Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը iLur կայքում կարճ գրություն է թողել Կրթության նախարարության կողմից Հայոց պատմության դասագրքերի չափորոշիչների վերաբերյալ ծագած բանավեճի առիթով, գրելով.
Բանավեճից տպավորություն է ստեղծվում, որ խորհրդային տարիների գռեհիկ-մատերիալիստական պատմագիտությանը Հայաստանի անկախությունից ի վեր փոխարինելու է գալիս ավելի գավառական, չափազանց վտանգավոր, հայդատական պատմագիտությունը։
Նիկողայոս Ադոնցի, Հակոբ Մանանդյանի, Սուրեն Երեմյանի եւ Գագիկ Սարգսյանի նման հսկաներ ունեցող հայ պատմագիտությունը իրավունք չունի իջնելու այս մակարդակին, որով մենք, ըստ էության, հավասարվում ենք թուրքական եւ ադրբեջանական պատմագիտություններին։ Եթե թուրքերն ու ադրբեջանցիները պատմությունը կեղծում են, դա չի նշանակում, որ մենք էլ պետք է կեղծիքների դիմենք։ Ավելի նվաստացուցիչ դեգրադացիա (ներողություն օտար բառ օգտագործելու համար) հնարավոր չէ պատկերացնել։
Չեմ ուզում ավելի խիստ բառեր օգտագործել, բայց սա ոչ այլ ինչ է, քան ազգային խայտառակություն, ամենեւին ոչ վայել հիրավի փառահեղ պատմություն ունեցող հայ ժողովրդի՝ հազվագյուտ ազգերից մեկի համար, որ պետություն է ունեցել ավելի քան 2500 տարի առաջ եւ այսօր էլ պետություն ունի։