Արտաքին և ներքին ճիգեր. Սիմոն Վրացյան

971

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Հայաստանի Հանրապետության չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» կոթողային աշխատությունը:

Գլուխ ԻԶ

Որքան և ծանր լինեին թուրք-ադրբեջանյան դավերի հետևանքները Հայաստանում, այնուամենայնիվ, անզոր էին կանգնեցնելու երկրի կենսական ուժերի զարգացումը. հայ ժողովուրդը մի ձեռքով պայքարում էր դավադրությունների դեմ, մյուս ձեռքով՝ վերաշինում ու կարգավորում իր նորաստեղծ պետությունը: Հերոսական ճիգ, սիզիֆյան աշխատանք թափեց նա, որ ապարդյուն չկորավ:

1919 թ. տարվա ընթացքում Հայաստանը ո՛չ միայն չխորտակվեց մահմեդական գրոհից, այլև մի շարք վայրերում տվեց շշմեցնող հակահարվածներ և ունեցավ աչքի ընկնող գործողություն արտաքին ու ներքին կյանքի ասպարեզներում: Արտաքին ասպարեզում, հայ-վրացական պատերազմի դադարելուց անմիջապես հետո Եվրոպա մեկնեց Հայաստանի պատվիրակությունը՝ հայկական խնդիրը Հաշտության վեհաժողովին ներկայացնելու համար:

Փետրվարի 4-ին Ավետիս Ահարոնյանը արդեն Փարիզում էր, ուր հայկական պահանջները արդեն վերջնական ձևակերպում էին ստացել Ազգային պատվիրակության կողմից: Այդ պահանջները չէին համապատասխանում Երևանում մշակված պայմաններին. Երևանում որոշվել էր Վեհաժողովից պահանջել չորս վիլայեթների հողամսերից բաղկացած Հայաստան՝ ելքով դեպի Սև ծով, Ազգային պատվիրակությունը գծել էր ծովից ծով Հայաստան՝ Մերսինից մինչև Շուշի: Եվ այդ էլ ոմանց քիչ էր թվում: Գաղութահայ մտայնությունը Ահարոնյանին հարկադրեց տալ իր ստորագրությունտ Ազգային պատվիրակության մշակված ծրագրին, և փետրվարի 12-ին, երկու պատվիրակությունների նախագահների ստորագրությամբ, հայկական պահանջները ներկայացվեցին Հաշտության վեհաժողովին:

Հայերը պահանջում էին՝

  1. Ճանաչումը հայկական անկախ պետություն, որ պիտի բաղկանար 1) Վանի, Բիթլիսի, Դիարբեքիրի, Խարբերդի, Սեբաստիայի, Կարինի և Տրապիզոնի 7 վիլայեթներից՝ դուրս ձգելով Տիգրիսի հարավակողմը և Օրդու-Սեբաստիա գծից դեպի արևմուտք գտնվող շրջանները. 2) Կիլիկիայի չորս սանջակները՝ Մարաշ, Սիս, Ջեբել-Բերեքեթ և Ադանա՝ Ալեքսանդրեթով հանդերձ. 3) Կովկասյան Հայկական Հանրապետությունը՝ Երևանի ամբողջ նահանգը, Թիֆլիսի նահանգի հարավային մասը, Կարսի նահանգը՝ բացառությամբ Արդահանից հյուսիս գտնվող շրջանի:
  2. Հայկական պետությունը դրվի դաշնակից պետությունների և Միացյալ Նահանգների կամ Ազգերի լիգայի հոգատարության տակ:
  3. Հաշտության վեհաժողովի կողմից պետք է մասնավոր մանդատ տրվի պետություններից մեկին, որն իր օժանդակությունը պիտի ընծայի Հայաստանին՝ փոխանցման մի ժամանակաշրջանի համար: Այդ պաշտոնն ստանձնող պետության ընտրությունը պիտի լինի համախորհուրդ Հայկական համագումարի հետ, որ այժմ գումարված է Փարիզում և որը ներկայացնում է ամբողջ հայ ազգը: Մանդատի տևողությունը լինելու է առնվազն 20 տարով:
  4. Հատուցում ջարդերի, տարագրությանց, հափշտակությանց և ավերումների պատճառած վնասների: Հայաստանը է պատրաստ իր բաժինը ստանձնելու օսմանյան նախապատերազմական պարտքից:
  5. Մանդատ առնող պետությունը պետք է ստիպի թուրքերին՝ պարպել հայկական հողերը, ձեռնարկել բնակչության ընդհանուր զինաթափության, պատժել ջարդարարներին ու հայերի վերաբերմամբ անիրավություն գործողներին, երկրից հեռացնե կարգը խանգարող տարրերին, իրենց տեղերն ուղարկել մուհաջիրներին և այլն: «Հայկական ծագում ունեցող յուրաքանչյուր անհատ, որ հաստատվել է կամ բնիկ դարձել օտար երկրում, պետք է լինի ազատ հինգ տարվա ընթացքում ընտրելու նոր հպատակություն թե՛ իր և թե՛ իր անչափահաս զավակների անունով և դառնա հայ քաղաքացի՝ նախապես գրավոր կերպով տեղեկացնելով երկու երկրների ձեռնհաս իշխանություններին»:

Այս պահանջները կազմեցին հայ քաղաքական շրջանների հետապնդման և հայ ժողովրդի ոգևորության առարկան: Գործնականորեն հաշվի առնվեցին նրանք միայն մի տարի հետո, երբ Վեհաժողովի սեղանի վրա եկավ Օսմանյան կայսրության հարցը: Երկու պատվիրակությունների դերը եղավ մտքեր պատրաստել այդ ուղղությամբ և Վեհաժողովի շրջանակներում ու պետությունների մոտ դիմումներ կատարել հօգուտ հայկական պահանջների:

Հայկական պատվիրակությունները առանձնապես մեծ ճիգ էին թափում՝ հայկական հարցով հետաքրքրելու Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որոնց ներկայացուցիչները Վեհաժողովում և հատկապես ինքը, նախագահ Վիլսոնը սրտին մոտիկ էր ընդունում հայերին ու տրամադրություն ցույց տալիս ստանձնելու Հայաստանի մանդատը: Եթե որևէ մեկ մանդատ ընդունելու լինի, Ամերիկան առաջինը կընդունի Հայաստանի մանդատը, այս էր ամերիկացիների բանաձևը: Եվ անշուշտ, վիլսոնյան շրջանակը կամենում էր, որ Ամերիկան լինի Հայաստանի հոգատարը, և ինչո՞ւ միայն Հայաստանի, գուցե և Անդրկովկասի և ողջ Փոքր Ասիայի: Հայկական «ծովածավալ կայսերապաշտության» մեջ, ինչպես կծու կերպով հեգնում էր ֆրանսիական կիսապաշտոնական «Թանը», քիչ տեղ չէր բռնում և վիլսոնյան ներշնչումը՝ ուղղակի կամ անուղղակի:

Նախագահ Վիլսոնի նախաձեռնությամբ, 1919թ. հունվարի 30-ին, վեհաժողովը վճռեց ազատել Հայաստանը և նշանակել հոգատար (մանդատյոր): Մարտի 20-ին դարձյալ Վիլսոնի առաջարկությամբ Վեհաժողովը որոշեց Մերձավոր Արևելք ուղարկել Ամերիկայի, Ֆրանսիայի, Անգլիայի և Իտալիայի ներկայացուցիչներից բաղկացած մի հանձնախումբ՝ քննելու համար Օսմանյան կայսրությունից անջատվելիք երկրամասերի վիճակը և ժողովուրդների կարիքները: Փաստորեն գնացին միայն Ամերիկայի ներկայացուցիչները՝ Քինգն ու Քրեյնը: Մյուս կառավարությունները ներկայացուցիչ չնշանակեցին: Քինգն ու Քրեյնը հարցաքննություն կատարեցին Պոլսում հունիսի 10-ից մինչև հուլիսի 21 և եկան այն եզրակացության, որ նախկին Օսմանյան կայսրությունից պետք է կազմել 3 նոր պետություն՝ Հայաստան, Թուրքիա և Պոլիս, որոնցից յուրաքանչյուրը առանձին-առանձին և բոլորը միասին պետք է հանձնվեն մի պետության հոգատարության (մանդատ): Մասնավորապես դժվար էր երևում Հայաստանի հոգատարությունը, որի ստանձնումը պայմանավորվում էր նրանով, որ Պոլիսն ու Թուրքիան էլ դրվեն միևնույն պետության հոգատարության տակ: Իրենց տեղեկագրում Քինգն ու Քրեյնը առաջարկում էին, որ Հայաստանի, Թուրքիայի և Պոլսի մանդատը տրվի Ամերիկային:

1919 թ. ամառը նախագահ Վիլսոնը մի նոր հանձնախումբ ուղարկեց Առաջավոր Ասիա՝ քննելու համար մանդատի պայմանները: Հմուտ մասնագետների բազմամարդ մի առաքելություն էր այդ զորավար Հարբորդի գլխավորությամբ: Առաքելությունը իր քննական պտույտը սկսեց Պոլսից, անցավ Կիլիկիա, Հյուսիսային Սիրիա, Տիգրանակերտ, Խարբերդ, Սըվազ, Երզնկա, Կարին, Կարս: Ամեն տեղ հարցաքննեց ազգաբնակչության ներկայացուցիչներին, հարաբերության մեջ մտավ տեղական, քաղաքական, բնաշխարհագրական, մշակութային, ռազմագիտական և այլ կարգի տեղեկություններ: Սըվազում զոր. Հարբորդը տեսակցություն ունեցավ Մուստաֆա Քեմալի հետ, որը նոր էր ձեռնարկում «Միլլի» շարժմանը: Հարբորդի ասելով՝ Քեմալը խնդրել է հայտնել Հայաստանի կառավարությանը, որ այս վերջինը ձեռք քաշի մեծ պետություններից և անմիջապես համաձայնության գա թուրքերի հետ:

Հարբորդի առաքելությունը, Կարսից, Կաղզվան-Կողբ-Սուրմալուի ճանապարհով հասավ Երևան և ջերմ ընդունելություն գտավ կառավարության ու ժողովրդի կողմից: Առաջուց արդեն ուղարկված էին ընդարձակ հարցացուցակներ, և կառավարությունը պատրաստել էր պահանջված նյութը: Տեղի վրա էլ Հարբորդն ու իր ընկերները կատարեցին մանրակրկիտ քննություն և նույն ջերմությամբ ճանապարհ դրվեց դեպի Թիֆլիս: Այստեղից անցան Բաքու և սեպտեմբերի վերջին մեկնեցին Փարիզ, որտեղից զոր. Հարբորդը «Մարթա Վաշինգտոն» նավով վերադարձավ Ամերիկա և նավի վրա էլ պատրաստեց իր տեղեկագիրը՝ ստորագրված 16 հոկտեմբեր 1919 թ.:

Այդ տեղեկագրի մեջ զորավար Հարբորդը խտացրել էր երեսուն օրվա ճամփորդության ընթացքի հավաքած տեղեկություններն ու հանած եզրակացությունները: Շատ էլ մխիթարական չէին նրանք հայերի համար: Նա պնդում էր, որ ծրագրվող Հայաստանում հայերը երբեք մեծամասնություն չեն կազմել, իսկ այժմ՝ առավել ևս, որ հայ ժողովուրդը օժտված է դրական հատկություններով, բայց  չգիտի հարմարվել իր շրջապատին: Հայերը պետք ունեն արտաքին հոգատարության, և Միացյալ Նահանգները պետք է ընդունեն հոգատարությունը, բայց ո՛չ միայն Հայաստանի: Հարբորդը առաջարկում էր միացնել ամբողջ Թուրքահայաստանը, Անատոլիան, Պոլիսը, Թրակիան և Անդրկովկասը մեկ մանդատի տակ: Այդ դեպքում Ամերիկան կարող է ստանձնել հոգատարությունը: Հօգուտ մանդատն ընդունելու Հարբորդը բերում էր 14 հիմք, ընդդեմ՝ 13-ի: Մի եզրակացություն, որ, իհարկե, ոչնչով չէր կարող ուժեղացնել Վիլսոնի դիրքը և, ընդհակառակը, ջուր էր լցնում վիլսոնյան քաղաքականության թշնամիների ջրաղացին:

Եվրոպայում արված քայլերին զուգընթաց՝ Հայաստանի կառավարությունը աշխատում էր հարևանների հետ էլ համակեցության եթե ոչ լավագույն, գեթ տանելի ձևեր ստեղծել: Այս նպատակով կատարվում էին մասնավոր տեսակցություններ, տեսակետների գրավոր փոխանակություններ, խորհրդաժողովներ և այլն: Այս ուղղությամբ մասնավորապես եռանդուն գործողություն էին ցույց տալիս Հայաստանի Հանրապետության Բաքվի դիվանագիտական ներկայացուցիչ Տ. Բեզկադյանը և Թիֆլիսի ներկայացուցիչ Լ. Եվանգուլյանը՝ երկուսն էլ հարգված և ազդեցիկ գործիչներ, որոնց ներկայությունը Թիֆլիսում ու Բաքվում, մանավանդ Տ. Բեկզադյանի հմուտ ներկայացուցչությունը խոշոր օգուտներ էր բերում Հայաստանին: 1919 թվի վերջերին Լ. Եվանգուլյանը, հիվանդության պատճառով պաշտոնից հրաժարվեց, և նրա տեղը անցավ Տ. Բեկզադյանը, իսկ վերջինիս փոխարինեց Խորհրդարանի անդամ Մարտիրոս Հարությունյանը:

Պետք է այստեղ արձանագրել՝ հարգանքով ու երախտագիտությամբ, և ա՛յն անգնահատելի ծառայությունը, որ մատուցում էր Հայաստանին վերջին երեսնամյակի հայ ամենաինքնատիպ գործիչներից մեկը՝ Ստեփան Մամիկոնյանը՝ Մոսկվայի Հայկական կոմիտեի համբավավոր նախագահը: Նաև մի ուրիշ վաստակավոր գործիչ՝ Սմբ. Խաչատրյանը գրեթե մշտական պատվիրակներն էին հայկական կառավարության՝ Թիֆլիսում գումարվող խորհրդաժողովներին: Նա իր պաշտոնը կատարում էր առանձին սիրով ու ձեռնահասությամբ: Անձնվեր հայրենասեր, զարգացած և իմացական հարուստ կարողություններով օժտված գործիչ, ուժեղ ու հետևողական կամքի տեր՝ նա կարողանում էր հայկական շահերը պաշտպանել այնպես, ինչպես չէր կարողանում ուրիշ ո՛չ մեկը իր միջավայրում: Ստ. Մամիկոնյանը ամբողջ կյանքում մնաց հավատարիմ իր գաղափարներին և հայրենասերի դռան բաժակը քամեց մինչև վերջին մրուրը: Մեռավ Թիֆլիսում, հետին աղքատության մեջ՝ մերժելով նյութական աջակցությունը հայ բոլշևիկների, որոնց համարում էր, թուրքերից հետո, հայ ժողովրդի վատթարագույն թշնամին:

Հեշտ բան չէր Հայաստանի շահերի ներդաշնակումը հարևանների հետ: Ո՛չ միայն սահմանային ու գործնական ուրիշ խնդիրներ էին բաժանում հայերին ադրբեջանցիներից ու վրացիներից, այլև միջազգային քաղաքականության գնահատությունը, օրիենտացիայի խնդիրը, Կովկասի ապագայի ըմբռնումը որոնում էին դաշնակիցների հաջողության և Թուրքիայի քայքայման մեջ, կովկասյան մահմեդականները դժբախտություն էին համարում Թուրքիայի պարտությունը և ամեն կերպ աշխատում էին ուժեղացնել նրա ազդեցությունը Կովկասում: Մինչ, մյուս կողմից, ադրբեջանցիներն ու վրացիները անվերապահ կռիվ էին հայտարարել հյուսիսին՝ խորհրդային թե կամավորական  Ռուսաստանին, առհասարակ, ռուսությանը, հայերը դեռ հոգով Ռուսաստանի հետ էին, բնազդորեն Ռուսաստան էին որոնում: Հայաստանի ներկայացուցիչները զորավար Դենիկինի ու Կոլչակի մոտ արտահայտությունն էին այդ վերաբերումի: Եվ, վերջապես, վրացիները, բայց, մանավանդ, ադրբեջանցիները իրենց համար ձեռնտու էին համարում և համառորեն առաջ էին մղվում կոնֆեդերացիայի ստեղծումը կովկասյան երկրներից՝ ուղղելով միացյալ Կովկասը Ռուսաստանի դեմ, հայերը, պահելով հանդերձ արտաքին համակրական վերաբերումը դեպի կոնֆեդերացիայի գաղափարը, ըստ էության հակառակ էին նրան:

Կոնֆեդերացիայի խնդիրը առաջին անգամ եկավ կովկասյան չորս հանրապետությունների անդրանիկ խորհրդաժողովին, որ բացվեց ապրիլի 27-ին Թիֆլիսում՝ մասնակցությամբ Հայաստանի կողմից արտգործնախարար Ս. Տիգրանյանի, արդարադատության նախարար Ս. Հարությունյանի և Հայաստանի խորհրդի անդամ Ստ. Մամիկոնյանի, Վրաստանի կողմից՝ արտգործնախարար Ե. Գեգեճկորիի, ներքգործնախարար Ն. Ռամիշվիլիի, և ելևմտական նախարար Կանդելակիի, Ադրբեջանի կողմից՝ վարչապետ Խան Խոյսկիի, Թիֆլիսի դիվանագիտական ներկայացուցիչ Մ. Ջաֆարովի և Խաս-Մամեդովի, Լեռնականների միության կողմից՝ Կանտեմիրովի, Բուգդաևի և Պանգուրաևի:

Խորհրդաժողովը տևեց ավելի քան 3 շաբաթ, բայց և ո՛չ մեկ հարցի շուրջ համաձայնության չեկավ: Օրակարգի հարցերն էին՝ սահմանաբաժանման խնդիրը, քոչը, գաղթականության վիճակի կարգադրությունը, հաղորդակցության ու ելևմտական միջոցները, դիվանագիտական ու պաշտպանողական համագործակցությունը և այլն: Բոլոր հիմնական հարցերը համարյա առաջ բերին տարակարծություն, և խորհրդաժողովը ցրվեց անարդյունք: Խորհրդաժողովի ընթացքում ավելի որոշ դարձավ Կամավորական բանակի սպառնալիքը Կովկասին, և վրացիներն ու ադրբեջանցիները դրեցին զորավար Դենիկինի դեմ զինակցություն կնքելու առաջարկը: Հայերը մերժեցին: Այն ժամանակ, վրացիներն ու ադրբեջանցիները կնքեցին առանձին դաշինք, որով կողմերը պատրաստվում էին, ռուսական հարձակման պարագայում, մեկմեկու զինվորական աջակցություն ցույց տալ: Դաշինքի կնքումից հետո Թիֆլիս եկավ Ադրբեջանի զինվորական նախարար զոր. Մեխմանդարովը և տեղի ունեցան աղմկոտ ցույցեր վրաց-ադրբեջանյան բարեկամության մասին:

Այդ առթիվ, արտգործնախարար Սիրական Տիգրանյանը գրում էր իր 1919 թ. հունիսի 16 զեկուցման մեջ. «Մդիվանին օրեր առաջ ասել էր, թե՝ եթե հայերդ չզիջեք, մենք ստիպված կմիանանք թաթարների հետ: Մեր քաղաքական գործակցության անհրաժեշտությունը մերժել էին, իսկ մեր չեզոքությունը, առանց դաշնագրի ու կոմբինացիայի, ապահովելու հաստատ ու բավարար միջոցը գտել էին Հայաստանի ներսը և դուրսը մուսուլմանների հարձակումներով ու սպառնալիքներով մեր ուժերը զբաղեցնելու, ջլատելու և չեզոքացնելու մեջ (Ղարաբաղի, Օլթիի, Կաղզվանի, Շարուրի, Նախիջևանի դեպքերը): Եվ այն երևաց, երբ մենք՝ Հայաստանի մինիստրներս՝ անշուք և անուշադիր մեկնում էինք Թիֆլիսի կայարանից, նույն կայարանում Վրաստանի մինիստրները պատվո պահակով, երաժշտախմբով, շքով դիմավորում էին Թիֆլիս ժամանող զոր. Մեխմանդարովին՝ Ադրբեջանի զորական մինիստրին»:

Սեպտեմբերի 17-ին Թիֆլիսում բացվեց հայ-վրացական մի նոր խորհրդաժողով՝ բաղկացած Ն. Ռամիշվիլիից, Ս. Մդիվանից ու Կ. Սաբախտարաշվիլիից (Վրաստան) և Ստ. Մամիկոնյանից, Ս. Խաչատրյանից ու զորավար Քիշմիշյանից (Հայաստան): Օրակարգի հարցերն էին. 1) տրանզիտ, 2) երկաթուղային շարժական միջոցների բաժանում, 3) անդրկովկասյան գույքերի բաժանում, 4) հպատակության հարց, 5) Հայաստանի պետական վարկային գործողությունների կատարում Թիֆլիսում և 6) մաքսային արգելքների վերացում:

Նորից ու նորից շատ երկար քննության ու վիճաբանության առարկա դարձավ սահմանային հարցը: Այս անգամ կողմերը որոշ զիջումներ արեցին, բայց համաձայնությունը նորից մնաց անհասանելի: Վրացիները հայտնեցին, որ իրենք տրամադիր են որոշ զիջումներ անել Լոռիի շրջանում, բայց Ախալքալաքի գավառում՝ ո՛չ մի զիջում: Նրանք առաջարկեցին հետևյալ սահմանագիծը Վրաստանի և Հայաստանի միջև.

«Սկսելով Չաթընդաղ 7378 գագաթից Թիֆլիսի և Գանձակի նահանգների սահմանագծից՝ սահմանը պետք է անցներ Բոլոր-Կոնտ 6475 լեռան կատարով, ապա, ջրաբաշխի ուղղությամբ, Աքոր գյուղի հարավային կետին, ուր ձախ կողմից թափվում է մի գետակ Դեբեթաչայի մեջ: Այստեղից, ուղիղ գծով դեպի Ակուտկայա սարը և ապա ջրաբաշխով մինչև 7252 նշանը, այստեղից լեռնաշղթայով Կրեստովայա լեռան կատարը 6488: Հետո, ջրաբաշխով, Գայլի Դրունք լեռնանցքով – Օսինովայա լեռը – Լոկ լեռը-Լոկի լեռնանցքը- 5752 բարձունքը, Սաաթի գյուղը հարավից առնելով՝ 6132 բարձունքը: Այստեղից ջրաբաշխով՝ Ինգանչայ գիծը, ապա Կարանըխ գետով Լեյլի դաղ բարձունքը: Ապա՝ Թիֆլիսի նահանագի նախկին սահմանը, Օրկյուզդաղ 8018 լեռան վրայով՝ Օրտուլդաղ 8030 լեռը, 8127 նշանը մինչև Ուչ-Թափալար 9783 լեռը»:

Այսպիսով, ամբողջ Լոռիի դաշտը և երկաթուղին մինչև Սանահին պիտի անցնեն Հայաստանին: Այս գիծը վրացիները համաձայնվում էին նկատել իբրև ժամանակավոր սահման. եթե Հայաստանի ակնկալությունները Թուրքիայից իրականանային, սահմանագիծը պետք է վերաքննվեր:

Հայերը համաձայնվում էին պայմանական կերպով զիջել Ախալքալաքի մեծ մասը՝ պահելով իրենց ձեռքում լճերի շրջանը: Լուրջ զիջումներ էին անում և Լոռիի շրջանում: Հայերը առաջարկում էին հետևյալ սահմանագիծը. Կողբ գյուղից 4 վերստ հյուսիս-արևմուտք գտնվող Շումալ (3465) լեռը. ապա՝ 1603 բարձունքով, 3938 (Գեդիկ Բուռուն լեռը ) բարձունքի վրա գտնվող ձմեռանոցով դեպի Քեչել Կոնդ (4865) լեռը, Բուղաքար լեռը, ապա՝ 7364 բարձունքի վրա գտնվող ձմեռանոցից դեպի Լալվար սարը (8386), 7262 բարձրունքը, որտեղից սահմանը շուռ է գալիս դեպի հյուսիս-արևմուտք, Կրեստովայա (6488) լեռը, 5810 բարձունքով (Գայլի Դրունք լեռնանցքը) Օսինովայա սարը, Լոկ սարը (7038), ապա՝ Լոկի լեռնանցքը (5999), «Սաաթի» մակագրության վրայով դեպի 5752, 5334 բարձունքը, որտեղից ուղիղ գծով Աղրիքար (9765) լեռը: Եվ Ախալքալաքի գավառով՝ Աղրիքար (9765) լեռը՝ դեպի Շիշ Թափա (8820) լեռը, 7637 (Սուրբ Հովհաննես) բարձունքը 7168 (Պոտ – Չանա – Թափա լեռը) բարձունքը, 6741 բարձունքը, Էշտիա գյուղի (որ պիտի մնա Հայաստանին) վրայով Ուչ-Թափա (6254) լեռը, որտեղից ուղիղ գծով 4319 բարձունքը, որ Քուռից արևմուտք է գտնվում (Օկամ և Ազմանա գյուղերը թողնելով Վրաստանին). ապա՝ սահմանը անցնում է դեպի հարավ-արևմուտք: Քուռ գետի հոսանքով, մինչև Արդահան:

Ինչպես տեսնում ենք, հայ-վրացական սահմանագծի հիմնական տարբերությունը Լոռիում Ալլահվերդիի պղնձահանքերն էին. վրացիները պահանջում էին Ալլահվերդին իրենց, հայերը՝ իրենց: Եվ երբ վրացիները խոսք բացեցին այն մասին, թե իրենք ահագին տնտեսական զիջումներ արեցին այն պայմանով, որ հայերն էլ զիջեն սահմանային խնդրում, հայկական պատվիրակության նախագահ Ստ. Մամիկոնյանը կտրուկ կերպով ընդհատեց. «Հողային հարցը չպետք է կապել տնտեսական հարցի հետ. հողային հարցերը քաղաքական հարցեր են և զիջում այս ասպարեզում կարող է լինել միայն բարձրագույն կարգի քաղաքական պատճառներով: Վագոնների ու շոգեշարժերի փոխարեն հող չի կարելի զիջել»:

Սահմանային հարցը այս անգամ էլ մնաց անլուծ: Նա վեճի առարկա էր և արտասահմանում հայ և վրացի պատվիրակությունների միջև և նույն խոչընդոտներին էր հանդիպում, ինչ որ և Կովկասում: Խորհրդաժողովը, սակայն, մի քայլ արեց ուրիշ հարցերում: Նոյեմբերի 3-ին Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրվեցին երկու դաշնագրեր, որոնք անպայման նվաճում էին հայ-վրացական մերձեցման տեսակետից: Առաջին դաշնագիրը ասում էր.

«Վրաստանի կառավարությունը՝ ներկայացված ի դեմս ներքին գործերի և զորական նախարար Նոյ Վիսարինովիչ Ռամիշվիլու և Վրաստանի Հանրապետության Հիմնադիր ժողովի փոխնախագահ՝ Սիմոն Գուրգենովիչ Մդիվանու մի կողմից և Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս Ստեփան Գրիգորյան Մամիկոնյանի և Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի անդամ Սմբատ Հարությունյան Խաչատրյանի մյուս կողմից՝ ծանոթանալով լիազորչությունների հետ և, գտնելով դրանք պահանջված ձևի և պատշաճ կարգի, կնքեցին սույն դաշնագիրն առ այն, որ.

«1. Հայաստանի երկաթուղիներով Հայաստանի վրայով Վրաստան, կամ Վրաստանից Հայաստանի սահմանները և վրաց երկաթուղիներով Վրաստանի վրայով Հայաստան կամ Հայաստանից Վրաստանի սահմանները փոխադրվող ապրանքների համար սահմանվում է ազատ փոխադրություն, այսօինքն՝ փոխադրություն առանց մաքսի:

  1. Սույն դաշնագիրը կնքվում է երեք տարով, ըստ որում դաշնագրի հաստատման օրից մի տարի անցած՝ դաշնագիրը կնքող կողմերից յուրաքանչյուրը իրավունք ունի հայտարարել վերաքննել դաշնագիրը և այս դեպքում՝ դաշնագիրն ուժի մեջ մնում է այդ հայտարաության օրվանից սկսած վեց ամսվա ընթացքում: Եթե այդ ժամանակամիջոցում կողմերը դաշնագրի վերաքննության մասին համաձայնության չգան՝ դաշնագիրը կորցնում է իր ուժը:
  2. Հաստատված դաշնագրի փոխանակությունը կատարվելու է Թիֆլիսում երկու շաբաթվա ընթացքում:
  3. Ներկա դաշնագիրը կազմում է երկու օրինակ»:

Երկրորդ դաշնագիրը վերաբերվում էր «Հայաստանի և Վրաստանի Հանրապետությունների՝ վիճելի խնդիրները համաձայնությամբ կամ պարտադիր իրավունքի միջոցով լուծելու հարցին.

«1. Դաշնագիրը կազմող պետությունները՝ Հայասատնի և Վրաստանի Հանրապետությունները՝ պարտավորվում են իրենց մեջ գոյություն ունեցող, այլև ծագելիք հնարավոր բոլոր վեճերը լուծել համաձայնությամբ, իսկ եթե դա չկայանա, պարտադիր իրավունքի միջոցով:

  1. Վավերացված սույն դաշնագրի փոխանակությունը կատարվելու է Թիֆլիսում, երկու շաբաթվա ընթացքում:
  2. Ներկա դաշնագիրը կազմվում է երկու օրինակ»:

Երկու դաշնագրերն էլ վավերացվեցին Հայաստանի Խորհրդարանի նոյեմբերի 11-ի նիստում և, փոխանակությունից հետո, մտան ուժի մեջ:

Դրանից առաջ, օգոստոսի 29-30-ին, անգլիացիների հեռանալու առթիվ, հայ ու վրացական պատվիրակությունների խորհրդաժողովում, զորավար Բիչի մասնակցությամբ, մշակվել էր վարչական մի ձև Լոռիի չեզոք շրջանի համար: Որոշվել էր՝ 1) չեզոք շարջանի վարչությունը թողնել խառն անգլիական սպայի ղեկավարության ու հակակշռի տակ, 2) անգլիական սպայի բնակության վայր կարող է լինել Ալլավերդին կամ Թիֆլիսը, 3) չեզոք շրջանի վարչության ծախսերը բաժանվում են Հայաստանի և Վրաստանի միջև: Սեպտեմբերի 1-ին նույն պատվիրակությունները որոշեցին՝ 1) անփոփոխ թողնել չեզոք շրջանի հայ և վրացի զորամասերի քանակն ու բնակության վայրը. 2) կազմել զինվորական մասնագետներից մի հանձնախումբ ստուգելու համար, թե արդյոք 1919 թ. հունվարի 9-17-ին հաստատված գիծը և զորքերի դասավորությունը պահպանվա՞ծ է:

Այս որոշումները հաստատվեցին Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից և մտան ուժի մեջ, որով անգլիացիների հեռանալուց հետո էլ Լոռիի չեզոք շրջանը մնաց հայ-վրացական խառն իշխանության ներքո:

Սակայն,. եթե հայ-վրացական փոխհարաբերությունները, արագ կամ դանդաղ, քայլ առ քայլ բարելավվում էին, Ադրբեջանն ու Հայաստանը շարունակում էին մնալ թշնամի կողմեր. պաշտոնապես պատերազմ չկար նրանց միջև, բայց փաստական վիճակը պատերազմից էլ վատ էր: Հասկացողության գալու մի փորձ էր հայ-ադրբեջանյան խորհրդաժողովը, որ բացվեց Բաքվում, 1919 թ. դեկտեմբերի 14-ին:

Հայաստանի կողմից խորհրդաժողովի պատգամավորներ էին նշանակված Մ. Հարությունյանը, Տ. Բեկզադյանը և Վ. Փափազյանը: Վերջինիս հիվանդության պատճառով՝ փոխարինեց Հ. Արղությանը, որ Բաքվի վրայով Թեհրան էր գնում, իբրև դեսպան: Ադրբեջանյան պատգամավորության կազմն էր՝ Ֆաթալի Խան Խոյսկի, Մամեդ Հասան Գաջինսկի և դոկտ. Վեքիլով: Իբրև իրազեկ անձ, նիստերին ներկա էր լինում և Խալիլ բեկ Խասմամեդովը: Խորհրդաժողովի օրակարգն էր. 1) սահմանների հարցը, 2) երկաթուղային և առևտրական պայմանագրեր, 3) գաղթականների վիճակի կարգավորում, 4) երկու հանրապետությունների քաղաքացիների դատաստանական-իրավական հարաբերությունների և 5) հյուպատոսական հարցը:

Խորհրդաժողովը ունեցավ 4 մասնավոր խորհրդակցական և 2 հրապարակային նիստեր: Ադրբեջանի ղեկավար շրջաններն ու կառավարությունը խիստ ուշադիր էին դեպի հայ պատվիրակությունը, իսկ Մուսավաթի համագումարը նույնիսկ մի ուղերձ հանձնեց նրան, բայց հենց սկզբից երևան եկավ, որ կողմերը կանգնած են անհաշտելի տեսակետների վրա:

Սահմանների հարցի համար հայկական պատվիրակությունը առաջարկում էր որոշել ժամանակավոր սահմանագիծ, իսկ ադրբեջանցիք պնդում էին վերջնական լուծման վրա: Հայկական պատվիրակությունը հարմար էր համարում սկզբից կարգադրել գործնական խնդիրները և որոշ նպաստավոր մթնոլորտ ստեղծելուց հետո միայն անցնել սահմանային հարցին: Ադրբեջանցիք, ընդհակառակը, անհրաժեշտ էին համարում սկսել հենց սահմաններից: Երկու դեպքում էլ հայկական պատվիրակությունը տեղի տվեց: Բայց այն օրը, երբ պետք է սկսվեր սահմանագծի քննությունը ադրբեջանակն պատվիրակությունը հայտարարեց, թե, երկար մտածելուց հետո, ինքը եկել է այն եզրակացության, որ ներկա պայմաններում անհնար է անցկացնել այնպիսի սահմանագիծ, որ բավարար երկու կողմին էլ, ուստի պետք է բավականանալ միայն ընդհանուր սահմանորոշումով: Իսկ դրանից առաջ հարկավոր է բոլորովին վերացնել փոխադարձ անվստահությունը, տարբեր կողմնորոշումները և ստեղծել կովկասյան ժողովուրդների միություն, կազմել կոնֆեդերացիա: Դրանով ոչ միայն կհեշտանա ներքին խնդիրների լուծումը, այլև արտաքին ճանաչումը: Թե թանձրացյալ կերպով ինչ ձևով էր հասկանում կոնֆեդերացիան, ադրբեջանյան պատվիրակությունը չպարզեց:

Հայաստանի պատվիրակությունը առարկեց, թե կոնֆեդերացիայի համար պակասում են մի շարք էական պայմաններ. մեր հանրապետությունների անկախությունը դեռևս չի ճանաչվել, մեր հանրապետությունների չեզոքությունը դեռ  ապահովված չէ, սահմանները որոշ չեն և այլն: Այս պայմաններում կոնֆեդերացիան անիրագործելի բան է:

Սրա վրա խորհրդաժողովը, ընդհատվեց, և հայկական պատվիրակությունը մեկնեց Երևան՝ նոր հրահանգներ ստանալու և խորհրդաժողովը Թիֆլիսում շարունակելու որոշումով:

***

Հակառակ աննպաստ պայմաններին, ներքին կյանքում էլ Հայաստանը հետզհետե ամրանում ու բարգավաճում էր: 1919 թ. ամառը Հայաստանը արդեն կազմակերպված պետություն էր: Երկիրը բաժանված էր 10 գավառների՝ համապատասխան վարչությամբ ու դատաստանական իշխանությամբ: Բոլոր գավառներում կային հաշտարար դատարաններ, որոնք, բացի Արդահանի գավառից, դատավարությունը անում էին հայերեն լեզվով: Երևանում կար շրջանային դատարան, դատաստանական պալատ, Սենատ: Մայիսի 28-ին Ղամարլու, Վաղարշապատ, Աշտարակ, Իգդիր, Կողբ, Ղարաքիլիսա, Ջալալ-Օղլի, Դիլիջան գյուղերը վերածվեցին քաղաքի:

Երկրի վարչությունը բավարարվելու նպատակով, մայիսի 25-ին Երևանում գումարվեց գավառապետների անդրանիկ համագումարը ներքին գործոց նախարարի օգնական Ս. Մանասյանի նախագահությամբ: Ներկա էին Երևանի գավառապետ Լ. Ամիրխանյանը, Էջմիածնի՝ Սեդրակ Ջալալյանը, Դարալագյազի՝ Ն. Հակոբյանը, Նոր Բայազետի՝ Բենո Նալչաջյանը, Դիլիջանի՝ Մեսրոպ Սարատիկայնը, Ղարաքիլիսայի՝ Սիգո Տեր-Սարգսյանը, Ալեքսանդրապոլի՝ Թալանյանը, Կարսի նահանգից՝ Ստ. Ղորղանյանը, Զանգեզուրից՝ Նիկ. Հովսեփյանը, Սուրմալուից՝ Հայաստանի Խորհրդի անդամ Յուսուֆ բեգ Թեմուրյանը (եզդի): Համագումարին, մեջ ընդ մեջ, մասնակցեցին նաև Հայաստանի խորհրդի ու կառավարության անդամները, նախարարությանց ներկայացուցիչները և այլն: Օրակարգի մեջ դրված էին բազմաթիվ հարցեր: Զուտ վարչական-ոստիկանական հարցերից հիշենք՝ 1) երկրի վարչական սահմանների սրբագրության հարցը, 2) մասնագետ ոստիկանների պատրաստությունը և ոստիկանական դպրոցի բացումը, 3) պաշտոնեության ու ոստիկանության տնտեսական վիճակի բարելավումը, 4) ոստիկանների համազգեստի խնդիրը: Համագումարը ջերմ հետաքրքրություն առաջ բերեց իր շուրջը: Նրա ոգին էր Ս. Մանասյանը՝ մեկը այն անաղմուկ, բայց անձնվեր գործիչներից, որոնց, ամեն բանից առաջ, հետաքրքրում է կենդանի գործը: Հին հեղափոխական, պատասխանատու դերակատար ժողովրդական ինքնապաշտպանության կազմակերպության շրջանում, Մանասյանը, որպես ներքին գործոց նախարարության վարիչ էլ երևան բերեց վարչական բարձր կարողություն: Երկար ժամանակ, փաստորեն նա էր ներքին գործոց նախարարության ղեկավարը, և Հայաստանի ներքին կազմակերպությունն ու զարգացումը շատ բանով նրան է պարտական:

Կառավարությունը աշխատեց աստիճանաբար հայացնել բոլոր պետական հիմնարկությունները՝ խուսափելով, սակայն, կտրուկ միջոցներից: Այս պարագան ջղայնացնում էր հասարակության որոշ մասերին, մանավանդ, արևմտահայերին, որոնք պահանջում էին անմիջապես հայացնել ամբողջ պետական մեքենան: Մամուլը, մանավանդ, անողոք քննադատության էր ենթարկում այն հիմնարկությունները, ուր ազգայնացումը, ընթանում էր դանդաղ: Ապրիլի 17-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ թերթերի ներկայացուցիչների առաջին ժողովը՝ մասնակցությամբ «Աշխատանքի» խմբագիր Հմ. Մանուկյանի, «Հայաստանի աշխատավորի» խմբագիր Վ. Խորենիի, «Հայաստանի կոոպերացիայից» Զ. Կորկոտյանի և «Վան-Տոսպից»՝ Ա. Ավետիսյանի, որ կայացրեց հետևյալ որոշումները. 1. Կոչ ուղղել պետական, հասարակական ու մասնավոր հիմնարկություններին՝ խոսել ու գրել հայերենով: 2. Մերժել ո՛չ հայերենով գրություններ, լուրեր ու հայտարարություններ ընդունել: Վերջինի համար բացառություն համարել միայն այն պարագան, երբ նրա կողքին կա հայերենը և կամ երբ ոչ հայերի կողմից է տրվել: 3. Պահանջել հայերենը լեզվի պաշտոնականացում, իսկ մյուսների գործածությունը թույլատրել միայն որպես օժանդակ լեզուներ: 4. Թերթերի մեջ ունենալ «հայացման» բաժին, ուր տպվելու են լուրեր թե դրական և թե բացասական, նույնիսկ ագիտացիոն բնավորություն ունեցող՝ հայ լեզվի գործածության շուրջ: 5. Կազմված հռչակել «Հայացման կոմիտե», որի մեջ մտնելու են ներկաները, ինչպես նաև հրավիրվում են մասնակցելու բացակա թերթերի, նախարարությունների ու քաղաքապետարանի ներկայացուցիչները: Այդ կոմիտեի դռները բաց պիտի լինեն. վերոհիշյալներից ցանկացողները կարող են ներկայացուցիչ ուղարկել և կամ ուզած ժամանակ իրենց ներկայացուցչին հետ կանչել: Կոմիտեն պիտի զբաղվի նաև գործնական խնդիրներով՝ ցուցմունքներ անելով և օգնելով ի պահանջեալ հարկին զանազան հիմնարկությունների արագ հարցման: Կոմիտեն ունի իր մնայուն դիվանը՝ վարելու ծրագրված աշխատանքները:

Անշուշտ, որոշ չափով այս շարժման ազդեցության տակ էր, որ մայիսի 15-ին ներքին գործոց նախարարի օգնական Ս. Մանասյանը ուղարկեց հետևյալ շրջաբերականը.

«Առաջարկում են այսուհետև գավառում բոլոր գրագրությունը գավառական, հասարակական և գյուղական կոմիսարների և նմանապես բոլոր հիմնարկությունների պաշտոնյաների հետ վարել հայերեն՝ հասկացնելով ազգաբնակչությանը, որ խնդիրները, բացատրությունները հիմնարկություններին և պաշտոնյաներին պետք է գրել հայերեն: Նոր պաշտոնյաներին ընդունելիս պետք է պահանջել և գերադասություն տալ նրանց, որոնք տիրապետում են հայոց լեզվին: Թե գավառական կոմիսարների և թե բոլոր ստորադրյալ պաշտոնյաների կազմած արձանագրությունները պետք է լինեն հայերեն, իսկ եթե մեղավորը հայ չէ, արձանագրությունը կարելի է կազմել և ռուսերեն: Կարգադրեք, որ բոլոր հայ գյուղերում համախոսականներ, հրամաններ և, ընդհանրապես, ամբողջ գործավարությունը կազմվեն և կատարվեն հայերեն»:

Տարվա վերջին պետական և հանրային հիմնարկությունների մեծ մասը արդեն հայացված էր. դեկտեմբերի 26-ի օրենքով հայերենը հայտարարվեց պետական լեզու:

Երկրի վերաշինության և տնտեսական բարեկարգության համար կատարվեցին մի շարք արժեքավոր ձեռնարկներ. ապրիլ-մայիս ամիսներին բանակցություններ կատարվեցին Անդրկովկասի ջրային գործի հեղինակավոր մասնագետ Ս. Զավալիշինի հետ և նրան հանձնվեց Հայաստանի սահմանների ջրային ուժի ոռոգման ուսումնասիրության աշխատանքը: Այդ նպատակով հատկացվեց 4 միլիոն ռուբլի:  Զավալիշինը գործի կանչեց մի շարք առաջնակարգ մասնագետներ – մոտ 70 ինժեներներ, տեխնիկներ, հանքաբաններ, հողագետներ ու բուսաբաններ և ավելի քան մեկ տարի անընդհատ հետազոտության ենթարկեց ու ծրագրեր կազմեց Հայաստանի ջրային կարողությունների մասին՝ որոշելով ոռոգման դրությունը, ջրանցքների ուղղությունը, էլեկտրակայանների կազմն ու տեղը և այլն: Հետագայում, այս հետազոտության արդյունքները ընդունվեցին ակադ. Ա. Թամանյանի նախագահությամբ կազմված հանձնախմբի կողմից և անգնահատելի նյութ եղան Հայաստանի համար և հետագայում հիմք ծառայեցին Սևան-Զանգու էլեկտրակայանների ծրագրին:

Մայիսի 1-ին պարենավորման նախարար Ք. Վերմիշյանի առաջարկով և արդարադատության նախարար Ս. Հարությունյանի իրավաբանական եզրակացությամբ կառավարությունը ոչնչացված համարեց Կողբի աղահանքի կապալի պայմանները և աղահանքերը գրավեց հարքունիս՝ պետական միջոցներով կազմակերպելով աղի արտադրությունն ու վաճառքը:

Մայսիսի 26-ին կառավարությունը որոշեց բանալ Կարս-Բաթում խճուղին և պարենի փոխադրության գործը կազմակերպել այդ ճանապարհով: Գործի ղեկավարությունը հանձնվեց Գ. Խատիսյանին, որին հաջողվեց հաղորդակցություն հաստատել Բաթումի ու Կարսի միջև և որոշ քանակությամբ ալյուր էր տեղափոխել: Աջարիայում ծայր տված հակավրացական շարժումները, սակայն, արգելք եղան սկսված գործի շարունակության:

Օգոստոսի 25-ին քննության առնվեց ժողովրդական տնտեսության նախարարություն հիմնելու ծրագիրը և որոշվեց երկրի վերաշինության վերաբերվող բովանդակ աշխատանքը կենտրոնացնել մի հիմնարկության մեջ:

Հոկտեմբերի 17-ին Խորհրդարանը 5 միլիոն ռուբլի վարկ բացեց Հայաստանի Կոոպերատիվների միության համար:

Նույն հոկտեմբերին արդեն վերջացել էր կառուցումը Երևանի ուժեղ ռադիոկայանի, որ գործում էր մինչև Բասրա, Թաշկենդ ու Հաշտարխան:

Կրթական-մշակութային պահանջների համար ևս ձեռք առնվեցին լուրջ միջոցներ. մայիսի 30-ին կառավարությունը որոշեց մինչև հունիսի 15 պարպել բոլոր դպրոցական շենքերը, նորոգել և պատրաստել ուսումնական նոր տարավա համար և տարրական ու միջնակարգ դպրոցներին հուլիս-դեկտեմբեր շրջանի համար հատկացրեց 10.970.925 ռուբլի: Տարվա վերջին Երևանի, Կարսի, Ալեքսանդրապոլի, Էջմիածնի, Փամբակ-Լոռիի, Իջևանի և Նոր Բայազետի ու Զանգեզուրի գավառներում կար 431 տարրական դպրոց 1096 ուսուցչով և 38015 աշակերտով: Միջնակարգ դպրոցների թիվն էր 20, որոնց մեջ կային 288 ուսուցիչ և 5162 աշակերտ:

Մայիսի 16-ին որոշվեց բանալ համալսարան: Հուլիսի 15-ին հիմնվեցին հուշարձանների պահպանման և արվեստի հովանավորության բաժինները:

Մայսիսի 25-ին Երևանում բացվեց Հայ արվեստագետների միության անդրանիկ պատկերահանդեսը Հայաստանում, որ կազմակերպված էր հանրային կրթության և արվեստի նախարարի հովհանավորության տակ: Ցուցադրված էին բազմաթիվ նկարներ՝ Գ. Բաշինջաղյանի, Ե. Թադեվոսյանի, Մ. Սարյանի, Ս. Խաչատրյանի, Ախիկյանի, Ս. Երկանյանի և շատ ուրիշների: Պատկերահանդեսը մեծ հետաքրքրություն առաջ բերեց հասարակության մեջ. կառավարությունը գնեց 100 000 ռ. նկարներ պետական թանգարանի համար: Պատկերների գնումները կատարեցին և Հայկոոպը, Երևանի քաղաքային ինքնավարությունը և այլն:

Հայ գրողների միության նախագահ Հ. Թումանյանի դիմումի վրա, հուլիսի 9-ին կառավարությունը հատկացրեց 100 000ռ., որպես նպաստ հայ գրողներին, գիտնականներին ու հրապարակախոսներին, Հայ գրողների միության վարչությունը այդ գումարը բաժանեց 8 ամենից հեղինակավոր ու կարիքավոր գրողներին:

Սեպտեմբերի 10-ին Խորհրդարանը որոշեց հիմնալ Ազգագրական-Մարդաբանական թանգարան-գրադարան, որին հանձնել ի սեփականություն Հայոց ազգագրական ընկերության շարժական և անշարժ գույքը՝ համաձայն վերջինիս ընդհանուր ժողովի որոշման: Ազգագրական ընկերությունը նվիրել էր Հայաստանին իր ամբողջ գրադարանը՝ մոտ 10 000 գրքեր, պարբերականներ, 120 գրչագիր-ձեռագրեր, ազգայնական նյութեր, թերթեր և այլն: Ընկերության հիմնադիր ու վարիչ Ե. Լալայանն էլ տեղափոխվում էր Հայաստան միևնույն պաշտոնով:

1919 թ. վերջին Երևանում արդեն գործում էին թատերական վարժարան, երաժշտական, հայոց լեզվի, մանկավարժական դասընթացներ և մի շարք ուրիշ կրթական նոր հիմնարկություններ:

Կառավարությունը խոշոր գումարներ ծախսեց ներգաղթի վրա. մայիսի 3-ին հատկացվեց  36.200.800 ռուբլի Կարսի ներգաղթի գործին: Այդ գումարից 15 միլիոնը պիտի գնար գաղթականների փոխադրության և մի ամսվա ապրուստի, 17.468.800 ռուբլի պիտի տրվեր փոխարինաբար տնտեսության վերականգման համար, իսկ մնացածը պիտի գործադրվեր վարչական կազմակերպության, բժշկաառողջապահական և այլ կարիքների: Հունիսի 24-ին հատկացվեց 9.744.100 ռուբլի Ադրբեջանի Նուխիի, Արեշի, Շամախիի, Գյոքչայի և Ղուբայի գավառների 20 000 հայերին Հայաստան փոխադրելու համար: Մեկ միլիոն ռուբլին պիտի ծախսվեր իբրև ճանապարհի վարձ, 3.600.000 ռուբլի՝ երկու ամսվա ապրուստի միջոց և 944.000 ռուբլի, որպես կազմակերպական ծախս:

Այս մի քանի ոչ լրիվ տեղեկությունները բավական են ցույց տալու համար, որ ներքին լարված աշխատանք էր կատարվում Հայաստանում: Տարվա վերջը արդեն երկիրը գտնվում էր համեմատական բարեկարգության մեջ և ոգևորության ու գուրգուրանքի առարկա էր ո՛չ միայն Հայաստանում, այլև դուրսը ապրող բոլոր հայերի համար: Հայաստանը դարձել էր այն հուսատու փարոսը, որ իրեն էր քաշում աշխարհի չորս կողմը փռված հայությունը: Իբրև արտահայտություն նման տրամադրության, արձանագրեց Թիֆլիսի հայ մտավորականության մղումը: Դեկտեմբերի վերջերին այնտեղ կազմեց ՀայԿուլտուրական հաստատությունների միություն՝ բաղկացած Հայ գյուղատնտեսական ընկերությունից, Հայոց տեխնիկական ընկերությունից, Հայ բժիշկների միությունից, Ազգագրական ընկերությունից, Հայ կանանց միությունից, հայ իրավաբանների միությունից, Կովկ. Հայոց բարեգործական ընկերությունից և այլն: Միության նպատակն էր համաձայնեցենլ առանձին ընկերությունների աշխատանքները և, ըստ կարելվույն, բազմակողմանի օգնություն և լայն աջակցություն ցույց տալ Հայաստանի կառավարությանը՝ երկրի վերաշինության գործում: Միության մեջ մտնում էին Թիֆլիսի գրեթե բոլոր հայ մասնագետներն ու հասարակական գործիչները, որոնք, առանց որևէ ակնկալության, պատրաստակամություն էին հայտնում ծառայելու Հայաստանին, ի հարկին, տեղափոխելով նաև Հայաստան

Իրականանում էր բանաստեղծի երազը՝

Եվ ամէն կողմից Հայկայ հէգ որդիք

Դիմեն դէպ իրենց սիրուն հայրենիք…