Հայաստանի և Ադրբեջանի հողային կռիվը ավելի քան 100 տարվա պատմություն ունի: 1918-1920 թթ., երբ երկու հանրապետությունները կարճ անկախության շրջան ունեցան, վիճելի էին հիմնականում չորս շրջաններ՝ Նախիջևան, Զանգեզուր, Արցախ և Տավուշ/Ղազախ:
Քաղաքական և աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով և մեր ռազմական տկարության պատճառով Նախիջևանը և Արցախը 1919-1921 թվականների ընթացքում անցան Խորհրդային Ադրբեջանին, Զանգեզուրը՝ Խորհրդային Հայաստանին, իսկ Ռոմանովների Ռուսաստանի նախկին Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառը կիսվեց 1920թ․ օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրով [ճակատագրի հեգնանքով հենց այդ նույն օրն է ստորագրվել նաև Սևրի հաշտության պայմանագիրը]: Հայաբնակ գյուղերը մաս կազմեցին դեռ անկախ Հայաստանի Հանրապետությանը, իսկ մահմեդականներով բնակեցվածներն անցան Խորհրդային Ադրբեջանին:
1991-1994 թթ․ պատերազմի արդյունքով Արցախը դուրս բերվեց Ադրբեջանի կազմից:
Խորհրդային տարիներին հայ-ադրբեջանական հողային վեճը յուրօրինակ դրսևորումներ էր ստանում:
Այս լուսանկարում տեսնում ենք Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին և մեկ շարքի վրա կիսավարտ հայկական տները: Եկեղեցուց և կիսավարտ տներից 5 մետր այն կողմ Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանի Ներքին Ակսիպարա գյուղի տներն են, այսօր՝ ավերված:
1980-ականներին ադրբեջանցիների ներթափանցումը Խորհրդային Հայաստան կանցնեցնելու նպատակով հայերը, պետության օգնությամբ, տներ էին կառուցում, որոնց հիմքերը գցվում էին հենց հայ-ադրբեջանական սահմանին:
Այս տները կիսավարտ մնացին, քանի որ 1988-1989 թթ. այստեղ սկսվեցին հայ-ադրբեջանական բախումները: 1990-1991 թթ. հայկական ուժերը վերահսկողության տակ առան Ներքին Ակսիպարա, Բաղանիս-Այրում և Վերին Ակսիպարա ադրբեջանական գյուղերը, որոնք կղզյակի էին վերածվել Խորհրդային Հայաստանի տարածքում:
Տեսքստը և լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյան