չորս ամսվա ընթացքում մեր երկիրը հասել էր իր ուժեղացման և հողային ծավալման գագաթնակետին:

Այդ շրջանում կառավարությունը անփոփոխ գտնվում էր ՀՅԴ Բյուրոյի ձեռքում բժ. Համո Օհանջանյանի նախագահության տակ: Այդ կառավարության առաջին գործը եղավ բոլշևիկյան շարժման ճնշումը:

Ապստամբության ճնշումից հետո կառավարությունը դիմեց իր երկրորդ նպատակին. ոչնչացնել այն որջերը, որոնք չէին ճանաչում կառավարության իշխանությունը և այդ վայրերի ազգաբնակչությունը հպատակության բերել: Այդպիսի որջեր էին՝ Զանգիբասար, Բոյուք Վեդի և Կարսի նահանգի մի քանի շրջաններ: Այս նպատակը ևս իրականացավ հաջողությամբ: Կառավարության իշխանությունը այլևս չուներ բաց թշնամիներ մահմեդական շրջաններում: Հուլիսի 12-ին և 15-ին մեր զորքերը գրավեցին Բոյուք Վեդին, Գայլի Դրունքը, Բաշ-Նորաշենը:

Ապստամբությունը ճնշելուց և ըմբոստ շրջանները հպատակության բերելուց հետո՝ կառավարությունը իր ուշադրությունը դարձրեց ազգաբնակչության սննդի վրա: Նրան սով էր սպառնում: Կառավարությունը հեռագրեր ուղարկեց Փարիզ՝ ՀՀ պատվիրակությանը խնդրելով միջոցներ ձեռք առնել ալյուր և սերմացու ուղարկելու համար: Ահա այդ հեռագրերից մեկը.

«Բաթում, հայկական հյուպատոս Աթաբեկյանին:

«Խնդրում եմ Թախթաջյանի միջոցով Փարիզ՝ պատվիրակության նախագահ Ահարոնյանին հաղորդել հետևյալը.- Ցանվել է մոտավորապես մի միլիոն փութ, սպասվում է հունձ մոտ ութ միլիոն: Պակասում է երեք կամ չորս միլիոն փութ: Ամերիկյան կոմիտեի միջոցով ստացվել է ընդամենը 81 հազար տոննա, որից 60 հազարը գործ է ածվել Հայաստանում, 11 հազարը ծախվել է տեղափոխության վրա, 10 հազարը կոմիտեն վաճառել է Հայաստանի կառավարությանը: «Ռիվըր Արաքս»-ի միջոցով ուղարկված ալյուրը արդեն ստացվել է: Շուտով ձեզ կհեռագրեմ մեր կարիքները, որոնք կարող են հոգացվել Սկանդինավյան պետությունների առաջարկության համաձայն՝ հինգ տարվա վարկով: 8 հուլիս, թիվ 45000: Արտաքին գործերի նախարար՝ Օհանջանյան»:

Միաժամանակ, կառավարությունը պատրաստվելով Սևրի դաշնագրի ստորագրությանը և վճռած լինելով մտնել Ազգերի լիգա՝ լիազորել էր ՀՀ պատվիրակությանը ստորագրել Սևրի դաշնագիրը և տալ հայտարարություն Ազգերի լիգային:

Ահա այդ լիազորագրերը, որոնք ուղարկվեցին հեռագրով.

«Բաթում, Հայաստանի գլխավոր հյուպատոսին. խնդրում եմ հեռագրել Փարիզ՝ դաշնակիցների Գերագույն խորհրդին, պատճենը՝ ՀՀ պատվիրակության նախագահ Ահարոնյանին: Ի լրացումն այն լիազորությունների, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրված են ՀՀ պատվիրակության նախագահ Ահարոնյանին 1918 թվականի դեկտեմբերի 7-ին, Հայաստանի կառավարությունը սրանով Ահարոնյանին տալիս է իշխանություն և իրավունք՝ Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել խաղաղության դաշնագիրը, որը դաշնակից պետությունների կողմից ներկայացված է Թուրքիային: Թիվ 3743, հունիս 20,  Հայաստանի Հանրապետության նախարարապետ՝ Համո Օհանջանյան»:

«Լիազորագիր՝ ուղարկված՝ հատուկ սուրհանդակի միջոցով.

Հրահանգելով Փարիզի պատվիրակությանը՝ ստորագրել Սևրի դաշնագիրը՝ ՀՀ կառավարությունը միևնույն ժամանակ մտահոգված էր Բաթումի վրայով դեպի Սև ծով ելքի խնդրով:

Ինչպես հայտնի է, այդ հարցը տաք վիճաբանությունների նյութ էր դարձել Սան Ռեմոյում, բայց առանց որևէ արդյունքի: Այդ պատճառով, կառավարությունը առանձին հեռագրով հատուկ հրահանգներ տվեց Բաթումի հարցի մասին: Ահա այդ հեռագիրը՝ ռադիոյով ուղարկված Բասրայի վրայով.

«Փարիզ, Ահարոնյանին,

Հայկական կառավարությունը, նկատի առնելով պայմանների փոփոխությունը, անհրաժեշտ է գտնում Հայաստանի և Վրաստանի միջև Բաթումի շրջանում գծել հետևյալ սահմանները: Առաջարկված սահմանը սկսվում է Սև ծովի ափին՝ Բաթումի նավահանգստից, որի մի մասը պետք է լինի Հայաստանի Հանրապետության սեփականություն, շարունակվում է Ճորոխի հովտով և նրա մեջ թափվող Իմիրխենչայ և Արդանուշսու գետակների հոսանքով, հետո բարձրանալու է Արդանուշսուի հովտով, հասնում Ալլագուզի լեռնանցքը՝ այսպիսով փակելով այն հողամասը, որը կտրվում է Բաթում-Արդահան ճանապարհով: Տարածքային այս պահանջը հիմնավորվում է այն անհրաժեշտությամբ, որ ներկայանում է պետությանը՝ ունենալ ելք դեպի ծով՝ իրագործելի մոտ ապագայում: Այս ելքը տալիս է Ճորոխի հովիտը: Բաթումի նահանգի պահանջած հողամասը աշխարհագրական տեսակետից պարունակում է 15 հազար հայ, 25 հազար թուրք և այլ մահմեդականներ, իսկ վրացի՝ ընդամենը 5 հազար հոգի»:

***

Ես դիտմամբ մեջ բերեցի այդ բոլոր հեռագրերը և գրությունները, ցույց տալու, թե որքան ուժեղ թափով էր զարգանում պետական կյանքը Հայաստանի թե ներսում և թե դրսի աշխարհի համար: Մի կողմից, Հայաստանը ամրանում էր ներքնապես, մյուս կողմից, մտնում էր միջազգային հաղորդակցության մեջ, իսկ փոխառության միջոցով կարգի էր բերում իր ելևմուտքը: