Սևանի ավազանի բնակչությունը. հայեր, ռուսներ, մորդվաներ, քրդեր, թաթարներ

1431
Հուլիսի 4-ին ՍիվիլՆեթը հրապարակեց «Սևան. Հայաստանի զավթված գեղեցկուհին» կես ժամանոց ֆիլմը, որը պատմում է լճի գեղեցկության ու ափերի ցանկապատերի և պարիսպների մասին: Ֆիլմի ստեղծման նպատակն ու ձևաչափը թույլ չէին տալիս անդրադառնալ Սևանի ավազանի բնակչությանը և պատմությանը, ինչը հակիրճ անում ենք այս գրությամբ:

 

Ինչպես այսօր, այնպես էլ հայոց պատմության գրեթե բոլոր ժամանակներում, Սևանի ավազանը եղել է Հայաստանի ամենախիտ բնակեցված շրջաններից: Պատճառները մի քանիսն են, բայց ամենաառաջնայինը Սևանի ձուկն է, որը կերակրել է ինչպես ափամերձ, այնպես էլ հեռակա շրջանների բնակիչներին:

Նախքան 1828 թվականը, երբ Արևելյան Հայաստանը միացվեց Ռոմանովների Ռուսաստանին, Սևանի ավազանը, որպես Երևանի խանության մի մահալ (շրջան) շուրջ երեք հարյուր տարի Իրանի Ղաջարիների հարստության մաս է կազմել:

Երևանի խանությունը բաժանված էր 15 մահալների, Սևանի մահալը (գրեթե համապատասխանում է այսօրվա Գեղարքունիքի մարզին), որը անվանվում էր Գյոքչա ձևով, և՛ տարածքով, և՛ բնակչությամբ ամենից մեծն էր բոլոր 15 մահալների մեջ:

Երբ 1828-ին ռուսները պարսիկներից գրավեցին Երևանի խանությունը և Արևելյան Հայաստանի մյուս շրջանների հետ միացրեցին Ռուսաստանին, Սևանի ավազանում հայերով բնակեցված միայն երկու գյուղ էր մնացել՝ ընդամենը 90 բնակիչներով: Ղաջարիների և ընդհանրապես պարսից տիրապետության ընթացքում Սևանի ավազանը գրեթե ամբողջովին զրկվեց իր բնիկ հայ բնակչությունից:

Համաձայն ռուս պատմաբան Իվան Շոպենի «Камеральное описание Армянской области» աշխատության՝ Գյոքչայի մահալը 1832-ին ուներ 59 բնակավայր 14 254 բնակչությամբ, որից մահմեդականների թիվը 5 607 էր: Հայկական մարզի մահմեդականներն էին քրդերը, պարսիկները և թյուրքալեզու քոչվոր մի քանի տասնյակ ցեղեր, այդ թվում՝ այսօրվա ադրբեջանցիների նախնիները:

Ռուսների գալուց հետո հազարավոր հայեր հաստատվեցին նորաստեղծ Հայկական մարզում (1828-1840), այդ թվում՝ Սևանի ավազանում: Հայկական մարզ հայրենադարձածներից ամենից շատ հաստատվեցին հենց Սևանի ավազանում: Շոպենի տվյալներով՝ Սևանի ավազանում հաստատվեցին  8 557 հայեր Օսմանյան կայսրությունից՝ Արևմտյան Հայաստանից՝ հիմնականում Բայազետի շրջանից:

Շրջանի կենտրոնը Գավառ քաղաքն էր, որը վերանվանվեց Նոր Բայազետ, ապա՝ Կամո, իսկ այսօր՝ կրկին Գավառ: 1832-ին Գավառն ուներ 1 346 բնակիչ:

Երբ խոսք է գնում Պարսկաստանից տեղափոխված հայերի մասին, ապա պետք է իմանալ, որ նրանց նախնիները բռնագաղթի հետևանքով Արարատյան աշխարհից Պարսկաստան էին քշվել հիմնականում Շահ Աբասի տիրապետության տարիներին՝ 17-րդ դարի սկզբում:

Սևանի ավազանը Հայկական մարզի կազմում Ռուսաստանի մաս դառնալուց հետո այստեղ հաստատվեցին երկու նոր ազգություններ՝ ռուս մոլոկաններ և մորդվաներ:

Այսօրվա Սևան քաղաքը, որի բնակչությունը 15 հազարից ավելի է, հիմնադրվել է 1842 թվականին, երբ լճի ափին հաստատվեցին ռուս մոլոկանները: Նոր բնակավայրի անունը Ելենովկա էր, և այդ անունը մնաց մինչև 1935 թվականի հունվարի 3-ը, երբ վերանվանվեց Սևան:

Ռուս մոլոկաններ հաստատվեցին նաև Չկալովկայում, Սեմյոնովկայում, Միխայլովկայում (այսօր՝ Ճամբարակ), ինչպես նաև հարևան Դիլիջանում և նրան մոտ գտնվող Ֆիոլետովոյում, Լերմոնտովոյում: Խորհրդային տարիներին և 1991-ից հետո ռուսների մի մեծ մաս հեռացավ հայրենիքից, որտեղից աքսորվել էր որպես աղանդավոր: Սևանի ավազանում բնակվում էին նաև քրդեր, որոնք հաճախում էին ռուսական կամ ադրբեջանական դպրոցներ:

Սևանի ավազանի գյուղերից մեկում՝ Շողակաթում, որը մինչև 2017թ․ կրում էր Շորժա անունը, ռուս մոլոկանների հետ բնակվում էին մորդվաներ: Նրանք նույնպես աքսորվել էին Ռուսաստանից, սակայն, ի տարբերություն ռուս մոլոկանների, պատկանում էին ուգրո-ֆինն լեզվաընտանիքին (այս լեզվով խոսում են ֆինները, մորդվաները, հունգարացիները և այլ ազգություններ):

Մորդվաները Սարանսկ մայրաքաղաքով հանրապետություն ունեն Ռուսաստանի Դաշնության կազմում:

Շողակաթը մինչև Շորժա անվանվելը կրում էր Նադեժդինո անունը և մինչև 19-րդ դարի վերջը բնակեցված էր մորդվաներով: 1890-ականներին այստեղ հաստատվեցին նաև մի քանի հայ և թաթար՝ ադրբեջանցի ընտանիքներ: Խորհրդային տարիներին ադրբեջանցիների թիվը ավելացավ, իսկ 1988-ի վերջերից, երբ ադրբեջանցիները հեռացան Խորհրդային Հայաստանից, գյուղի հիմնական բնակչություն դարձան հայերը: Մի քանի մորդվա ընտանիք շարունակում է բնակվել Շողակաթ գյուղում:

Սևանի ավազանում բնակվող ադրբեջանցիները և քրդերը, որոնցից շատերը արդեն խոսում էին ադրբեջաներեն, հեռացան 1988-ի աշնանը: Նրանք բնակվում էին հիմնականում լճի արևելյան և հարավ-արևելյան ափին, որը սահմանակից էր Խորհրդային Ադրբեջանի Գետաբեկի և Քելբաջարի շրջաններին: Ադրբեջանցիներից դատարկված գյուղերում հաստատվեցին հայեր Ադրբեջանի տարբեր բնակավայրերից:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ