Ի՞նչ պէտք է ըլլայ մեր ուղին (6). Յովհաննէս Քաջազնունի

1592

ԱՆԻ կենտրոնը մաս-մաս հրատարակում է Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Ի՞նչ պէտք է ըլլայ մեր ուղին» հոդվածաշարը, որը լույս է տեսել ՀՅԴ Պոլսի ՃԱԿԱՏԱՄԱՐՏ թերթի մայիս-հունիս 6 համարներում: Սա վերջին մասն է:

—-

Պէ՞տք է արդեօք, որ Հ. Յ. Դաշնակցութիւնը իրան վերապահի այդ դերը ու ձգտի նորից իր ձեռն առնելու Հայաստանի պետական ղեկը: Նախադասելի չէ՞, որ մի ուրիշ կուսակցութիւն փոխարինի նրան:

Փաստ է, որ մօտ անցեալում Դաշնակցութիւնը չկարողացաւ տանել իրան վիճակւած ծանր լուծը: Դաշնակցական կառավարութիւնը չկարողացաւ հաստատել ամուր իրաւակարգ ու պետական կանոնաւոր կեանք, չկարողացաւ վերացնել քաղաքական մանր ու խոշոր, ներքին ու արտաքին խոչընդոտները, և, երկուք ու կէս տարւայ գերմարդկային աշխատանքից յետոյ՝ ստիպւած եղաւ տալ իր տեղը օտար իշխանութեան:

Սա անհերքելի ճշմարտութիւն է, ուրեմն և միանգամայն օրինաւոր այն հարցը թէ՝ լաւ չէ՞ր լինի թողնել ասպարէզը ուրիշներին:

Անշուշտ, լաւ կը լինէր, եթէ հայ իրականութեան մէջ գոյութիւն ունենար Դաշնակցութիւնից աւելի կարող ու աւելի ձեռնհաս քաղաքական կազմակերպութիւն: Դժբախտաբար, այդպիսի կազմակերպւած ոյժ չկայ ասպարեզում և դարձյալ Դաշնակցութիւնն է, որ պիտի ճգնի անել իր լաւագոյնը:

Դաշնակցութիւնը չարդարացրեց իր կոչումը: Բայց… այսքան էր հայ ժողովրդի կարողութիւնը, աւելին չունէր ու այսօր էլ չունի:

Եթէ մեր նորածին անկախութեան կորուստը ապիկարութիւն էր և ոչ պարտութիւն, անխորտակելի դժւարութիւնների ու գերազանցօրէն մեծ ուժերի հանդէպ,- ապա ուրեմն ապիկարութիւնը Դաշնակցութեանը չէր, այլ հայ ժողովուրդինը: Դաշնակցութիւնը ամէնից մեծ ու ամէնից լավ կազմակերպւած ուժն է, որ մինչեւ այսօր կարողացել է ասպարէզ հանել հայ ժողովուրդը և Դաշնակցութեան պարտութիւնը՝ ժողովուրդի պարտութիւնն է:

Ահա մի դառն իրողութիւն, որի մասին ամենից աւելի ցաւում է ինքը Դաշնակցութիւնը:

Բայց Դաշնակցութեանը հակառակորդներն ու քննադատողները չպիտի մոռանան հետեւյալը.-

Դաշնակցական իշխանութիւնը՝ իր անփորձութիւններով ու թուլութիւններով, իր թերութիւններով ու պակասութիւններով, նոյն իսկ իր ախտերով հանդերձ՝ ունի մի անփոխարինելի առաքինութիւն, նա երկրի իշխանութիւնն է, կապւած երկրի ու ժողովուրդի հետ անքակտելի կապերով, իր բոլոր ջիղերով, իր միսմարմնով: Նա անջատ մարմին չէ, անջատ ապրումներով, անջատ ցանկութիւններով ու ձգտումներով: Հայաստանի կեանքը՝ նրա իսկ կեանքն է և մահը՝ նրա մահը: Նա մի անբաժան օրգան է հաւաքական մարմնի, որի անունն է “հայ ժողովուրդ”,- միշտ արթուն, միշտ գործօն ու միշտ էլ շատ զգայուն: Նա կարող է չգիտենալ կառավարել, բայց նա երբեք և ոչ մի պայմաններում չի մոռնայ ու չի դավաճանի հայ ժողովուրդի դարեւոր դատը:

Ամէն մի հարւած, որ ուղղւած է հայ ժողովուրդի ու հայկական դատի դէմ,- որտեղից էլ գայ այն՝ դրսից թե ներսից, աջից թե ձախից- Դաշնակցութիւնը ընդունում է առաջին հերթին իր կրծքի վրայ: Եւ եթէ՝ մի սեւ օր՝ Դաշնակցութեան կրծքին հասցրած հարւածը մահացու լինի (ինչպէս մարգարէանում են այսօր Բօլշեւիկները),նա կը լինի մահացու՝ ներկայ պատմական շրջանում՝ նաեւ հայկական դատի համար:

Չհասկացողներին այս խոսքը կարող է թւալ շատ յանդուգն ու շատ էլ ծիծաղելի: Փորձեմ բացատրել:

Անհատ Դաշնակցականներ ու ամբողջ խումբեր կարող են կոտորւել, բանտերը լցւել, աքսորւել, ցրւել աշխարհի չորս կողմը, չէզոքանալ կամ անցնել հակառակ դրօշների տակ: Կուսակցական շարքերը կարող են նոսրանալ, նվազել. այս կամ այն մարմինները կարող են կազմալուծվել, կուսակցական կեանքը՝ իր ամբողջութեան մէջ՝ կարող է խանգարւել, նոյն իսկ ընդհատւել աւելի կամ պակաս ժամանակով: Վերջապէս, կարող է վերանալ ասպարէզից ու մոռացւել իսպառ “Դաշնակցութիւն” անունն անգամ:

Բայց սա դեռ չի լինի Դաշնակցութեան մահը:

Մահը կը գայ այն օրը միայն, երբ հայ ժողովուրդը կորցնի այն հոգեբանութիւնը, դաւաճանի այն սկզբունքներին, մոռանայ այն իդէալները, որոնք ծնունդ են տւել Հ. Յ. Դաշնակցութեան և ամբողջ երեսուն տարի պահել են նրան հայ մարտնչող բանակի առաջին շարքերում:

Դաշնակցութիւնը կազմւած է ոչ միայն այն մի քանի հազար մարդուց, որ արձանագրւած են կուսակցական տեսարանների մէջ. Դաշնակցութեան շրջանակները շատ աւելի լայն են ու արմատները շատ աւելի խոր: Դաշնակցութիւնը հայ բողոքի մարմնացուն է, նրա մարտական ուժը, որ ծառացել է ստրկութեան դէմ և իր իրաւունքն է պահանջում:

Ցուցակագրուած կուսակցականները չեն, որ կազմում են Դաշնակցութեան ուժը: Ուժը գաղափարի մէջ է,- այն առողջ, կենսունակ, հասունացած ու անխորտակելի գաղափարի- որ կազմում է Դաշնակցութեան էութիւնը և որը՝ սերունդից սերունդ՝ խոր արմատներ է ձգել հայութեան հաւաքական հոգու մէջ:

Ո՞րն է այդ գաղափարը:

Պարզ ու կարճ.- առաջին հերթին՝ օտար գերութիւնից անկախ քաղաքական կեանք:

Այսօր այսքանը միայն: Մնացածը կը գայ իր ժամանակին ու իր հերթին,- կը գայ այն ձեւերով ու կ’իրագործւի այն միջոցներով, որ կեանքի ընթացքը կը թելադրէ մեզ կամ մեր յաջորդներին:

Հիմնականն ու էականը այսօրւայ համար այդ “պարզ ու կարճ”ն է: Մնացածը կարող է ուշանալ աւելի կամ պակաս, բայց այս մեկը պէտք է իրականանայ անյապաղ:

Այս է պատմութեան պահանջը՝ – նրա սպառնալիքը, կա՛մ այսօր, կամ երբեք:

Իբրեւ ազգային միութիւն, իբրեւ պատմա կուլտուրական ուրոյն դաս, հայութիւնը վտանգւած է մեծապէս: Կեանքի ու մահւան հարց է դրւած նրա առջեւ: Միայն անկախ պետութեան անյապաղ հաստատումն է, որ դեռ կարող է ի մի հաւաքել հայ ժողովուրդի մնացորդները հայրենի հողի վրայ ու փրկել նրա ապագան, փրկել մարդկութեան համար նրա բազմադարեան կուլտուրան:

Այսօր դեռ կարելի է անել այդ, վաղը արդէն ուշ կը լինի:

Ընդհանուր կազմալուծման ու վերաշինման այս օրերին, երբ հին աշխարհի քաղաքական քարտէզը քննութեան է առնւած ու արմատական փոփոխութիւնների ենթարկւում, երբ քանդւում են հին պետութիւնները ու նորերը հաստատւում նրանց փլատակների վրա, երբ զրկւած ու ճնշւած ազգերը ներկայացնում են մարդկութեան իրանց պահանջները ու ցուցադրում իրանց կենսունակութիւնը,- պատմական այս մեծ օրերին է, որ հայ ժողովուրդը պէտք է գրաւի իրան պատկանող անկիւնը արեգակի տակ:

Ահռելի զոհաբերութիւններով, արեան ծովեր անցնելով ու մեր ետեւը անհամար դիակներ թողնելով, մենք փորձ արինք վերհաստատելու Հայ անկախ պետութիւնը: Յանդուգն էր այդ քայլը, թերեւս մեր ուժերից վեր: Բայց պետք է անէինք, որովհետեւ ժամը հասել էր ու չէր սպասի մեզ. կ՛ամ պէտք է ինքնահաստտւէինք, պետական պատնէշ կառուցանէինք մեր շուրջը ալեկոծւող համաշխարհային մեծ կռուի մէջ, կամ ոտի տակ գնայինք, տրորւէինք, բնաջինջ լինէինք:

Պատմութիւնը իր ընթացքն ունի, որ մենք չենք կարող փոխել, կանգնեցնել կամ դանդաղեցնել ըստ մեր ցանկութեան: Պետք է քալենք հետը, ապա թէ ոչ նա մեր դիակների վրայով կ’անցնի առաջ:

Փորձ արինք մեր անկախ պետութիւնն հաստատելու: Անյաղթելի դժուարութիւնների հանդիպեցինք, բախւեցինք հակառակ ուժերի հետ, պարտւեցինք…

Պարտւեցինք և այսօր մեր կարճատեւ անկախութիւնը վտանգւած է մեծապէս: Անունը մնում է դեռ, բայց հիմքերը քանդւում են, կառուցւածքը տատանւում, սպառնական ճեղքեր տալիս վերից վար:

Վերջացա՞ւ սրանով մեր դատն ու պայքարը: Սպառե՞լ ենք արդեօք բոլոր հնարաւորութիւնները, գործածե՞լ ենք բոլոր ուժերը ու –սնա՞նկ հանդիսացել… Կարո՞ղ ենք ասել թէ այլ եւս բան չունինք անելու, թէ մեր ինքնահաստատւելու տենչը ու կատարած փորձը մի գեղեցիկ ցնորք էր միայն, որ խորտակւեց անողոք իրականութեան բախելով, թէ քաղաքական անկախութիւնը մեր ուժերից վեր է և թէ մեզ մնում է միայն խոնարհւել ճակատագրի առաջ ու լռելեալն մեռնել…

Ո՛չ, պետութիւնները չեն կազմում մի օրուայ մէջ ու մանաւանդ չեն կազմւում հեշտօրէն:

Երեխաները միայն կարող էին երազել թէ՝ մի գեղեցիկ օր՝ մեր պետութիւնը- կազմ ու պատրաստ, ծաղիկներով զարդարւած ու շաքարեղէններով համեմւած – կը դրւէր մեր առաջը ու մեր պահապան հրեշտակը կ’ասէր վերեւից.- վայելեցէք խաղաղութեամբ…

Կռւի ու տանջանքերի մէջ են ծնւում ազատութիւնները: Մեր երկունքը եղաւ աւելի երկար ու աւելի ծանր, քան իրաւունք ունէինք սպասելու,- թերեւս այնքան երկար ու այնքան ծանր, որ մեր ուժասպառ կազմը չկարողանայ դիմանալ:

Թերեւս: Բայց այսօր դեռ վաղաժամ է այդ յոռետեսութիւնը, ուրեմն և փոքրհոգիութիւն՝ զինադուլը:

Հայաստանի այսօրւայ կացութիւնը կարող է հասցնել քաղաքական մահի: Այդ սպառնալիքը կայ և շատ լուրջ է, բայց ոչ անխուսափելի: Այսօրւայ կացութիւնը ի՛նքը կարող է դառնալ (գուցէ և է՛ արդէն) մի շատ կարեւոր աստիճան՝ հետեւեալ քայլը անելու համար…

Պայքարը շարունակւում է, շարունակւում է կազմակերպման պրօցէսը: Դատը դեռ չի կօրցւած և աւելի քան երբեք պահանջում է ուժերի լարում:

Փրկել պետութիւնը, ամուր հիմքերի վրայ դնել ու կենսունակ դարձնել այն,- ահա մեր անելիքը: Սա պիտի լինի մեր այսօրւայ ամենամեծ հոգսը- միակ մեծ հոգսը:

Յաջողելու համար պետք է միացնենք մեր ուժերը այն բոլոր կենդանի ուժերին, որոնք պայքարում են- ինչ գոյնի և դրօշի տակ էլ լինի- նոյն նպատակի համար:

Ո՛վ մեզ հետ միասին կանգնած է այս ճամբու վրայ ու վճռականութիւն ունի մինչեւ վերջը գնալու, նա իսկական դաշնակցական է, ինչ անուն էլ կրելու լինի (բուրժուա թէ պրօլէտար, ընկերվարական թէ կղերական, ռամկավար թէ բօլշեւիկ), նա մեր բնական ու անբաժանելի դաշնակիցն է:

Եւ թշնամի է նա, ով – գիտակցօրէն թէ անգիտակցօրէն, կամայ թէ ակամայ, յանուն համաշխարհային հակայեղափոխականութեան, յանուն բուրժուայի թէ յանուն պրօլէտարի,- կտրում է մեր ճամբան, պատնէշներ կառուցանում ու խրամատներ փորում մեր գրոհի առեւ:

ՅՈՎՀ. ՔԱՋԱԶՆՈՒՆԻ

ՃԱԿԱՏԱՄԱՐՏ, 4 Յունիս, կիրակի, 1922թ.

http://tert.nla.am/archive/HGG%20TERT/Chakatamart/1922/1922(2902).pdf