Ինչու է Ալիևը/Ադրբեջանը նյարդային

1158

2016 թվականի Ապրիլյան քառօրյայից հետո Ադրբեջանը և նրա առաջնորդ Իլհամ Ալիևը հնարավորություն էին ստացել իրենց ժողովրդին «վաճառել հաղթանակը» և հույսեր ներշնչել, որ ադրբեջանական բանակը անպարտելի է: Ապրիլյան պատերազմը, իրականում, Ադրբեջանի հաղթանակը չէր և ոչ էլ՝ հայկական բանակի պարտությունը: Այո, 1994-ի մայիսյան զինադադարից ի վեր Ադրբեջանին առաջին անգամ հաջողվեց հասնել ստատուս-քվոյի աննշան փոփոխության, սակայն այն գինը, որ վճարեց հակառակորդը, տասնապատիկ անգամ ավելին էր, քան այն, ինչ ստացավ գետնի վրա:

Հոգեբանական և ադրբեջանական տեսանկյունից, սակայն, Ապրիլյան քառօրյան Բաքվի համար հաղթանակ էր, որին Իլհամ Ալիևը ծարավ էր: 2020-ի հուլիսյան լոկալ մարտերը հօդս ցնդեցրին 2016-ի ապրիլյան ադրբեջանական «պյուռոսյան հաղթանակը»: Այժմ Ալիևը հոգեբանորեն շատ ավելի ծանր վիճակում է, քան էր մինչև 2016-ի ապրիլը: Ադրբեջանի նախագահի ոչ տրամաբանական, նյարդային հայտարարություններն ու քայլերը ամբողջովին ներկայացնում են բարոյահոգեբանական այն վիճակը, որ ստեղծվել է հարևան հանրապետությունում և նրա բարձրագույն ղեկավարության շրջանում:

Հայաստանում 2018-ի ապրիլյան թավշյա հեղափոխությունը Ադրբեջանի ղեկավարության մոտ հույսեր էր արթնացրել, որ Երևանում իշխանության են եկել խաղաղության աղավնիները՝ ի տարբերության հեղափոխությամբ մերժված պատերազմական բազեների: Իրականում, սակայն, ադրբեջանական այդ ակնկալիքն առաջին հերթին խոսում էր, որ հակառակորդը Հայաստանը ներսից չի ճանաչում: Հայաստանի ղեկավարության ծնունդով ով և որտեղից լինելը չափազանցվել էր և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, և՛ միջազգային ընտանիքում: Շատերը ղարաբաղյան կարգավորումը տեսնում էին ոչ թե հայկական շահի տեսանկյունից, այլ առաջնություն էին տալիս մարդկային գործոնին. Լևոն Տեր-Պետրոսյանը հայաստանցի է, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ արցախցի, Նիկոլ Փաշինյանը՝ հայաստանցի:

Երբ Փաշինյանը առաջ քաշեց Արցախի ներգրավվածության առաջնահերթությունը և ապա, փաստացի, որպես բանակցությունների հիմք մերժեց կարգավորման այն սևագիրը, որ բանակցվել էր Սերժ Սարգսյանի ժամանակ, Ադրբեջանը կրկին կոշտացրեց բառապաշարը և ռազմատենչ հռետորաբանության դիմեց: Ալիևը մեկ այլ կոպիտ սխալ թույլ տվեց, երբ Ադրբեջանի ընդդիմությանը քննադատելու ընթացքում հայտարարեց, որ նրանք հայերից վատն են:

Այսպիսով, երբ Ալիևը համոզվեց, որ գործ ունի մի մարդու հետ, ով իր երազած զիջողը չէ, կրկին դիմեց զենքի ուժին և պատերազմական բառապաշարին: Այս ամենի տակ ավելի լուրջ խնդիրներ կային, որոնք Ադրբեջանի ներսում էին և որոնք Ալիևին դարձնում են նյարդային:

Հայաստանի թավշյա հեղափոխությունը ուղղակի ազդեցություն է ունեցել Ադրբեջանի ներքաղաքական կյանքի վրա: 1993-ից ի վեր Ադրբեջանում իշխանության է Ալիևների ընտանիքը: Մինչ այդ, Հեյդար Ալիևը տասնամյակներ ղեկավարում էր Խորհրդային Ադրբեջանում: Հարևան հանրապետությունում եկել է մի սերունդ, որն այլևս չի ուզում հավերժ ապրել Ալիևների ընտանիքի ղեկավարության տակ: Եթե անգամ ադրբեջանական վերջին ցույցերը ստացել էին իշխանությունների հավանությունը, դրանք ամբողջապես չէին վերահսկվում և կարող էին դուրս գալ վերահսկողությունից: 1993-ից ի վեր Հայաստանն ունեցել է 4 առաջնորդ և հիբրիդային ժողովրդավարություն, մինչդեռ Ադրբեջանում եղել են հայ և որդի Ալիևները և կոշտ ավտորիտար կառավարում, ու անհասկանալի է, թե դեռ քանի տասնամյակ է այսպես շարունակվելու:

Նավթի գների անկումը լրջագույն խնդիր է Ադրբեջանի համար: Անշուշտ, Կասպիցի նավթը դեռ տասնամյակներ մնալու է Ադրբեջանը և նրա բանակը սնուցող հիմնական աղբյուրը, բայց այսօրվա ցածր գները լրջագույն հարված են տնտեսությանը: Ցածր գների հետևանքով Ադրբեջանը ստիպված է լինելու կրճատումներ կատարել:

Մի կողմից նավթի գների անկումն ու տնտեսության ծավալների կրճատումը, մյուս կողմից՝ ղարաբաղյան հարցում պատրանքային հույսերի վերջը և վերջապես՝ սրանցից բխող ներքաղաքական բարդ վիճակը Ալիևին դարձնում են նյարդային ու, որոշ իմաստով, անհավասարակշիռ: Եթե սրան ավելացնում ենք նրա առողջական վիճակի մասին տեղեկությունները, ապա հասկանալի է դառնում Ալիևի ոչ նախաձնելի վիճակը:

Իր 16 տարիների արտգործնախարարին աշխատանքից հեռացնելը և դա այդ աստիճանի տգեղ ձևով անելը կրկին խոսում է Ալիևի հոգեվիճակի մասին: Էլմար Մամեդյարովին հեռացնելով՝ Ալիևը հրաժեշտ է տալիս նաև կարգավորման մադրիդյան փիլիսոփայությանը և փորձում նոր էջից սկսել բանակցային գործընթացը կամ հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի ձևաչափից ընդհանրապես:

Հայաստանը, սակայն, չպետք է յուղ լցնի կրակին: Հակառակը, եթե կա որևէ հնարավորություն, ապա ցանկալի է բոլոր հնարավոր մակարդակներում պահել կամ ստեղծել երկխոսության հարթակներ: Այսօր՝ տավուշյան լոկալ բախումներից ու կոշտ հռետորաբանությունից հետո, եկել է ոչ թե ավելի կարծր դիրքերից հանդես գալու, այլ երկխոսության ու դիվանագիտության նոր շրջանը:

Կանխատեսելի Ադրբեջանը, եթե անգամ «կանխատեսելի» բառը հեգնական է հնչում, բխում է հայկական կողմի շահերից: Բանակցային գործընթացը կարող է շարունակվել տասնամյակներ առանց արդյունքների, բայց ստատուս-քվոյի կառավարումը և դրա դիմաց ոչ թանկ վճարելը հայկական կողմի համար կենսական է: Հետևաբար, հայկական կողմի բոլոր նախաձեռնությունները՝ լինեն դրանք պաշտոնական, հասարակական ու ժողովրդական մակարդակով, միայն ողջունելի են:

Ադրբեջանին պետք է զսպել իր սահմաններում, և ինչպես ցույց տվեցին տավուշյան դեպքերը, հայկական բանակը և քաղաքական ղեկավարությունը կարողանում է դա անել սառնասրտորեն, մյուս կողմից՝ փնտրել ու առաջ տանել երկխոսության ճանապարհը:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ

Զսպել Ադրբեջանին և բանակցել իր հետ